Երուանդ Փամպուքեան, ՀՅ Դաշնակցութեան Ծածկանուններու Բառարան․ «Վէմ» Մատենաշար

ԱՐԱՐԱՏ Մ. ՅԱԿՈԲԵԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր

Մուտք

Վաստակաշատ պատմաբան Երուանդ Փամպուքեանն իր տասնամեակների գիտահետազօտական աշխատանքների ընթացքում տարբեր սկզբնաղբիւրներից` արխիւային փաստաթղթերից, նամակագրութիւնից, յուշագրութիւններից, մամուլից, բարեխղճօրէն հաւաքել եւ  ընթերցողի դատին է յանձնել ինքնատիպ մի աշխատութիւն, որը ՀՅ Դաշնակցութեան գործիչների, կառոյցների ու նրանց գործունէութեան վայրերի ծածկանունների (pseudonyms) համահաւաք ներկայացման առաջին փորձն է:

Յայտնի է, որ գոյութիւն ունեն բառարանների բազում տեսակներ, բայց դրանցից թերեւս ամենահետաքրքիրն ու խորհրդաւորը կարելի է համարել ծածկանունների բառարանը: Քանզի ծածկանունների գործածութեան հիմքն ու շարժառիթը եղել է որոշակի անձի իսկական անուն-ազգանունը կամ կուսակցական կառոյցի ու նրա գործունէութեան վայրի անուանումը «աչքից» հնարաւորինս հեռու պահելու, հրապարակ չհանելու, չբացայայտելու զուտ գաղտնապահական նպատակը: Հակառակ պարագայում, դրան կը հետեւէին` հետապնդումներ, ձերբակալութիւններ, քաղաքական դատավարութիւններ, բանտ, աքսոր եւ այլն:

Ծածկանուան կիրառումը համաշխարհային երեւոյթ է, որի նպատակն է այս կամ այն երկրի քաղաքական գործիչներին ու կառոյցներին, մշակոյթի դէմքերին ներկայացնել տուեալ պետական իշխանութեան տուած ազատութեան սահմաններում: Ծածկանունների գործածութեան սկիզբ են համարւում 19-րդ դարի կէսերը, ինչը հաւանաբար կապուած էր եւրոպական յեղափոխութիւնների ու ժողովրդավարական արժեհամակարգի արմատաւորման հետ: Ուստի ծածկանունները սովորաբար աւելի յաճախ գործածուել ու շրջանառուել են այն պետութիւններում, որոնցում ուժեղ են եղել քաղաքական հետապնդումները, հալածանքները եւ այլն: Մեր տարածաշրջանում այդպիսի բռնավարչակարգերից էին օսմանեան Թուրքիան եւ  ցարական Ռուսաստանը, մասամբ նաեւ` շահական Իրանը, որոնցում էլ տասնամեակներ շարունակ գործել է ՀՅ Դաշնակցութիւնը:

1.- Բառարանի բնոյթը եւ առանձնայատկութիւնները

Ընթերցողի դատին յանձնուած ծածկագրերի այս համահաւաք բառարանում առաջին անգամ ամբողջական ձեւով ի մի են բերուած ՀՅ Դաշնակցության գործիչների, կուսակցութեան տարածքային կառոյցների եւ նրանց գործունէութեան վայրերի ծածկանունները նրա հիմնադրման պահից մինչեւ սփիւռքեան կեցութեան նախնական շրջանը` 1930-ական թուականները: Քանի որ ՀՅ Դաշնակցութիւնը եղել է յեղափոխական կուսակցութիւն եւ պայքարել հայ ժողովրդի ու երկատուած հայրենիքի ազատագրութեան համար, նրա գործիչներն ու կառոյցներն անհրաժեշտաբար դիմել են ընդյատակեայ գործունէութեանը բնորոշ գաղտնագիր (ծածկագիր) կապի ձեւերին ու եղանակներին:

Մէկ աշխատութեան մէջ կուսակցական գործիչների անունների ու տեղանունների եւ տարբեր մարմինների ծածկագրերի ամփոփումը հսկայածաւալ եւ խիստ աշխատատար գործ է: Նման աշխատանք իրականացնելու, անգամ նման թեման բարձրացնելու, համակարգելու եւ հրապարակ բերելու համար սովորաբար պահանջւում է ոչ թէ մէկ անձի, այլ ուսումնասիրողների մի ստուար խմբի տարիների հետեւողական աշխատանք: Ե. Փամպուքեանը դա կատարել է միայնակ, ինչը խիստ գնահատելի է:

Ընթերցողի մօտ կարող է հարց ծագել, թէ ինչո՞ւ էր անհրաժեշտ յատկապէս ՀՅԴ կուսակցութեանը վերաբերող ծածկանունների առանձին բառարան հրապարակել: Դժուար չէ հասկանալ, որ դա պայմանաւորուած է մի քանի հանգամանքներով: Ամէնից առաջ ՀՅԴ-ն 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ իրականութեան ամենազանգուածային, տարածականօրէն ամենաընդգրկուն եւ ամենաազդեցիկ կուսակցութիւնն էր: Իսկ որքան խոշոր ու ծաւալուն է տուեալ քաղաքական ուժը, այնքան մեծաթիւ պիտի լինեն նրա գործածած ծածկանունները: ՀՅԴ-ն իր ծածկագրերի թուաքանակով կարող է մրցակցել նոյնիսկ այդ ժամանակի Համառուսաստանեան սոցիալ-դեմոկրատական (պոլշեւիկեան) կուսակցութեան հետ: Բաւական է արձանագրել այն փաստը, որ 1907 թ. օգոստոսին Շթութկարթի համաժողովում ռուսական էսէռների կուսակցութեան երաշխաւորութեամբ Սոցինտերնին անդամագրուած ՀՅ Դաշնակցութիւնն ունեցել է 165 հազար անդամ(1): 1917 թ. Փետրուարեան յեղափոխութիւնից յետոյ ՀՅ Դաշնակցութեան հակառակորդ «Մշակ» թերթը, արտատպութիւն կատարելով Թիֆլիսի «Կաւկազ» թերթից, խոստովանում էր, որ` «Դաշնակցութիւնն, անկասկած, ամենաազդեցիկ հայ կուսակցութիւնն է»(2): Ուստի այսօր էլ ՀՅԴ պատմութեանը քիչ թէ շատ ծանօթ իւրաքանչիւր ոք գիտի բազմաթիւ դաշնակցական գործիչների ու ազատամարտիկների անուններ, որոնք իրականում եղել են նրանց ծածկանունները, սակայն այնքան յաճախակի են գործածուել, որ փաստօրէն ընկալւում են որպէս նրանց իսկական անունը կամ ազգանունը: Օրինակներ, որքան ուզէք` Առաջին հանրապետութեան հիմնադիր Արամը (Սարգիս (Սերգէյ) Յովհաննիսեան), ՀՅԴ հիմնադիրներից Ռոստոմը (Ստեփան Զօրեան) եւ այլն:

2.- Դիտարկումներ բառարանի կառուցուածքի վերաբերեալ

Կառուցուածքային առումով բառարանը կազմուած է երեք բաժնից` ա) Անձնանուն-ծածկանուններ, բ) Տեղանուն-ծածկանուններ եւ գ) Թուանշանային ծածկագրեր(3): Ընդ որում, կառուցուած է այն սկզբունքով, որ տուեալ բաժնի մի մասում տրւում է տուեալ անձի իսկական ազգանուն-անունը` իր ծածկագրուած տարբերակով կամ աւելի յաճախ` տարբերակներով (էջ 12-61), իսկ միւս մասում հակառակ յաջորդականութեամբ տրւում է նրա առաւել տիպական ու գործածական ծածկանունը(4), իսկ դրա դիմաց` ազգանուն-անունը (էջ 62-127):

Այդ նոյն սկզբունքով են կառուցուած տեղանուն-ծածկանունները. առաջին մասում նախ` իսկական տեղանունները, ապա` դրանց  ծածկանունները (էջ 128-156), երկրորդ հատուածում դարձեալ հակառակ յաջորդականութեամբ նախ տրւում է տուեալ վայրի ծածկանունը, ապա` իսկական անուանումը (էջ 158-217) եւ այդպէս շարունակ:

Ակներեւ է, որ նման սկզբունքով բառարանի ձեւաւորումը կազմողից ահռելի աշխատանք է պահանջել, սակայն դրա շնորհիւ էապէս հեշտացել է տուեալ հիմնահարցերով զբաղուող անձանց գործը: Առանձնապէս կ՛ուզենայինք ընդգծել բառարանի` ծածկանուններով սկսուող հատուածները, քանզի յայտնի է, որ յատկապէս գաղտնի փաստավաւերագիր նիւթերում սովորաբար նշուած են լինում գործիչների ծածկագիր անուն-ազգանունները: Ուստի այս բառարանը հնարաւորութիւն է տալիս առանց մեծ ջանքերի պարզելու եւ բացայայտելու, թէ ո՛ւմ մասին է խօսքը: Նոյն սկզբունքով ծածկագրուել են նաեւ կուսակցական մարմինների եւ նրանց գործունէութեան վայրերի անուանումները:

Եւ վերջապէս, բառարանի վերջին բաժինը նուիրուած է թուանշանային ծածկագրերին, որոնք անհամեմատ աւելի բարդ` թուայնացուած կառուցուածք ունեն: Նման պարագայում ծածկագիր բնագիրն է թուանշաններով կազմուած, եւ դրա ընթերցման, վերծանման ու բովանդակութեան ընկալման համար անհրաժեշտ էր, որ նամակը, գրութիւնը կամ հաղորդումը ստացողն իր ձեռքի տակ ունենար նաեւ այդ թուանշաններն ապաքոտաւորող, այսպէս կոչուած, «բանալի» ծածկագրերը:

3.- Ծածկագրուած անձնանունների եւ տեղանունների բովանդակային ընդգրկումը

Ինչպէս արդէն ասուեց, ծածկանունների ներկայ բառարանում ընդգրկուած անձանց եւ կառոյցների գործունէութեան հիմնական դաշտերն են եղել օսմանեան Թուրքիան եւ ցարական Ռուսաստանը: Երկու կայսրութիւններում էլ ՀՅ Դաշնակցութեան յայտնի գործիչներն ու կառոյցները գործել են խիստ վերահսկողութեան եւ հետապնդումների պայմաններում: Ծածկագրերի բառարանն ընթերցողին հնարաւորութիւն է տալիս գաղափար կազմելու ՀՅԴ այս կամ այն գործչի, ազատամարտիկի կամ կուսակցական կառոյցի գործունէութեան վայրի մասին: Բնական է, որ որքան աւելի լայն ու բազմաբնոյթ էր տուեալ անձի գործունէութիւնը, այնքան աւելի շատ էին նրա կեղծանունները: Քանզի մէկ-երկու անգամ իր ինքնութեան բացայայտումից յետոյ նա հարկադրուած էր մտածել ծածկանունը փոխելու մասին:

Փորձենք ներկայացնել ՀՅԴ գործիչներից առաւել շատ ծածկանուն ունեցողներին:

Կուսակցութեան առաւել ազդեցիկ դէմքերի մինչ օրս յայտնի ծածկանունների մօտաւոր թուային պատկերը հետեւեալն է. ՀՅԴ հիմնադիր երրորդութիւնից Ս. Զաւարեանն օգտագործել է 5 ծածկանուն (էջ 23), Քր. Միքայէլեանը` 7 (էջ 39), իսկ «գործի մարդ» Ստ. Զօրեանը` 8 (էջ 49): Մեծ թուով ծածկանուններ են ունեցել գրող եւ պետական գործիչ Աւետիս Ահարոնեանը` 6 ծածկանուն (էջ 20), իր բազմաբեղուն գործունէութեամբ յայտնի Աբրահամ Գիւլխանդանեանը` 7 (էջ 20), ՀՅԴ հիմնադիր սերնդի ներկայացուցիչ Յովնան (Յոնան) Դաւթեանը` 8 (էջ 21), օսմանեան մեճլիսի պատգամաւորներ Արշակ Վռամեանը (էջ 53) եւ մշեցի Գեղամ Կարապետեանը եւ ս` 8-ական (էջ 55), իսկ ՀՀ վերջին վարչապետ Սիմոն Վրացեանը` ընդամէնը 6 ծածկանուն (էջ 53): Բայց սա դեռ ամբողջը չէ, այլ` միայն այն, ինչը մինչ օրս յաջողուել է բացայայտել, քանզի, մեր կարծիքով, գոնէ Ռոստոմի ծածկանունների թիւն աւելի մեծ է:

Ինչ վերաբերում է հայդուկներին, ապա սովորաբար նրանց համար իբրեւ  ծածկանուններ կիրառուել են իրենց ծննդավայր-բնակավայրերի, գիւղերի, լեռների, դաշտերի եւ  այլ անուանումներ, օրինակ` Սասունցի, Շէնիկցի, Տալվորիկցի, Սպաղանաց, բայց ոչ երբեք` աւազանի ու մկրտութեան անունները, քանզի տեղի իշխանութիւնները դրանք կարող էին բացայայտել ծխամատեանների միջոցով: Հայ ազատամարտի ամենավառ ներկայացուցիչներից հայդուկապետ Գէորգ Ադամեան-Ղազարեանը (Չաւուշ) ունեցել է 4 ծածկանուն (էջ 13), Սարգիս Մեհրաբեանը (Խանասորի Վարդան)` նոյնպէս 4, Նիկողայոս Տէր Յովհաննիսեանը (Նիկոլ Դուման)` 5 (էջ 57), իր հեռատես ու զուսպ մարտավարութեամբ հանրաճանաչ հայդուկապետ Արմէնակ Ղազարեանը (Հրայր Դժոխք) (էջ 34) եւ  Սեւ քարեցի Սաքոն` 7-ական (էջ 30) եւ  այլն:

Բառարանը ցոյց է տալիս, որ ոչ պակաս թուով ծածկանուններ են ունեցել ՀՅԴ կառոյցները, այդ թւում` կուսակցութեան բարձրագոյն գործադիր մարմին հանդիսացող բիւրոները: Հարկ է արձանագրել, որ կուսակցութեան Արեւելեան եւ Արեւմտեան բիւրոները հանգամանքների բերումով օգտագործել են 5 տարբեր ծածկանուններ (էջ 33): Կուսակցութեան բարձրագոյն ղեկավար մարմինները, նաեւ կենտրոնական ու տեղական կոմիտէները երբեմն փոխել են իրենց տեղակայման վայրերը: Ուստի հնարաւոր հետապնդումներից ու բացայայտումներից խոյս տալու համար նրանք հարկադրուած են եղել փոփոխել նաեւ  իրենց ծածկանունները:

Նոյնը վերաբերում է տեղանունների ծածկագրմանը: Այս առումով, բառարանի հեղինակ Է. Փամպուքեանի համար աղբիւրագիտական հարուստ հիմք են ծառայել յատկապէս ՀՅ Դաշնակցութեան Կենտրոնական արխիւի նիւթերը: Դրանցից դուրս են բերուած կուսակցութեան ընդհանուր եւ  ռայոնական ժողովների, խորհրդաժողովների, հաւաքների, կենտրոնական ու տեղական կոմիտէների, մարտական խմբերի ու նրանց տեղակայման վայրերի (քաղաք, աւան, գիւղ եւ  այլն) ծածկանունները: Բառարանի հեղինակին յաջողուել է իր գտած «բանալու» միջոցով պարզել տուեալ բնակավայրի բուն անուանումը: Բառարանում այդ բնակավայրերը նշուած են թաւատառ, իսկ երբ «բանալին» հնարաւոր չի եղել ճշդել, պարզապէս նշուել է տուեալ նահանգի, գաւառի կամ գաւառակի անուանումը:

Տեղավայրերի ծածկագրուած անուանումներն իմաստային առումով արտացոլում են տուեալ վայրի քաղաքական, պատմաաշխարհագրական, հոգեւոր եւ  այլ բնոյթի յատկանիշները: Բերենք օրինակներ. Թուրքիա-տաճկաստանը ծածկագրուած է Սեւ աստան, Ղարաբաղը` Ապառաժ, Մշոյ դաշտը` Դուրան, Կ. Պոլիսը` Վիշապ, Մոսկուան` սկզբում Եկեղեցի, ապա` Հրէշ, Զէյթունը` պատմական անուանումով` Ուլնիա, Իրանի ծովեզրեայ Էնզելի քաղաքը` Պորտ-Արտուր, Սոֆիան` Վիտոշ եւ  այլն (5): Յատկանշական է, որ հայ ժողովրդի ազատագրութեան եւ  հայոց պետականութեան վերականգնման ճանապարհին առաւելապէս վտանգ ներկայացնող սուլթանական եւ  ցարական կայսրութիւնների մայրաքաղաքները` Կ. Պոլիսը եւ  Մոսկուան, անուանուել են համապատասխանաբար Վիշապ եւ  Հրէշ, ինչը վկայում է այդ բռնապետութիւններին տրուած համարժէք գնահատականի մասին:

4.- ՀՅԴ-ի հետ շփման մէջ եղած այլ կուսակցութիւնների եւ անկուսակցականների ծածկանունները

Թէեւ գրախօսուող բառարանը նուիրուած է զուտ ՀՅ Դաշնակցութեան ծածկանուններին, սակայն հասկանալի է, որ կուսակցութիւնը չի գործել մեկուսի եւ հանգամանքների բերումով յաճախակի շփման մէջ է եղել այլ քաղաքական ուժերի, նրանց գործիչների ու կառոյցների հետ, որոնք եւս կրել են ծածկանուններ: Ուստի բառարանում կարելի է հանդիպել այլ քաղաքական կուսակցութիւնների (Ս. Դ. Հնչակեան, Արմէնական, Հայ սահմանադիր ռամկավար, էսէռներ, պոլշեւիկներ եւ  այլն) ու նրանց գործիչների բազում ծածկագիր անուններ: Այսպէս, յիշատակելի են արմէնականների գաղափարական հայր Մկրտիչ Փորթուգալեանը` Վարպետ, Մկրտիչ Թերլեմեզեանը` Աւետիսեան, Ս. Դ. Հնչակեան կուսակցութիւնից Աւետիս եւ  Մարօ Նազարբեկեանները` Նազարբէկ, Ռուբէն Խանազատը` Նշան Կարապետեան, Արփիար Արփիարեանը` Հայկակ, Գէորգ Ղարաջեանը` Արկոմեդ, Գաբրիէլ Կաֆեանը` Շմաւոն, Գարեգին Կոզիկեանը` Եսալեմ, Կարապետ Թուրսարգսեանը` Աղասի, Յակոբ Ղազարեանը` Լազօ եւ  ուրիշներ, էսէռներից Լեւոն Աթաբէկեանը` Րիխարդ, եւ  Արշամ Խոնդկարեանը` Սեւեան, ՀԺԿ-ից Առաքէլ Բաբախանեանը` Լէօ, անկուսակցական Մաղաքիա արք. Օրմանեանը` Բուրդ Մօրուք եւ  այլք (6):

Մէկ նկատառում. ցանկալի կը լինէր, որ այլ կուսակցութիւնների գործիչների եւ  անկուսակցականների անունների դիմաց` փակագծերում, նշուէր, թէ ի՛նչ կուսակցութեան էին նրանք պատկանում, կամ` նրանց անկուսակցական լինելու մասին: Դա միաժամանակ ցոյց կը տար, թէ ՀՅԴ-ն ինչ հասարակական-քաղաքական ուժերի ու շրջանակների հետ է աւելի յաճախ հաղորդակցուել:

5.- Դիտարկումներ` թուանշանային (շիֆրերով) ծածկագրերի վերաբերեալ

Թուանշանային ծածկագրերի վերծանումը համեմատաբար աւելի բարդ է, քանզի թուայնացուած բնագիրը ընթերցելու եւ  բովանդակութիւնը հասկանալու համար պահանջւում է եւս մէկ թուային ծածկագիր` «բանալի»: Ծածկագրի այս տեսակն ընթերցողին աւելի հասկանալի դարձնելու համար Է. Փամպուքեանը գրախօսուող գրքում լրացուցիչ պարզաբանումներ է տուել (7): Համեմատութեան կարգով կարելի է ասել, որ թուանշանային ծածկագիրն ինչ-որ չափով յիշեցնում է 19-րդ դարի ամերիկացի գիւտարար Ս. Մորսէի` կէտերի ու գծերի նիշային, թուային, տառային քոտաւորման ու փոխանցման համակարգը, սակայն` այն տարբերութեամբ, որ Մորսէի նորարարութեան պարագայում գործադրուել է ելեկտրական հեռագրման եղանակը, իսկ մեր գործիչները հասկանալիօրէն կապը պահել են գաղտնի ուղիներով, կապաւորների միջոցով:

Թուանշանային ծածկագրմամբ այս կամ այն բովանդակութեամբ բնագիրը համապատասխան կառոյցին կամ ենթակային ուղարկելու համար օգտագործուել են, օրինակ, հանրածանօթ հայրենասիրական որեւէ երգի կամ բանաստեղծութեան առաջին տողերը կամ ամբողջական քառեակը: Այդ բնագրում գործածուած տառերին հայերէն այբուբենի յաջորդականութեամբ տրուել են թուեր, եւ  այդ եղանակով թուագրուել է ամբողջ բնագիրը: Այսինքն թուեր բովանդակող բնագիրն է տարբեր ձեւերով ու միջոցներով ուղարկուել հասցէատիրոջը: Իսկ թուայնացուած բնագիրը բացելու եւ  ընթերցելու համար հարկ էր ունենալ դրա ընթերցման, ծածկագրի վերծանման «բանալին»: Ուստի Է. Փամպուքեանը պարզաբանում է, որ շատ յաճախ թուանշանային ծածկագրի վերջում յիշատակուել է տուեալ հանրայայտ ոտանաւորի վերնագիրը: Այդպիսի հանրաճանաչ ոտանաւորներից յիշատակւում են, օրինակ, Ռ. Պատկանեանի «Արաքսի արտասուքը», Մ. Նալբանդեանի «Ազատութիւնը», Գ. Դոդոխեանի «Ծիծեռնակը», Կոմիտասի «Կռունկը» եւ  այլն:

Թուանշանային ծածկագրման համար յաճախ օգտագործուել է քիմիական գաղտնի թանաքի բաղադրութեամբ պատրաստուած մելանագոյն լուծոյթը, որով գրուած բնագիրն արտաքուստ չի նկատուել, սակայն կրակի վրայ պահելով կարելի էր ընթերցել այն, ուստի հրահանգւում էր, որ գրութեան հասցէատէրը բովանդակութեանը ծանօթանալուց յետոյ անմիջապէս ոչնչացնէր այն: Նման արհեստագիտութեան վարպետ է համարուել Քր. Միքայէլեանը: Վերջերս լոյս ընծայուած նրա անտիպ նամակների ժողովածուի` մի ծածկագրի վերաբերող գրութիւնում կարդում ենք. «Այս առաջին եւ վերջին անգամ է,- գրում էր Քր. Միքայէլեանը Սղերդ քաղաքի կոմիտէին,- որ մենք գրում ենք ձեզ «բաց թանաքով» եւ պաշտօնական թղթի վրայ: Այսույետ պէտք է գրենք դեղով (8): Գործի վերաբերեալ կարեւոր նամակները, ապահովութեան համար, պէտք է գրել դեղով: Երկու տեսակի դեղ ունենալու է. մէկը` գրելու, միւսը` ձեր ստացած նամակները բանալու համար» (9): Բացի այդ` Քր. Միքայէլեանը զգուշացնում էր, որ` «Նոյնիսկ գաղտնի թանաքով գրուած նամակներում պէտք է յատուկ անունները շիֆրէ անէք (ծածկագրով գրէք), այսինքն ոչ թէ տառերով, այլ` թուանշաններով: Դրա համար ուղարկում ենք ձեզ հետեւեալ աղիւսակը»: Այնուհետեւ տրուած է թուանշաններով բնագիրը (աղիւսակը) (10): Նոյնը բերուած է գրախօսուող ժողովածուում (11): Վերջում Քրիստափորը պատուիրում էր ընկերներին, որ աղիւսակի «բանալին» օգտագործելուց յետոյ, թուերը պահելով մտքում, իսկոյն այրեն այն եւ  ոչ թէ պատռեն (12):

Ե. Փամպուքեանը թուանշանային ծածկագրերի (շիֆրերի) բաժնում զետեղել է նման ծածկագրերի մօտ 30 նմուշ, որոնք մէկը միւսից հետաքրքրական ու արժէքաւոր են: Այստեղ յիշատակելի է 1921 թ. Փետրուարեան ապստամբութեան նախապատրաստութեանը վերաբերող թուանշանային ծածկագիր մի փաստաթուղթ:

Յայտնի է, որ ապստամբութեան նախօրէին` փետրուարի 13-ին, Կոտայք գաւառի Զառ գիւղում հրաւիրուել էր ՀՅԴ Հայաստանի կոմիտէի գաղտնի խորհրդակցութիւն` կոմիտէի անդամ Յ. Տէր Յակոբեանի (Իրազեկ) նախագահութեամբ, որի ժամանակ որոշում էր կայացուել խորհրդային իշխանութեան տապալման մասին: Եւ ահա թուանշանային ծածկագրմամբ բնագրով, որը կազմել էր ՀՀ խորհրդարանի նախկին պատգամաւոր Աւետիս Օհանջանեանը, այդ մասին տեղեկացւում էր ՀՅԴ Բիւրոյի միակ չձերբակալուած անդամ Ս. Վրացեանին, որ այդ ժամանակ, Չեկայի հետապնդումներից խոյս տալով, թաքնուել էր Կոնդում` իր ծանօթներից մէկի բնակարանում (13): Այդ նոյն օրը, Վրացեանի ասելով, Թ. Խանաղեանը թուանշանային ծածկագիր նամակը տարել ու նրան էր յանձնել: Նամակում նշւում էր Հայաստանի կոմիտէի` Երեւանում ապստամբութիւն սկսելու որոշման մասին (14):

Փաստենք, որ սոյն թուանշանային ծածկագիրը Է. Փամպուքեանը գտել է Ս. Վրացեանի անձնական թղթածրարներում (Ս.Վ. 142-5 թղթապանակ): Բառարանում բերուած է Աւ. Օհանջանեանի ձեռագրով գրուած թուանշանային ծածկագիրը` հայկական այբուբենի իւրաքանչիւր տառն իր ծածկագիր թուով, իսկ դրա տակ նշուած են Ս. Վրացեանին փոխանցուած «բանալի» գաղտնաբառերը:

Այսպիսով, Ե. Փամպուքեանի կազմած ծածկանունների բառարանը վկայում է, որ ՀՅԴ-ի ներսում գործել է այն ժամանակներում յեղափոխական կուսակցութիւններին բնորոշ` կապի ու հաղորդակցութեան մի ուրոյն համակարգ, երբ գործնականում կուսակցական ամէն մի կառոյց, գործիչ կամ գործունէութեան դաշտ համարուող վայր ունեցել է իր ծածկանունը: Աւելի՛ն. նոյն անձը կամ ենթական հանգամանքների բերումով ունեցել է մի քանի ծածկանուն:

Ամփոփենք: Երուանդ Փամպուքեանը բազում տարիների պրպտուն եւ տքնաջան հետազօտական աշխատանքի շնորհիւ ընթերցողի սեղանին է դրել մի արժէքաւոր բառարանային աշխատութիւն, որն ինքնատիպ է, մնայուն եւ իր տեսակի մէջ եզակի: Համոզուած ենք, որ այն շատ օգտակար կարող է լինել ՀՅ Դաշնակցութեան պատմութեան, իսկ աւելի լայն առումով` 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայոց պատմութեան հետագայ աւելի խոր եւ համակողմանի ուսումնասիրման համար: Այն մի օգտաբեր ձեռնարկ է` հասցէագրուած գալիք սերունդներին, որով առանց մեծ փնտռտուքի հնարաւոր է վեր հանել ՀՅԴ կուսակցութեան, այսինքն` տուեալ դարաշրջանի հայոց պատմութեան առանցքային դերակատար ուժի տակաւին բաւարար չլուսաբանուած բազում հարցեր: Քանզի կարելի է ասել, որ սոյն ինքնատիպ բառարանն իր ծածկագիր անուններով մեզ է ներկայանում որպէս ՀՅ Դաշնակցութեան «ծածկագրուած» կամ ժամանակակից լեզուով ասած` «քոտաւորուած» պատմութիւն:

* Ընդունուել է տպագրութեան, 03.06.2023:

(1) Տե՛ս Հայաստանի ազգային արխիւ, Ֆ., 1457, ց. 1, գ. 237, թթ. 53, 55 եւ 58:
(2) «Մշակ», Թիֆլիս, 27 յունիսի 1917 թ.:
(3) Տե՛ս Փամպուքեան Ե., Հ.Յ. Դաշնակցութեան ծածկանուններու բառարան (անձնանուններ, տեղանուններ, թուանշանային ծածկագրեր), «Վէմ» մատենաշար, թիւ 5, Եր. «Լուսակն», 2023, էջ 12-127, 128-217 եւ 219-251:
(4) Օրինակ` Յարութիւն Շահրիկեանն ունեցել է 4 ծածկանուն, սակայն որպէս նրա առաւել տիպական ծածկանուն նշուած է Ատոմ¬ը (տե՛ս էջ 45 եւ 66), կամ Նիկողայոս Տէր Յովհաննիսեանն ունեցել է 5 ծածկանուն, սակայն նրա ծածկանուան դիմաց նշուած է հանրայայտ Դուման¬ը (տե՛ս էջ 57 եւ 77) եւ այլն:
(5) Տե՛ս Փամպուքեան Ե., նշվ. աշխ. էջ 138, 142-145, 197, 200, 203, 205, 210:
(6) Տե՛ս նոյն տեղում, էջ 13, 16-17, 25-26, 28-30, 33, 38, 43, 59, 61, 118:
(7) Տե՛ս նոյն տեղում, էջ 220:
(8) Խօսքը գաղտնի թանաքի մասին է:
(9) «Քրիստափոր Միքայէլեանի անտիպ նամակները», «Վէմ» մատենաշար, թիւ 1, Եր., «Լուսակն», 2020, էջ 174:
(10) Տե՛ս նոյն տեղում:
(11) Տե՛ս Փամպուքեան Ե., նշվ. աշխ., էջ 247:
(12) «Քրիստափոր Միքայէլեանի անտիպ նամակները», էջ 175
(13) Տե՛ս Վրացեան Ս., Կեանքի ուղիներով: Դէպքեր, դէմքեր, ապրումներ, հատ. Զ., Պէյրութ, 1967, էջ 17:
(14) Տե՛ս նոյն տեղում: Տե՛ս նաեւ Յակոբեան Ա., ՀՍԽՀ 1921 թ., ներքաղաքական կեանքի պատմութեան հիմնահարցերը հայ պատմագրութեան մէջ, Եր. «Հայկարլի ՍՊՀ» տպագրատուն, 2014, էջ 29:

Comments are closed.