Եթէ Վերին Ոսկեպարի հատուածը տան, բազմաթիւ աղէտներ է դա բերելու. Գառնիկ Դանիէլեան
Նիկոլ Փաշինեանը Տաւուշի մարզի Ոսկեպար գիւղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարաւոր է մինչեւ շաբաթուայ վերջ պատերազմ լինի, եթէ հայկական կողմը հրաժարուի Ատրպէյճանի հետ քննարկել սահմանազատման եւ սահմանագծման հարցերը։ Ատրպէյճանն էլ իր հերթին անյապաղ պահանջում է «վերադարձնել» 4 գիւղ: Այս մասին «Իրաւունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան տաւուշցի պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանի հետ:
— Բացէիբաց Նիկոլ Փաշինեանը խօսում է գիւղերի «վերադարձի» մասին, որի պարագայում կարեւոր ռազմավարական նշանակութեան ճանապարհները հենց մեր սուվերեն տարածքում հայ ժողովրդի համար փակւում են: Ի՞նչ է սպասւում:
— Նիկոլ Փաշինեանն իրականացրել է այն ծրագրերը, որի մասին մենք բազմիցս զգուշացրել ենք մեր հասարակութեանը, տաւուշցիներին: Անձամբ ես տաւուշի մարզից եմ, բազմիցս այս ահազանգը հնչեցրել ենք, որ գիւղեր ու տարածքներ են յանձնւում: Իշխանութիւնն ամէն անգամ ասել է, թէ դա կեղծիք է, նման բան չկայ, ընդդիմութիւնը ձեզ մոլորութեան մէջ է գցում, բայց տարբեր աղբիւրներ, անգամ` ատրպէյճանական, այս ընթացքում դրա մասին ասել են, որ հայկական կողմն իրենց հետ պայմանաւորուածութիւններ ունի՝ այդ տարածքները իրենց «վերադարձնելու»: Յետոյ Մհեր Գրիգորեանի (փոխվարչապետ) գրասենեակը յայտնեց, որ այդպիսի պայման ներկայացուել է Հայաստանին, մեր 31 բնակավայրերի պահանջները մերժուել է, իրենց խօսքն եմ ասում, թէ՝ իրենց պահանջը պէտք է անվերապահօրէն իրականացնենք: Նիկոլ Փաշինեանն էլ գնացել է տեղում, գիւղացիներին սպառնացել, որ եթէ այդ պահանջը չկատարուի, Ատրպէյճանը կը յարձակուի: Այսինքն, Փաշինեանն ընդամէնը խօսնակի դեր է կատարում, գնում է ու ասում՝ եթէ այդ պահանջը չկատարէք, կռիւ ու պատերազմ է լինելու: Երաշխիքներ էլ չկան, որ ենթադրենք, այդ տարածքները տալուց յետոյ Ատրպէյճանը նորից յարձակում կ’անի՞, թէ՝ ոչ: Դրա մասին Փաշինեանն էլ է ասել տաւուշցիների հետ հանդիպման ժամանակ, որ երաշխիք չկայ, պէտք է տանք ու սպասենք ատրպէյճանցիների ողորմածութեանը: Այդտեղով անցնում է գազամուղը, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, դրանից յետոյ արդէն Լոռու մարզն է դառնալու սահմանամերձ, եթէ Վերին Ոսկեպարի հատուածը տան, բազմաթիւ աղէտներ է դա բերելու: Այդտեղ մարդ չի մնալու, յանձնելուց օրեր անց ժողովուրդը արտագաղթելու է, որովհետեւ անհնար է դառնալու այդ մարդկանց բնականոն գործունէութիւնը: Կիրանցի, Ոսկեպարի գիւղի տներից մի մասը անցնելու է Ատրպէյճանին: Ինքն էլ ասում է՝ համատեղ Ատրպէյճանի հետ անվտանգութիւնը կ’ապահովենք, պատկերացնու՞մ էք աբսուրդը ինչի է հասնում: Այս մասին կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ էլ ենք բարձրաձայնել, ասել ենք, որ իրաւունք չունեն յանձնելու, հետեւանքների մասին էլ եմ նշել, պատասխանատուութեան մասին էլ: Ցանկացած ՀՀ իշխանութիւն, որը կը գնայ այդ քայլին, հետագայում` իշխանափոխութիւնից յետոյ, քրէական պատասխանատուութեան պէտք է ենթարկուի, այդ ամէնը ես Նիկոլին եմ ասել:
— Նիկոլ Փաշինեանն ասում է՝ այլընտրանքային ճանապարհ կը կառուցեն Տաւուշում, բայց ե՞րբ, դեռ անյա՞յտ է:
— Մեռանք այլընտրանքային ճանապարհներ կառուցելով, Հայաստանը փոքրացնում ենք: Այլընտրանքային ճանապարհ կառուցելն այդքան էլ հեշտ գործ չէ, դրա համար տարիներ կը պահանջուեն: Եթէ գազամուղն անցնում է Ատրպէյճանի վերահսկողութեան տակ, կարող է ամէն պահի փակել Հայաստան մատակարարուող գազը: Դա օրերի, շաբաթների հարց է, ի՞նչ է նշանակում՝ տանք Ատրպէյճանին ու սպասենք նրանց ողորմածութեանը, ինչպէ՞ս կարող է այդպէս լինի, դա տրամաբանակա՞ն է: Թշնամին հիմա Ջերմուկի մատոյցներում է, 300 քառ.քլմ. տարածք օկուպացրել է ու ոչ մի տարածքից էլ չի պատրաստւում դուրս գալ եւ պահանջներ է ներկայացնում՝ համարելով այս կամ այն բնակավայրն ատրպէյճանական տարածք: Այդ տարածքում 8-րդ դարի եկեղեցի է վեր խոյանում:
— Մի՞թէ չենք կարող հակադարձել ատրպէյճանական կողմին, ինչո՞ւ Ատրպէյճանի «բերանը չենք փակում»:
— Իշխանութիւնը չի կարողանում, իսկ ժողովրդին մոլորութեան մէջ են գցել: Գիտէ՞ք քանի տարի ենք պայքարում, ժողովրդին ասել ենք, որ Արցախից յետոյ յաջորդը Տաւուշն է, Սիւնիքն է, այդ ամէնը մերն է: Անհնազանդութեան ակցիաներ ենք արել մեր ընտանիքի անդամների հետ դուրս ենք եկել փողոց, էլ ի՞նչ պէտք է անենք, որ այս ժողովուրդը հասկանայ՝ մենք մենակ չենք խօսում, գործել էլ ենք: Բայց, ցաւօք, շատերը հաւատացել են կեղծ խոստումներին: Ցաւով եմ ասում, որ Ոսկեպարի բնակիչը վստահութեան քուէ է տուել այդ մարդկանց:
— Ինչպէս նաեւ Կիրանցում…
— Այո, գիւղերում միանձնեայ առաջատար են եղել, ինչի՞ մասին է խօսքը, բայց ես մեղադրանքով չեմ ասում, որ մարդիկ սխալուել են: Ուղղակի, ճիշդն ասած ինձ համար անհասկանալի է այս ամէնից յետոյ, գնալ ու նորից քուէ տալը: Այս մարդիկ, ի վերջոյ, պէ՞տք է հասկանան, որ իրենց իրաւունքների համար պէտք է պայքարեն: Յոյս ունեմ, որ իմ հայրենակիցները գոնէ կը հասկանան պահի լրջութիւնը, եւ իրենց հետ միասին թոյլ չենք տայ այդ տարածքների յանձնումը: Պէտք է պայքարել հենց իշխանութեան դէմ, որպէսզի չփորձեն այդ տարածքները յանձնել: Իշխանութիւնը պէտք է մտածի, գլուխը պատէպատ տայ ու հասկանայ, որ այդ միակողմանի պահանջները կատարելուց յետոյ՝ հերթական դելիմիտացիան ու դեմարկացիան Երեւանում կ’անեն:
— Իսկ ի՞նչ է պատրաստւում հիմա անել ընդդիմութիւնը, կը միաւորուի՞, առաջիկայում ի՞նչ գործողութիւններ սպասել:
— Ընդդիմութիւնը միշտ էլ համախմբուել է, փողոցում պայքարել է, ես ինքս երկու պատերազմի մասնակից եմ, ամէն շարժումների ժամանակ ծեծ ու ջարդ ենք կերել, ամէն անգամ էլ ասել ենք վտանգների մասին: Պէտք է ժողովուրդը մեր կողքը կանգնի, մենք էլ ՝ ժողովրդի: Մենակ տանկօ հօ չե՞ս կարող պարել: Մենք պէտք է կարողանանք ժողովրդի համար հասկանալի լինել, եւ ժողովուրդը հասկանայ, որ մենք պէտք է թեւ թեւի տանք: Մենք այստեղ գերեզմաններ ունենք, սրբավայրեր, պէտք է միաւորուենք ու թոյլ չտանք, որ ատրպէյճանցիները մտնեն այդ տարածքները ու 4-րդ դարի Սուրբ Աստուածածին եկեղեցին մզկիթ սարքեն: Ես ամօթ եմ ապրում, երբ ԱԺ-ում խօսակցութիւն է գնում, ու մարդիկ փորձում են ապացուցել այդ տարածքների ատրպէյճանական լինելը: Մենք պայքարում ենք, որ հայկականութիւն լինի ՀՀ-ում, աբսուրդ է սա, մենք Թուրքիայում չենք, մենք Ռուսաստանում չենք, ՀՀ պետութիւնում ենք պայքարում այդ ցնորամիտ, դաւաճանական, ապազգային երեւոյթների դէմ: Սա միայն ընդդիմութեան պայքարը չէ, սա բոլորիս խնդիրն է, աղէտը մեր տուն է հասել, տան դարպասները գտնւում է Տաւուշում, Սիւնիքում, Վարդենիսում, եւ այդ դարպասների պաշտպանութիւնը բոլորիս արժանապատուութեան խնդիրն է: Եթէ չպայքարեցինք, մեզ ոչ ոք ուրիշ հայրենիք չի տալու, հայրենիքը կորցնելու իրաւունք չունենք: Իրենք գիտեն, թէ մեծամասնութիւն են, իսկ ժողովուրդը, եթէ ցոյց տայ, որ մեծամասնութիւնը ինքն է ու տէր է իր արժէքներին, չի լինի այս ամէնը: Տէրը պէտք է ժողովուրդը լինի:
Ս. Ասատրեան
Comments are closed.