Դաշնակցութեան համար ընդունելի չէ Արցախի իրաւունքներից որեւէ նահանջ

Յուլիսի 12-14-ը Արցախում էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի  Արցախ այցելութեան առաքելութիւնը հիմնականում երկու ուղղութեամբ էր. Նախ՝ քաղաքական հանդիպումներ Արցախի պետական տարբեր օղակների հետ Արցախի կացութեան, հիմնահարցի եւ օժանդակութեան կապակցութեամբ, եւ ապա՝ ներքին կազմակերպական հարցեր, որը ներառում էր ԿԿ-ի հետ որոշ աշխատանքների ծրագրում, հանդիպումներ ՀՅԴ շարքերի հետ:

Այցի ընթացքում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահի, պետական նախարարի, արտաքին գործերի նախարարի, Անվտանգութեան խորհրդի քարտուղարի, մարդու իրաւունքների պաշտպանի, ինչպէս նաեւ ԱՀ խորհրդարանում ներկայացուած քաղաքական գործընկեր ուժերի առաջնորդների հետ: Արցախի իշխանութեան ներկայացուցիչների հետ քննարկուել են Արցախի հարցով ՀՀ-ի կողմից վարուող բանակցութիւնների վերաբերեալ Արցախի տեսակէտը, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները եւ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ու սահմանագծման խնդիրները, որոնք սերտօրէն առնչւում են Արցախի կարգավիճակի հետ:

Այցի ընթացքի, արդիւնքների, Հայաստանի եւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ «Ապառաժ»-ը հարցազրոյց է ունեցել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հետ:

– Դուք պարբերաբար այցելում էք Արցախ: Ի՞նչ արդիւնքներ արձանագրուեցին Ձեր վերջին այցի ընթացքում:

– Արցախում իշխանութեան օղակների հետ քննարկեցինք Արցախի ներկայ իրավիճակը, անվտանգութեան խնդիրները, պետական առաջնահերթութիւնները, բանակցութիւնների գործընթացը, օտարերկրեայ պետութիւնների հետ յարաբերութիւնների կծիկը, ինչպէս նաեւ փոխադարձ գործակցութեան հնարաւորութիւնները, որպէսզի Արցախի ձայնը հասանելի դարձնենք աշխարհով մէկ: Այդ ուղղութեամբ ՀՅԴ-ի շարունակական ծրագիր ունի. ԱՀ նախագահը, պետնախարարը եւ արտաքին գործերի նախարարն այցելել էին Սփիւռքի տարբեր համայնքներ մեր հովանաւորութեամբ եւ օժանդակութեամբ: Այդ այցելութիւնները միայն ներազգային բնոյթ չունեն, միայն գաղութների հետ խօսելու նպատակ չեն հետապնդում, այլ ներառում են նաեւ օտար հասարակութեան եւ տարբեր երկրների ղեկավարութեան հետ յարաբերութիւնների ոլորտը: Պետական պաշտօնեաների հետ հանդիպումներ ապահովելը խիստ կարեւոր է, հակառակ նրան, որ որպէս չճանաչուած հանրապետութիւն՝ շատ երկրներ խուսափում են Արցախի հետ քաղաքական յարաբերութիւններ հաստատելուց:

Իշխանութիւնների ներկայացուցիչների հետ խօսել ենք նաեւ ՀՅԴ մարմինների եւ Հայ Դատի կորիզների հետ աշխատանքները համադրելու անհրաժեշտութեան մասին, որպէսզի շարունակենք տարիներ ի վեր տարուող աշխատանքը Արցախի ինքնորոշման իրաւունքի հաստատման եւ անկախութեան ճանաչման համար: Այդ աշխատանքները տարւում էին պատերազմից առաջ, շարունակուել են նոյնիսկ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ: Մեր շարունակական խորհրդակցութիւնների ընթացքում տեղեկութիւններ ենք փոխանակում Արցախի իշխանութեան ներկայացուցիչների հետ եւ որոշ աշխատանքներում ակնկալում ենք գործնական օժանդակութիւն եւ ջանքերի համադրում:

Ներկուսակցական իմաստով՝ ինձ համար ողջունելի է մեր շարքերի հետ հաղորդակցուելը եւ նրանց բազկերակը շօշափելը: Արցախի բոլոր շրջաններից մեր ընկերները հաւաքուել են Ստեփանակերտում եւ ընկերական հաւաք ենք ունեցել: Այդ հաւաքի ընթացքում ներկայացրել էի թէ Բիւրոյի նախաձեռնութիւնները, թէ ՀՅԴ-ի կեցուածքը ազգային եւ հայրենի հարցերի նկատմամբ եւ թէ տարբեր ոլորտներում ճշտուած առաջնահերթութիւնները: 2022թ. մարտին է աւարտուել ՀՅԴ Ընդհանուր ժողովը ևւ ձեւաւորուել է նոր Բիւրօ: Ծրագրման աշխատանքն աւարտուել է, եւ մենք հիմա մարտավարական եւ գործնական ուղեցոյցի ենք վերածում այն, որպէսզի քայլ առ քայլ իրագործենք մեր առաքելութիւնը: Այդ առաքելութիւնը համահայկական է, բայց նրա մէջ խիստ կարեւոր տեղ ունի Արցախը: Որպէս Հայ Դատի իրագործման առաջին հանգրւան՝ Դաշնակցութեան համար ընդունելի չէ Արցախի իրաւունքներից որեւէ նահանջ: Ուրախ եմ արձանագրելու, որ Արցախի ընկերները, հակառակ ամէն տեսակ զրկանքների, պատերազմի հետեւանքների, պատրաստ են նոր թափով լծուել աշխատանքի: Մենք այդ աշխատանքի բեռը դիւրացնելու ենք, փորձելու ենք տալ նաեւ ֆիզիկական հնարաւորութիւններ, որպէսզի Արցախում գործունէութեան դաշտն ընդլայնւի ու Արցախը ոչ միայն մնայ որպէս գաղափար, այլ շարունակական ներկայութիւն ապահովւի այստեղ, որպէսզի բոլոր շրջանակների կողմից ընկալւի՝ որպէս իրենց տուն: Շուտով յատուկ ծրագրերի մասին Արցախի ժողովուրդը կիմանայ: Այդ ծրագրերի մի մասն ունի համաժողորվրդական բնոյթ, մի մասն էլ՝ ներքին կազմակերպական:

– Հանդիպումներից մէկի ժամանակ խոսեցիք ազգային-ազատագրական պայքարի մասին. ի՞նչ է այն ենթադրում:

– Մանրամասնութիւնների մէջ չեմ ուզում մտնել, բայց յստակ է, որ մեր ռազմավարութիւնը, ճշտուած Ընդհանուր ժողովի կողմից, յստակօրէն նպատակադրել է Արցախի ամբողջական վերականգնումը: Մենք որեւէ ձեւով այս պարտութիւնը չենք նկատում վերջնական. սա ճակատամարտի պարտութիւն է, եւ պայքարը շարունակւում է: Սա նշանակում է, որ մենք քննարկում ենք տարբեր միջոցներ, որպէսզի կարողանանք վերականգնել Արցախի Հանրապետութիւնը եւ ապահովել ժողովրդի բարեկեցութիւնը: Այդ երկու նպատակներին հասնելու համար կան տարբեր միջոցներ՝ բարեգործական, բանակի հզօրացում, Արցախի անվտանգութեան մակարդակի բարձրացում եւ թշնամիներին դիմագրաուելու վճռականութեան վերահաստատում. այս բոլորը ազգային-ազատագրական պայքարի բաղկացուցիչ տարրեր են: Բոլորով աշխատելու ենք, որ Արցախն իրեն զգայ հզօր, պինդ ու լաւատես:

– Արցախի հարցի առումով՝ Հայ Դատի աշխատանքներն ի՞նչ փոփոխութիւններ են կրել պատերազմից եւ Ընդհանուր ժողովից յետոյ:

– Աշխատանքները նախկին թափով շարունակում ենք, բայց որոշ պատշաճեցումներ հարկաւոր են, մանաւանդ՝ հաշւի առնելով համաշխարհային նոր կացութիւնը: Մի շարք հանգամանքների պատճառով ՝ Ռուսաստան-Ուկրայինա պատերազմ եւ դրա ունեցած ազդեցութիւնը տարածաշրջանի վրայ, Ադրբեջանի եւ Թուրքիայի յարաբերութիւններ, 44-օրեայ պատերազմից յետոյ միջազգային ուժերը Արցախի կարգավիճակի հարցը փորձում են մղել երրորդ պլան՝ ասելով, որ հիմա խաղաղութեան հաստատման ժամանակաշրջան է, հիմա նոյեմբերի 9-ի յայտարարութեան գործնականացման պրոցեսն է առաջնահերթը, ուստի առայժմ մի կողմ պէտք է դնել Արցախի կարգավիճակի հարցը: Մենք սրա դէմ պայքարում ենք, աուելի ենք շեշտաւորում ԵԱՀԿ Մինսկի համանախագահութեան ձեւաչափի աշխուժացումը եւ Արցախի ինքնորոշման բացարձակ իրաւունքի հաստատումը:

Համաշխարհային հանրութիւնը պէտք է հասկանայ, որ Արցախի կարգավիճակը շարունակում է այժմէական մնալ եւ պիտի աշխատել աուելի ամրապնդելու այն հասկացութիւնը, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Մեր գործը որոշ չափով դժուարացել է, որովհետեւ միջազգային հանրութեան ուշադրութիւնն այլ կէտերի վրայ է սեւեռուած, իսկ տարածաշրջանում փորձում են հակամարտութիւնները «սառեցնել» կամ «լուծել»: Իսկ Ադրբեջանը յայտարարում է, որ իր համար Արցախի հարց գոյութիւն չունի այլեւս: Բայց մենք արթուն ենք պահում այն գաղափարը, որ խնդիրները չեն լուծուել, պարտութիւնները ժամանակաւոր բնոյթ են կրում եւ ինչպէս նախկինում ենք յաղթանակներ կերտել, գալու է նոր յաղթանակներ կերտելու ժամանակը:

Ինչպէս նախապէս նշեցի, ՀՅ Դաշնակցութեան համար Արցախի 44-օրեայ պատերազմում մեր պարտութիւնը ճակատամարտի կորուստներ են, ամէն առումով պատերազմը դեռ շարունակւում է, եւ մենք վհատուելու, յուսահատուելու տրամադրութիւն չունենք, ընդհակառակը պինդ ենք եւ աներեր շարունակում ենք մեր աշխատանքը: Արցախը միշտ պէտք է զգայ համայն հայութեան նեցուկը, մանաւանդ մեր համակուսակցական, համամիութենական կառոյցների ներկայութիւնը, որպէսզի Արցախը մեկուսացած լինելու հոգեբանութիւնից դուրս գայ: Ինչպէս գիտէք, Արցախում այս պահին ՀՅԴ տարբեր շրջանների երիտասարդական միութիւնների եւ Հայ Դատի յանձնախմբերի անդամներ կան: Այժմ մի քանի երիտասարդ ընկերներ ժամանակաւորապէս հաստատուել են Արցախում՝ փորձի փոխանցման, Հայ Դատի եւ երիտասարդական միութեան աշխատանքների օժանդակութեան համար: Նրանց մեկնելուց յետոյ նորերը կը փոխարինեն իրենց:

Յատուկ ուշադրութեան առարկայ է նաեւ Արցախի բարեկամների խմբերի ընդարձակման հարցը, որպէսզի մեր օտար բարեկամների այս համաշխարհային ցանցը եւս յաուելեալ թափով մեր կողքին պայքարի Արցախի իրաւունքների համար:

– Դիմադրութեան շարժումն արդեօ՞ք իր նպատակին հասել է ՀՀ-ում եւ Սփիւռքում պայքարի ոգին արթնացնելու առումով:

– Իր առաքելութեան մի մասն արդէն յաջողութիւն է արձանագրել, բայց հիմնական միտումը, որ այս իշխանութիւնից Հայաստանը պիտի ձերբազատւի, տակաւին չի իրագործուել: Անցած տարւայ ընտրութիւնների արդիւնքում Դաշնակցութիւնը վերադարձաւ խորհրդարան «Հայաստան» դաշինքի գործընկերների հետ, բայց ոչ ակնկալուած թւով, որպէսզի կարողանայ այս հանգրւանում իշխանութեան կամ քաղաքական գծի փոփոխութիւն իրականացնել: Սակայն ամենակարեւոր ձեռքբերումներից էին ժողովրդի մէջ դիմադրական ոգին արթնացնելը «Զարթնիր լաօ» շարժման միջոցով եւ իշխանութեան ազգավնաս ծրագրերը խոչընդոտելը: Մեր դիմադրութեան շնորհիւ կարողացանք հետաձգել մի շարք խնդիրներ, որոնք աուելի աղէտալի հետեւանքներ կարող էին ունենալ Հայաստանի համար: Յուսանք նաեւ, որ այս ձեւով զօրացրինք բանակցող հայկական կողմի ձեռքերը, որպէսզի նաեւ մեր թշնամիներին ցոյց տանք, որ երկիրը հալած իւղի նման կուլ չի տալիս Հայաստանի նկատմամբ ճնշումները եւ պարտադրանքները:

Մենք հիմա նոր մարտավարութիւն որդեգրելու հրամայականի առջեւ ենք: Ներկայումս շաբաթական դրութեամբ հաւաքներ են իրագործւում, իսկ աշնան ամիսներից սկսած՝ նոր մօտեցումների, նոր մեթոդների կիրարկման անհրաժեշտութիւն կայ: Ցաւում եմ, որ այս իշխանութիւնները չեն հանդուրժում այն իրողութիւնը, որ իշխանութիւն-ընդդիմութիւն «հակամարտութիւնը» ժողովրդավար պետութիւններում նորմալ գործընթաց է, եւ որեւէ իշխանութիւն պէտք է ձգտի միաւորել բնակչութեանը՝ մանաւանդ ճգնաժամերի ժամանակ: Նկատի ունենալով համահայկական առումով համախմբուելու, հայրենիք-սփիւռք միասնութիւն ստեղծելու կարեւորութիւնը, այդ կէտը տակաւին մնում է բաց վերք: ՀՀ այսօրւայ իշխանութիւնը ոչ միայն փորձում է հայրենի ժողովրդին պառակտել «հնի ու նորի», «սեւ ու սպիտակի» բաժանարար գծեր ստեղծելով, այլ այդ պառակտումը փորձում է տեղափոխել նաեւ Սփիւռք ու այնտեղ էլ ճեղքեր առաջացնել: Այս իմաստով լուրջ մտահոգութիւն ունենք, որ եթէ Սփիւռքում մի մեծ զանգուած դէմ էր այս իշխանութիւններին, այս վիճակը տեսնելով՝ շատերն ուղղակի օտարանում են հայրենիքից: ՀՅԴ-ի համար էական է հայրենիքի յաւերժացումը, պետականութեան ամրապնդումը եւ, մանաւանդ, Հայաստան-Սփիւռք միասնականութեան վերահաստատումը:

– Արցախը ՀՀ-ին կապող նոր ճանապարհի շինարարութիւն է ընթանում, քննարկւում է Բերձորի, Աղաւնոյի հարցը, ի՞նչ կարող ենք անել հնարաւորինս հայանպաստ զարգացումներ ունենալու համար:

– Մենք Արցախի իշխանութիւններին յստակ փոխանցել ենք, որ չպէտք է լինի միջանցքի այնպիսի փոփոխութիւն, որը կը վտանգի հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը եւ այնտեղ գտնուող բնակչութեանը: Մեզ համար Բերձորի եւ Աղաւնոյի իրաւունքների պաշտպանութիւնը խիստ կարեւոր են եւ այդ ուղղութեամբ շարունակելու ենք պայքարը, որպէսզի որեւէ նոր միջանցք չանտեսի մեր ժողովրդի շահերը: Անշուշտ, ճնշում կայ Հայաստանի եւ Արցախի վրայ եւ նոյեմբերի 9-ի յայտարարութեան կէտերից մեկում էլ խօսւում է միջանցքի նոր դասաւորման մասին: Բայց հիմնականն այն է, որ Լաչինի միջանցքի նոր դասաւորումները անպայման նկատի առնեն այնտեղ բնակուող մեր հայրենակիցների իրաւունքները: Մեզ համար յստակ է որ ազատ երթեւեկի հնարաւորութիւն պէտք է տրւի բոլորին նաեւ օտարահպատակներին, որպէսզի Արցախն մեկուսացումից դուրս գայ եւ հնարաւորինս թեթեւանայ շարժը հեշտօրէն կատարելու խնդիրը:

– ՀՀ իշխանութիւնների մօտ ընդգծուած հակադաշնակցական մոլուցք է նկատւում, բոլոր ընդդիմադիրներից յատկապէս ՀՅԴ-ի դէմ են թիրախաւորուած պայքար մղում: Ինչո՞վ էք բացատրում այս հանգամանքը եւ ինչպէ՞ս խուսափել անտեղի թիրախաւորումներից ու պիտակաւորումներից:

– Նախ՝ այն իրողութիւնը, որ յատուկ թիրախաւորում է տեղի ունենում ՀՅ Դաշնակցութեան նկատմամբ, ցոյց է տալիս, որ ընդդիմութիւնը եւ նրա գլխաւոր մղիչ ուժը՝ ՀՅԴ-ն, հասել են յաջողութիւնների, եւ դա անհանգստացրել է այս իշխանութիւններին: Եթէ այս պայքարն այդքան անիմաստ էր եւ ապարդիւն, ինչպէս փորձում են ներկայացնել ՀՀ իշխանաւորները, ապա ինչո՞ւ է իշխանութիւնն այսքան մտահոգուած Դաշնակցութեան ունեցած դերի եւ ազդեցութեան առումով: Կասկած չկայ նաեւ, որ Դիմադրութեան շարժման յաջողութիւններից մէկը Սփիւռքը զօրաշարժի ենթարկելն էր, եւ մեր պահանջներն այսօր ստացել են համահայկական տարողութիւն: Սփիւռքը տարբեր երկրներում հաւաքներով, ցոյցերով, բողոքի երթերով հանդէս եկաւ, եւ դա մէկ անգամ եւս փաստեց, որ համատարած դժգոհութիւն կայ իշխանութեան վարած քաղաքականութեան նկատմամբ: Մոլուցքի հիմնական պատճառն այստեղ պէտք է փնտրել, որ մեր յաջողութիւններն իրենց անհանգստացնում են, եւ փորձում են օգտագործել պետական ամբողջ ուժը Դաշնակցութեան աշխատանքը խանգարելու համար:

Դրանով է պայմանաւորուած ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի՝ ՀՀ այցելելու արգելքը, մեր երիտասարդների ձերբակալման հանգամանքը, ՀՅԴ տեղական ղեկավարների նկատմամբ հալածանքը եւ աշխարհով մէկ ապատեղեկատւական արշաւի ձեռնարկումը: Այդ աշխատանքի աղէտալի դրսեւորումը Սփիւռքը պառակտելու փորձն է, որի համար Սփիւռքի հարցերով յանձնակատարն ու այլ պաշտօնակատարներ առաքւում են տարբեր համայնքներ, որպէսզի այնտեղ հենարաններ ստեղծեն եւ բաժանումներ կատարեն: Սա ազգային առումով քանդիչ քաղաքականութիւն է, եւ եթէ իշխանութիւնները չհասկանան, թէ ուր է տանում մեզ բոլորիս այս մոլուցքը, մեր թշնամիներն առաուել արմատական ու պահանջկոտ կը դառնան եւ նոր զիջումներ կը պահանջեն ՀՀ-ից: Այս հանգրւանում էական է համահայկական միասնութիւնը եւ համազգային օրակարգի ճշտումը, բայց ներկայ մթնոլորտում դժուար է երեւակայել, որ այդպիսի բան կը լինի մօտ ապագայում, որովհետեւ վստահութիւնը լրիւ խախտուած է:

 

Զրուցեց Տաթեւիկ Աղաջանեանը

Leave a Comment

You must be logged in to post a comment.