Ընկերվար միջազգայնականի խորհուրդի բանաձեւը Լեռնային Ղարաբաղի հարցով

Ապահովել Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձը, իրաւունքներն ու անվտանգութիւնը, ՀՀ-ի հետ Արցախի անխոչընդոտ ցամաքային կապը, կալանաւորուածների ազատ արձակումը

Ս.թ. Փետրուարի 24-25-ը Մատրիտում անցկացուեց Ընկերվար միջազգայնականի խորհրդի նիստը, Սպանիայի ընկերվարական աշխատաւորական կուսակցութեան (ՊՍՈԵ) կեդրոնատեղիում։

Շուրջ հարիւր երկրներից քաղաքական կուսակցութիւններ համախմբող մոլորակի խոշորագոյն քաղաքական այս կազմակերպութեանը ՀՅ Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907 թ․, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կեդրոնական խորհրդի անդամ Մարիո Նալպանտեանը Ընկերվար միջազգայնականի փոխնախագահներից է, ով մասնակցել է խորհրդի եւ նախագահութեան նիստերին, եւ ընտրուել է ֆինանսական ու կազմակերպական հարցերի յանձնաժողովի անդամ։

Ընկերվար միջազգայնականի նախագահ, Սպանիայի վարչապետ Պետրօ Սանչեսը կազմակերպութեան նախագահութեան եւ խորհրդի նիստերի իր բացման ելոյթներում ակնարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։

Ընկերվար միջազգայնականի նախագահութեան եւ խորհրդի նիստերին, Մարիո Նալպանտեանը ներկայացրել է Ատրպէյճանի ցեղասպանական քայլերով Արցախի էթնիկ զտման հետեւանքով ստեղծուած իրավիճակն ու մարտահրաւէրները, ինչպէս նաեւ Ատր

Ընկերվար միջազգայնականն աջակցում է Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ բանակցութիւններին՝ ուղղուած խաղաղութեան համաձայնագրի ստորագրմանը։ Տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը նպաստելու համար նման համաձայնութիւն պետք է ձեռք բերուի առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման՝ հիմնուած միջազգային իրաւունքի եւ դիւանագիտական պրակտիկայի վրայ՝ ներառեալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգաւորմանն ուղղուած միջազգայնօրէն հովանաւորուող խաղաղ գործընթացը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների եւ անվտանգութեան լիարժէք իրացումը իր պապենական տարածքում:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ հակամարտութեան վերաբերեալ մեր երկարամեայ սկզբունքային քաղաքականութեանը, ինչպէս նաեւ հաշուի առնելով Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի Նոյեմբերի 17-ի որոշումը ժամանակաւոր միջոցներ կիրառելու վերաբերեալ, որը Ատրպէյճանին պարտաւորեցնում է «ապահովել այն անձանց վերադարձը, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թ․ Սեպտեմբերի 19-ից յետոյ եւ ցանկութիւն ունեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղ․ կարող են դա անել անվտանգ, անխոչընդոտ եւ արագ» ինչպէս նաեւ հրաժարուել «ցանկացած գործողութիւնից, որն ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն ուղղուած է հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն», մենք կոչ ենք անում՝

1. Մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգաւորումը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների լիարժէք իրացումը՝ ապահովել ժողովրդի հաւաքական, անկաշկանդ եւ անվտանգ վերադարձը հայրենիք։ Նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի համար միջազգային նորմերով երաշխաւորուած միջանկեալ կարգավիճակ ապահովել՝ երաշխաւորելով քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների ամբողջ ծաւալը, տրամադրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան արդիւնաւէտ երաշխիքներ, ինչպէս նաեւ Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապ։

2. Ազատ արձակել ռազմագերիները եւ կալանաւորուած անձինք։

3. Տարածաշրջանում տրանսպորտի եւ կապի այլ միջոցները ապաշրջափակել ամբողջական կերպով եւ համաժամանակեայ՝ առանց ինքնիշխանութեան որեւէ սահմանափակման։

Ընկերվար միջազգայնականը պատրաստ է աջակցել այդ գործընթացներին որպէս միջնորդ՝ իր միջոցով եւ իր անդամ կուսակցութիւնների ու կազմակերպութիւնների մասնակցութեամբ:

Ընկերվար միջազգայնականի խորհրդի նիստը նաեւ որոշումներ է կայացրել կազմակերպական հարցերի վերաբերեալ, որդեգրել Մատրիտեան հռչակագիրը։

Ընկերվար միջազգայնականը (Սոցիալիստ Ինտերնատիոնալ) ընկերվար-ժողովրդա-վարական, ընկերվարական եւ աշխատաւորական կուսակցություւններ համախմբող համաշխարհային կառոյց է։ ՀՅԴ համապատասխան կառոյցները լիիրաւ անդամ են Կանանց ընկերվար միջազգայնականին (ՍԻՎ) եւ Ընկերվար երիտասարդների միջազգային միութեանը (ԻՈւՍՅ)։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինէ Աբրահամեանը ԻՈւՍՅ-ի փոխնախագահ է։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակ

27․02․2024 թ․

Comments are closed.