«Եթէ այսօր թուրքական կապիտալը մտնի Հայաստան, Թուրքիան մեզ խեղդելու է ոչ թէ ֆիզիկապէս, այլ տնտեսապէս, իսկ դա  ինքնասպանութիւն է, քանի որ կը դառնանք թուրքի ստրուկը»․ Եղիա Թաշճեան

Դաշնակցական, լիբանանահայ քաղաքական վերլուծաբան Եղիա Թաշճեանը վերջին շաբաթների ընթացքում գտնւում է Հայաստանում։ Նա մասնակցել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան կազմակերպած քննարկամը, որի ընթացքում  արծարծուել են հայրենիքում տիրող իրավիճակը, արցախաադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը, Արցախին ու Հայաստանին պատուհասող արտաքին ու ներքին սպառնալիքները և Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութեանը  վերաբերող հարցեր։ 

Քննարկմանը ներկայ  է եղել նաև «Հորիզոն»-ի Հայաստանի  թղթակիցն ու Եղիա Թաշճեանին վերոնշեալ թեմաների վերաբերեալ օրախնդրային հարցեր ուղղել։

Եղիա Թաշճեանն իր խօսքում նախ անդրադարձաւ Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութեանը,և դրանից բխող վտանգներին։


Քաղաքական վերլուծաբանը նշեց՝ Թուրքիայի նպատակներից էին այն, որ այդ երկիրն ուզում էր
Հարաւային Կովկասում ունենալ ռազմական կենտրոն, և այսօր իրենք Ադրբեջանում՝ Գանձակում, ունեն ռազմական կենտրոն, իսկ  Վարանդայի (Ֆիզուլի) օդանաւակաեանը, Եղիա Թաշճեանի համոզմամբ, պարզ ու սովորական օդանաւակաեան չէ,  ռազմական օդանաւակաեան է։

«Բայրաքթարները Վարանդայից Սիւնիք կարող են հասնել, այսինքն՝ նոյնսիկ Հայաստանի տարածքին կարող են հարուածներ հասցնել։ Այս առանցքում իրանցիները մտահոգութիւն ունեն․ Իսրայէլը կարող է տրօններ գործածել ու հարուածել Հիւսիսային Իրանին։ 44-օրեայ պատերազմի ընթացքում յայտնի դարձաւ, որ թուրքական ու իսրայէլական տրօնները բաւական ազդեցիկ էին, և մեր լեռնային շրջանները (Հադրութ, Շուշի)  աշխարհագրական դիրքով շատ նման են Հիւսային Իրանին, իսկ դա Իսրայէլի համար  թեսթ էր, այսինքն՝ եթէ ապագայում պլաններ ունենան հարուածելու Իրանին, իրենց համար արդէն դիւրին կը լինի, քանի որ արդէն լեռնային շրջաններում տրօններով պատերազմելու փորձառութիւն ունեն», — նշեց քաղաքագէտը՝ ընդգծելով՝ իրանցիները  յստակօրէն գիտէին՝  հայկական կողմի դէմ  Ադրբեջանը պատերազմում էր Թուրքիայի ու Իսրայէլի օգնութեամբ, և Ադրբեջանն առանց այս երկու երկրների աջակցութեան չէր կարող այս պատերազմում յաղթանակ տանել, մանաւանդ՝ լեռնային շրջաններում առանց տրօնների Ադրբեջանը չէր կարող յաջողութեան հասնել։

Անդրադառնալով Արցախեան 44-օրեայ պատերազմի  վերջնարդիւնքին՝ Եղիա Թաշճեանը նշեց՝ մի քանի թուրքի հետ հարցազրոյց անցկացնելու առիթ է ունեցել, որոնք նշել են՝ այս պատերազմն իրենք յաղթանակ չեն համարում։

«Այդ  թուրքերն ասացին՝ պատերազմը յաղթանակած  կը համարէին, եթէ Թուրքիայի խաղաղապահ ուժերը տեղակայուէին Լեռնային Ղարաբաղի  1988-ի տարածքներում՝ Շուշի, Հադրութ․․․ այդ տարածքներում։ Յունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև պայմանագիր ստորագրուեց։ Պէտք է նշել, որ նախատեսուած է, որ Թուրքիան Շուշիում հիւպատոսարան բացի, իսկ այդ պարագայում շատ է դժուարանալու Շուշիի ազատագրման հարցը, որովհետև եթէ այնտեղ թուրքական դրօշը դրուի, նշանակում է՝ Թուրքիայի դէմ պիտի պատերազմենք, եթէ պիտի ազատագրենք Շուշին։ Առանց ռուսական օգնութեան դա շատ դժուար  կը լինի։ Ռուսները մեզ պէտք է կանաչ լոյս տան, որպէսզի մենք Շուշի մտնենք», — նշեց Եղիա Թաշճեանը՝ ընդգծելով՝ ցաւօք, Արցախն այսօր տէ իւրէ դարձել է Ադրբեջանի մաս և տէ ֆակտօ ռուսական մի նահանգ․ սա է դժբախտ իրականութիւնը, և հիմա պէտք է գոնէ նուազագոյնը փորձենք անել՝ հայկական  դիմագիծը պահպանել Արցախում, և եթէ այս նուազագոյնն էլ չկարողանանք անել, ապա 4 տարի անց կը կորցենք այն, ինչը փորձել  էինք կառուցել 25-30 տարուայ ընթացքում։

Քաղաքագէտը նշեց՝  Ադրբեջանը եւ Թուրքիան հիմա շատ են խօսում Սիւնիքով անցնելիք «միջանցքի» մասին։ Եղիա Թաշճեանը նկատեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան գործածում են «միջանցք» բառը, թէև նոյեմբերի 9-ի յայտարարութեան մեջ յստակ նշուած է՝ Սիւնիքով ճանապարհ պէտք է բացուի։ «Միջանցք» բառը միայն Լաչինի  պարագայում  է գործածուել։ «Միջանցք»-ը աւելի օրինական է այն իմաստով, որ Ադրբեջանն ու Թուրքիան  «միջանցք» բառն են կիրառում, որպէսզի, եթէ այդ ճամապարհների վրայ գերիշխանութիւն ունենան,  հայկական կողմը հարկ չվերցնի նրանցից այդ ճանապարհով անցնելիս։

«Բայց, պէտք է նշել՝ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնում նշուած է՝ այդ  ճանապարհներին ռուսական սահմանային ուժերը պիտի տեղակայուեն, այսինքն՝ մենք այդ ճանապարհներին գերիշխանութիւն չենք ունենայ։ Եղածը եղած է․․․ այսինքն՝ մենք այդ ճանապարհով անցնելիս, մեր հայրենիքով անցնելիս՝ գիւղից գիւղ գնալիս, պիտի ռուսներին խնդրնենք և նոր անցենք։ Եթէ Սիւնիքով ճանապարհներ բացուեն, Թուրքիան այլևս չի էլ կամենայ Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ կառուցել, քանի որ Հայաստանն իրենց համար այլևս երկիր չէ, պարզ տրանզիտ է, այսինքն՝ այդ ճանապարհով կ’անցնեն, և ոչ էլ մեր երկրին հարկ կը վճարեն։ Իսկ եթէ սահմանները բացուեն, թուրքական  բիզնես խաւի համար դա կարևոր կը լինի․ Երևանում տարածքներ  ու հիւրանոցներ կը գնեն, առևտուր կ’անեն, բայց դա սարսափելի կը լինի,  կը դառնայ թուրքական նահանգ, այսինքն՝ կը ստեղծուի այնպիսի իրավիճակ, ինչպիսին  հիմա  Աջարիայում է, որտեղ հարիւրաւոր մզկիթներ կան ու  թուրքական մեծ  կապիտալ։ Վրաստանն այսօր դարձել է թուրքական փոքրիկ շուկայ, և սահմանների բացուելու պարագայում Թուրքիայի համար շատ հեշտ կը լինի հայկական շուկան իր ձեռքը վերցնելը։ Հայաստանցիները կը նախընտրեն գնել աւելի էժան թուրքական ապրանքը, քան հայկականը։ Սիրիայում ու Լիբանանում էլ այդպէս եղաւ․ մարդիկ տեսան՝ թուրքական ապրանքն աւելի էժան է, որակն էլ վատ չէ, ու գնեցին թուքականը, հետևաբար՝ այդ երկրների  տնտեսութիւններն այդ վիճակում յայտնուեցին», — խօսելով առկախուած վտանգների մասին՝ նշեց  քաղաքագէտը՝ ընդգծելով՝ մենք օրէնքներ չունենք, որպէսզի մեր տնտեսութիւնը պահպանենք։

խօսելով Սիւնիքով բացուելիք ճանապարհի վտանգների մասին՝   քաղաքագէտը նշեց՝ այդտեղ, բնականաբար, մեծ  սպառնալիքներ է տեսնում։

խօսելով  ռուսական գործօնի մասին՝ քաղաքագէտը նշեց՝ Ռուսաստանը միշտ ուզեր է Ադրբեջանում ռազմական  կենտրոն ունենալ, և Արցախում խաղաղապահ  ուժեր տեղակայել, մենք  վերջինին դէմ էինք՝ յուսալով, որ կարող ենք ստատուս քուոն պահել՝ մի բան, որը իրատեսական չէր, քանի որ Ադրբեջանը միլիոնաւոր դոլարներ էր դնում իր ռազմական պիւտճէում, իսկ մեր  ողջ պետական պիւտճէն իրենց ռազմական պիւտճէին չէր հասնում։


«Եղածը  եղա
ւ․ մի խենթ եկաւ, ծախեց Արցախը։ Չեմ կարծում, որ մօտ ապագայում կը լուծուի  Արցախի հարցը, որովհետև եթէ լուծուի՝ լինի ի նպաստ Հայաստանի, թէ Ադրբեջանի, Ռուսաստանն իր ազդեցութիւնը կը կորցնի թէ՛ Հայաստանում, թէ՛ Ադրբեջանում․․․․ Այսօր Արցախում սառը պատերազմի պէս մի բան կայ, և յայտնի չէ՝ դէպի ուր ենք գնում», — նշեց քաղաքագէտը:

Նա ընգծեց՝ չորս տարի անց՝ դարձեալ անկանխատեսելի իրավիճակներ կարող են լինել։
«Մենք պէտք է պատրաստ լինենք գոն
է եթէ ոչ ռազմական, ապա դիւանագիտական գետնի վրայ յաջողութիւններ գրանցել,  Իրանի ու Ռուսաստանի հետ ճիշտ խօսել, որպէսզի Ռուսաստանին համոզենք՝ մեր ու իր շահերը նոյնանման են», — նշեց քաղաքագէտը։

Նա նշեց՝ մեծագոյն վտանգներ են սպառնում մեր հայրենիքին, ուստի հիմա մոլորութեան մէջ գտնուող, այս վտանգները չհասկացող քաղաքացիներին պէտք է հասկացնել՝ այս իշխանութիւնը ինչի է ձգտում  և դա ինչ անդառնալի հետևանքների կարող է յանգեցնել։ Քաղաքագէտը շեշտեց՝  եթէ սահմանները բացուեն ու  թուրքական կապիտալը յայտնուի Հայաստանում, ապա Հայաստանը կարող է յայտնուել ճիշտ այն վիճակում, որում հիմա Վրաստանն է․ թուրքական կապիտալը ճզմել է  Վրաստանը։ 

«Եթէ այսօր թուրքական կապիտալը մտնի Հայաստան, Թուրքիան մեզ խեղդելու է ոչ թէ ֆիզիկապէս, այլ տնտեսապէս, իսկ դա  ինքնասպանութիւն է, քանի որ կը դառնանք թուրքի ստրուկը», — նշեց քաղաքագէտը։ 

ՅԱՍՄԻԿ ԲԱԼէԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.