«Ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին, բայց իրավիճակը կը փոխուի»․ քաղաքագէտ

Հայաստան—Ադրբեջան ուղիղ երկխօսութիւնը քիչ հաւանական է։

Մարտի 23-ին կազմակերպուած «Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան օրակարգ. ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակէտ է յայտնել քաղաքագէտ Արմէն Վարդանեանը։ Դրան մասնակցել է նաև քաղաքագէտ Էդգար Վարդանեանը։

Խաղաղութեան օրակարգի մասին

Քաղաքագէտ Էդգար Վարդանեանի խօսքով՝ Ադրբեջանն ուզում է, որ բոլորը մոռանան, որ կայ ԼՂ կոնֆլիկտ, իսկ Հայաստանը դա թոյլ տալ չի կարող․

«Քանի որ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների օրակարգի մեծ մասը հէնց ԼՂ խնդիրն է, տրամաբանական է, որ դիմել ենք Մինսկի խմբին, որ ակտիւ գործառոյթներ ստանձնի կամ փորձի որոշակի գործողութիւններ իրականացնել»։

Էդգար Վարդանեանը կարծում է՝ հայկական կողմի այս քայլը ցոյց է տալիս, որ ՀՀ իշխանութիւնները խաղաղութեան կողմնակից են, ցանկանում են Ադրբեջանի հետ յարաբերութիւնները կարգաւորել, բայց «կան հարցեր, որոնք հնարաւոր չէ անտեսել, և կան ձևաչափեր, որոնք հնարաւոր չէ մի կողմ դնել, մոռանալ»։

«Միւս կողմից խմբի անդամները կարող են միասնական գործողութիւն չանել, բայց առանձին-առանձին նպաստել այս օրակարգին։ Բոլորն էլ շահագրգռուածութիւն ունեն, որ այս խնդիրը խաղաղ ձևով լուծուի, բոլորն էլ հասկանում են, որ նոր պայթյունները խիստ անցանկալի են, այն էլ այսօրուայ աշխարհում»,- ընդգծել է Էդգար Վարդանեանը։

Քաղաքագէտ Արմէն Վարդանեանի գնահատմամբ՝ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականութիւնը՝ ներառեալ Արցախը․

«Այո, Ադրբեջանն ուզում է խաղաղ կարգաւորում, բայց իր պատկերացրած ձևաչափով, այն է՝ Հայաստանը պէտք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնն Արցախով, հարցը այդպէս լուծուի, գնայ»։

Ըստ քաղաքագէտի՝ սա է պատճառը, որ Հայաստանը փորձում է ժամանակ շահել, հարցը տանել այլ ուղղութեամբ, այդ թւում՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ։

Հայաստան-Ադրբեջան չմիջնորդաւորուած, ուղիղ երկխօսութիւնը քաղաքագէտը քիչ հաւանական է համարում։

Նա յիշեցրել է՝ 44-օրեայ պատերազմից յետոյ ՀՀ-ում ԱՄՆ, Ֆրանսիայի, ինչպէս նաև ԵՄ մի շարք երկրների դեսպաններ բազմիցս նշել են, որ հակամարտութիւնը դեռևս կարգաւորուած չէ, պէտք է լուծուի Արցախի կարգավիճակի հարցը․

«Սա պարզ մեսիջ է Ադրբեջանին, որ իրենք չեն համակերպուելու ուժային ճանապարհով հարցի վերջնական լուծման հետ»։

«ՌԴ-ին պէտք է, որ այս հակամարտութիւնը սառեցուած մնայ, բայց վերջնականապէս չլուծուի։ Այս կոնֆլիկտը մահակ է Ռուսաստանի ձեռքում, որով նա երկու կողմերի վրայ ճնշումներ է գործադրում։ Այն պահին, երբ ՀՀ-Ադրբեջան հակամարտութիւնն իսկապէս լուծուի, ՌԴ-ն կը կորցնի իր կշիռն ու ազդեցութիւնը տարածաշրջանում»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.