Գտնւում ենք ժողովրդագրական ճգնաժամից ժողովրդագրական աղէտի անցման փուլում. Միքայել Մալխասեան

2019թ. նոյեմբերի 13-ին Նիկոլ Փաշինեանը ֆեյսբուքեան գրառմամբ յայտնեց, որ նշուած տարուայ երկրորդ և երրորդ եռամսեակներին Հայաստանում ծնուած երեխաների թիւը գերազանցել է անցած տարուայ նոյն ժամանակահատուածում արձանագրուած ցուցանիշը:

«Եթէ անցած տարի այդ ժամանակահատուածում ծնուել էր 18 հազար 258 երեխայ, ապա այս տարի երկրորդ և երրորդ եռամսեակների ընթացքում ծնուած երեխաների թիւը կազմել է 18 հազար 493, կամ 235-ով աւելի: Ծնունդների թիւի աճը մեծ չէ, անշուշտ, սակայն պէտք է հաշուի առնել, որ անցած առնուազն 5 տարիներին այդ ցուցանիշը, մեղմ ասած, գահավիժում էր: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ յեղափոխութիւնից յետոյ հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են, և համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ, որպէսզի այդ սպասումներն ակներև դառնային լոյս աշխարհ եկած երեխաների թիւի աճի տեսքով: Սրան աւելացնենք, որ յեղափոխութիւնից յետոյ շարունակում է արձանագրուել ամուսնութիւնների թիւի աճ, ամուսնալուծութիւնների նուազում»,- գրել էր Նիկոլ Փաշինեանը՝ ծնունդների ու ամուսնութիւնների աճը փաստացի պայմանաւորելով իշխանափոխութեամբ և համարելով իշխանութեան եկած քաղաքական խմբի ձեռքբերում:

Այնինչ այդ ցուցանիշները կարճ ժամանակ անց կտրուկ նուազեցին՝ 2020-ին աշխարհը ծնկի բերած Քովիդ-19 համավարակով և 44-օրեայ պատերազմով պայմանաւորուած: Ստեղծուած իրավիճակը մասնագէտները գնահատում են՝ որպէս ժողովրդագրական աղէտ:

ՀՀ ժողովրդագրական միտումներն անկախացումից յետոյ հիմնականում եղել են բացասական: 1993թ. սկիզբ առած ժողովրդագրական ճգնաժամը շարունակւում է մինչև հիմա: Անկախացումից մինչև 2000-ականների սկիզբը ծնունդների թիւը նուազել է մօտ 3 անգամ:

2021-ի ընտրութիւնների նախընտրական քարոզարշաւի ժամանակ նոյնպէս քաղաքական նպատակներով շահարկւում էր ծնունդների աւելացման ու մահերի նուազման ցուցանիշը, որը համարւում էր օրուայ իշխանութիւնների ձեռքբերում, սակայն իրականում դա իշխանութիւնների ու նրանց վարած քաղաքականութեան հետ բոլորովին կապ չունէր:

Ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինեանը ՀՀ հպարտ քաղաքացուն մինչև պատերազմը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Խոստանում էր մինչև 2050թ. Հայաստանի բնակչութեան թիւը դարձնել 5 մլն, կեանքի միջին տևողութիւնը՝ 90 տարի:

Յետոյ այս, ինչպէս պարզուեց, անիրատեսական ծրագրերը դարձան Հայաստանի՝ մինչև 2050 թուականի վերափոխման ռազմավարութիւն և մեծ հանդիսաւորութեամբ ներկայացուեցին պատերազմից ընդամէնն օրեր առաջ:

Ի՞նչ ունենք այսօր: Ինչպիսի՞ն է ժողովրդագրական վիճակը Հայաստանում: Կայ՞ արդեօք ժողովրդագրական աղէտ, և որքանո՞վ են ժողովրդագրական ցուցանիշները կապուած քաղաքական իշխանութեան գործունէութեան հետ:

«2018թ.-ին գրանցուեց բաւականին ցածր մահացութիւն՝ 25 645 մահ, և սա ամենացածր ցուցանիշն էր 2005թ. այս կողմ: Նոյնը պահպանուեց 2019-ին, երբ գրանցուեց 26 252 մահ: Շտապեցին յայտարարել, որ մարդիկ երջանիկ են ու որոշել են չմահանալ: 2017-ին 2016-ի համեմատ գրանցուել էր 1070-ով պակաս մահ, բայց ոչ մէկը չէր շտապում յայտարարել, որ իրենց շնորհիւ մի տարում 1070-ով նուազել են մահուան դէպքերը: 2018-ին 2017-ի համեմատ 1512-ով էին նուազել մահուան դէպքերը: Դա ունրէ շատ պարզ պատճառաբանութիւն, և այդ օրերի քաղաքական իրադարձութիւնները չէին կարող կտրուկ փոխել ժողովրդագրական պատկերը: Պարզապէս այդ տարիներին մահանում էին Հայրենական պատերազմի տարիներին ծնուածները: 2020-ին գրանցուեց հակառեկորդ: Միանգամից նախորդ տարուայ համեմատ գրանցուեց 10 000-ով աւելի շատ մահ և գրանցուեց մեր ժողովրդագրական պատմութեան մէջ որպէս առաւելագոյն մահացութիւն գրանցած տարի»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Պատմական ժողովրդագրութեան մասնագէտ, պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասեանը:

Ընդհանուր առմամբ, Միքայել Մալխասեանի խօսքով, մահացութիւնը՝ անկախ Քովիդի ու պատերազմի ուղղակի ազդեցութիւնից, աճում է միջինը 4-5 տոկոս, որն առաջիկայ տարիներին շարունակական լինելու միտում ունի, որովհետև արդէն մահանում են Հայրենական պատերազմից յետոյ ծնուածները: Հայրենական պատերազմից յետոյ ծնելիութիւնը կտրուկ աճել է և շարունակուել է մինչև 60-ականների սկիզբ: Եթէ հետհաշուարկ ենք կատարում կեանքի միջին տևողութեամբ, ապա ստացւում է, որ այդ մարդիկ հիմնական մահացող տարիքային խումբն են այսօր, հետևաբար՝ բնական է, որ մահացութեան ընդհանուր ցուցանիշը պիտի աճի:

Ինչ վերաբերում է ծնելիութեան աճի միտումներին, ապա, Միքայել Մալխասեանի խօսքով,  այն սկսել է աճել 2001-ից յետոյ և առաւելագոյն ցուցանիշին է հասել 2010 թուականին՝ 44 825 ծնունդ, յետոյ աստիճանաբար սկսել է նուազել: Ծնունդների ցուցանիշի աննշան աճ է գրանցուել նաև 2014, 2020 և 2021թթ.: Այս և նախորդ տարուայ առաջին 5 ամիսների համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ծնունդները նուազել են 5.4 տոկոսով, իսկ 2020-ի յունուար-մայիս ամիսների համեմատ աճել են 6 տոկոսով:

«Եթէ գնահատենք ժողովրդագրական վիճակը, ապա գտնւում ենք ժողովրդագրական ճգնաժամից ժողովրդագրական աղէտի անցման փուլում: 2020-ին ծնունդների և մահերի բալանսը եղել է բացասական, 2021-ին՝ չնչին դրական, բայց ծնելիութիւնը գտնւում է կայուն ցածր մակարդակի վրայ: Եթէ անգամ ծնելիութիւնն ունի աճի միտում, երկարաժամկէտ հեռանկարում չի կարող ծածկել մահացութեան աճի ցուցանիշները: Դրա համար անհրաժեշտ են ծնելիութիւնը խթանող պետական լրացուցիչ ծրագրեր: Այսօր իրականացուող ծրագրերը բաւարար չեն»,- արձանագրում է մեր զրուցակիցը:

Մասնագէտը վստահ է, որ երկու սեռերի թուաքանակի միջև մեծացող անհավասարակշռութիւնն անխուսափելիօրէն երկարամեայ բացասական ազդեցութիւն է ունենալու ժողովրդագրական իրավիճակի վրայ:  Ուղղակի և անուղղակի ազդեցութիւն կ’ունենան ժողովրդագրական իրավիճակի վրայ նաև տարածքային կորուստները:

«Ժողովրդագրութեան մէջ գոյութիւն ունի «Սերբական սինդրոմ» տերմինը: Հարաւսլաւիայի փլուզումից յետոյ սերբ հասարակութեան մօտ ապագայի նկատմամբ հաւատը՝ որպէս սերբական ապագայ, սկսեց զրոյանալ, և գրանցուեց ծնելիութեան կտրուկ անկում: Եթե այս համատեքստում դիտարկենք Արցախն ու Հայաստանը, կարող ենք մի քանի տարուայ ընթացքում չափել, թե որքանով է դա արտայայտւում մեզ մօտ: Անցած տարի Արցախում առաջին 6 ամիսների կտրուածքով ծնունդների և մահերի տարբերութիւնը բացասական էր՝ -88: Դա բացատրւում է մի շարք հանգամանքներով՝ մէկը՝ հոգեբանական, միւսը՝ ուղղակի ազդեցութիւնը, երբ մարդիկ լքում են իրենց բնակավայրը, և նրանց հաշուառման ցուցանիշները կապւում են նոր բնակավայրերի հետ: Իսկ Արցախից տեղահանուած բնակչութեան մի մասը չի վերադարձել Արցախ, որովհետև պարզապէս դա հնարաւոր չէր»,- նշեց Միքայել Մալխասեանը:

Ժողովրդագրութեան մասնագէտը վստահեցնում է, որ տարբեր պետութիւնների որդեգրած ժողովրդագրական քաղաքականութիւնը դարձել է ազգային ծրագիր կամ առնուազն ժողովրդագրական զարգացման հայեցակարգ: Դրանք ուղղակի փաստաթղթեր չեն և ներառում են համալիր միջոցառումներ՝ տնտեսական, սոցիալական, կրթական և հոգեբանական: Սա անհրաժեշտութիւն է մեր երկրի համար` հաշուի առնելով այն, որ մեր թշնամի հարևանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի դէպքում ժողովրդագրական միտումներն աւելի ձեռնտու են։

«Մեզ մօտ նման համալիր համակարգ չկայ, կան սոցիալական ծրագրեր ու միջոցառումներ՝ ծնելիութեան խրախուսում, երիտասարդ ու երեխաներ ունեցող ընտանիքների աջակցութիւն, երեխայի ծննդեան միանուագ և աշխատող մայրերին տրուող ամսական նպաստի բարձրացում: Սակայն սրանք բաւարար չեն: Կայ ժողովրդագրական ազգային ծրագրի խիստ անհրաժեշտութիւն: Իսկ քանի դեռ չկայ նման ծրագիր, ապա ժողովրդագրական աղէտալի վիճակը շարունակելու է նոյն տեմպերով զարգանալ»,- եզրափակեց Միքայել Մալխասեանը:

 

Աննա Դեմիրճեան

168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.