Թողնելո՞ւ ենք՝ մեր աղջիկներն ամուսնանան թուրքերի հետ, եթէ ոչ, ապա այս իշխանութեանը պէտք է հեռացնենք

 

Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի՝ Աժ-ում ունեցած յայտարարութիւնն ամբողջութեամբ.

Սիրելի հայրենակիցներ

Ձեզանից մի գուցէ շատերն էին ինձ քննադատում այն բանի համար, որ ես անընդհատ, իմ բոլոր հրապարակային և ոչ հրապարակային ելոյթներում, սկսած հէնց 2018թ-ի մայիսից, ասում էի, զգուշացնում, որ այս իշխանութիւնները երկիրը տանելու են ու տանում են պետականաքանդ ուղղութեամբ և դա անում են ոչ թե անկարողութեան կամ անփորձութեան, ապաշնորհութեան արդիւնքում, այլ հէնց լաւ մտածուած, ծրագրուած քայլերով։

Իսկ հիմա Ձեզանից շատերն արդէն քննադատում են ինձնից էլ սուր, ինձնից էլ ճիշտ։

Փաստօրէն ես ճիշտ էի ու օրուայ իշխանական ուժի ու նրա ղեկավարի պոպուլիստական խոստումները՝սուտ։

Սիրելի հայրենակիցներ, տարբեր մարզերում հանրութեան հետ բազմաթիւ հանդիպումներում արդէն որպէս հրամայական է հնչում իշխանութեան պարտուողական քաղաքականութեան  և երկիրը միակողմանի նոր զիջումների տանելու  օրակարգի դէմ, հանրութեանը պառակտելու և երկրում բռնատիրական կարգեր հաստատելու իշխանութեան քայլերի դէմ պայքարելու անհրաժեշտութիւնը:

Եւ այդ ամէնին հասնելու համար կարևորւում է Հայաստանում, Արցախում և Սփիւռքում համազգային դիմադրութեան շարժման ձևաւորումը:

Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ դիմել Ձեզ որպէս հայ կին, որպէս երեք երեխաների հայ մայր։

Ձեզնից շատերը հարազատ զաւակ, ամուսին, եղբայր, թոռ կամ բարեկամ ու լաւ ընկեր կորցրեցին 44-օրեայ պատերազմում։ Ես համոզուած եմ. ինչպէս ես եմ խոստացել հարազատիս շիրիմին, որ ամէն ինչ անելու եմ, որ երկիրս ազատեմ դաւաճաններից, իրենց մահուան պատճառ դարձած առաջին մեղաւորից, այնպէս էլ Դուք էք նրանց շիրիմներին խոստում տուել։

Յիշէք, որ նրանք զոհուեցին նաև 3 տարի առաջ կատարած ճակատագրական սխալ ընտրութեան արդիւնքում։

Այլևս մենք իրաւունք չունենք սխալուելու։

Սիրելի կանայք, մենք ունեցանք 5000-ից աւել մեր տան ճրագների կորուստ, 10000-ից աւել երիտասարդներ վիրաւոր են և դեռ երկար ժամանակ է պէտք, որ նրանց առողջութիւնը վերականգնի։ Մինչև օրս մենք դեռ ունենում ենք մարդկային կորուստներ սահմաններում, ունենք գերիներ ու անհետ կորածներ: Մեր աղջիկները կորցրեցին իրենց սիրած տղաներին, իրենց ապագայ սիրած տղաներին։ Եւ հիմա մենք թոյլ ե՞նք տալու, որ մնացած երիտասարդներն էլ բռնեն արտագաղթի ճանապարհն ու լքեն երկիրը, որ մեր աղջիկները չամուսնանան կամ ամուսնանան այլ ազգիների և, Աստուած մի արասցէ, թուրքի հետ, որովհետև եթէ այս իշխանութիւններից չազատուենք, դա է մեզ սպասում։

Իհարկէ, ոչ։ Թոյլ չենք տալու:

Սիրելի կանայք, Եթէ ուզում ենք, որ մեր զաւակները մնան մեր երկրում ու ապրեն արժանապատիւ, ապա ուրեմն այս իշխանութիւնների օր առաջ հեռացումն այլընտրանք չունի:

Եթէ ուզում ենք, որ արտագաղթած մեր որդիները հետ վերադառնան ու մենք չունենանք միայնակ ծերութիւն անցկացնելու վտանգ, ապա այս իշխանութիւնների օր առաջ հեռացումն այլընտրանք չունի:

Սիրելի կանայք, մենք կազմում ենք Հայաստանի բնակչութեան 52%-ից աւելին, բարձրագոյն կրթութիւն ունեցողների 58%-ից աւելին, մենք ունենք հզօր մտաւոր ներուժ և երկրի առաջ ծառացած մարտահրաւէրներին դիմագրաւելու հարցում այն չծառայեցնելը պարզապէս անթոյլաատրելի է:

Սիրելի կանայք, Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում և մենք կարող ենք ու պարտաւոր ենք կանգնել հայ տղամարդկանց, կրկնում եմ՝ հայ տղամարդկանց  կողքին և միասին կանգնեցնել այս աղիտալի անկումն ու նորից ոտքի հանել երկիրը։

Դէ ուրեմն. Սիրելի կանայք,

Միացէք համազգային դիմադրութեան շարժմանը:

Հայ ժողովրդին ու հայոց պետականութեանը սպառնացող արտաքին ու ներքին անմիջական վտանգները չէզոքացնելու հիմնանպատակով ձևաւորուած համազգային դիմադրութեան շարժմանը: Միանալը այլընտրանք չունի:

Leave a Comment

You must be logged in to post a comment.