Իլհամ Ալիեւի հարցազրոյցը. Սպառնալիքներ միջազգային հանրութեանը (Բ.)

Գէորգ Ղուկասեան

Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Սոյն յօդուածի առաջին մասում անդրադարձանք տարեսզկզբին Ատրպէյճանի բռնապետի ծաւալուն հարցազրոյցում Հայաստանին ու հայութեանն ուղղուած սպառնալիքներին, եզրակացրեցինք, որ հարեւան երկրի ղեկավարը Հայաստանի դէմ առաջնորդում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականութիւն, ինչի պայմաններում թշնամական երկրի կողմից Հայաստանին պարտադրուող իրաւական պարտաւորութիւնները եւ Հայաստանի իշխանութիւնների գործողութիւնները, համաձայն միջազգային իրաւունքի, զուրկ են լեգիտիմութիւնից, իսկ այդ գործողութիւնների արդիւնքները չեն կարող պայմանաւորել խաղաղութեան պայմանագիր։

Այս յօդուածով արդէն նպատակ ունենք «Հորիզոն»ի ընթերցողին ներկայացնել Ալիեւի հարցազրոյցի արտաքին քաղաքական ուղերձները, որոնք աւելի քիչ տարածուեցին հայկական շրջանակներում, սակայն պակաս կարեւոր չեն այն առումով, որ շօշափում են միջազգային քաղաքական ու անվտանգային այն մթնոլորտը, որն ուղղակիօրէն առնչւում է մեզ ու պայմանաւորում մեզ համար կենսական զարգացումներ։ Ինչպէս նախորդ յօդուածում ենք նշել՝ Ատրպէյճանի նման բռնապետութեան համար, որտեղ գրեթէ ամէն ինչ մէկ անձի որոշումից է կախուած, նման հարցազրոյցները վերածւում են պետութեան արտաքին քաղաքականութեան գոնէ կարճաժամկէտ անպաշտօն դոկտրինի։ Ուստի, վերլուծական դիտանկիւնից Ալիեւի հարցազրոյցին անդրադառնալը կրկին կարեւոր է՝ հասկանալու թշնամական երկրի դիրքաւորումն արտաքին քաղաքական զարգացումներում։

Այսպիսով, ըստ երկրների, միջազգային կազմակերպութիւնների ու իրադարձութիւնների ներկայացնենք հարցազրոյցում տեղ գտած կարեւոր ուղերձներն ու փորձենք հասկանալ Ատրպէյճանի առաջիկայ մարտավարական դիրքաւորումները։ Միջանկեալ նշենք, որ մեր նպատակը բնաւ էլ պատերազմական յանցագործի մտքերի հանրահռչակումը չէ, այլ ուղղակի հասկանալ Ատրպէյճանի մօտեցումները միջազգային յարաբերութիւնների տարբեր դերակատարներին, դրանում թաքնուած վտանգներն ու հնարաւորութիւնները մեզ համար։

COP 29

Հարցազրոյցի արտաքին քաղաքական մասն սկսւում է COP 29-ից առաջ ու դրա ընթացքում Ատրպէյճանի հասցէին հնչած միջազգային քննադատութեան, բոյկոտի բազմաթիւ երեւոյթներից եւ երկրի վերաբերեալ տարածուած «ապատեղեկատուութիւնից» դժգոհութեամբ, միաժամանակ փորձ է արւում համոզել թէ բոյկոտն իբր տապալուել է։ Պաքուի բռնապետը խոստովանում է, որ COP 29-ի շրջանակում իրենք առերեսուել են միջազգային աննախադէպ ճնշումների, որպիսին նախկինում որեւէ երկիր չի առերեսուել։ Այստեղ կոշտ քննադատութիւնից չեն խուսափում Ֆրանսայի նախագահը, ով բոյկոտել էր խորհրդաժողովը, եւ ըստ Ալիեւի, նաեւ խնդրել էր այլ երկրների ղեկավարների նոյնպէս չայցելել Պաքու, Եւրոպական յանձնաժողովի նախագահը, ով ըստ Ալիեւի վերջին պահին էր չեղարկել այցը եւ աւելին՝ արհամարհել էր COP-ի ընթացքում մէկ այլ օր այցելելու՝ Պաքուի առաջարկը։

Թուրքական պետութիւնների կազմակերպութիւն եւ D 8

Ըստ Ալիեւի միջազգային կազմակերպութիւններում իրենք միշտ պաշտպանում են իսլամական երկրների շահերը, եւ, եթէ օրինակ որեւէ միջազգային կազմակերպութիւնում կարեւոր անձանց ընտրութիւններ են լինում, իրենք մեխանիկօրէն քուէարկում են իսլամական երկրի ներկայացուցչի օգտին, եթէ այդպիսին կայ։ Պաքուի բռնապետը պնդում է, որ Ատրպէյճանը իսլամադաւան երկրների շահերը համարում է իր սեփականը, ինչի հետ է կապւում Ատրպէյճանի անդամակցութիւնը D 8 կազմակերպութեանը՝ ինչը համարւում է նախորդ տարուայ արտաքին քաղաքական կարեւոր ձեռքբերումներից մէկը, քանի որ D 8-ի ընդլայնման որոշումից յետոյ, հենց Ատրպէյճանն է, որ առաջինն է անդամակցում։ Դա տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւն է յանուն զարգացման` անդամակցութեամբ Պանկլատէշի, Եգիպտոսի, Ինտոնեզիայի, Իրանի, Մալազիայի, Նիճերիայի, Փաքիստանի եւ Թուրքիայի։ Ատրպէյճանը կազմակերպութեան 9-րդ անդամն է դարձել 2024 թ․ Դեկտեմբերի 19-ին։

Եւրոպական միութիւն, ԵՄ ղեկավար ինստիտուտներ

Եւրոպական միութեան ու ԱՄՆ-ի հասցէին առաջին քննադատութիւններն ի յայտ են գալիս հարցազրոյցի այն հատուածու, երբ Ալիեւը բողոքում է Հայաստան-ԵՄ-Ամերիկա համագործակցութեան հարթակից՝ այն համարելով տարօրինակ եւ դրան վերագրելով նաեւ ռազմական համագործակցութեան բաղադրիչ։ Դրանով է պայմանաւորւում նաեւ արեւմտեան կեդրոնների դուրս մնալը Հայաստան-Ատրպէյճան կարգաւորման գործընթացի միջնորդական հարթակից։

Ալիեւը բողոքել է նաեւ Եւրոպական բանկերի այն որոշումների դէմ, համաձայն որոնց բանկերը Ատրպէյճանին արտօնեալ վարկեր չեն տալիս, թէեւ երկիրն «օգնում է Եւրոպային» էներգակիրների հարցում։ 2024 թ.-ը Ալիեւը համարում է ԵՄ-ի հետ յարաբերութիւններում հիասթափութեան տարի, քանի որ, իբր թէ Պրուքսէլը Հայաստանի կողմն է անցել։ Եւրոպական դիտորդներն են յատկապէս յայտնուել Պաքուի բռնապետի թիրախում, բանը հասել է ընդհուպ մինչեւ սպառնալիքների, թէ «իրենց ձեռքերը քոր են գալիս» եւ իրենք կարող են այնպէս անել, որ դիտորդները շատ արագ փախչեն տեղակայման վայրերից։

Բնականաբար քննադատուել է նաեւ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրուող անվտանգային աջակցութիւնը։
Վիրաւորական ձեւակերպումներ են կատարուել նաեւ Եւրոպական խորհրդարանի ու պատգամաւորների, ինչպէս նաեւ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների հասցէին։ Ալիեւի վարչակարգն ըստ էութեան սառեցրել է Եւրոպական գրանտները, քանի որ կարծում են, թէ դրանցով փորձ է արւում ատրպէյճանական երիտասարդութեան վրայ ազդել։

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Պայտընի կառավարման տարիներն Ալիեւը համարում է «սորոսեան ժամանակահատուած»։ Առհասարակ հետաքրքիր է, որ Ալիեւը խուսափում է ԱՄՆ-ի, որպէս պետութեան քննադատութիւնից եւ հիմնական հարուածներն ուղղում է ԱՄՆ արդէն նախկին վարչակազմին՝ վերջինիս մեղադրելով կողմնակալութեան, Ատրպէյճանի հանդէպ պատժամիջոցների կիրառման, երկակի ստանդարտների գործադրման մէջ։ Ալիեւը, Ատրպէյճանի նկատմամբ ամերիկեան քաղաքականութիւնը որակում է որպէս անշնորհակալ, քանի որ, ըստ նրա, երբ ԱՄՆ-ն Ատրպէյճանի կարիքն ունէր լոգիստիկ նպատակներով, Ուաշինկթոնը չեղարկեց «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդուածը, եւ, երբ արդէն չունէր, վերականգնեց։
Ալիեւը միաժամանակ առիթը բաց չի թողնում Թրամփի հասցէին դրուատանքի որոշակի խօսքեր ասել, մասնաւորապէս այն, թէ ԱՄՆ ընտրուած նախագահն ու ատրպէյճանական հասարակութիւնը իբր կիսում են նոյն արժեհամակարգը։

Ֆրանսա

Ֆրանսայի ու անձամբ նախագահ Մակրոնի հասցէին կոշտ քննադատութիւնն ու վիրաւորանքները կարմիր թելի նման ուղեկցում են Ալիեւի հարցազրոյցի արտաքին քաղաքական մասին։ Ատրպէյճանի ղեկավարը չի խորշում ֆրանսական ներքաղաքական կեանքին ուղղակի միջամտութիւն կատարելուց։ Ալիեւը մասնաւորապէս նշում է, թէ Մակրոնը չի կարողանում ապրել առանց Ատրպէյճանի ու վերջինիս քննադատութեան, թէ դա խօսում է Ֆրանսայի անօգնականութեան մասին։ Ֆրանսան մեղադրւում է «Ատրպէյճանատեացութեան» մէջ, այն համարւում է կոնսենսուս ֆրանսական քաղաքական կեանքում։ Այս առումով յիշատակւում է նաեւ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, Փարիզի շրջանի նահանգապետը, նախկին վարչապետը։ Զարգացնելով իր ատելութեան խօսքը՝ Ալիեւը Ֆրանսային ընդհուպ մեղադրում է իսլամաֆոբիայի եւ քսենոֆոբիայի մէջ։ Ի հարկէ Ֆրանսայի հայկական սփիւռքն ու դրա լոբբիստական կառոյցները նոյնպէս դուրս չեն մնում քննադատութիւնից։ Ալիեւը նաեւ խօսում է այն ճնշումների մասին, որ ֆրանսական կողմը Ատրպէյճանի նկատմամբ կիրառել է 44-օրեայ պատերազմի ընթացքում ու դրանից յետոյ։ Շարունակելով Մակրոնի հանդէպ վիրաւորական խօսքը՝ Ալիեւն ակնարկում է, որ անհնար է նրան համեմատել Ֆրանսայի նախկին նախագահների՝ Շիրակի, Սարկոզիի, Օլլանդի հետ, որ վերջիններն իրենց փորձով շատ աւելին էին։ Ալիեւը Ֆրանսային մեղադրում է նաեւ Վրաստանում ներքին գործընթացներն ապակայունացնելու փորձերի համար։
Ֆրանսայի դէմ յարձակումներն աւարտւում են վերջինիս քննադատութեամբ իբր թէ գաղութատիրութեան մէջ։ Ալիեւը նորից վկայակոչում է Նոր Կալեդոնիան եւ քննադատում ֆրանսական քաղաքականութիւնն այնտեղ, ժողովրդի ցածր կենսամակարդակը, 70-75% աղքատութիւնը եւ այլն։

Գանատա

Գանատայի դեռեւս գործող վարչապետ Ճասթըն Թրուտօն նոյնպէս չի խուսափել ալիեւական քննադատութիւնից՝ որակուելով որպէս «ամօթալի կերպով իշխանութիւնից հեռացուած», որպէս մէկը, ով «Թրամփի մէկ բառից» հրաժարական տուեց։ Գանատան ըստ Ալիեւի շատ հակաատրպէյճանական երկիր է, գրեթէ Ֆրանսայի նման։ Զարգացնելով գանատական ուղղութեամբ քննադատութիւնը, Ալիեւը նկատում է, որ Գանատան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու՝ Թրամփի խօսքերի մէջ կարող է եւ տրամաբանութիւն լինել։

Սիրիա

Ալիեւը պնդում է, որ Ասատի ռեժիմի տապալումից յետոյ, Ատրպէյճանը երկրորդ երկիրն էր Թուրքիայից յետոյ, որ հումանիտար օժանդակութիւն ուղարկեց, ինչպէս նաեւ ագն պատուիրակութիւն գործուղեց։ Ալիեւը պահը բաց չի թողնում Հայաստանին յիշեցնելու, թէ իբր վերջինիս մօտ դաշնակիցը՝ Ասատը, այլեւս գոյութիւն չունի։ Պաքուն անթաքոյց ուրախ է Ասատի ռեժիմի տապալմամբ՝ նկատելով որ Սիրիայի հետ Ատրպէյճանի ու Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորումը կարեւոր հանգամանք է տարածաշրջանային էներգետիկ հաղորդակցութեան զարգացման տեսանկիւնից։

Իրան

Իրանի վերաբերեալ նոյնպէս Ալիեւը, մեղմ ասած նրբանկատ չէր եւ ըստ էութեան ընդունեց, որ նախկին կառավարութեան հետ եղել է յարաբերութիւնների վատթարացում, իսկ գործող նախագահի հետ հանդիպելու առիթ չի ունեցել, որ որաշկիացնի յարաբերութիւնների ներկայ մակարդակը։ Թուարկելով վատթարացումների պատճառները՝ առաջինը յիշւում է ատրպէյճանական բեռնատարների՝ լեռնային Ղարաբաղ իբր թէ անօրինական մուտքը, ապա նշւում 44-օրեայ պատերազմից յետոյ իբր իրանական կողմը Ատրպէյճանի նկատմամբ իրականացրել է ահաբեկման ու սպառնալիքների քաղաքականութիւն, ցանկացել սահմանային զօրավարժութիւններ անցկացնել, ինչին ի պատասխան, ատրպէյճանական կողմը փոխանցել է, որ համաչափ քայլեր կը ձեռնարկի, եւ որ իրենք ոչ մէկից չեն վախենում։ Այնուհետեւ, Ալիեւը յիշում է Թեհրանում ատրպէյճանական դեսպանատան դէմ յարձակումը, նկատելով թէ յարձակումից յետոյ, որ կատարուել էր Իրանի կեդրոնում, ոստիկանական մեքենան մօտեցել է միայն 40 րոպէ անց։ Ըստ Ատրպէյճանի ղեկավարի, յանցագործութեան մէջ մեղադրուող երկու անձինք, ձերբակալման ընդամէնը յաջորդ օրը ճանաչուել են հոգեկան առողջութեան հետ խնդիր ունեցող։ Ատրպէյճանական կողմը հիասթափուած է, որ այս մարդիկ դեռեւս մահապատժի չեն արժանացել, մինչդեռ Իրանում աւելի փոքր յանցագործութիւնների համար մահապատիժ է նշանակւում եւ իրագործւում։ Իրանա-ատրպէյճանական յարաբերութիւնների համար մէկ այլ վատթարացնող հանգամանք է նշւում Դեկտեմբերի 29-ին Արդաբիլ նահանգում Իրանի գերագոյն առաջնորդի ներկայացուցիչ Սեյիդ Հասան Ամելինի ելոյթը, որի ընթացքում, ըստ ատրպէյճանական կողմի պնդման, հոգեւորականը քննադատել է Ալիեւին եւ Էրտողանին։ Ալիեւն իր ելոյթում հոգեւորականին անուանում է «գաւառական մոլայ» եւ քննադատութեան սլաքներն ուղղում ԻԻՀ գերագոյն հոգեւոր առաջնորդի կողմ՝ ակնարկելով, թէ իրենք գիտեն ով է Ամելինին նշանակողը եւ վերջինս դեռ շարունակում է պաշտօնավարել։ Ալիեւին ակնյայտօրէն չի գոհացրել Իրանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական «ափսոսանքը»։ Ալիեւը նաեւ ակնկալել է, որ այս հարցում յայտնի չէ գերագոյն առաջնորդի դիրքորոշումը։

Նոր աշխարհակարգն ու Ատրպէյճանը, ըստ Ալիեւի

Ըստ Ալիեւի ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ նոր աշխարհակարգ է ձեւաւորւում, «աշխարհը գտնւում է այս գործընթացի սկզբում, շատ բացեր են ի յայտ գալիս ու ի յայտ կը գան։ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ ի յայտ եկած համակարգը արդէն կորցրել է իր ներուժը։ Դրա մասին են վկայում շատ վայրերում տեղի ունեցող գործընթացները, հակամարտութիւնները, պատերազմները եւ այլ իրադարձութիւններ»։ Ալիեւը միաժամանակ յիշել է «քաղաքական ու բարոյական ճգնաժամը» արեւմտեան առաջատար երկրներում։ Ապշերոնեան բռնապետը կարծում է, որ աշխարհակարգի ներկայ բացերի պայմաններում աշխարհաքաղաքական նոր ու առանցքային դերակատար պէտք է ի յայտ գայ, որպիսին ըստ իրեն կարող է լինել «Թուրքական պետութիւնների կազմակերպութիւնը»։ Ըստ բռնապետի, «պէտք չէ պարզապէս սպասել, թէ ինչպէս կը զարգանայ նոր աշխարհակարգը։ Մենք պէտք է անենք մեր աշխատանքը եւ շարունակենք իրականացնել մեր օրակարգը։ Որովհետեւ Հարաւային Կովկասը մեր տարածաշրջանն է, եւ Ատրպէյճանը, որպէս այս ոլորտում առաջատար երկիր, անշուշտ պատասխանատուութեան տեսանկիւնից առանձնայատուկ կշիռ ունի։

Այսպիսով ակնյայտ է, Ատրպէյճանն իր առջեւ դրել է նախաձեռնող, յաւակնոտ եւ ագրեսիւ արտաքին քաղաքականութիւն իրականացնելու մարտահրաւէր՝ փորձելով օգտուել աշխարհակարգի ներկայ տուրբուլենտութեամբ պայմանաւորուած առկայ հնարաւորութիւններից՝ ընդլայնելու Ատրպէյճանի միջազգային կշիռն ու հնարաւորինս չէզոքացնելու տարածաշրջանում հայկական գործօնը։ Վստահ ենք, որ այս պայմաններում Հայաստանի իշխանութիւնների պարտուողական դիրքորոշումները, եւ այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի հեռանկարը չեն կարող զսպել Ատրպէյճանին։ Պաքուում շատ լաւ գիտեն, որ խաղաղութեան պայմանագրի հնարաւորութիւն Հայաստանի յատկապէս այս իշխանութիւնների հետ, միշտ էլ ունեն, սակայն իրենց համար միջազգային բարենպաստ իրավիճակը կարող է առաջիկայում աւարտուել։ Ուստի ցանկանալու են ստանալ հնարաւոր ամէն ինչ, այն էլ ժամանակային սահմանափակ տարածութիւնում։

Հայաստանն այս ամէնին պէտք է հակադրի բովանդակային ամբողջովին նոր քաղաքականութիւն, յարաբերութիւնների վերականգնում տարածաշրջանային հիմնական դերակատարների հետ ու յարաբերութիւնների զարգացում Արեւմտեան ուժային կեդրոնների հետ։ Պէտք է անյապաղ ազատուել այն պատրանքից, թէ Հայաստանից շարունակական զիջումների պարագայում ատրպէյճանական կողմը կարող է ի վերջոյ յանգել խաղաղութեան։

Սոյն յօդուածի առաջին մասում ներկայացուած՝ Հայաստանին ու հայութեանն ուղղուած սպառնալիքները, ինչպէս նաեւ վերը յիշատակուած ուղերձները՝ միջազգային հանրութեան հասցէին, խիստ ակնյայտ են դարձնում Պաքուի առաւելապաշտական նպատակները։ Ուստի, այս պայմաններում, միջազգային յարաբերութիւնների ներկայ հոլովոյթում պատրանքայնութիւնը մեզ համար կարող է չափազանց թանկ արժենալ։

Comments are closed.