Դաշնակցական կամաւոր, ապագայ բժիշկ Կիմի հարազատներն ու ընկերները միշտ զգում են նրա հոգևոր ներկայութիւնը

Ազնիւ, քաջ, հայրենասէր, բարի, ընկերասէր, ժպտերես․․․ Կիմ Խաչատրեանին այսպես են բնորոշում նրա հարազատները, ընկերները և, առհասարակ, նրան ճանաչողները։

Հայաստանոտ աչքերով   Դաշնակցական Կիմը մարտի 17-ին կը դառնար ընդամենը 26 տարեկան։ Երևանի Մխիթար Հերացու անուան բժշկական համալսարանում սովորող ապագայ բժիշկ Կիմը հոկտեմբերի 12-ին ՀՅԴ կամաւորական գումարտակի հետ մեկնել էր ռազմադաշտ։ Նա զոհուեց հոկտեմբերի 31-ին Արցախի հիւսիսային սահմանների պաշտպանութեան ժամանակ։

«Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում Կիմի մայրը՝ Նարինէ Միքայելեանը պատմեց՝ Կիմը անեզր հայրենասիրութիւն ունէր․ նա ազգային գաղափարների կրող էր։

«Կիմը շատ պատասխանատու էր։ Անսահման էր նրա սէրը կեանքի, մարդկանց, աշխարհի նկատմամբ։ Կիմն իր գրպանում, մեքենայում միշտ պահել է գրքեր, երգել հայրենասիրական երգեր, իր գլխավերևում  ծածանել մեր եռագոյնն ու դաշնակցութեան դրօշը։ Կար մի գիրք, որն իմ որդին միշտ պահում էր իր գրպանում՝ Գարեգին Նժդեհի «Հաց․ կե՛ր ու զօրացի՛ր» գիրքը, որով սնուեց ու զորացաւ որդիս, որի գաղափարներով  ոգեշնչուած՝ պարզապէս ճախրեց դէպի պատերազմ։ Ափսոս, որ դրօշը ձեռքին գնաց, բայց վրան վերադարձաւ․․․ Անցած չորս ամիսների ընթացքում ես թերթել եմ այս գիրքը, որը Կիմն իր հետ տարել էր պատերազմ։ Յետոյ տղաները ուսապարկը բերեցին, գիրքն ուսապարկի մէջ էր»,- իր քաջարի որդու  մասին խօսելով՝ պատմեց տիկին Նարինէն։

Նա պատմեց՝ Կիմին երկու անգամ մերժել են, նա երրորդ գումարտակի հետ է մեկնել Արցախ։

«Ես լացկան չեմ։ Գիտէ՞ք՝ առաջին անգամ երբ լաց եղայ, երբ հենց առաջին օրը հետևում էի ուղիղ եթերներին, ու Կիմը գրեց, որ ինքը չի գնում, իրեն չեն տանում։ Մայր եմ, ուրախացայ, որ չի գնում։ Յետոյ գրեց, որ ժամանակ չունի, տղաներին է ճանապարհում։ Այնուհետև, երբ ուղիղ եթերով կադրը Կիմի վրայով անցաւ, անքան տխուր էր Կիմը, որ իրեն չեն տանում։ Կիմին տեսնելով՝ սկսեցի լաց լինել․․․ Իսկ պատերազմ գնալիս նա հպարտութեամբ է գնացել, որովհետև գիտէր՝ ուր է գնում և յանուն ինչի», — պատմեց Կիմ Խաչատրեանի մայրը։

Նա մինչև հիմա յիշում է այն օրը, երբ Կիմը զանգել է իրեն ու հպարտօրէն ասել՝ գնում է պատերազմ՝ հայրենիքը պաշտպանելու։

«Կիմը զանգեց, ասաց․ «Մա՛յր ծնող, որդիդ զինուոր ա կ՚երթայ», ասացի՝  հո՜  կ՚երթաս, որդի՛ս, Կիմն ասաց․ «Մա՛մ, իսկ ո՞վ գնայ», և ես պատասխան չունէի․․․», — պատմեց տիկին Նարինէն, որը որդու հետ խօսելուց յետոյ պատրաստել է նրա իրերն ու բժշկական պարագաներ, որպէսզի Կիմը պատերազմի ընթացքում զինուոր լինելուց զատ՝ նաև կեանքեր փրկեր, եթէ դրա կարիքը լինէր։

Հերոսական ոգով Կիմի մայրն ասում է՝ վատ կանխազգացում ունէր, բայց Կիմին չի խնդրել ու պարտադրել Արցախ չմեկնել․ տրամաբանական է՝ Կիմին դաստիարակած մայրը չէր կարող խիզախ ու հայրենասէր չլինել։

Կիմի հայրը՝ Սիմոն Խաչատրեանը, որը Արենիի միջնակարգ դպրոցում ռազմագիտութեան ուսուցիչ է,  որդու մասին խօսելիս պատմեց՝ Կիմի համար ամէն ինչում, ամէն տեղ հայրենիքն ու հայրենասիրութիւնն էր։

Կիմի ծնողներին ճանաչելով՝ հասկանում ես, որ հայրենասիրութիւնը Կիմի մէջ անցել է գեներով, հայրենասիրութիւնը ձուլուել է նրա արեանն ու հոսել նրա երակներով․․․

«Ուր էլ գնար, եռագոյնն իր մօտ էր, նոյնիսկ իր 15-ամեակի օրը եռագոյն էր ծածանում։ Իսկ «Դաշնակցութեանն» անդամակցելուց հետո եռագոյնի հետ պահում էր նաև «Դաշնակցութեան» դրօշը։ Այդ դրօշները ես սրբօրէն պահում եմ։ Պատերազմ գնալիս Կիմը հագել էր զինուորական համազգեստը, իր վրայ փաթաթել  այդ երկու դրօշները։ Կիմը գաղափարախօսութիւն դաւանող երիտասարդ էր։ Նա այդ կուսակցութեան անդամ էր, նուիրուած էր ողջ էութեամբ՝ մինչև արեան վերջին կաթիլը, ինչպէս իր երդումը տալու ժամանակ ասել էր՝ երդւում է  հայրենիքով ու իր պատուով», — պատմեց Կիմի հայրը։

Խիզախ Կիմի ծնողներն ու ընկերները նշում են՝ միշտ զգում են Կիմի հոգևոր ներկայութիւնը։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ատենապետ Տարօն Ղազարեանը, որը Կիմի մտերիմ ընկերներից և մարտական ընկերներից է, պատմեց՝ Կիմի կերպարն ասոցացւում է հայկականութեան ու անմնացորդ հայրենասիրութեան, փոխօգնութեան, մարդասիրութեան հետ․ Կիմին  ճանաչողները չէին կաշկանդւում և օգնութեան կարիք ունենալու դէպքում անպայման դիմում էին նրան։

«Կիմը միշտ ներկայ է։ Սովորաբար չեմ կարողանում անցեալով խօսել նրա մասին։ Ամենանեղ ու տխուր պահերին նա կարծես զգում էր, որ օգնութեան կարիք ունեմ։ Նա զտարիւն հայ է ու բարի մարդ», — Կիմի մասին ներկայ ժամանակով  խօսելով՝ «Հորիզոն»-ի թղթակցին պատմեց Կիմի մտերիմ ընկերուհի, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Սեդա Մակարեանը։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ, Կիմի մանկութեան ընկեր, մարտական ընկեր Հայկազ Յարութիւնեանը, բնորոշելով Կիմին՝ ասաց՝ նա մանկան մաքրութիւն ունէր։

«Նոյնիսկ  երեք-չորս տարեկանից նրա մէջ արդէն իսկ արմատացած էին հայրենասիրութիւնը, ընկերասիրութիւնը, ազգային գաղափարները, և հենց այդ գաղափարների պաշտպանութեան համար նա ընկաւ պատերազմի դաշտում։ Երբեմն լինում են իրավիճակներ, երբ երկմտում եմ ու դժուարանում գտնել այս կամ այն հարցի պատասխանը։ Նման պարագաներում հնարաւորութեան դէպքում գնում եմ Կիմի մոտ, երկար խօսում, քննարկում անցկացնում ինքս իմ ու միևնոյն ժամանակ Կիմի հետ, պատկերացնում այն տեսանկիւնը, որը Կիմը կը ներկայացնէր, ապա հանդարտւում ու գտնում հարցերիս պատասխանները։ Իսկապէս, ես յաճախ եմ զգում Կիմի հեգևոր ներկայութիւնն ու աջակցութիւնը, ապա երկմտումների թնճուկից միակարծիք դուրս գալիս», — պատմեց Հայկազ Յարութիւնեանը։

Քանի դեռ խիզախ, հայրենասէր, բարի ու ժպտերես Կիմին յիշում են, նա ապրելու է։ Մարտի 17-ին՝ Կիմի ծննդկան օրը, նրա դաշնակցական ըկերներն Արենիում էին․ գնացել էին իրենց սիրելի ընկերոջն  այցելութեան, իսկ մարտի 19-ին նրան նուիրուած յուշ-երեկոյ էր կազմակերպուել Երևանի Մխիթար Հերացու անուան բժշկական համալսարանում․ Կիմի հայաստանոտ ներկայութիւնն, ի հարկէ, անհնար էր չզգալ։ Կիմը ներկայ էր, ներկայ է այսօր ու միշտ, որովհետև Կիմի պէս քաջերն անմահ են։

Յասմիկ Բալեյեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.