«Դիմադրութիւն» շարժման խաղաղ անհնազանդութեան ակցիաները շարունակւում են․ շրջափակուեց ՀՀ նախագահի նստավայրը

«Դիմադրութիւն» շարժման մասնակիցներն այսօր, մայիսի 25-ի վաղ առաւօտեան հաւաքուել էին Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեկնարկեց երթ Երեւանի փողոցներով: Այս անգամ երթի կանգառը Բաղրամեան 26-ն էր՝ ՀՀ նախագահի նստավայրը։

Նախագահականի շէնքի մօտ «Դիմադրութիւն» շարժման մասնակիցները ՀՅԴ ԳՄ ներակայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հրահանգով շրջափակեցին շէնքը։

Փակում ենք այդ շէնքի բոլոր մուտքերը, քանի որ երկրում պրոցեսներ են տեղի ունենում, բայց այդտեղ նստած անձը ոչ թէ ՀՀ նախագահ է, այլ ընդամէնը ՔՊ ներկայացուցիչ․ յայտարարեց նա։

Շարժման մասնակիցների նպատակն էր թոյլ չտալ, որպէսզի աշխատակիցները մտնեն նախագահականի շէնք։

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը յայտարարեց, որ շարժումն ամէն օր պատրաստւում է պետական տարբեր կառոյցների շէնքեր շրջափակել։

Նա նշեց, որ այդ շէնք՝ ՀՀ նախագահի նստավայր օրերով կարող է որևէ աշխատակից չմտնել, որովհետև այդ մարդիկ չեն կատարում Սահմանադրութեամբ իրենց վերապահուած գործառոյթները։

Իրավիճակը լարուեց, ցուցարարների եւ ոստիկանութեան աշխատակիցների միջեւ: Բերուեցին ոստիկանական լրացուցիչ ուժեր։

Ոստիկանները փորձեցին հեռացնել ցուցարարներին դարպասների մօտից։

Իշխան Սաղաթելեանը կոչով դիմեց շարժման մասնակիցներին․ «Ամէն ինչ նորմալ է, գիծը պահէք, ամէն ինչ մեր ուզածով է, ոչ ոք չի շարժւում: Շէնքը շրջափակուած է, մենք մեր աշխատանքն ենք անում»:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի նստավայրից բացի շրջափակուած է նաև ՀՀ անվտանգութեան խորհրդի շէնքը․ «ՀՀ անվտանգութեան խորհրդի շէնքը նոյնպէս շրջափակուած է, որովհետև դա միւս պետական հաստատութիւնն է, որը որևէ կերպ առնչութիւն չունի ՀՀ և հայութեան շահերի հետ»-, ասաց նա։

Նա վստահեցրեց, որ մուտքերը փակելուց յետոյ որևէ աշխատակից ներս չի մտել և ոչ մէկը դուրս չի եկել։ Այս տարածքում է գտնւում նաև Համահայկական հիմնադրամը, նրանք ևս չեն կարողացել շէնք մտնել։

Իշխան Սաղաթելեանը առաջարկեց, որպէսզի պատգամաւորները բարձրանան ԱԽ շէնք, եւ անձամբ փոխանցեն ժողովրդի պահանջը այդ դաւաճաններին»։ Սակայն պարզուել է, ներսում մարդ չի եղել․ «Աշխատանքի չեն կարողացել գալ, այդ պատճառով էլ ձեզ ընդունող անձ չկայ»,- ցուցարարներին յայտնել են ոստիկանները։

10 րոպէից դադարեցնում ենք շրջափակումը և շարունակում մեր երթը.«Քանի որ այս շէնքերում անտէրութիւն է՝ այլևս անիմաստ է շրջափակման մէջ պահել, ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ովքեր այս պահին գտնւում ենք ՀՀ անվտանգութեան խորհրդի շէնքի դիմաց և ՀՀ նախագահական նստավայրի միւս մուտքերում, դադարեցնել շրջափակումը, միանալ մեզ»,-յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

«Դիմադրութիւն» շարժման երթը կանգ առաւ կառավարական ամառանոցների մօտ. «Հայաստանում պետական իշխանութիւն չկայ, կայ ժողովրդի իշխանութիւն և ոստիկանութիւն։ Եկէք ոստիկանութեանը ողջունենք և վստահեցնենք, որ Նիկոլի իշխանութիւնը երկար չեն կարող պահել»,-յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

 

«Դիմադրութիւն» շարժման խաղաղ անհնազանդութեան ակցիաները շարունակւում են․ շարժման մասնակիցները փակել են Պարոնեան-Մաշտոց փողոցների խաչմերուկը։

Ոստիկանները կոչ են արել դուրս գալ երթեւեկելի հատուածից, ենթարկուել ոստիկանների օրինական պահանջներին, սակայն ցուցարարները նստել են փողոցի մէջտեղում:

« Պայքարելու ենք մինչև վերջ։ Մեզ ո՛չ արևն է խանգարում, ոչ՝ անձրևը, գնալու ենք մինչև վերջ։ Մեր տրամադրութիւնը մարտական է»,- ասել են «Դիմադրութիւն» շարժման մասնակից երիտասարդները։

Շուրջ 30 րոպէ խաչմերուկը շրջափակման մէջ պահելուց յետոյ երթի մասնակիցները շարժուել են դէպի Ֆրանսիայի հրապարակ:

Նշենք, որ «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքը այսօր երեկոյեան կը մեկնարկի Գարեգին Նժդեհ հրապարակից՝ ժամը 19։00-ին, իսկ մինչ այդ, 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կ’ունենայ միջոցառում՝ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների մասնակցութեամբ։

Leave a Comment

You must be logged in to post a comment.