«Թուրքերը դնում են երեք նախապայման՝ Ցեղասպանութեան, Արցախի ու Կարսի պայմանագրի». Ռուբէն Սաֆրաստեան

«Թուրքերը դնում են երեք նախապայման՝  Ցեղասպանութեան, Արցախի հարցի ու Կարսի պայմանագրի հետ կապուած՝ գնալ զիջումների, իսկ սա միայն քաղաքական հարց չէ, մեր ինքութեան հարցն է․ եթէ գնանք այդ զիջումներին, կը նշանակի՝ մեր ինքնութեան մի մասից ենք հրաժարւում»․ Ռուբէն Սաֆրաստեան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտութեան ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտօնակատար, ակադեմիկոս, թրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը նշում է՝ Թուրքիան Ուքրաինայի հետ յարաբերութիւններում թևակոխել է ռազմական փուլ, և այժմ ոչ միայն պայրաքթարներ են ուղարկւում դէպի  Ուքրաինա, այլև պայրաքթարների համատեղ արտադրութիւն պէտք է սկսուի։ Բացի այդ՝ Թուրքիան չի  թաքցնում իր յստակ դիրքորոշումը Ղրիմի հարցի հետ կապուած, իսկ այդ դիրքորոշումը հակառուսական է։

«Ներգրաւուելով ուքրաինական ճգնաժամի մէջ՝ Թուրքիան ունի նաև աշխարհաքաղաքական հաշուարկ, այն է՝ Ռուսաստանին հնարաւորինս ներքաշել այդ ճգնաժամի մէջ , և օգտուելով այն իրավիճակից, որ Ռուսաստանի ուշադրութիւնը Ուքրաինայի կողմ է շեղուել, Հարաւային Կովկասում ստանալ աւելի լայն հնարաւորութիւններ գործունէութեան համար», – մամուլի ասուլիսի ենթացքում նշեց Ռուբէն Սաֆրաստեանը։

Անդրադառնալով հայ-թրքական յարաբերութիւններին և  այն փաստին, որ Սաֆրաստեանը և մի շարք այլ փորձագէտներ հանդիպում են  ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի և ԱԺ փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանի հետ, Ռուբէն Սաֆրաստեանը նշեց՝ ամիսներ շարունակ՝ մտահոգութիւններ է ունեցել և այդ մասին ուղղակիօրէն ասել է Միրզոյեանին ու Ռուբինեանին։

«Կարևոր է, որ այն խնդիրները, որոնք մեզ համար ունեն կարևորագոյն նշանակութիւն, մեր ինքնութեան մաս են կազմում՝ Ցեղասպանութեան, Արցախի և Կարսի պայմանագրի խնդիրներում, բանակցային գործընթացում զիջումներ չլինեն, լինեն կարմիր գծեր, և այդ խնդիրները դուրս մնան ամէն տեսակի շահարկումից։ Իրենք հաւաստիացրին՝ ունեն կարմիր գծեր, որոնք չեն անցնի», — նշեց Ռուբէն Սաֆրաստեանը՝ նշելով՝ հայ-թրքական յարաբերութիւնների առանցքում, ի վերջոյ, որոշում կայացնողները լինելու են երկու երկրների ղեկավարները, թէև այո՛, պէտք է նշել՝ բանակցողների հմտութիւնները այս փուլում շատ կարևոր են։

«Օրինակ՝ Թուրքիայի պարագայում դա պարզ է։ Փաստօրէն, Քըլըչը՝ իրենց ներկայացուցիչը, զեկուցելու է իրենց փոխնախագահին՝ Օքթային՝ Թուրքիայի կառավարութեան երկրորդ մարդուն։ Քըլըչը սովորական ներկայացուցիչ չէ, որը բանակցութիւններ է վարում։ Նրա համար ստեղծուեց նոր պաշտօն, որը թարգմանւում է այսպէս՝ յանձնակատար Հայաստանի գծով, այսինքն՝ ոչ միայն բանակցութիւնների գծով, այլև Հայաստանի գծով։ Ես յատուկ ուսումնասիրել եմ դա։ Քըլըչի պաշտօնը դուրս բերուեց ԱԳՆ-ից ու այժմ Թուրքիայի նախագահի աշխատակազմի մաս է կազմում։

Իսկ Հայաստանի իշխանութիւնները մեր անկախութեան գոյութեան առաջին իսկ օրուանից յայտարարում էին, որ պատրաստ են յարաբերութիւնները կարգաւորել՝ առանց որևէ նախապայմանի, և այդ խնդիրը  ՀՀ Երրորդ Հանրապետութեան գոյութեան օրուանից մինչև մեր օրերը դարձել է մեր արտաքին քաղաքականութեան կարևորագոյն խնդիրներից մէկը։ 90-ական թուականների սկզբներին ես որոշակիօրէն ներգրաւուած են եղել այդ գործընթացներում։ Հիմա  ես կարծում եմ՝ դա ճիշդ չէր, քանի որ  այդ քաղաքականութիւնը ոչ մի արդիւնք չտուեց։ Հայաստանը չհասաւ իր առջև դրուած նպատակին։ Գուցէ, աւելի ճիշդ կը լինէր, որ մենք դնէինք նախապայման, այն է՝ մինչև Թուրքիան Հայոց Ցեղասպանութիւնը չճանաչի,  ոչ մի բանակցութիւն չենք վարելու։ Մեր նպատակն է եղել ունենալ նորմալ գործող սահման և դիւանագիտական  յարաբերութիւններ․ խօսքը բարիդրացիական, բարեկամական յարաբերութիւնների մասին չէ, նորմալ յարաբերութիւնների մասին է, ինչպիսին Յունաստանի ու Թուրքիայի յարաբերութիւններն են։ Այդ երկրները թէև բազմաթիւ խնդիրներ ունեն, բայց սահմանն ու դիւանագիտական յարաբերութիւնները նորմալ են»․ — նշեց Ռուբէն Սաֆրաստեանը։

Նա յիշեցրեց՝ սա Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու 4-րդ փորձն է։ Նախկինում ՀՀ-ի ու Թուրքիայի յարաբերութիւնները կարգաւորելու 3 փորձ է արուել, սակայն դրանցից ոչ մէկն արդիւնք չի տուել։

«Թուրքերը դնում են երեք նախապայման՝  Ցեղասպանութեան, Արցախի ու Կարսի պայմանագրի հարցերում  գնալ զիջումների։ Հայաստանը չի գնացել այս զիջումներին, դրա համար էլ  ոչ մի բան չի եղել։ Իսկ  ինչո՞ւ են Թուրքերը նախապայմաններ դնում։ Փաստօրէն, նրանք գին են առաջարկում սահմանը բացելու և դիւանագիտական յարաբերութիւնները կարգաւորելու համար։ Նրանք համոզուած են, որ ՀՀ-ն աւելի շատ է շահագրգռուած սահմանը բացելու հարցում, քան իրենք, ուստի ՀՀ-ն պիտի վճարի, իսկ գինն այս երեք նախապայմաններն են, սա է պատկերը», — նշեց Ռուբէն Սաֆրաստեանը։

Անդրադառնալով «Հորիզոն»-ի թղթակցի հարցին՝ այժմ  հայկական կողում հայ-թրքական յարաբերութիւնների հետ կապուած աշխատանքային խմբերում ներգրաւուա՞ծ են այնպիսի անձինք, որոնց հարցում կարող ենք վստահ լինել՝ հայամէտ որոշումներ կը կայացուեն, Ռուբէն Սաֆրաստեանը պատասխանեց՝ ինքը հանդիպել է միայն  Արարատ Միրզոյեանի ու Ռուբէն Ռուբինեանի հետ, նրանք էլ ասել են՝ կարմիր գծերը չեն անցնի, մնացածի վերաբերեալ չի կարող որևէ բան ասել։

Մեր թղթակցի յաջորդ հարցին՝ իսկ հայ-թրքական այս բանակցային գործընթացքում հնարաւո՞ր է Հայաստանի համար ստեղծուեն, այսպէս ասած, եզրային իրավիճակներ, թրքագէտը պատասխանեց․ «Ի հարկէ, հնարաւոր է։ Ամէն ինչ հնարաւոր է… Ես բացարձակ համոզուած չեմ, որ այս բանակցային գործընթացը  Հայաստանի համար դրական  արդիւնք  կ՚ունենայ։ Աւելին՝ ինձ թւում է ոչ մի բան չի լինի։ Եւ այդ կարմիր գծերի խնդիրը գիտէ՞ք ՝ ինչու եմ այդքան կարևորում, քանի որ ես համոզուած չեմ, որ այդ կարմիր գծերը մեր կողմից կը պահպանուեն։ Այդ կարմիր գծերն են՝ Ցեղասպանութեան հարցը, Արցախի հարցը, Կարսի պայմանագրի հարցը․ դրանք միայն քաղաքական առումով չէ, որ կարևոր են։ Դրանք մեր ինքնութեան մի մասն են կազմում։ Մենք հայ ենք, քանի որ այդ խնդիրների հարցում  մեր մօտեցումներն ունենք։  Այսինքն՝ եթէ դրանց հետ կապուած՝ մեր կողմից զիջումներ լինեն, դա կը նշանակի՝ մենք մեր ինքնութեան մի մասից ենք հրաժարւում։

Ռուբէն Սաֆրաստեանը ենթադրում է, որ հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման 4-րդ փորձն էլ է ձախողուելու, քանի որ տեսել է՝ նախորդ երեքն ինչպէս են  ձախողուել։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Յասմիկ Բալէեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.