«Դաշնակցութիւնը եղել է, կայ եւ կը մնայ լուրջ քաղաքական կշիռ ունեցող ուժ, որը պէտք է լինելու բոլոր իշխանութիւններին». քաղաքագէտ

(«Երկիր»).- «Թաւշեայ յեղափոխութենէն» մէկ տարի անց քաղաքագէտ Կարէն Քոչարեան կը շարունակէ պնդել, թէ անոր չարդարացման պարագային ի յայտ պիտի գան այլընտրանքային ուժեր:

«Այս իշխանութեան մեծ խնդիրն այն է, որը ցոյց տուեց նաեւ Քաղաքացու օրը` շատերը չեն կարողանում քաղաքացիական գործչից քաղաքական գործիչ դառնալ: Սա յանգեցնում է բաւականին լուրջ խնդիրների, որոնց արդիւնքում կը ստեղծուեն այլընտրանքային ուժեր, եւ ժամանակը շատ սպասեցնել չի տայ: Եթէ, ի հարկէ, արդէն չեն ստեղծուել, որոնք կը դառնան լուրջ քաղաքական ընդդիմութիւն այսօրուայ իշխանութիւններին: Այսօր, եթէ ինչ-որ բան լինում է, իշխանութիւններն ասում են՝ դա հակայեղափոխական է, ՀՀԿ-ն է, Ռոպերթ Քոչարեանն է: Մոռացէ՛ք, ՀՀԿ-ն եւ Ռոպերթ Քոչարեանը չեն կարողանալու յետ գալ մօտակայ ժամանակներում: Սա չի նշանակում, որ նրանք չեն աշխատում, ի հարկէ, աշխատում են, կան դաշտում, բայց նոյն քաղաքական կշիռը չեն կարողանալու ունենալ: Բայց չի նշանակում՝ եթէ նրանք չեն կարողանալու այդ կշիռն ունենալ, այլ ուժեր չեն ունենալու», լրագրողներուն հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Քոչարեանը:

Հարցումին, թէ նկատի ունէք «Լուսաւոր Հայաստա՞ն»ը, քաղաքագէտը արձագանգեց. ««Լուսաւոր Հայաստան», տարբեր այլ ուժեր՝ արտախորհրդարանական, նոր ստեղծուող: Ընդդիմութիւն կը ծնուի, ժամանակը ցոյց կը տայ: Այսօր «Լուսաւոր Հայաստան»ն է աւելի ակտիւ, որն ունի իր բնական հիմքերը՝ խորհրդարանական է, ունի ամպիոն, աւելի շատ հնարաւորութիւններ, երկրորդ՝ ԶԼՄ-ին էլ աւելի շատ հետաքրքրում խորհրդարանական ուժի հետ շփումը, այսինքն՝ նրանց հարթակներն աւելի լայն են, ուստի նրանք են աւելի շատ երեւում: Բայց սա չի նշանակում, որ, «Լուսաւոր Հայաստան»ից, զատ այլ ուժեր չկան: Կան եւ քիչ չեն»:

Պնդումին, որ յիշէ այդ ուժերուն անունները, Կարէն Քոչարեան ըսաւ, որ շատերը սաղմնային վիճակի մէջ են, այնուհետ շարունակեց. «Ես կարծում եմ, որ Դաշնակցութիւնը ոտքի կը կանգնի, ի տարբերութիւն ՀՀԿ-ի, որովհետեւ այն աւանդական ուժ է, եւ իր մէջ կը գտնի վերականգնուելու ներուժը՝ թէ՛ ներսում, թէ՛ Սփիւռքում: Եւ, վերջ ի վերջոյ, Դաշնակցութիւնը բոլոր իշխանութիւններին է պէտք լինելու տարբեր առումներով, այդ թւում՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութեանը՝ թէ՛ Սփիւռքի հետ յարաբերուելու, թէ՛ Արցախի հարցում եւ թէ՛ այլ խնդիրների հետ կապուած: Գուցէ հիմա լրիւ չբացենք փակագծերը, բայց այն, որ Դաշնակցութիւնը լուրջ ուժ է լինելու, չեմ կասկածում: Լուրջ ասելով` նկատի չունեմ, որ գալու է եւ ընտրութիւններում յաղթի, դա չէ, բայց այն լուրջ քաղաքական կշիռ ունեցող ուժ է, եղել է, կայ եւ կը մնայ»:

Յիշեցման, թէ առիթով մը ըսած է, որ ընդդիմութիւնը իշխանութեան մէջէն պիտի սկսի առաջանալ, Կարէն Քոչարեան պատասխանեց, որ այսօր արդէն իշխանութեան մէջ ընդդիմութեան տարրեր նկատելի են:

«Ինձ թւում է՝ դա դուք էլ էք տեսնում: Դաւիթ Սանասարեանի պատմութիւնը, ընդամէնը այս մի փոքր բանը, եւ փաստացի իշխանութիւնը կիսուեց երկու հատուածի՝ մի մասը սկսեց մեղադրել, իսկ միւս մասը պաշտպանել Դաւիթ Սանասարեանին: Հենց սկզբից երեւում էր, որ արտաքին քաղաքական հետ կապուած այնտեղ կան լուրջ տարաձայնութիւններ: Այսինքն՝ մի հատուածը լրիւ Սորոսական, փրօ-արեւմտեան է, մի հատուածը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, ասում են՝ Ռուսաստան, ոչ մի բան չենք փոխում, ճիշդ է՝ հաւասարակշռուած: Այսինքն՝ այն, ինչ կայ, պահպանում են»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.