Ինչո՞ւ են զիջել աւելին, քան զիջուել է կապիտուլեացիոն փաստաթղթով. թող սա էլ բացատրեն

«Առաւօտ»-ի զրուցակիցն է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։ Անդրադարձ է կատարուել ԱԺ վերջին նստաշրջանում ընդդիմութեանն ուղղուած հարցերին, որոնք, ըստ իշխանական պատգամաւորների, ընդդիմութիւնը թողել է անպատասխան։

– Պարոն Ռուստամեան, ԱԺ փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանը, դիմելով ընդդիմութեանը, ասաց՝ «երբ ձեզանից շատերն ասում են, թէ մենք հայրենիքի 75%-ը յանձնել ենք, հարց է ծագում՝ դա նշանակո՞ւմ է, որ դուք դա համարում էք Արցախի մաս։ Այո, տրամաբանօրէն։ Այդ դէպքում Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանն ինչպէ՞ս են բանակցել հայրենիքի որոշակի տոկոսը յանձնելու շուրջ։ Դա նշանակո՞ւմ է, որ իրենք պոտենցիալ հողատու էին ձեր տրամաբանութեամբ»։ Ինչպէ՞ս կ’արձագանգէք այս հարցադրումներին։

– Այս մարդիկ չեն հասկացել Արցախի հարցի էութիւնը։ Եթէ ուզում են իմանալ, թէ ինչ են բանակցել Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանն ու միւսները, թող վերցնեն ու նորից կարդան Արցախի Հանրապետութեան սահմանադրութիւնը, որում ասւում է՝ այդ տարածքները մնում են մեր իրաւասութեան տակ, քանի դեռ չի ճանաչուել Արցախի անկախութիւնը եւ չի վերականգնուել նրա տարածքային ամբողջականութիւնը։ Այսինքն, «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձեւի մասին է խօսքը։ Դա են բանակցել։ Չեն ասել, որ ոչ մի բան չենք զիջելու։ Նման բան որեւէ մէկը երբեք չի ասել, ուստի թող իզուր տեղը մարդկանց թիւրիմացութեան մէջ չգցեն։

– Ի միջիայլոց, Ռուբէն Ռուբինեանն այս թեմայի համատեքստում ընդդիմութեանն էր մեղադրում՝ իր եւ քաղաքացիների բանականութիւնը վիրաւորելու մէջ։

– Իրենք բանականութիւն չունեն, որ ես վիրաւորեմ։ Բանականութիւն, որ ունենան, կը կարդան Արցախի սահմանադրութիւնը, որն Արցախի ժողովրդի կամքն է արտայայտում եւ որից որեւէ մէկն իրաւունք չունի շեղուելու։ Ուրեմն Արցախի ժողովուրդը բանականութիւն չի ունեցե՞լ, հա՞… վստահաբար, Արցախի ժողովրդին բանականութիւն չունենալու մէջ մեղադրել հնարաւոր չէ, հետեւաբար՝ իրենք չունեն, որ չեն հասկացել, թէ Արցախի ժողովուրդն ինչպէս է պատկերացրել Արցախի հարցի լուծումը։

– ԱԺ փոխնախագահը նաեւ հետեւեալ հարցադրումն էր հնչեցրել՝ պատերազմ չլինելու համար ի՞նչ կ’աներ ընդդիմութիւնը, եթէ նոյեմբերի 9-ի դրութեամբ լինէր իշխանութիւն։ Այս հարցադրումն, ի դէպ, ամիսներ առաջ հնչեցրել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

– Նախ, մենք չէինք հասցնի նոյեմբերի 9-ի դրութեանը։ Մենք առիթ ունեցել ենք դրա մասին խօսելու։ Չէինք կառչի մեր իշխանութիւնից։ Շանսերը, որոնք կային, կ’իրականացնէինք անգամ իշխանութիւնը կորցնելու գնով՝ պատերազմն աւելի շուտ դադարեցնելու, տարածքային աւելի քիչ կորուստներ ունենալու, զոհերի աւելի քիչ քանակ արձանագրելու առումով։ Իսկ այն, ինչ տեղի ունեցաւ նոյեմբերի 9-ին, դա անվերապահ կապիտուլեացիա էր։ Ինչո՞վ է կապիտուլեացիան տարբերւում մնացած ամէն ինչից. նրանով, որ այլեւս ընտրութեան հնարաւորութիւն չունես, որ յայտնւում ես մի վիճակում, երբ կարող ես ամբողջութեամբ ամէն ինչ կորցնել եւ այդ պատճառով գնում ես կապիտուլեացիայի։ Իրենք ամսի 9-ը հասունացրել են այնպէս, որ ընտրութեան ուրիշ հնարաւորութիւն չլինէր, դրա համար ենք մենք դա համարում կապիտուլեացիա։ Այդ վիճակը հասունացուել էր իրենց թեթեւ ձեռքով՝ «յաղթելու ենք» ասելով։ Ի դէպ, մեր մօտ մեծ համոզմունք կայ, որ իրենք այդ ամէն ինչը կատարել են Արցախն առհասարակ դատարկելու տրամաբանութեամբ։ Ադրբեջանական զօրքը Ստեփանակերտի մատոյցներում կանգնեցուել է Ռուսաստանի միջամտութեամբ, եւ դա մենք տեսել ենք կապիտուլեացիայի օրը, երբ ռուսական զօրքը շարժւում էր դէպի Արցախ։ Այսինքն, ռուսներն են կանգնեցրել։ Եթէ թողնէին այս իշխանութեանը, Ադրբեջանը մտնելու էր Ստեփանակերտ, եւ ամէն ինչ աւարտուելու էր, իսկ իրենք հէնց այդ էլ ուզում էին՝ պատերազմով Արցախը յանձնել եւ վերջացնել։

– Ռուբինեանը նաեւ նշել էր՝ իր համար հասկանալի չէ այն, որ ըստ ընդդիմադիրների մի մասի՝ իշխանութիւնը չպէտք է ստորագրէր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իսկ ըստ միւս մասի՝ իշխանութիւնը չի համաձայնել շուտ կանգնեցնել պատերազմը, որի արդիւնքում էլ Արցախի տարածքները կրկին յանձնուելու էին։ Այսինքն, նա կարծես թէ հակադրութիւն է տեսնում ընդդիմութեան տարբեր ներկայացուցիչների պնդումներում։

– Հակասութիւն չկայ։ Ակնյայտ է, որ շուտ կանգնեցնելու պարագայում մենք այդքան կորուստներ չէինք ունենայ, բայց դա իշխանութեան պատասխանատւութեան հարց էր առաջացնում։ Ինչպէս Նիկոլ Փաշինեանն է ձեւակերպել՝ եթէ դա անէին, իրեն կ’ասէին դաւաճան։ Է՜, էլի են ասում… թող ասէին դաւաճան, բայց այսքան կորուստ չունենայինք։ Մի խօսքով, իրենք էլ չեն հասկանում, թէ ինչի մասին է ընդհանրապէս խօսք գնում եւ իրենց թւում է, թէ ամբոխավարական ձեւերով կարող են պատասխանատւութիւնից խուսափել։ Այո, դրանից առաջ պէտք էր կանգնեցնել պատերազմը, բայց իրենց համար դա իշխանութեան մնալու գինը կ’արժենար։ Ամենախայտառակ փաստն այն է, որ նոյեմբերի 9-ից առաջ պատերազմը կանգնեցնելու առաջարկը թաքցուել է բոլորից, այդ թւում՝ ԱԱԾ պետից։ Թող սրա մասին խօսեն։ Իսկ ինչ կատարուել է նոյեմբերի 9-ին, պէտք է հաշուի նստենք դրա հետ. կոտրուած բանակով նոր պատերազմի առիթ չենք կարող առաջացնել, եւ մենք այդքանը հասկանում ենք եւ ասում, որ չենք գալիս չեղարկելու, բայց անգամ այս պայմաններում պարտութեան սիմւոլին հեռացնելով՝ կը կարողանանք մեր շահերն աւելի լաւ պաշտպանել։ Մինչեւ Սիւնիք նահանջը նախատեսուած չի եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ուստի թող սա էլ բացատրեն։ Ինչո՞ւ են զիջել աւելին, քան զիջուել է կապիտուլեացիոն փաստաթղթով։

Զրուցեց Լուիզա Սուքիասեանը

«Առաւօտ» օրաթերթ

Leave a Comment

You must be logged in to post a comment.