Թուրքիան փորձում է մեծացնել ազդեցութիւնը Հարաւային Կովկասում

Հայաստանի Տաւուշի մարզի ուղղութեամբ յուլիսի 12-ից սկսուած ադրբեջանական սադրանքն ու հետագայ ռազմական գործողութիւնները ցոյց տուեցին, որ Հայաստանն ի վիճակի է ոչ միայն զսպել, այլև՝ ծանր հարուած հասցնել հակառակորդին։ Սակայն յուլիսեան մարտերի առաւել կարևոր ցուցիչը դարձան Հարաւային Կովկասում Թուրքիայի յաւակնութիւնների ցուցադրութիւնը։ Թերևս ոչ ոք չէր կասկածում, որ Թուրքիան աջակցութիւն է յայտնելու եղբայրական Ադրբեջանին, սակայն այն հռետորաբանութիւնը, յայտարարութիւնների ինտենսիւութիւնն ու ջանասիրութիւնը, որ ցուցաբերում էր թուրքական կողմը, մեղմ ասած, չէր համապատասխանում Մինսկի Խմբի անդամ պետութեան արձագանքին։ Սահմանին իրավիճակի սրացումը Թուրքիան օգտագործեց Ադրբեջանին Հայաստանի դէմ հրահրելու, տարածաշրջանն ապակայունացնելու և Հարաւային Կովկասում Թուրքիայի ազդեցութիւնը մեծացնելու և Արցախեան հակամարտութեան վրայ ազդեցութիւն ունեցողի յայտ ներկայացնելու նպատակով։

Հարաւային Կովկասում «պատմական առաքելութիւնն» ի կատար ածելու, «եղբայրներին մենակ չթողնելու պարտականութեան» փաթեթաւորմամբ մատուցուող սեփական յաւակնութիւնների մասին բարձրաձայնումը հիմնաւորւում էր կեղծ, արհեստական փաստարկով, այն է՝ վտանգած են Հարաւային Կովկասում Թուրքիայի կենսական շահերը, քանի որ «Հայաստանի յարձակմամբ» թիրախի տակ են յայտնուել Թուրքիային սնող էներգակիրները և հաղորդակցութեան կարևոր միջոցները։

Թուրքիան նաև հարակից նպատակներ ունէր. նախ՝ լայն տեղեկատուական-քարոզչական  արշաւի  միջոցով սեփական հանրութեանը ներկայացնել Հարաւային Կովկասը որպէս կենսական նշանակութեան տարածք և հանրութեանը համախմբել այդ գաղափարի շուրջ, ադրբեջանական հանրութեանը ոգևորել, մեղմել իշխանութիւնների վրայ հանրային ճնշումը և Հայաստանի վրայ հոգեբանական ազդեցութիւն գործել։

Այս ամէնն ուղեկցւում էր թուրք բարձրաստիճան պաշտօնեաների «բոլոր պայմաններում և միշտ Ադրբեջանի կողքին ենք», «Հայաստանը խեղդուելու է իր հրահրած դաւադրութեան մէջ», «Հայաստանն իր գլխից մեծ գործ է բռնել», «Հայաստանը պէտք  է խելքը գլուխը հաւաքի» և այլ կոշտ, ոչ դիւանագիտական ձևակերպումներով ու սպառնալիքներով։

Սեփական դերը բարձրացնելու և յաւակնութիւնների ընդլայնումը գործնական հարթութիւն  տեղափոխելու Թուրքիայի փորձերն առաւել աչքի են զարնում, երբ թուրքական արձագանքը համեմատում ենք 2016թ. ապրիլեան պատերազմի ժամանակ արուած յայտարարութիւնների բովանդակութեան հետ։ 2016-ին Թուրքիան, Ադրբեջանին անվերապահօրէն պաշտպանելով հանդերձ, Հայաստանի նկատմամբ պահպանում էր դիւանագիտական պատշաճութիւնը, իսկ հիմնական քաղաքական նպատակը ԼՂ բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխութիւնն էր՝ Թուրքիային ներգրաւելու մտադրութեամբ։

Շեշտենք, որ 2016թ․ապրիլեան պատերազմը և 2020թ յուլիսեան մարտերը համեմատելի չեն իրենց բնոյթով, սակայն այս տարբեր մասշտաբների սրացումներին տրուած էականօրէն տարբերուող թուրքական արձագանքը խօսում է տարածաշրջանային փոփոխութիւններում Թուրքիայի դերակատարութեան մասին։

2016թ. Թուրքիան էականօրէն տարբերւում է այսօրեայ Թուրքիայից։ 2016թ․ ապրիլին Թուրքիան դեռ նախագահական երկիր չէր և Էրդողանի անսահմանափակ իշխանութիւնը օրէնքով ամրապնդուած չէր, իսկ 2015-ին ռուսական Սու-24 ինքնիաթիռի խոցումից յետոյ Ռուսաստանի հետ խիստ լարուած յարաբերութիւնները  դեռ չէին կարգաւորուել, ինչպէս նաև Թուրքիան դեռ չէր ներխուժել Սիրիա, ռազմական ներկայութիւն չէր հաստատել Լիբիայում։

Այսօր այս հանգամանքները վերացել են. Սիրիայում և Լիբիայում որոշակի յաջողութիւններ են գրանցուել, իսկ վերջին տարիներին Թուրքիայի գործողութիւնները զսպելու ուղղութեամբ Արևմուտքը բաւարար քայլեր չի ձեռնարկում. դրանք իրականացնելու լծակներ գրեթէ չունի կամ կաշկանդուած է։ Այս հանգամանքները Թուրքիայի կարծիքով իրեն ազատ գործելու հնարաւորութիւն են տուել։

Սակայն ՀՀ ԶՈՒ-ն, Տաւուշում ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելով և առաւելութեան հասնելով, զսպել է նաև Հարաւային Կովկասում իր դերը մեծացնելու Թուրքիայի ձգտումը։

Թուրքիայի ակտիւութիւնը զսպող գործօն  է նաև ռուսական հակազդեցութիւնը։ Ինչը բնական է, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում իր ազդեցութեան գօտում մէկ այլ պետութեան դերակատարութեան մեծացումը։ Այդ մասին վկայում է նաև ՌԴ ԶՈՒ հարաւային օկրուգում ընթացող լայնածաւալ զօրավարժութիւնները, որտեղ ներգրաւուած  է նաև ՀՀ-ում տեղակայուած 102-րդ ռազմաբազան։ Ուշագրաւ է, որ Թուրքիան ԱԳ նախարարի, նախագահի մակարդակով հեռախօսազրոյցներ է նախաձեռնել ռուս գործընկերների հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանային լարուածութիւնը։ Ռուսական կողմի տարածած հաղորդագրութիւնները, որոնք ի տարբերութիւն թուրքականի, բովանդակային են, ընդգծում են լարուածութեան առաջին օրերից հնչող արտայայտութիւնները․ «պէտք է խուսափել գործողութիւններից, որոնք նպաստում են լարուածութեան մեծացմանը», «հակամարտութիւնը ռազմական լուծում չունի»։ Այս յայտարարութեան հասցէատէրը հենց Թուրքիան է։

Փաստենք, որ Թուրքիայի հիմնական ձգտումը՝ Հարաւային Կովկասում դերակատարման մեծացումը, այս պահին ձախողուել է։ Իհարկէ, սա չի նշանակում, որ Թուրքիան հրաժարւում կամ հրաժարուելու է իր նպատակներից։

Անահիտ Վեզիրեան

ՕՐԲԵԼԻ – Վերլուծական-հետազօտական  կենտրոն 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.