Ընկերային Արդարութիւնը Դաշնակցութեան Համար Հիմնական Օրակարգ Է

ՀՅԴ-ի Անդամ Արթուր Խաչատրեանի Ելոյթը Թեհրանի Մէջ` ՀՅ Դաշնակցութեան 128-ամեակին Առիթով

Նախ կը ցանկանայի շնորհակալութիւն յայտնել Դաշնակցութեան օրուայ տօնակատարութեանը ինձ` որպէս բանախօսի Իրանի մայրաքաղաք Թեհրան հրաւիրելու համար:

Իրանի հայ համայնքը Մերձաւոր ու Միջին Արեւելքի հնագոյն, աւանդական եւ ամենախոշոր ու աչքի ընկնող համայնքներից է: Աշխարհասփիւռ հայ գաղթօճախների մէջ այն բացառիկ է առաջին հերթին նրանով, որ դարերի ընթացքում անխզելի ու սերտ կապերով կապուած է եղել մայր հայրենիքի, յատկապէս, նրա արեւելեան հատուածի հետ: Դարերի ընթացքում ապրելով բուն հայրենիքի սահմաններից դուրս` Իրանի հայ համայնքը հանդիսացել է արեւելահայ լեզուի, մշակոյթի եւ հարուստ աւանդոյթների պահպանման, զարգացման եւ հարստացման բացառիկ կարեւոր օճախներից մէկը:

Իրանահայ համայնքի բացառիկութիւնը կայանում է նաեւ նրանում, որ եթէ Մերձաւոր Արեւելքի մի շարք երկրների հայ համայնքները հիմնականում ձեւաւորուել կամ վերակազմաւորուել են նոր եւ նորագոյն ժամանակներում, յատկապէս` Հայոց ցեղասպանութիւնից եւ Արեւմտեան Հայաստանի հայաթափումից յետոյ, Իրանի հայ համայնքը գոյութիւն է ունեցել խորը հնութիւնից սկսած, աչքի ընկնելով որպէս կատարելապէս ձեւաւորուած ու հաստատուն մի համայնք:

Իրանահայ համայնքը ծնունդ է տուել մի շարք հայ նոր գաղութների ու գաղթօճախների: Հանրայայտ իրողութիւն է, որ 17-18 դարերում Հնդկաստանում, հարաւարեւելեան Ասիայի եւ Ծայրագոյն Արեւելքի մի շարք երկրներում ձեւաւորուած հայ համայնքները, ըստ էութեան, հանդիսացել են իրանահայ գաղթօճախների շարունակութիւնը: Ուստի անվարան կարելի է ասել, որ այն իրաւունք ունի կոչուելու սփիւռքի մայր համայնք:

Անուրանալի է պարսկահայ համայնքի մասնակցութիւնը 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրական պայքարին: Բաւական է միայն յիշել, որ`

Պարսկաստանի խորքից եկել է նամակ,
Գնում ենք բարով, կ՛ուշանանք դարով
Արիւն, սուր ու հուր, պատերազմի դաշտ, կը սպասեն մեզի…

Իրանահայ համայնքի բացառիկ կարեւոր դերը հայ ժողովրդի կեանքում չի սահմանափակւում նշուած իրողութիւններով: Չափազանց մեծ է եղել այդ համայնքի դերը Արեւելեան Հայաստանում հայահաւաքի եւ հայութեան համախմբման գործում, թէ՛ 1828-ին` Թուրքմէնչայի պայմանագրից յետոյ, թէ՛ արդէն 20-րդ դարի 40-ական թուականներին, երբ իրանահայերի մի ստուար խումբ ներգաղթեց Խորհրդային Հայաստան: Ի դէպ, իմ նախնիներն էլ են 1828-ին Խոյից գաղթել Երեւան:

Չեմ ուզում առաւել մանրամասնօրէն անդրադառնալ իրանահայ գաղութի ողջ դարաւոր պատմութեանը, նշել այն բոլոր ձեռքբերումները, որը դուք ունէք, այն բոլոր յաջողութիւնները, որ դուք արձանագրել էք հայապահպանութեան գործում, Հայ դատի հետապնդման աշխատանքներում, այն յարգանքին, որը դուք վայելում էք Իրանում: Վստահ եմ, որ ձեզ այդ յաջողութիւններն աւելի յայտնի են: Բաւ է միայն յիշել արցախեան ազատամարտի ու Հայաստանի անկախութեան վերակերտման բնագաւառում ձեր ունեցած ներդրումը, մարդկային, ֆինանսական ու բարոյական աջակցութիւնը:

Խորապէս համոզուած եմ, որ Թեհրանի եւ Իրանի հայ համայնքի, գաղութի կեանքը այլ կը լինէր, եթէ չլինէին գաղութում Հայ յեղափոխական դաշնակցութիւնը եւ Դաշնակցութեան ուղեկից կառոյցները: Կամ կը լինէ՞ր արդեօք այս գաղութը: Պատահակա՞ն է արդեօք, որ մենք կորցնում ենք այն գաղութները, որտեղ չկայ Դաշնակցութիւնն իր ուղեկից կառոյցներով: Չեմ կարծում: Հակառակը օրինաչափութիւն է: Ուժեղ են մեր այն գաղութները, որտեղ ուժեղ է Դաշնակցութիւնը, ուժեղ են ուղեկից կառոյցները:

Այսօր մենք նշում ենք Հայ յեղափոխական դաշնակցութեան 128-ամեակը` Դաշնակցութեան օրը: Դաշնակցութիւնը հայ իրականութեան անբաժան մասն է 19-րդ դարից, իսկ այսօր արդէն 21-րդ դարն է: Այսօր, այս տօնական օրը մենք պարտաւոր ենք եւս մէկ անգամ արժեւորել Դաշնակցութեան գործունէութիւնը, նրա տեղն ու դերը հայ իրականութեան մէջ, հայ ժողովրդի կեանքում:

Դաշնակցութիւնը մարմնաւորում է մեր ժողովրդի իղձերն ու նպատակները` ապրել ազատ, անկախ ու միացեալ հայրենիքում: Այս նպատակին հասնելու համար երեք դարերի ընթացքում տասնեակ հազարաւոր դաշնակցականներ պայքարում են սրով, գրչով եւ բահով:

Դաշնակցութիւնն էր, որ կազմակերպեց ու ղեկավարեց հայոց զինեալ պայքարը եւ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբում: Դաշնակցութիւնն էր, որ դարերի ընդմիջումից յետոյ վերականգնեց հայոց պետականութիւնը: Անկախ պետականութեան կորստից յետոյ կազմակերպեց սփիւռքը, նուիրուեց հայապահպանութեան գործին, արթուն պահեց անկախութիւնը վերականգնելու յոյսը: Դաշնակցութիւնն էր, որ արցախեան ազատամարտի առաջին օրերից կանգնեց ռազմաճակատի առաջնագծում: Այն ժամանակ, երբ խորհրդային վերակառուցումով խանդավառ ժողովուրդը «Լենին, փարթիա, Կորպաչով» էր վանկարկում, Դաշնակցութիւնն Արցախում զինեալ ջոկատներ էր ստեղծում, կամաւորներ էր զինուորագրում: Ցաւօք, նրանցից շատերը չվերադարձան տուն…

Խօսելով անկախ պետութեան վերակերտման մասին` չեմ կարող չանդրադառնալ որոշ «քննադատների» այն մեղադրանքին, թէ Դաշնակցութիւնն է մեղաւոր, որ հայ ժողովուրդը կորցրել է Վանը, Արտահանը, Կարսն ու Էրզրումը, 160.000 տարածքից 30.000 քառակուսի քիլոմեթր են թողել, այն էլ` միայն շնորհիւ նրա, որ պոլշեւիկները մեզ եկան ու փրկեցին: Երբ լսում եմ այս վայ քննադատներին, յիշում եմ Այնշթայնի յայտնի խօսքերը. «Աշխարհում անսահման են միայն տիեզերքն ու մարդկային ապուշութիւնը, ընդ որում, առաջինի մասով դեռ կասկածներ ունեմ»: Նրանք մոռանում են, որ մինչեւ 1918 թուականի մայիս, դարեր շարունակ հայոց գահը կորցնելուց յետոյ, Հայաստանը եղել է զուտ աշխարհագրական տեղանուն, եւ Դաշնակցութիւնն էր, որ Հայաստանը դարձեալ դարձրեց քաղաքական անուն: Մի պահ պատկերացնենք մղձաւանջային իրավիճակ, երբ Հայաստանի այն ժամանակուայ թշնամիները դարձեալ միաւորուեն Հայաստանի դէմ, տեսնեմ` այդ հերոսները Հայաստանից ի՞նչ կը կարողանան փրկել:

Հայաստանի անկախութեան վերականգնումից յետոյ էլ Դաշնակցութիւնը միշտ սատարել է մեր պետականութեան կայացմանը, նոյնիսկ այն ժամանակ, երբ օրուայ իշխանութիւնների կողմից քաղաքական հալածանքների էր ենթարկւում: Յիշենք 1992-ին ընկ. Հրայր Մարուխեանի արտաքսումը Հայաստանից, 1994-ի դեկտեմբերին ՀՅԴ գործունէութեան կասեցումը Հայաստանում ու մեր բազմաթիւ ընկերների կալանաւորումը` կեղծ մեղադրանքով, 1995-ին նոր բանտարկութիւններ ու ընտրութիւններին մեր մասնակցութեան արգելքը:

Այո՛, մենք մաս ենք կազմել Հայաստանի կառավարութիւններին, համագործակցել ենք այդ օրուայ իշխանութիւնների հետ: Սակայն, մաս կազմելով կառավարութեանը, մենք ունեցել ենք մեր ուրոյն ոճն ու ձեռագիրը` երբեք չնոյնանալով իշխող կուսակցութեան հետ, փորձելով ներսից շտկել կառավարութեան քաղաքականութիւնը` առաջնորդուելով «փոքր արդիւնքն արդիւնքի բացակայութիւնից աւելի լաւ է» սկզբունքով: Երբեմն դա մեզ յաջողուել է` դրական արդիւնք արձանագրելով, երբեմն` ոչ կամ ոչ այն աստիճանի, որ կը ցանկանայինք:

Սակայն իշխանութիւնը մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել: 2009-ին մենք, համաձայն չլինելով Սերժ Սարգսեանի, այսպէս կոչուած, «նախաձեռնողական արտաքին քաղաքականութեան» հետ (որը նաեւ ստացաւ «ֆութպոլային դիւանագիտութիւն» անունը), ՀՅԴ-ն դուրս եկաւ իշխող քոալիսիոնից եւ դարձաւ կառավարութեան անխնայ քննադատը: 7 տարի լինելով ընդիմադիր` մենք 2016-ի գարնանը, ընդունելով այն ժամանակուայ նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրքը, մաս կազմեցինք նոր կառավարութեանը: Ի հարկէ, կը հարցնէք` ինչո՞ւ Դաշնակցութիւնը միացաւ այդքան ցածր ժողովրդականութիւն ունեցող կառավարութեանը: Պատճառը պարզ էր: Երկրում ընկերային-տնտեսական իրավիճակը խիստ ծանր էր, Հանրապետականները գիտակցում էին, որ անհրաժեշտ է Դաշնակցութեան հետ համագործակցել` իրավիճակը շտկելու ուղղութեամբ: Մենք չէինք կարող խուսափել մեր բաժին պատասխանատուութիւնից, մանաւանդ` հաշուի առնելով, որ նրանք նաեւ գիտակցել էին, որ թուրքերի հետ սիրախաղերը որեւէ արդիւնքի չեն հասցնի, եւ Հայաստանն իր ստորագրութիւնը ետ էր կանչել ժընեւեան չարաբաստիկ արձանագրութիւններից:

Միանալով կառավարութեանը` մենք շարունակել ենք ներսից պայքարել իրական բարեփոխումների անցկացման համար` մշտապէս երկրի ղեկավարութեանը մատնացոյց անելով երկրում առկայ դժուարութիւնները, ժողովրդական դժգոհութեան աճող մակարդակը, փտածութեան երեւոյթների անթոյլատրելիութիւնը, քրէական եւ պիզնես շրջանակաների (այսպէս կոչուած` օլիկարխների) քաղաքական դաշտ մուտք գործելու անթոյլատրելիութիւնը: Առանձնապէս շեշտադրել էինք փտածութեան դէմ պայքարի անհրաժեշտութիւնն ու 2017 թուականին ազատ, արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու հրամայականը: Ցաւօք սրտի, մեր նախազգուշացումները տեղ չհասան: Ընկերային բեւեռացումը, տնտեսութեան ու քաղաքականութեան մէջ կլանային համակարգի ձեւաւորումը, փտածութեան եւ բացայայտ աճուրդի վերածուած ու ժողովրդի տրամադրութիւնները չարտայայտող խորհրդարանական ընտրութիւնները Հայաստանում ժողովրդական ընդվզումը դարձրեցին անխուսափելի:

Զարգացումների հետագայ ընթացքին դուք անշուշտ տեղեակ էք:

Մենք յայտարարեցինք, որ աջակցում ենք ժողովրդական շարժմանը եւ պատրաստ ենք մեր բոլոր ջանքերը ներդնել երկրում սկսած գործընթացները յաջողութեամբ պսակելու համար: Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինեանն ընտրուեց Հայաստանի Հանրապետութեան վարչապետ եւ հրաւիրեց Դաշնակցութեանը մաս կազմելու ազգային համաձայնութեան կառավարութեանը: Կառավարութիւնում ՀՅԴ ստանձնեց նախարարական երկու աթոռ` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութիւնը (աւելի յաճախ այս նախարարութիւնը կոչւում է իր հին անունով` տնտեսութեան նախարարութիւն) եւ գիւղատնտեսութեան նախարարութիւնը: Վերջինիս պատասխանատուութիւնը ստանձնեցի ես: Դաշնակցութիւնը ստանձնեց նաեւ երկու մարզերի` Արագածոտնի եւ Գեղարքունիքի պատասխանատուութիւնը:

Գիւղատնտեսութեան ոլորտում վերանայուեցին պիւտճէական ֆինանսաւորմամբ իրականացուող բոլոր ծրագրերը: Որդեգրուեցին մի քանի յստակ մօտեցումներ, որոնք բխում էին Դաշնակցութեան արժէքային համակարգից:

Գիւղն ու գիւղատնտեսութիւնը հնարաւոր չէ տարանջատել իրարից, չկայ զարգացած գիւղատնտեսութիւն` առանց զարգացած գիւղի, մանաւանդ` հաշուի առնելով, որ գիւղաբնակների եկամտի եթէ ոչ միակ, ապա հիմնական աղբիւրը գիւղատնտեսութիւնն է:

Հայաստանի գիւղատնտեսական արտադրանքի առաւել քան 90 տոկոսը գալիս է փոքր գիւղացիական տնտեսութիւններից: Հետեւաբար հէնց այս փոքր տնտեսութիւնները պէտք է դառնան պետական աջակցութեան շահառուները, այլ ոչ թէ` խոշոր հողատէրերը, ում հարստութիւնն աւելի մեծ է, քան` երկրի ողջ գիւղատնտեսական պիւտճէն.

Գիւղատնտեսութիւնը դարձնել բարեկեցիկ ու արժանապատիւ կեանքի, այլ ոչ թէ` գոյատեւման միջոց: Աջակցել փոքր տնտեսութիւններին ընդլայնել իրենց հնարաւորութիւնները, դուրս գալ եկամտաբերութեան աւելի բարձր մակարդակի:

Էապէս կրճատել չմշակուող եւ ոչ ըստ նպատակի օգտագործուող գիւղատնտեսական հողատեսքերի մակերեսը: Անթոյլատրելի է, որ Հայաստանի նման սակաւահող երկրում չմշակուեն վարելահողերի առաւել քան 40 տոկոսը եւ չօգտագործուեն արօտավայրերի մօտ 60 տոկոսը:

Պետական վարկեր տրամադրել անմիջապէս գիւղացիներին, այլ ոչ թէ` տարատեսակ միջնորդներին, օրինակ` պարարտանիւթ կամ վառելիք ներկրողներին:

Նպաստել հողի արդիւնաւէտ շուկայի ձեւաւորմանը եւ հողերի խոշորացմանը:

Պետական դրամաշնորհների տեսքով խրախուսել բարձրարժէք գիւղատնտեսութեան զարգացումը:

Դաշնակցական նախարարներն ու մարզպետներն իրենց խղճի պարտադրանքով որեւէ ջանք չէին խնայում իրենց ոլորտների կամ մարզերի զարգացման համար: Օգոստոսի վերջին շաբաթից մինչեւ սեպտեմբերի վերջին շաբաթը ես 29 օր, առանց հանգստի եղել եմ աշխատավայրում, 2 անգամ այցելել եմ Արցախ (պաշտօնավարմանս 4,5 ամիսների ընթացքում Արցախ այցելել եմ 3 անգամ, աւելի շատ` քան որեւէ այլ նախարար այդ ժամանակահատուածում), 2 անգամ Տաւուշի եւ Արմավիրի մարզեր, մէկական անգամ Գեղարքունիքի, Արարատի ու Վայոց Ձորի մարզեր:

Ինչեւէ, Հայաստանում քաղաքական մթնոլորտը գնալով շիկանում էր: Քաղաքական խորհրդակցութիւնները քաղաքական ուժերի միջեւ կանգ առան, հաղորդակցութեան խողովակները խցանուեցին, առաջացան ջրբաժաններ: Յատկանշական է, որ օգոստոսի 17-ի հանրահաւաքին, երբ կառավարութիւնը ներկայացնում էր իր 100 օրուայ հաշուետուութիւնը, չէին հրաւիրուել ո՛չ դաշնակցական, ո՛չ ԲՀԿ-ական, ո՛չ Լուսաւոր Հայաստան կամ Հանրապետութիւն կուսակցութեան ներկայացուցիչները: Չէին հրաւիրուել նոյնիսկ անկուսակցական նախարարները, ովքեր կառավարութիւնում ընդգրկուել էին Քաղաքացիական պայմանագիր կուսակցութեան մասնաբաժինով:

Երեւանի աւագանու ընտրութիւնները ցոյց տուեցին, որ ազգային համաձայնութեան կառավարութիւնն այլեւս երկար չի դիմանայ: Իշխող քաղաքական ուժը` առանց կառավարութեան գործընկերների հետ քննարկումների, առանց համապատասխան ընտրական միջավայրի ձեւաւորմանը, պարտադրեց ընտրութիւններն անցկացնել այս տարուայ դեկտեմբերին: Ազգային համաձայնութեան կառավարութիւնը ցրուեց, ՀՅԴ-ն ետ կանչեց իր նախարարներին:

Այո՛, մենք ողջունել ենք յեղափոխութիւնը, աջակցել ենք յեղափոխութեան առաջնորդներին այն ժամանակ, երբ նրանք ձերբակալուած են եղել, աշխատել ենք կառավարութիւնում` փորձելով արդիւնաւէտ բանավէճի միջոցով գտնել երկրի զարգացման ամենաարդիւնաւէտ ճանապարհը: Բայց մի բան է` աջակցել յեղափոխութեանը, այլ բան է անվերապահօրէն աջակցել յետյեղափոխական զարգացումներին: Մենք ունենք երկրի զարգացման մեր տեսլականը եւ պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնութեան, անկախ նրանից, թէ ո՛վ է հեղինակը, եթէ այդ նախաձեռնութիւնը համահունչ է մեր տեսլականին, եւ պայքարելու ենք այն նախաձեռնութիւնների դէմ, որոնք հակասում են մեր սկզբունքներին ու երկրի հետագայ զարգացման մեր պատկերացումներին:

Այսօր, նշելով Դաշնակցութեան 128-ամեակը, անհրաժեշտ է յստակեցնել մեր մօտեցումները Հայաստանի ապագայի մեր տեսլականի վերաբերեալ:

Այո՛, դեկտեմբերեան խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների արդիւնքում մենք առաջիկայ մի քանի տարիների ընթացքում խորհրդարանում ներկայացուած չենք լինելու: Կը լինենք արտախորհրդարանական ընդդիմութիւն: Բայց ոչ թէ` ընդդիմութիւն, ում նպատակն է ամէն կերպ պախարակել կառավարութեանը եւ տանել նրան ի ձախողումն, այլ` կառուցողական ընդդիմութիւն, ով կը քննադատի սխալ քայլերը եւ կ՛ողջունի դրական ընթացքը:

Երկրի շահերից է բխում, որ ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորուած միաբեւեռ խորհրդարանին` որպէս հակակշիռ գործի ուժեղ եւ սկզբունքային արտախորհրդարանական ընդդիմութիւն: Պէտք է յստակ գիտակցենք` ընդդիմադիրը նա չէ, ով ամենաբարձրն է գոռում, կամ ամենաթունդն է հայհոյում իշխանութիւններին: Ընդդիմութիւնն իշխանութիւններից սկզբունքային տարբերութիւններ պէտք է ունենայ: Իսկ որո՞նք են մեր սկզբունքային տարբերութիւններն այսօրուայ իշխանութիւններից:

Մենք հանդէս ենք գալու որպէս ազգային եւ ընկերվարական ուժ` հակադրուելով թէ՛ յեղափոխութիւնից յետոյ գլուխ բարձրացրած տարատեսակ աշխարհաքաղաքացի եւ մեր ազգային արժեհամակարգը վտանգող ուժերին, թէ Հայաստանի տնտեսկան աճը խոչընդոտող ազատական տնտեսական համակարգի ջատագովներին:

Մեր տնտեսական քաղաքականութիւնը հիմնուած է մեր ընկերվարական արժեհամակարգի վրայ, ազատութեան, արդարութեան եւ համերաշխութեան սկզբունքների վրայ:

Ազատութիւնը բացառում է որոշումների կայացումը պարտադրանքի կամ սպառնալիքի տակ` կանխելով անհատի նկատմամբ պետութեան ու հասարակութեան կողմից կամայական ոտնձգութիւնները եւ սահմանափակումները: Մենք երբեք չենք ուզել ազատ կամքի բռնութիւն եւ երբեք չենք հանդուրժելու, որ մեր հայրենիքում ազատ մարդու նկատմամբ բռնութիւններ կիրառուեն լինեն արտօնեալներ, որոնք վեր են օրէնքից: Միեւնոյն ժամանակ մենք գիտակցում ենք, որ իրական ազատութեան կարելի է հասնել, երբ ապահովուած են տնտեսական եւ ընկերային նախադրեալները, մարդն ունի ընկերային երաշխիքներ, որոնք ապահովում են նրա ազատ կամարտայայտութիւնը եւ ազատօրէն որոշումներ կայացնելու հնարաւորութիւնը:

Արդարութիւնը ենթադրում է կատարած աշխատանքի դիմաց համարժէք վարձատրութիւն, ինչպէս նաեւ ընկերային ապահովութեան հաւասար երաշխիքներ` անկախ ընտանեկան դրութիւնից, սեռից, տարիքից, ընկերային ծագումից, ունեցուածքից եւ այլ տարբերակիչ յատկանիշից: Մենք թերեւս միակ լուրջ քաղաքական ուժն ենք Հայաստանում, որ խօսում ենք ոչ միայն տնտեսական արժէքի ստեղծումից, այլեւ այդ արժէքի արդար բաշխումից:

Համերաշխութիւնը մարդկանց` միմեանց նկատմամբ պատասխանատուութիւն կրելու եւ փոխադարձաբար օգնելու պատրաստակամութիւնն է: Հարկերի միջոցով ֆինանսաւորուող ընկերային ապահովութեան քաղաքականութիւնը հասարակութեան համերաշխութեան դրսեւորումներից մէկն է, երբ հասարակութեան մի հատուածի միջոցներով պետութիւնը հոգ է տանում մէկ այլ հատուածի համար, օրինակ` թոշակառուների, գործազուրկների կամ սահմանափակ կարողութիւններով մարդկանց: Սակայն համերաշութիւնը չի կարելի սահմանափակել միայն պետութեան վերաբաշխիչ գործառոյթով: Համերաշխութիւնը հասարակութեան շաղախն է: Այն իրար է կապում ուժեղին եւ թոյլին, հարուստին եւ աղքատին, երիտասարդին եւ ծերունուն: Որեւէ ազգ կամ պետութիւն չի կարող դիմագրաւել արտաքին մարտահրաւէրներին, եթէ այն ներսից համերաշխ չէ:

ՀՅԴ տնտեսական հայեցակարգը, որը բխում է մեր արժեհամակարգից, հիմնուած է հետեւեալ երեք սկզբունքների վրայ.

Առաջանցիկեւ ներառական տնտեսական աճ,
Սոցիալական արդարութիւն,
Կայուն զարգացում:

Ընդ որում, այս երեք սկզբունքները մեզ համար հաւասար են: Տնտեսական աճը երբեք չի կարող առաւել առաջնային լինել, քան` կայուն զարգացումը (օրինակ` երբ տնտեսական աճն ապահովուում է բնութեան աղտոտման կամ բնական պաշարների անխնայ շահագործման հաշուին) կամ ընկերային արդարութիւնը: Ներառական տնտեսական աճ եւ դրանով էլ` համընդհանուր բարեկեցութեանը կողմնորոշուած եւ կայուն առաջընթաց ձեւաւորւում է միայն այն դէպքում, երբ այդ սկզբունքներն հաւասարապէս են հաշուի առնւում: Տնտեսական քաղաքականութիւնը պէտք է երաշխաւորի բարեկեցութեան նուազագոյն չափ, որպէսզի իւրաքանչիւր ոք կարողանայ իրականացնել իր հիմնարար իրաւունքները: Ազատ, արդար եւ համերաշխ հասարակութիւնը ենթադրում է անհատական եւ հասարակական բարեկեցութիւն: Բարեկեցութիւն հիմքն ու անհրաժեշտ պայմանը տնտեսական աճն է, քանի որ միայն բարձր արտադրողականութեամբ եւ տնտեսական արժէքի ստեղծմամբ է հնարաւոր ապահովել անհատական եւ հասարակական բարեկեցութիւնը:

Տնտեսական աճի մասին բոլորն են խօսում: Սակայն, ի տարբերութիւն Դաշնակցութեան, մնացած քաղաքական ուժերը յամառօրէն շարունակում են վստահել «շուկայի անտեսանելի ձեռքին»` կառավարութեան դերը սահմանափակելով միայն «բարենպաստ պայմաններ» ստեղծելու առաքելութեամբ: Մենք գտնում ենք, որ պետութիւնն էական դեր պէտք է խաղայ տնտեսութեան զարգացման հարցում: Մեքանիզմները բազմազան են` պետութիւն – սեփական հատուած գործընկերութիւնից մինչեւ պետական մասնակցութեամբ համակարգաստեղծ ձեռնարկութիւնների ստեղծում եւ առաւել ծանրավիճակում գտնուող մարզերում աշխատատար ոլորտների խթանում: Պետութիւնը պէտք է աջակցի փոքր եւ միջին ձեռնարկութիւններին, տեղական արտադրողին, խթանի արտահանումն ու ներմուծման փոխարինումը: Հիմա շատ է խօսւում, որ Հայաստանում այլեւս օլիկարխներ չկան, նրանք պայծառափոխուեցին խոշոր սեփականատէրերի: Բայց դրանից միեւնոյնն է` տնտեսութեան օլիկարխիկ կառուցուածքը չփոխուեց. իւրաքանչիւր քիչ թէ շատ եկամտաբեր ոլորտում գերիշխում է մէկ կամ մի քանի խոշոր ընկերութիւն: Այդ խոշոր սեփականատէրերը պիզնեսներ ունեն Հայաստանից դուրս, նրանց շահոյթը վերածւում է վիլլայի Միջերկրական կամ Քարայիպեան ծովափին, զբօսանաւի կամ եւս մէկ թանկարժէք մեքենայի: Մինչդեռ փոքր ձեռնարկութիւնների շահոյթը մնում է Հայաստանում, դառնում է երեխայի համար մի զոյգ նոր կօշիկ:

Տնտեսական աճը բարեկեցութեան անհրաժեշտ, բայց ոչ բաւարար պայման է: Որպէսզի ապահովուի անհատի եւ հասարակութեան բարեկեցութիւնը, անհրաժեշտ է, որ տնտեսական աճի արդիւնքից օգտուի ողջ հասարակութիւնը, աճն իր վրայ զգայ ամէն անհատ, ամէն ընտանիք: Համախառն ներքին արդիւնքի մեքենական աճը չի կարող եւ երբեք չի բերել համընդհանուր բարեկեցութեան աճին, եթէ արդիւնքն արդարացիօրէն չի բաշխուել հասարակութեան անդամների միջեւ: Զարմանալի չէ, որ բնակչութեան էական մասը խիստ թերահաւատօրէն վերաբերւում Հնա-ի աճի վերաբերեալ պաշտօնական վիճակագրութեանը: Նոյնիսկ եթէ այդ աճը կայ, այդ աճի բարիքներից բնակչութեան զգալի մասը չի օգտւում, քանի որ աճի արդիւնքները բաշխւում են ընկերային արդարութեան սկզբունքին հակառակ: Աճ ապահովողների զգալի մասը չի օգտւում տնտեսական աճի բարիքներից, չի զգում տնտեսական աճի հետեւանքները: Աւելի՛ն. մեծանում է հարուստների եւ աղքատների միջեւ գոյութիւն ունեցող անդունդը: Ընկերային արդարութիւնը Դաշնակցութեան համար հիմնական օրակարգ է: Դաշնակցութիւնը ձգտում է ընկերային երաշխիքով հասարակութեան, որտեղ իւրաքանչիւրին տրուած է նիւթապէս ապահովուած արժանապատիւ կեանքի երաշխիք` անկախ շուկայի վայր ի վերումներից, որպէսզի մարդն ազատօրէն կարողանայ մասնակցի երկրի հասարակական եւ քաղաքական կեանքին:

Կայուն զարգացումը Դաշնակցութեան տնտեսական քաղաքականութեան երրորդ առանցքային սկզբունքն է: Պետութեան քաղաքականութիւնը պէտք է ուղղուած լինի բնական պաշարների գերշահագործումը, հիւծումը բացառելուն, շրջակայ միջավայրի, այդ թւում` մարդու կեանքի եւ առողջութեան վրայ բացասական ազդեցութիւնը նուազեցնելուն, բնական պաշարների համալիր կառավարմանը եւ դրանցից ստացուող եկամուտների արդար բաշխմանը հասարակութեան բոլոր անդամների միջեւ: Բնական պաշարները հողը, ընդերքը, ջուրը, կենդանական ու բուսական աշխարհը, անտառն ու կենսոլորտը, համաժողովրդական սեփականութիւն են: Այս բնական դրամագլուխը ոչ միայն ներկայ, այլեւ ապագայ սերունդների բարեկեցութեան համար է: Մինչդեռ դրանց անխնայ ու չհամակարգուած շահագործումը, դրանցից ստացուած եկամուտները ոչ միայն բաւարար չափով չեն նպաստում քաղաքացիների բարեկեցութեան աճին, այլեւ խնդիրներ է յարուցում ներկայի եւ ապագայի առումով:

Սակայն կայունութիւնը զուտ բնապահպանական գործօն չէ: Կայուն տնտեսական զարգացումը պահանջում է, որ այսօրուայ քաղաքականութիւնը պէտք է միտուած լինի նաեւ վաղուայ բարեկեցութեան ապահովմանը: Այս նպատակով ընկերային պետութիւնն էական ներդրում է կատարում կրթութեան, առողջապահութեան, հիմնարար հետազօտութիւնների ու ենթակառուցուածքների զարգացման ուղղութեամբ:

Դաշնակցութիւնն ընկերվարական կուսակցութիւն լինելուց առաւել նաեւ ազգային կուսակցութիւն է: Ես չեմ ուզում հիմա խօսել մեր աւանդական արժէքների մասին` ընտանիք, դպրոց, եկեղեցի… Ժամանակն է սուղ: Սակայն կը ցանկանայի մի քանի խօսքով անդրադառնալ հայոց պահանջատիրութեան եւ Արցախի հարցերին:

Այո՛, մենք պայքարում ենք միացեալ Հայաստան կերտելու համար: Հայաստանի քաղաքական ուժերից մենք թերեւս միակն ենք, որ վառ ենք պահում կորցրած հայրենիքը ետ բերելու տեսլականը: Մի՞թէ միւսներն այսքան շուտ հիասթափուեցին: Մեզ կոչում են անյոյս վիպապաշտներ, որոնք քաղցր նիրհի մէջ են ապրում ու կեղծ յոյսեր են փայփայում: Իսկ ես ընդամէնը մէկ հարց տամ մեզ բոլորիս ու մեր քննադատներին. «Քանի՞սն էին 1985-ին պատկերացնում, որ 5 տարուց հզօր ու անսասան թուացող Խորհրդային Միութիւնն էլ փաստացի գոյութիւն չի ունենայ»: Մեզանից ո՞վ կարող է ասել, թէ աշխարհն ու մեր տարածաշրջանն ինչ տեսք կ՛ունենայ 5 տարի յետոյ: Մենք պարտաւոր ենք միշտ պատրաստ լինել ու միշտ օրակարգում պահել հայոց պահանջատիրութիւնը:

Հայաստանի արցախեան հատուածի հարցում մեր դիրքորոշումը ոմանք համարում են կոշտ կամ նոյնիսկ մարտաշունչ եւ պատերազմ հրահրող: Ո՛չ, մենք պատերազմ չենք ուզում: Մենք անցել ենք պատերազմի սարսափների միջով: Տեսել ենք մահ եւ աւերածութիւններ: Մենք խաղաղութիւն ենք ուզում: Բայց, ի տարբերութիւն որոշ չակերտաւոր գործնապաշտ քաղաքական գործիչների, մենք հասկանում ենք, որ միայն պատրաստ լինելով պատերազմին մենք կը կանխենք պատերազմի վտանգը, թշնամուն խաղաղութիւն կը պարտադրենք: Նրանք, որոնք այսօր խօսում են Արցախի հարցում զիջումների մասին, երբեք չեն եղել Արցախում, իրենց մաշկի վրայ չեն զգացել արցախեան ազատամարտի ցաւը, չեն զգացել արցախեան յաղթանակների բերկրանքը: Նրանք ընդամէնը նայում են վարչական քարտէսին ու ասում` ոչինչ, 5 քիլոմեթր այս կողմ, 5 քիլիոմեթր այն կողմ` որեւէ բան չի փոխուի: Չեն հասկանում, որ այդ 5 քիլոմեթրի ամէն մի միլիմեթրի համար արիւն է թափուել, եւ այդ սահմանը գծուել է, որովհետեւ այդ սահմանն է ապահովում մեր ժողովրդի անվտանգութիւնը: Չի կարելի այդքան հանգիստ վերաբերուել այդ զիջումներին: Եթէ մի քայլ յետ արեցիր, յետոյ էլի մի քայլ յետ կանէս, յետոյ` եւս մէկը: Մի բլուր, որ զիջեցիր, այդ բլուրի վրայ ազրպէյճանական հրանօթները կը կանգնեն, ու թէ՛ Ստեփանակերտը, թէ՛ Հադրութը, թէ՛ Մարտունին եւ թէ՛ Մարտակերտը դարձեալ հարուածի տակ կը յայտնուեն: Նաեւ աւելորդութիւն չի լինի այդ գործնապաշտ քաղաքական գործիչներին յիշեցնել, որ մեր հակառակորդներն արդէն սկսել են ազրպէյճանական Երեւանի մասին խօսել: Այսօր, երբ իշխանութիւնների թիկունքն ամուր է, մենք պէտք է առաւել միակամ ամրապնդենք մեր դիրքորոշումը արցախեան հարցի շուրջ եւ հէնց արմատից կանխենք զիջումների մասին ցանկացած ակնարկ:

Երկիրը կանգնած է նոր փուլի առաջ: Անցեալին արդէն վերադարձ չկայ: Այժմ պէտք է անցնել երկրի կառուցման բարդ ու պատասխանատու գործին: Լինելով արտախորհրդարանական ընդիմադիր ուժ, Դաշնակցութիւնն, իր համահայկական կառոյցով, ունի բաւականաչափ կամք, միտք եւ ուժ` ստանձնելու երկրի նկատմամբ պատասխանատուութեան իր բաժինը: Որեւէ բանական մարդ չի կարող ցանկանալ իր կառավարութեան ձախողումը, քանզի կառավարութեան ձախողումը երկրի ձախողումն է: Ըստ այդմ, մենք կը քննադատենք ու կը պայքարենք կառավարութեան ցանկացած քայլի դէմ, որը կը վտանգի երկրի անվտանգութիւնը, տնտեսական աճն ու կը խաթարի ընկերային արդարութիւնը: Բայց միեւնոյն ժամանակ մենք կ՛աջակցենք ցանկացած նախաձեռնութեան, որը կը բերի Հայաստանի զարգացմանն ու հզօրացմանը»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.