Թուրքիայի մղձաւանջը. Սեւրի պայմանագրի նկատմամբ թուրք «գիտական» շրջանակների նոր մօտեցումները

Լուսանկարը՝ Սևրի պայմանագիրը ստորագրած 4 թուրք պաշտօնատարները՝ Ռըզա Թևֆիկ, Տամաթ Ֆերիտ փաշա, Հադի փաշա և Ռեշադ Հալիս

Մելինէ Անումեան
Թրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու

Թէեւ յայտնի են թրքական պնդումներն այն մասին, թէ Սեւրի պայմանագիրը վաւերական չէ ու երբեք էլ չի եղել, այնուամենայնիւ սոյն դաշնագիրը 100 տարի շարունակ մղձաւանջ է եղել թուրք ժողովրդի եւ յատկապէս Թուրքիայի Հանրապետութեան քաղաքական ու գիտական շրջանակների համար։ Այս ահը երբեմն այնքան ցայտուն է դրսեւորուել, որ մինչեւ իսկ շրջանառութեան մէջ է մտել «Սեւրի սինտրոմ» (թուրք․՝ Sevr Sendromu) արտահայտութիւնը (1)։

Վերջին տարիներին որոշ թրքական«գիտական» շրջանակներ, մասնաւորապէս Թուրքիայի պաշտօնական պատմագրութեան խօսափողը հանդիսացող Թրքականպատմագիտական ընկերութեան (Türk Tarih Kurumu) ներկայացուցիչները փորձում են նոր մօտեցումներ մշակել Սեւրի պայմանագիրը թուրք հասարակութեան շրջանում եւ Թուրքիայի կրթական հաստատութիւններում ներկայացնելու ուղղութեամբ։

Այսպէս, օրինակ, ըստ «Միլլիյեթ» պարբերականի՝ տուեալ ժամանակաշրջանում Թրքական պատմագիտական ընկերութեան նախագահ դոկտոր, փրոֆեսոր Ռեֆիկ Թուրանը 2018 թ․ օգոստոսի 9-ին յայտարարել է, թէ Պատմագիտական ընկերութիւնն աշխատանքներ է սկսել Թուրքիայի կրթական հաստատութիւնների նոր ուսումնական ծրագրերում Սեւրի դաշնագիրը որպէս ոչ թէ պայմանագիր, այլ ընդամենը փաստաթուղթ ներկայացնելու ուղղութեամբ։

Ռեֆիկ Թուրանը մասնաւորապէս նշել է․ «․․․Դա կարող է ոչ էական թուալ, սակայն կարեւոր է, քանի որ Սեւրը մեր երեխաների եւ (թուրք) հասարակութեան գիտակցութեան մէջ որպէս դաշնագիր է ընկալւում։ Այնինչ խօսքը ոչ թէ պայմանագրի, այլ միայն փաստաթղթի մասին» (2)։

Թուրանն ընդգծելով, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը 1920 թ․ օգոստոսի 10-ին կնքուած, սակայն «անվաւեր համարուող» Սեւրին տուել է «Թուրք ժողովրդի դէմ կազմակերպուած մեծ մահափորձ» բնութագրումը, թրքական պետական «Անատոլու» լրատուական գործակալութեան հետ զրոյցում շեշտում էր նաեւ, թէ «Սեւրը իրենց համար պայմանագիր չէ, քանի որ դաշնագրերը հիմնուոծ են միջպետական փոխադարձ համաձայնութեան վրայ, մինչդեռ Սեւրի դէպքում նման բան չի եղել» (3)։

Խեղաթիւրելով պատմական փաստերը, նաեւ նշում է, թէ իբր Սեւրի պայմանագիրը չի ստորագրուել, եւ յաւելում․ «Այսուհետեւ Թրքական պատմագիտական ընկերութիւնը, որպէս հաստատութիւն, Սեւրն անուանելու է «փաստաթուղթ» եւ պաշտօնապէս հանդէս է գալու «Սեւրի պայմանագիր» արտայայտութեան օգտագործման դէմ։ Երբեմն սխալ ձեւով են արտայայտվում։ Նման դաշնագիր չկայ։ Մենք սոյն հարցն այդ կերպ ենք ներկայացնելու նաեւ մեր կրթական ծրագրերում։ Թէեւ իրաւասու չենք դա օրէնքով ամրագրելու, բայց ջանքեր ենք գործադրելու, որպէսզի մեր հասարակութիւնն սկսի այդ ձեւով ընկալել սոյն փաստաթուղթը» (4)։

Հասկանալի է, որ թուրք պատմաբանների կողմից այս մօտեցման մշակումը չի սկսուել 2018 թ․, այլ շատ աւելի վաղ։ Այսպէս, օրինակ, 2017 թ․ օգոստոսի վերջերին «Haber7.com» թրքական լրատուական կայքէջում հրապարակուել է թուրք պատմաբան Ահմետ Անափալըի յօդուածաշարը, որը կրում էր հետեւեալ խորագիրը «Անգրագէտ են բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Սեւրի պայմանագիրը ստորագրուել է» (5)։ Այս թուրք կեղծարարը եւս փորձում է ներկայացնել, թէ իբր «Սեւրը չի ստորագրուել», ու «Թէեւ այն միջազգային շրջանակներում յայտնի է որպէս պայմանագիր, սակայն ընդամենը «նախագիծ» մնացած մի ծրագիր է եղել» (6)։

Ահմետ Անափլըն սոյն յօդուածում վկայակոչում էր նաեւ Մուսթաֆա Քեմալին եւ այդ թեմային վերաբերող այս հատուածը ներկայացնում վերջինիս հանրայայտ «Ճառից»․ «․․․Պարոնա՛յք, Մուտրոսի զինադադարի կնքումից յետոյ, յաղթանակած տէրութիւնների կողմից Թուրքիային 4 անգամ խաղաղութեան պայմաններ են թելադրուել։ Դրանցից մէկն էլ Սեւրի խաղաղութեան նախագիծն է, որը, առանց քննարկուելու, ներկայացրել են Անտանտի տէրութիւնները՝ Յունաստանի վարչապետ Վենիզելոսի մասնակցութեամբ, 1920 թ․օգոստոսի 10-ին էլ ստորագրուել սուլթան Վահիտեթթինի կառավարութեան կողմից (ընդգծումն իմն է- Մ․ Ա․)»։ (․․․) Ինչպէս տեսնում էք, Մ․ Քեմալ փաշան այդ տեքստը միշտ նախագիծ է անուանում։ (…) Մինչեւ իսկ Իսմեթ Ինոնուն, անգամ իր յուշերում, Սեւրին անդրադառնալիս այն նախագիծ է կոչում» (7)։

Ուշագրաւ է, որ Աթաթուրքի խօսքը մէջբերող թուրք պատմաբանը փաստօրէն ակամայ ընդունում է, որ Սեւրի պայմանագիրն այնուամենայնիւ ստորագրուել է։ Անափալըն փորձում է այդ փաստը խեղաթիւրել այն «հիմնաւորմամբ», թէ այս փաստաթուղթը ստորագրուել է ոչ թէ քեմալականներից բաղկացած Անգարայի իշխանութիւնների, այլ միայն Սթամպուլի իշխանութեան, այն է՝ օսմանեան սուլթանի կողմից՝ անտեսելով, որ տուեալ ժամանակաշրջանում, որպէս Թուրքիայի օրինական իշխանութիւն, այլ տէրութիւնների կողմից ճանաչուած էր միայն Սթամպուլի կառավարութիւնը։

Թուրք կեղծարարների այս ոչ գիտական մօտեցումը խիստ քննադատութեան է արժանացել անգամ որոշ թուրք պատմաբանների կողմից։ Այսպէս, օրինակ, հայութեանը Թալէաթ փաշայի փաստաթղթերի հրապարակմամբ յայտնի թուրք պատմաբաններից Մուրատ Բարտաքչըն «Հապերթուրք» պարբերականի 2018 թ․ օգոստոսի 12-ի համարում «Ահա՛ այն Սեւրի պայմանագրի փաստաթղթերը, որի մասին ասում են, թէ գոյութիւն չունի» վերնագրով հրապարակուած իր յօդուածում Ռեֆիկ Թուրանի եւ ընդհանրապէս Թրքական պատմագիտական ընկերութեան այդ մօտեցման մասին գրում է․ «Պարզւում է՝ Թրքական պատմագիտական ընկերութիւնն աշխատանքներ է իրականացնելու, որ այսուհետեւ դպրոցներում Սեւրը ներկայացուի ոչ թէ որպէս «պայմանագիր», այլ «փաստաթուղթ», քանզի պարզւում է, որ «Սեւր» անուամբ որեւէ պայմանագիր գոյութիւն չունի։

Ճիշդ է, մի փաստաթուղթ այնուամենայնիւ կայ, սակայն պարզւում է, որ այն չի կարող «պայմանագիր» լինել։
Լա՛ւ, մենք սովոր չենք մեր պարտութիւնների մասին խօսել, աշխատում ենք չյիշել դրանք մինչեւ իսկ այն դէպքերում, երբ դա անհրաժեշտ է մեր սխալներն ուղղելու համար։ (…)

Սեւրը Թուրքիայի կողմից չի վաւերացուել, սակայն թուրք պատուիրակները ստորագրել են այն, իսկ սոյն դաշնագրի տակ իրենց ստորագրութիւնները դրած միւս պետութիւններից մի քանիսի նախագահները, թագաւորները եւ խորհրդարանները հետագա ամիսներին հաստատել են այս պայմանագիրը․․․» (8)։

Մուրատ Պարտաքչըն իր այս յօդուածում նաեւ նշելով, թէ «Ինչպե՞ս կարելի է անտեսել այս փաստաթղթերը», հրապարակել է Թուրքիայի օսմանեան արխիւում պահպանուող Սեւրի պայմանագրին առնչուող բազմաթիւ վավերագրեր (9)։

Թուրք հեղինակը նաեւ ընդգծում է, որ թէեւ գրեթէ մէկ դար է անցել Սեւրի պայմանագրի կնքումից յետոյ, սակայն սոյն թեմայի վերաբերեալ թուրք գիտական շրջանակների կողմից դեռեւս որեւէ համապարփակ ուսումնասիրութիւն չի արուել, որի հետեւանքներից մէկն էլ Թուրքիայում տարածուած այն թիւր պատկերացնում է, թէ Սեւրը բաղկացած է Դաշնակից տէրութիւնների եւ Թուրքիայի միջեւ կնքուած միայն մէկ դաշնագրից, այնինչ սոյն փաստաթուղթը «պայմանագրերի մի ամբողջ շարք է» (10)։

Պարտաքչըն, շարունակելով Թրքական պատմագիտական ընկերութեան յիշեալ նախաձեռնութեանն ուղղուած իր քննադատութիւնը, յօդուածի վերջում շեշտում է․ «Թրքական պատմագիտական ընկերութիւնը, որը պատմագրութեան առումով պէտք է լինի մեր երկրի ամենալուրջ հաստատութիւնը, կարողանում է պնդել, թէ. «Սեւրը պայմանագիր չէ»։

Թրքական պատմագիտական ընկերութեան՝ Սեւրի վերաբերեալ այդ տրամաբանութեամբ շարժուելով՝ կարող ենք այլ տարօրինակ պնդումներ էլ անել։ Օրինակ՝ ելնելով այն փաստից, թէ քանի որ 1878 թ․ մարտի 3-ին Ռուսաստանի հետ կնքուած Սան-Սթեֆանոյի պայմանագրի ծանր դրոյթները մեղմացուեցին նոյն տարուան յուլիսի 13-ին ստորագրուած Պերլինի կոնգրեսի ժամանակ, ուրեմն՝ մեր պատմութեան մէջ «Սան-Սթեֆանօ» անուամբ որեւէ դաշնագիր չի եղել, չի գործադրուել։ Կարող ենք բարբաջել, թէ «Սան-Սթեֆանոն ընդամենը փաստաթուղթ է»։ Առանց այդ էլ մեր նորագոյն պատմութեան վերաբերեալ տարիներ շարունակ աշխարհի չափ ստեր ենք փչում, հիմա էլ «Սեւրը ոչ թե պայմանագիր է, այլ փաստաթուղթ» ասելով՝ գիտական աշխարհի քմծիծաղին ենք արժանանալու եւ մի քանի սերունդ յետոյ ծիծաղելի, խեղճ ու անկարող վիճակում ենք յայտնուելու մեր ապագայ լուրջ պատմաբանների առաջ։

Թրքական պատմագիտական ընկերութեան նախագահ եւ սելճուքեան պատմութեան մասնագէտ դոկտոր, փրոֆեսոր Ռեֆիք Թուրանը թող ներողամիտ լինի, սակայն պետութեան՝ պատմութիւնն ուսումնասիրող ամենանշանաւոր հաստատութիւնը բացարձակապէս իրաւունք չունի նման անհեթեթութիւններով այդպիսի ամօթալի պիտակ կպցնել թուրք պատմագրութեանը» (11)։

Փաստօրէն Սեւրի մղձաւանջը շարունակում է հանգիստ չտալ թուրք պատմաբաններին եւ լրագրողներին։ Բայց եւ այնպէս յատկանշական է, որ Սեւրի թեման, հասկանալի պատճառներով, առանձնապէս շատ չի արծարծւում թրքալեզու մամուլում, իսկ անդրադարձների մեծ մասն էլ պարուրուած են լինում կեղծ շեշտադրումներով։

Հետաքրքիր է, որ անցեալ տարի՝ 2019 թ․ օգոստոսին 10-ին, անգլիական հեղինակաւոր “Independent” պարբերականի թրքալեզու ծառայութեան կայքէջում թեմային է անդրադարձել թուրք լրագրող Մեհմեթ Մազլում Չելիքը, որի նպատակն առաւելապէս եղել է անգլիախօս ընթերցողներին մոլորութեան մէջ գցելը։

Այսպէս՝ թուրք հեղինակը «Տամաթ Ֆերիտ փաշայի մեղքերի օրագիրը Սեւրի պայմանագրի տարելիցին» վերնագրով յօդուածում (12) նախ՝ անդրադառնում է այդ օրերին Օսմանեան պետութեան մեծ վեզիր Տամաթ Ֆերիտ փաշայի դէմ ծրագրուած մահափորձին՝ շեշտելով, որ այն իրականում կազմակերպել էր հենց ինքը՝ Տամաթ Ֆերիտը, որպէսզի քիչ թէ շատ թօթափի թուրք ժողովորդի շրջանում իր դէմ ուղղուած բացասական տրամադրութիւնները, ապա՝ ներկայացնում, թէ իբր անգլիացի մտաւորականները եւս դէմ են արտայայտուել այդ դաշնագրին (13)։

Այսպիսով՝ վերջին տարիներին թրքական պաշտօնական պատմագրութիւնը փորձել է նոր մօտեցումներ մշակել՝ Սեւրի պայմանագիրը թուրք հասարակութեանը ներկայացնելու ուղղութեամբ։ Սակայն այսպայմանագիրը միայն որպէս փաստաթուղթ, բայց ոչ՝ «պայմանագիր» ներկայացնելու անհեթեթ առաջարկը քննադատութեան է արժանացել մի շարք թուրք պատմաբանների կողմից։

Թէեւ թրքական լրատուամիջոցները փորձում են հնարաւորինս հազուադէպ անդրադառնալ իրենց համար անհաճոյ այս թեմային, այնուամենայնիւ Սեւրի «ուրուականը» շարունակում է հետապնդել թուրք քաղաքական գործիչներին եւ մտաւորականներին։

————————————————————————————

1․ Սեւրի սինդրոմի մասին աւելի մանրամասն տես՝ Լեւոն Յովսէփեան, Սեւրի սինդրոմ: Սեւրի սինդրոմի դրսեւորումները Թուրքիայի հասարակական-քաղաքական քննարկումներում, Երեւան, 2012։ Հրատարակուել է նաեւ այս մենագրութեան անգլերէն տարբերակը՝ Levon Hovsepyan, The Fears of Turkey: The Sèvres Syndrome․ Manifestations of the “Sèvres Syndrome” in Turkey’s Socio-Political Discourse, Yerevan, 2012.
2․https://www.milliyet.com.tr/gundem/son-dakika-ttkdan-sevr-hamlesi-antlasma-degil-belge-2721674 (Վերջին դիտում՝ 17․07․2020)։
Նոյն տեղում։
3․Նոյն տեղում։
4․Նոյն տեղում։
5․Ahmet Anapalı, Sevr Antlaşması İmzalandı Diyenler Cahildir “1”, Sevr Antlaşması İmzalandı Diyenler Cahildir “2”, Sevr Antlaşması İmzalandı Diyenler Cahildir “3”, www.haber7.com
6․https://www.haber7.com/yazarlar/ahmet-anapali/2410633-sevr-antlasmasi-imzalandi-diyenler-cahildir-3, (Վերջին դիտում՝ 17․07․2020)։
7․Նոյն տեղում։
8․Murat Bardakçı, İşte, ‘Yoktur’ dedikleri Sevr’in belgeleri!, https://www.haberturk.com/yazarlar/murat-bardakci/2099644-iste-yoktur-dedikleri-sevrin-belgeleri, (Վերջին դիտում՝ 17․07․2020)։
9․Նոյն տեղում։
10․Նոյն տեղում։
11․Նոյն տեղում։
12․https://www.indyturk.com/node/60506/haber/sevr-antla%C5%9Fmas%C4%B1n%C4%B1n-y%C4%B1l-d%C3%B6n%C3%BCm%C3%BCnde-damat-ferit-pa%C5%9Fa%E2%80%99n%C4%B1n-g%C3%BCnah-defteri (Վերջին դիտում՝ 17․07․2020)։
13․Նոյն տեղում։

 

«Դրօշակ»

Leave a Comment

You must be logged in to post a comment.