Եթէ Հայաստանը մասնակցի COP29-ին, կը նշանակի՝ պաշտօնապէս մասնակցում է Պաքուի ցեղասպան քաղաքականութեանը

«Եթէ Երեւանը, յատկապէս բարձր մակարդակով, մասնակցի Պաքուի COP29 համաժողովին, ապա կը նշանակի, որ Հայաստանը պաշտօնապէս մասնակցում է Ատրպէյճանի ցեղասպան քաղաքականութեանը», AlphaNews-ին տուած հարցազրոյցում նշեց Հայ դատի Եւրոպայի գրասենեակի հանրային կապերի եւ հաղորդակցութեան պատասխանատու Սարինէ Աբրահամեանը:

Նշենք, որ Պաքուից կրկին խօսել են Նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովին Հայաստանի մասնակցութեան մասին։ Ատրպէյճանի էներգետիկայի փոխնախարար, COP29-ի գործադիր տնօրէն Էլնուր Սուլթանովն ասել է, որ ակնկալում են՝ Հայաստանն էլ կը մասնակցի։ Աւելի վաղ ԱԳ նախարարի անունով պաշտօնական հրաւէր է ստացուել։ Փաշինեանի կառավարութիւնն առայժմ չի արձագանգել հրաւէրին, սակայն բոլորովին բացառուած չէ, որ հրաւէրը կ’ընդունեն:

Ի՞նչ կը նշանակի դա, ի՞նչ հետեւանքներ կ’ունենայ հայկական շահերի համար։ Սարինէ Աբրահամեանը, պատասխանելով հարցին, ընդգծում է.
«Հայաստանն իր մասնակցութեամբ կը հաստատի Ատրպէյճանի քաղաքականութիւնը, Ատրպէյճանի պնդումները, թէ Ատրպէյճանն է շահագրգռուած, որ խաղաղութիւն կնքուի, եւ հայկական կողմն է խնդիր հանդիսանում, հայկական կողմն ունի տարածքային պահանջներ: Վտանգաւոր է Հայաստանի արտգործնախարարի մակարդակով կամ այլ ձեւաչափով այդ միջոցառմանը մասնակցելը»:

Յիշեցնենք՝ Օգոստոսի 23-ին Եւրամիութիւնը կոչ է արել Ատրպէյճանի իշխանութիւններին Նոյեմբերին Պաքուում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան համաժողովի անցկացման նախաշեմին Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրել: Ինչո՞ւ է ԵՄ-ն շտապում: ԵՄ-ում կարծում են, թէ Պաքուի պահանջներով ու պայմաններով խաղաղութեան պայմանագիր է լինելու, որ այն բխելու է ՀՀ շահերի՞ց: Եւ ի վերջոյ, ԵՄ-ն հիմա դիրքաւորւում է որպէս ՀՀ գործընկեր, դաշնակից, այդ գործընկերութիւնն էլ իր սահմաններն ունի՞: Հարցին պատասխանելով՝ Սարինէ Աբրահամեանը նշում է.

«ԵՄ-ում հաւատացած են, որ ինչ գնով էլ լինի, Հայաստանը պէտք է գնայ այդ խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը, թէկուզ Հայաստանի կողմից մեծ զիջումներով: ԵՄ-Հայաստան յարաբերութիւնների սահմանների մասով՝ ակնյայտ է, որ այդ յարաբերութիւնները պայմանաւորուած են Ռուսաստանի եւ Եւրամիութեան միջեւ հակամարտութեան եւ պայքարի հանգամանքով: Մեզ բոլորիս համար պէտք է յստակ լինի, որ Եւրամիութեան յարաբերութիւնները Հայաստանի հետ հետապնդում են Պրուքսէլի սեփական շահերը»:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Լիբանանում հաւատարմագրուած 44 երկրների դեսպանների նամակ է յղել, որում նշւում է՝ COP29-ը տեղի է ունենալու մի երկրում, որն էթնիկ զտում է իրականացրել Արցախում, որը շարունակում է իր բանտերում պահել հայ պատանդներին, ռազմագերիներին, որը ողբալի բնապահպանական աղէտի երկիր է: Լիբանանում Գանատայի դեսպանից ստացուել է պատասխան նամակ, որում նշուած է՝ «Հայաստանը համաձայնութիւն է տուել Պաքուում COP29-ի անցկացմանը»:

Հարցին, թէ «Լիբանանում հայ համայնքի կշիռն ու ուժը յայտնի է, Փաշինեանի համաձայնութիւնները յանձնում են նաեւ Սփի՞ւռքը», Սարինէ Աբրահամեանը նշում է. «Քանի դեռ Փաշինեանի վարած կործանարար քաղաքականութիւնը շարունակւում է, Սփիւռքի տարբեր կառոյցները՝ Լիբանանում, ԱՄՆ-ում, թէ Պելճիքայում կը շարունակեն բարձրաձայնել հայկական հարցերը»:

Արցախի ԱԺ խմբակցութիւնները եւս յայտարարութիւն են տարածել, նշելով որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովին մասնակցելու հրաւէր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտօնական պատուիրակութիւններ, միջազգային կազմակերպութիւնների պատասխանատուներ եւ բազմաթիւ լրագրողներ: Միանգամայն ակնյայտ է, որ Պաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրութեանը եւ շեղելու հանրային կարծիքը իր երկրի էութեան հետ շաղկապուած ոճրագործութիւններից։

Կասկածից վեր է նաեւ, որ նշուած համաժողովին հրաւիրուած պաշտօնեաների եւ կառոյցների անտարբեր մօտեցումը Ատրպէյճանի ոճրագործութիւնների նկատմամբ այդ երկրի ղեկավարութեան կողմից դիտարկուելու է որպէս քաջալերանք՝ իրականացուած ու շարունակուող յանցագործութիւնների:

Արցախի Աժ-ն կոչ է անում համայն հայութեանը եւ տարածաշրջանի խաղաղութեամբ շահագրգիռ երկրներին, կազմակերպութիւններին ու անհատներին միանալ Հայ Դատի կեդրոնական գրասենեակի եւ Միջազգային քրէական դատարանի գլխաւոր դատախազ Լուիս Մորէնօ Օկամպոյի սկսած արշաւին՝ տեղեկատուական դաշտում, սոցիալական ցանցերում եւ անհատական հաղորդակցութիւններով բացայայտել Ատրպէյճանի նենգ մտադրութիւնները եւ սթափութեան կոչ յղել միջազգային հանրութեանը:

Ուշադրութիւն դարձնո՞ւմ է միջազգային հանրութիւնը Արցախի ԱԺ յայտարարութիւններին, կա՞ն Եւրոպայում անձեր, շրջանակներ, որոնց համար Արցախի հարցը փակ չէ:

«Հայ դատի յանձնախմբերը եւրոպացի տարբեր պատգամաւորների եւ քաղաքական գործիչների բազմիցս փաստահաւաք այցերով հրաւիրել են Արցախի Հանրապետութիւն, որտեղ նաեւ ծանօթացել, շփումներ են ունեցել Արցախի ԱԺ պատգամաւորների հետ: Հիմա հետեւում են յայտարարութիւններին: Պէտք է ամէն ինչ անենք, որ բոլոր այս յայտարարութիւնները լսելի դառնան, որովհետեւ դրանք նաեւ արտայայտում են արցախահայութեան քաղաքական կամքը: Այս առումով, որպէս Հայ Դատի յանձնախմբեր, մեր պարտականութիւնն է լսելի դարձնել այդ յայտարարութիւնները:
Անհատների, խորհրդարանների մակարդակով կա դիրքորոշումը, որ փակ չէ Արցախի հարցը: Շատ քաղաքական գործիչներ եւ քաղաքական շրջանակներ հասկանում են նաեւ, թէ որքան կարեւոր են արցախահայութեան իրաւունքները, նաեւ վերադարձի իրաւունքը պաշտպանել: Միայն այդ կերպ հնարաւոր կը լինի իրական եւ երկարատեւ խաղաղութիւն Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ», նշում է Սարինէ Աբրահամեանը:

Մանրամասնութիւնները՝ տեսանիւթով.

 

 

Comments are closed.