«Իմ կեանքում լուսաւոր էջ բացուեց հայրենիքում». Գանատահայ հայրենադարձ Կարին Յովսէփեան

Գանատահայ հայրենադարձ Կարին Յովսէփեանը հայրենադարձուել է 2015 թուականին, այժմ նա Հայաստանում ֆրանսական համալսարանի  իրաւաբանական ֆակուլտետի դեկանն է: Հայրենիք տեղափոխուելու հիմնական պատճառն ամուսնութիւնն էր: «Հայերն Այսօր»ի հետ զրոյցում Կարին Յովսէփեանը ներկայացնում է հայրենադարձման իր պատմութիւնը: 

-Կարի՛ն, ո՞ր թուականից էր Ձեր ընտանիքը Գանատայում ապրում, ի՞նչ գործունէութիւն էիք այնտեղ ծաւալում:

– Ծնողներս հաստատուել են Գանատայում 1973 թուականին, ես այնտեղ եմ ծնուել: Հայրս Սիրիայի Քեսապ հայկական գիւղից է, մայրս` Աթէնքից, մօրական տատս Հայոց ցեղասպանութիւնից մազապուրծ եղած հայերից է եղել: Ծնողներս ծանօթացել են Պէյրութում, իսկ 1973 թուականին հաստատուել են Մոնթրէալում: Այնտեղ բաւականին կազմակերպուած հայկական համայնք կայ: Ես սովորել եմ տեղի Սուրբ Յակոբ հայկական վարժարանում և մանկուց հայկական մշակոյթը, հայոց լեզուն միշտ հոգեհարազատ են եղել ինձ: Այնուհետև սովորել եմ Մոնթրէալի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետում, աւարտելուց յետոյ մի քանի տարի աշխատել եմ որպէս փաստաբան` տեղի փաստաբանական գրասենեակներից մէկում: Հետագայում մեկնեցի ԱՄՆ` մագիստրոսական ծրագիր ուսանելու Պոսթոնի Fletcher-ի դպրոցում: Ուսումնական երկրորդ տարին շարունակեցի Ժնևի համալսարանում: Դրանից յետոյ հասկացայ, որ ուզում եմ աշխատանքս շարունակել միջազգային իրաւունքի ոլորտում: Մագիստրատուրան աւարտելուց յետոյ` 2001-2005 թուականներին, տեղափոխուեցի Սարայեվօ, որտեղ սկսեցի աշխատել կամաւորական հիմունքներով ՄԱԿ-ի Փախստականների գրասենեակում։

2005-2007թթ. տեղափոխուեցի Թիֆլիս` կրկին զբաղելով փախստականների իրաւունքների հարցերով:  7 տարի աշխատելով Գանատայից դուրս` հասկացայ, որ պէտք է վերադառնամ այնտեղ, քանի որ մեծ փորձ էի ձեռք բերել, և  ընդհանուր աշխարհայացքս էր փոխուել, բացի այդ` այնտեղ էր նաև ընտանիքս: Շուրջ 7 տարի աշխատեցի Գանատայում` միջազգային զարգացման տարբեր ծրագրերում, որոնցով Գանատան խորացնում էր իր համագործակցութեան շրջանակը զարգացող այլ երկրների հետ: Իմ ընտրած երկիրը Ուքրաինան էր, և ես շուրջ 5 տարի քրէական արդարադատութեան ոլորտում զբաղուեցի անչափահասների գործով:

– Ո՞ր թվականին տեղափոխուեցիք Հայաստան:

– Հայրենադարձուել եմ 2015 թուականին: Պատճառն ամուսնութիւնն էր: Ապագայ ամուսինս, որին ճանաչում էի դեռ Գանատայում, հայրենադարձուել էր 1998-1999թթ.: Ամուսնանալով՝ ինձ համար Հայաստանում ընտանիք և աշխատանք ունենալու հեռանկար ստեղծուեց:

-Ինչպէ՞ս սկսուեց Ձեր աշխատանքը  Ֆրանսական համալսարանում:

– Թէև որոշ ծրագրեր ունէի աշխատանքի հետ կապուած, սակայն գիտէի, որ Հայաստանում աշխատանք գտնելն այդքան էլ դիւրին չի լինի: Ժամանակի ընթացքում ինձ առաջարկուեց միջազգային իրաւունք դասաւանդել համալսարանում: Իսկ երբ Իրաւաբանական ֆակուլտետի դեկանի պաշտօնը թափուր մնաց, որոշեցի դիմել, քանի որ իմ ֆրանսերէնի իմացութիւնը, իրաւաբանական կրթութիւնը և աշխատանքային փորձը թոյլ էր տալիս:

Դեկանի պաշտօնում նշանակուեցի 2016 թուականի սեպտեմբերի 16-ին` հայրենադարձուելուց մօտ մէկ տարի յետոյ: Արդէն երրորդ ուսումնական տարին է, որ աշխատում եմ: Իրենց ապագայի հանդէպ այն դրական տրամադրուածութիւնը, որը ես տեսնում եմ երիտասարդների աչքերում, նրանց ուսման ծարաւը, մեծ խթան են ինձ համար:

-Կարի՛ն, ինչպէս նշեցիք, երեք ուսումնական տարի է՝ համալսարանում էք: Ի՞նչ նոր ձեռքբերումներ էք ունեցել:

– Երբ ես ստանձնեցի դեկանի պաշտօնը, մեր համալսարանն արդէն համագործակցում էր ֆրանսական մի շարք համալսարանների հետ: Կարծում եմ, որ ես դարձայ այդ լաւ գործի շարունակողներից մէկը:

Միջազգային համագործակցութեան առումով Ֆրանսական համալսարանը մշտապէս կապի մէջ է Լիոնի համալսարանի հետ: Միջազգային գիտաժողովների շրջանակներում համագործակցում ենք Գանատայի, Ֆրանսայի և Զուիցերիայի հետ:

Այս տարին առանձնայատուկ էր մեզ համար: Ֆրանքոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն անցկացուեց Երևանում, ինչին մեր համալսարանն գործօն մասնակցութիւն ցուցաբերեց: Գագաթնաժողովից յետոյ Մոնթրէալի համալսարանից, որտեղ սովորել եմ, հաղորդագրութիւն ստացայ: Նրանք իմացել էին, որ Ֆրանսական համալսարանի Իրաւաբանական ֆակուլտետի դեկանն եմ, և առաջարկել էին համագործակցութիւն երկու համալսարանների միջև: Սա ինձ համար շատ կարևոր ձեռքբերում է:

-Մեր օրերում, երբ հայը հայրենադարձւում է, ի՞նչ խնդիրների առաջ է կանգնում և ի՞նչ լուծումներ է փնտռում:

-Մեծ նշանակութիւն ունի, թէ որ երկրից ես գալիս: Եթէ հայրենադարձն ապրում է բարեկեցիկ երկրում և հայրենադարձւում է, շատ ու շատ դէպքերում իր խնայողութիւնների հաշուին է հաստատւում Հայաստանում: Բայց երբ այդ խնայողութիւնները չկան, շատ դժուար է: Ոչ բոլորը կը կարողանան յարմարութիւններով լի կեանքը թողնել և գալ աւելի նուազ յարմարութիւններով երկիր, չնայած որ փորձում են ամէն կերպ պահել նոյն որակը: Այս ամէնից զատ` պէտք է նշեմ, որ ոչ մի տեղ հեշտ չէ, յատկապէս, որ ետևում ես թողնում երկար անցած ճանապարհ և ամէն ինչ պէտք է սկսես սկզբից:

– Եվ վերջին հարցը. 2015 թվականին երբ հայրենադարձուեցիք, զգացիք…

– Որ կեանքի մի լուսաւոր էջ է բացուել …

Զրուցեց Սևադա Սաֆարեանը

Leave a Comment

You must be logged in to post a comment.