«Գնալու ենք մինչև վերջ, հեռացնելու ենք այս իշխանութեանը».

Մարտի 11-ին Բաղրամեանում գտնուող վրանում տեղի ունեցաւ Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի մամուլի ասուլիսը։

Իշխան Սաղաթելեանը, հրապարակելով Հայրենիքի փրկութեան շարժման յայտարարութիւնը, ներկայացրեց քաղաքական կլոր սեղան կազմակերպելու ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի առաջարկի վերաբերեալ Շարժման դիրքորոշումներն ու գնահատականները, պատասխանեց լրագրողների հարցերին։

«Մենք կարևորում ենք երկրում ստեղծուած իրավիճակից, ճգնաժամից հրատապ դուրս գալու անհրաժեշտութիւնը, պատրաստ ենք հանդիպման, բայց այդ հանդիպումը չպէտք է լինի ձևական: Աւելի մատչելի ասեմ՝ եթէ ուզում են ստեղծել ընդդիմութեան և Նիկոլ Փաշինյանի այնպիսի հանդիպման տեսարան, ինչպէս երէկ եղաւ ԳՇ-ի հետ, ապա այդ հաճոյքը նրանց չենք պարգևի: Բայց եթէ իրականում ուզում են երկրում ստեղծուած իրավիճակից ելքեր գտնել, ապա մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը»,- ասաց Իշխան Սաղաթելեանը:

Սաղաթելեանը նշեց, որ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի կողմից հրաւիրուած հանդիպմանը կը մասնակցեն միայն այն օրակարգով, որը նրանք են առաջարկում, հակառակ դէպքում՝ որևէ շոուի ականատես չեն ուզում լինել: «Մինչ այս պահը պարզ չէ՝ Նիկոլ Փաշինեանն ընդունե՞լ է Արմէն Սարգսեանի հանդիպման առաջարկը, թէ՞ ոչ, ես չգիտեմ նրանք պայմանաւորուածութիւն ունե՞ն, թէ՞ ոչ, բայց մեզ դա չի էլ հետաքրքրում»,-ասաց նա:

Սաղաթելեանը նշեց, որ իրենց պայքարի և վճռականութեան հետ կապուած որևէ բան չի փոխուել: «Նիկոլ Փաշինեանն ընտրութիւններից խօսում է այն ժամանակ, երբ շարժումը թափ է հաւաքում, ուժեղանում է: Երբ շարժումն իր թափը որոշակիօրէն կոտրում է, նա ասում է՝ դէ լաւ, ժողովրդական պահանջ չկայ, ընտրութիւն չի լինելու: Նա յաճախ այս քայլերով կարողացել է ազդել շարժման ընթացքի վրայ, այս անգամ չի յաջողուի դա նրան»:

Նա շեշտեց, որ Փաշինեանն ընտրութիւնների չի գնում, քանի որ վախ ունի չընտրուելու և այդ պատճառով յուշագրերի ստորագրում է ուզում խորհրդարանից: Վերջինս ընդգծեց, որ առաջացած խնդիրները կարող են հանգուցալուծուել միայն իրենց առաջարկած տարբերակով, քանի որ իշխանութեան քայլերն ու յայտարարութիւնները, ըստ նրա որակման, բլեֆ են:

«Նախագահը պէտք է ողջունի մեր օրակարգը: Բայց եթէ այդ սեղանի շուրջ պէտք է քննարկուի Սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրէնսգիրք, օրէնքներ, ապա գնանք ի՞նչ խօսենք: Մենք այս առումով կասկածներ ունէինք, որ կողմերն այս առաջարկութեան մէջ անկեղծ չեն ու իրենց աւելի շատ հետաքրքիր է ստանալ իրենց ուզած տեսարանը, իսկ մեզ հետաքրքրում է իրավիճակից ելքեր գտնելը, քանի որ մեր երկիրը գնալով հիւծւում է»,-ընդգծեց նա:

Սաղաթելեանն անդրադարձաւ նաև այն քննադատութիւններին, որոնք ուղղւում են շարժման դէմ, թէ շարժումը վճռական չէ, հանրային սպասումը մարում է: Նա նշեց, որ սա մեկ գործողութեամբ ակցիա չէ և բոլորն արդիւնաւէտ քայլեր առաջարկելու հնարաւորութիւն ունեն: «Մենք չենք նահանջելու, հետ քայլ չենք անելու, գաղտնի պայմանաւորուածութիւններ չենք ունենալու, գնալու ենք մինչև վերջ, հեռացնելու ենք այս իշխանութեանը»:

Մանրամասները՝ տեսանիւթում

Leave a Comment

You must be logged in to post a comment.