Երկու հանրապետութիւնների միջեւ լարուածութիւնը կարող է պառակտման տանել հասարակութեանը. ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան

30 երկրից 150 պատուիրակ Արցախի պետական կառոյցների հետ հանդիպումներ ունեցան, շփուեցին ժողովրդի հետ, շրջեցին երկրով, ոմանք եղան առաջնագծում. ընդհանուր առմամբ՝ համաժողովի շրջանակում կազմակերպուած ծրագրերն արդիւնաւէտ էին, համագործակցութիւնը սերտ էր. այսօր՝ Հոկտեմբերի 15-ին, ամփոփելով Արցախի բարեկամների «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» համաժողովի արդիւնքները նշեց ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«Հռչակագիրը, որ որդեգրուեց, ազդարարում է, որ ձեւաւորւում է «փրօ Արցախ»՝ Արցախի բարեկամների ցանց, որին մաս կը կազմեն ե՛ւ այս համաժողովի մասնակիցները, ե՛ւ մարդիկ, ովքեր Արցախի նկատմամբ դրական կեցուածք են դրսեւորել, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացան մասնակցել այս համաժողովին», ասաց նա, ընդգծելով որ համաժողովի մասնակիցները շատ տարբեր մշակոյթներ կրող մարդիկ էին, լրիւ տարբեր քաղաքական միջավայրերից եկած մարդիկ էին, 29-ն՝ Հայ դատի յանձնախմբերի, Հայ դատի գրասենեակների ներկայացուցիչներ, որ ընկերակցել են ոչ հայազգի Արցախի բարեկամներին, եղել են նաեւ տարբեր երկրների, օրինակ՝ Ֆրանսիայի, Գանատայի, ԱՄՆ-ի՝ ընտրուած պաշտօնեաներ, ազգութեամբ՝ հայ:

Մանոյեանը կարեւորեց Իրաքից եկած պատուիրակութեան մասնակութիւնը: «Իրաքում ցարդ չկար Արցախի բարեկամների շրջանակ, բայց փաստօրէն այս մարդկանց մասնակցութիւնը դրա նախադրեալները կը հաստատի եւ ուրեմն պէտք չէ զարմանալ, որ մենք շուտով Իրաքում էլ կ’ունենանք Արցախի բարեկամների շրջանակ», ասաց նա: Նշուեց նաեւ, որ եղել են նաեւ երկրներ, որտեղից աւելի շատ մարդիկ են նախատեսել մասնակցել համաժողովին, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել գալ. «Պատճառներից էր նաեւ իրենց ներքին քաղաքական իրավիճակը: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայից կար մէկ ակադեմիական շրջանակի ներկայացուցիչ, բայց պատգամաւորներ չկարողացան մասնակցել, քանի որ «Բրեքսիթի» պատմութեամբ նրանց արգելուած է դուրս գալ երկրից, եթէ միայն պաշտօնապես չգործուղուեն»:

Գանատայից եւս դաշնակցային-ֆետերալ մակարդակի ներկայացուցիչներ չեն եղել, քանի որ այնտեղ եկող շաբաթ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրութիւններ, բայց եկել էին նահանգային իշխանութեան, Թորոնթոյի եւ Մոնթրէալի քաղաքապետարանների ներկայացուցիչները: ԱՄՆ-ից եղել են նահանգների եւ քաղաքների ներկայացուցիչներ, ֆետերալ մակարդակի ներկայացուցիչ չի եկել, որովհետեւ համաժողովից մի քանի օր առաջ արդէն երեք քոնկրեսական մասնակցել է որոշ միջոցառումների եւ հանդիպումների հենց Արցախում, եւ ԱՄՆ-ի ութը քոնկրեսականներ տեսապատգամ էին ուղարկել Արցախի բարեկամների համաժողովին: Ավսրիալիայից ներկայացուցիչ չի եղել կրկին նույն պատճառով, որովհետեւ նախորդող տասն օրերի ընթացքում բավական մեծ պատվիրակութեամբ եւ՛ Աւստրալիայի ֆետերալ, ե՛ւ նահանգային, ե՛ւ տեղական մակարդակի ներկայացուցիչները հիւրընկալուել են Հայաստանի հանրապետութեան եւ Արցախի հանրապետութեան իշխանութիւնների կողմից. նրանք եւս ուղարկել էին տեսապատգամներ:

Բաւական մեծ թուով ներկայացուցիչներ են եղել Լատինական Ամերիկայից՝ Քոստա-Ռիքայից, Չիլիից, Ուրուկուայից, Գոլումպիայից, Բարակուայից:

Ամենամեծ պատուիրակութիւնները Պելկայից եւ Ֆրանսիայից են եղել, քանի որ Պրուքսէյլում, գործում է Ֆրանսիայի Հայ դատի գրասենեակը, իսկ Ֆրանսիայի հայկական համայնքն ունի մեծաթիւ ներկայութիւն, նաեւ այնտեղ Արցախի ներկայացուցիչներն են աքթիւ գործում:

«Իսկապէս բաւական լայն եւ մեծ էր շրջանակը, մնում է շարունակել աշխատանքը այդ ցանցն աքթիւ պահելու եւ հնարաւորինս ընդարձակելու համար: Այդ մասին էլ հանդիպում կայացաւ Արցախի հանրապետութեան ԱԳՆ-ի հետ, ճշդուեցին, թէ ինչպէս պիտի աշխատենք, եւ աշխատանքն արդէն իսկ շարունակւում է», ասաց Կիրօ Մանոյեանը:

Թէպէտ համաժողովի համար միայն մէկ օր է եղել նախատեսուած, սակայն համաժողովի մասնակիցները երկու-երեք օրուայ յագեցած ծրագիր են ունեցել, այդ թւում եւ՝ մասնակցել են Բերքի տօնին: «Մօտ 500 տաղավար էր, եւ դրսից եկածներն անմիջական շփումների հնարաւորութիւն ունէին տեղի բնակչութեան հետ, ինչը շատ դրական էր: Նաեւ՝ տարբեր-տարբեր հանդիպումներ տեղի ունեցան դրսի համայնքների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, որոնց միջեւ կային համագործակցութեան հռչակագրեր եւ պայմանագրեր: Այն խորհրդարաններից, որտեղ կան Արցախի բարեկամութեան խմբակցութիւններ, շրջանակներ, հանդիպումներ ունեցան Արցախի խորհրդարանի իրենց գործընկերների հետ, հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ, Ազգային ժողովի տարբեր խմբակցութիւնների եւ ԱԳՆ-ի հետ», ասաց նա:

Եթէ մարտավարական նպատակներով արուած յայտարարութիւններն անընդհատ սկսում են կրկնել, դառնում է ռազմավարութիւն, նաեւ՝ ոչ արդիւնաւէտ. այսօր՝ Հոկտեմբերի 15-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց Կիրօ Մանոյեանը:

«Երեսուն տարի է՝ ունենք այդ խնդիրը: Վարչապետ Փաշինեանն ասում է՝ խնդիրը պիտի կարգաւորուի Հայաստանի, Արցախի, Ատրպէյճանի ժողովուրդների համաձայնութեամբ: Որպէս մարտավարութիւն՝ այդ յայտարարութիւնը լաւ է՝ բոլորը գոհ պիտի լինեն: Նրան էլ ոչ ոք չի հակադարձում: Հիմա պիտի ասի, թէ այդ բանաձեւն ի՞նչ է: Չկայ այդպիսի բանաձեւ: Չենք ասում, որ ատրպէյճանցիները պէտք է կոտորուեն, Ատրպէյճանը պիտի կոտորակուի (թէ Ատրպէյճանն էլ ո՞րն է, դա էլ հարց է): Փաստ է, որ Ատրպէյճանի կողմից սանձազերծուած պատերազմում մինչեւ այսօր հայկական կողմն է յաղթել, եւ ատրպէյճանցիները դրա համար ուրախ կամ գոհ չեն կարող լինել: Բայց ատրպէյճանցիներին, ընդհակառակը, պէտք է համոզել, որ Արցախը երբեք էլ ձերը չի եղել, դուք ընդամէնը սովետական շրջանում վայելել էք, չարաշահել էք Արցախի ամէն ինչը, իսկ Սովետական միութեան փլուզումից յետոյ արդէն մոռացէ՛ք Արցախի մասին: Եւ Հայաստանի վարչապետը՝ ով էլ որ լինի, ճիշդ կ’անի՝ հենց այդպէս խօսի», ասաց նա:

Կիրօ Մանոյեանը յիշեցրեց, որ նախկին իշխանութիւնների օրօք էլ այդ խնդիրը եղել է: «Հարցը՝ հայ-թուրքական, արցախեան, չէր կարգաւորուելու, նպատակն այլ էր՝ որպէս լաւ, վստահելի գործընկեր ընկալուել: Հիմա էլ նոյն խնդիրն է: Եթէ բանաձեւ կայ, թող ասի: Մէկ անգամ այս միտքը յայտարարէր՝ լաւ, երկու անգամ՝ էլի լաւ, բայց ամէն օր եւ ամէն առիթով յայտարարել չի կարելի: Որովհետեւ, ի վերջոյ, այդ յայտարարուածը պիտի ակնկալեն դրսինները, ատրպէյճանցիները, թէ՝ մենք էլ ուրախ կը լինէինք: Իսկ մենք տեսնում ենք, որ Ատրպէյճանի նախագահի ուրախութիւնը Արցախով չի վերջանալու, Երեւանն էլ են ուզում», նշեց նա:

Կիրօ Մանոյեանը յիշեցրեց, որ ՀՅԴ-ն մշտապէս առաջարկել է Արցախեան հարցը կարգաւորել՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ երկկողմ ռազմավարական համագործակցութեան պայմանագիր ստորագրելով, նպաստելով Արցախի՝ միջազգային ճանաչմանը, եւ երբ Արցախը ճանաչուած լինի գոնէ 10 պետութեան կողմից, երկու անկախ, ճանաչուած հանրապետութիւնների որոշմամբ՝ կը միաւորուեն: «Մենք ունեցել ենք պահեր նախորդ իշխանութիւնների օրօք, երբ նախագահն ասել է՝ գիտէ՞ք ինչ, եթէ Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետութիւնը, պատերազմ կը սկսուի: Ասել ենք՝ նման բաներ չի կարելի ասել: Պետութեան ղեկավարը պէտք չունի աշխարհին դաս տալու՝ ինչ կը լինի, եթէ այսպէս անենք կամ այնպէս անենք: Թող 5, 8, 10 պետութիւն ճանաչեն, թող Արցախն ունենայ ներկայացուցչութիւն՝ դիւանագիտական կարմիր պետհամարանիշով, թող լինի միջպետական փոխատուութեան-փոխառութեան պայմանագիր, թող նախագահներն իրար նախագահ ասեն, վարչապետերը՝ վարչապետ, ԱԺ նախագահները համագործակցութեան յանձնաժողովներ ստեղծեն, մէկ տարի չի տեւի Արցախի Հանրապետութեան ճանաչումը եւ միացումը», նշեց նա:

Մանոյեանն ընդգծեց, որ չի կարելի քաղաքական հաշուարկներով ասել բաներ, ստեղծել մթնոլորտ եւ այդ ուղղութեամբ իրական քայլեր չանել: «Երբ ասում է, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, թող գործնական առումով ցոյց տայ դա: Գործնականը նրա համար միայն այն է, որ ընտրութիւններին ուղարկի դիտորդներ, որ այդ միջոցով ճնշումներ գործադրի: Արդէն Արցախում Հայաստանի բիւտճէի հաշուին պահում է հարիւրաւոր աշխատակիցներ, որոնք իբր պիտի մոնիթորինկ անեն: Ինչո՞ւ մրցակցային չընտրուեցին այդ կազմակերպութիւնները. շատ յստակ է, որ քաղաքական նպատակներ կան: «Եթէ Արցախը Հայաստան է, եւ վերջ»ի նպատակն այն է, որ Երեւանը պիտի որոշի, թէ Արցախում ով ինչ քաղաքական ազդեցութիւն պիտի ունենայ, դա՝ ուրիշ: Իսկ եթէ, իրօք, Արցախը Հայաստան է, եւ վերջ, ստորագրենք՝ վերջանայ, ինչի՞ չենք ստորագրում», ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամը:

Կիրօ Մանոյեանը յիշեցրեց Արցախի անկախացման պատմութիւնը: «Անկախութիւնն այս դէպքում ճանապարհ է, միջոց է. 1991-ին ինչ-ինչ պատճառներով պաշտօնական Ստեփանակերտի եւ պաշտօնական Երեւանի հաշուարկները համընկան, եւ որոշուեց հռչակել անկախութիւն: Բայց բոլորն էլ հասկանում են, որ, ի վերջոյ, նպատակը միացումն է, բոլորն էլ հասկանում են Արցախի դրօշի ճերմակ աստիճանների խորհուրդը՝ այն աստիճանական միացման մասին է խօսում», ասաց նա:

Մեր չորս հարեւաններն էլ վաղը չեն փոխուելու, այդ չորսից երկուսն էլ իրենց վերաբերմունքը մեր հանդէպ չեն փոխելու, եթէ նոյնիսկ Արցախի հարցը կարգաւորուի, նշեց Կիրօ Մանոյեանը:

«Չեմ կարծում, որ Ատրպէյճանն ու Թուրքիան, եթէ Արցախի հարցը ինչ-որ կերպ կարգաւորուի էլ, թեւերը բաց՝ վա՜յ, ախպերնե՜ր, ասելով՝ առաջ գան: Մենք պիտի ե՛ւ ապահովենք մեր պաշտպանուածութիւնը, ե՛ւ փորձենք զարգանալ: Շատերը փորձեցին մեզ համոզել՝ ասելով, որ եթէ բաւարարենք Թուրքիայի նախապայմաններին, լաւ կը լինի: Չէ, այդպէս չի: Մենք տեսնում ենք, որ Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ այս խնդիրների նախօրէին ազատ տնտեսական յարաբերութիւններ էին հաստատուել՝ ո՛չ մաքս կար, ո՛չ վիզայի խնդիր կար: Ոչինչ չկար: Սիրիայի ներկայիս նախագահը կնոջ հետ Թուրքիայում այնպէս ջերմ ընդունուեց Թուրքիայի ներկայիս վարչապետի եւ իր տիկնոջ կողմից, որ այնտեղ, կարծես, իրենց երկրորդ մեղրալուսինն անցկացրին: Այսինքն՝ Թուրքիային վստահել պէտք չէ», նշեց նա:

Հայաստանի տնտեսութիւնը, Կիրօ Մանոյեանի դիտարկմամբ, պիտի զարգանայ՝ մշտապէս հաշուի առնելով, որ այս յարաբերութիւնները շարունակուելու են՝ անկախ Արցախի հարցից: «Մի պատրուակ կը գտնեն, էլի, որ սահմանը փակեն: Չորս հարեւան ունենք, որոնցից երկուսի հետ յարաբերութիւնները կարելի է աւելի զարգացնել՝ ե՛ւ Վրաստանի հետ, ե՛ւ Իրանի հետ: Այդ առումով պիտի աւելի լուրջ արտաքին քաղաքականութիւն տանենք: Տնտեսական զարգացման տեսակէտից մենք պիտի հաւատանք, համոզուած լինենք, որ իսկապէս կարելի է զարգանալ՝ առանց զիջելու: Աշխարհում միակը չենք, որ այս իրավիճակում ենք», նշեց նա:

Դէպի ծով ուղղակի ելք չունենալը, Մանոյեանի խօսքով, խնդիր չէ, եթէ լինեն լաւ յարաբերութիւններ դէպի ծով ուղղակի ելք ունեցող հարեւանի հետ. «Ունենք հարեւան, որ ծովի վրայ է: Եւ ուրեմն, որքան էլ այնտեղ էլ մեր երկու թշնամիների՝ Ատրպէյճանի եւ Թուրքիայի ազդեցութիւնը մեծանում է, տակաւին այդ հարեւանի հետ կարելի է գտնել ճիշդ ճանապարհը աւելի արդիւնաւէտ յարաբերուելու համար»:

Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն նախատեսում է տնտեսական համաժողով կազմակերպել հենց այդ թեմայով. «Զարգանալ՝ չզիջելով»: «Դա մեր խնդիրների խնդիրն է: Մեր պետութեան զօրացման գրաւականն է, որ մենք կարողանանք տէրը մնալ այն բոլորի, ինչ ունենք եւ զարգացնենք: Եւ այս գաղափարախօսութիւնն է, որ պէտք է դրուի ցանկացած իշխանութեան տնտեսական քաղաքականութեան հիմքում: Վարչապետ Փաշինեանը տարբեր առիթներով յայտարարել է, բայց յայտարարելը հերիք չէ, պէտք է այն ունենալ քաղաքականութեան հիմքում», նշեց նա:

Արցախի բարեկամների «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» համաժողովի մուսուլման մասնակիցների՝ Շուշիի մզկիթում լինելը, ըստ Մանոյեանի, կարեւոր քաղաքական դրուագ էր: «Շուշիի մզկիթի բացումը երէկ էր, բայց մինչեւ բացումը իրենց համար մզկիթի դուռը բացեցին, նրանք տեսան: Բոլորն էլ հասկանում են, որ Արցախի հարցը ոչ թէ քրիստոնեայ-իսլամ հակամարտութիւն է, այլ Ատրպէյճան-Ղարաբաղ խնդիրն է, եւ իրենք՝ որպէս մարդու իրաւունքների պաշտպանութեան կողմնակիցներ, աջակցում են Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացմանը», ասաց նա:

Անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանեանի աղմկայարոյց յայտարարութիւնների մասին հարցին՝ Մանոյեանն ասաց, որ ցանկալի չեն այնպիսի յայտարարութիւնները ե՛ւ Հայաստանից ե՛ւ, որ մթնոլոտը, յարաբերութիւնները կը սրեն. «Չեմ ուզում սկսել պարզել՝ հաւն է առաջ, թէ հաւկիթն է առաջ. ով սկսեց՝ դա իր հերթին: Բայց լաւ մթնոլորտ չի, եթէ մենք ունենանք երկու յարաբերութիւնների միջեւ ինչ-որ լարուածութիւն, որը կարող է նաեւ նոյնիսկ տանել մեր հասարակութեան պառակտման: Դա պէտք է եւ կանխենք եւ առաջն առնենք: Դա չի նշանակում, որ Բալասանեանի ասածն այդպէս ենք համարում: Առանձին այդ հարցը նախագահի հետ չի քննարկուել»: Երկրորդուած հարցին Մանոյեանն արձագանգեց. «Արցախը Վիտալի Բալասանեան չէ, Վիտալի Բալասանեանը Արցախ չէ»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.