Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպէսզի օր առաջ իշխանազրկուի հայրենիքը յանձնող այս իշխանութիւնը

Տարօրինակ է երբ ժողովրդավարական հռչակուած երկրում ժողովրդի բարձրագոյն ներկայացուցչական մարմինն այսօր, սկսելով իր նիստերն, օրակարգում չի կարողանում ներառել հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակութիւն ունեցող հարցերի քննարկումը, որոնց վերաբերեալ երէկ Նիկոլ Փաշինեանը կատարել է հակապետական, հակաազգային եւ ապօրինի յայտարարութիւններ. Մայիսի 23-ին, ԱԺ ամբիոնից ունեցած ելոյթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը։

«Երէկ կէսգիշերին Արցախի խորհրդարանը հանդէս եկաւ յայտարարութեամբ։ Մենք՝ «Հայաստան խմբակցութիւնը, լիակատար սատարում ենք յայտնում Արցախի ժողովրդին եւ Արցախի խորհրդարանի Յայտարարութեանը։ Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպէսզի օր առաջ կասեցուի այս ազգակործան ընթացքը, որպէսզի օր առաջ իշխանազրկուի հայրենիքը յանձնող այս իշխանութիւնը։

Նիկոլ Փաշինեանին, որ յաճախ սիրում է տրամաբանական շղթաներ կառուցել, ուզում եմ այս ամբիոնից հրապարակային հարց տալ․ Հայաստանի Անկախութեան մասին հռչակագիրը, որը յետագայում բազմաթիւ հանրաքուէներով հաստատուել է, սեւով սպիտակի վրայ ամրագրել է՝ ՀՀ ժողովրդի անունից հանդէս գալու իրաւունքը պատկանում է բացառապէս ՀՀ Գերագոյն խորհրդին։ ՀՀ Գերագոյն խորհուրդը 1992 թուականի Յուլիսի 8-ին կայացնում է որոշում՝ ՀՀ-ն կը պաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կ’ընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, հետեւողականօրէն սատար կը կանգնի ԼՂՀ-ին եւ նրա բնակչութեան իրաւունքների պաշտպանութեանը, ՀՀ-ի համար անընդունելի կը համարուի միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշուած կը լինի Ատրպէյճանի կազմում», նշեց Մինասեանը։

Ինչպէս ընդգծեց պատգամաւորը, սա ՀՀ ժողովրդի անունից հրապարակուած եւ առ այսօր առկայ միակ լեգիտիմ յայտարարութիւնն է, եւ հետեւաբար ի՞նչ իրաւասութեամբ է Նիկոլ Փաշինեանը կատարում յայտարարութիւններ։

«Ուզում եմ դիմել աշխարհասփիւռ հայ ժողովրդին եւ միջազգային հանրութեանը․ Նիկոլ Փաշինեանը Հայաստանը չէ, Նիկոլ Փաշինեանը հայ ժողովրդի անունից Արցախը յանձնելու, Արցախն Ատրպէյճանի կազմում տեսնելու, արցախահայութեան, որոնց 90 տոկոսից աւելին նաեւ ՀՀ քաղաքացիներն են, իրաւունքները ոտնահարելու որեւէ իրաւունք չունի։ Մենք կոչ ենք անում բոլոր առողջ ուժերին համատեղել ջանքերը՝ օր առաջ իշխանազրկելու հայրենադաւ այս իշխանութիւններին», եզրափակեց նա։

 

Comments are closed.