Բժիշկ Յակոբը կամ երբ կռիւ է, չես մտածում՝ ում փրկել, ում՝ ոչ

2020 թուականի աշնանը Ղարաբաղում հայ-ադրբեջանական 44-օրեայ պատերազմի ժամանակ Յակոբ Խաչատրեանը մէկն էր այն մարդկանցից, ովքեր փրկում էին, ոչ թէ սպանում։ Հաւատարիմ մնալով մասնագիտական ​​պարտքին՝ նա օգնում էր, ում կարող էր՝ հայերին ու ադրբեջանցիներին՝ անկախ ազգութիւնից։

Վիրաբոյժ Յակոբ Խաչատրեանի պատմութիւնը ներկայացնում ենք «Հետագծեր» նախագծի շրջանակում։

Բժիշկ Յակոբը պատերազմի ընթացքում վեց անգամ փոխեց աշխատանքի վայրը, բայց նրա առաքելութիւնը մնաց անփոփոխ. փրկում ու բուժում էր բոլորին՝ անկախ ազգութիւնից։

«Բազմիցս առաջին օգնութիւն ենք ցուցաբերել ադրբեջանցիներին»,- բժիշկներին բնորոշ հանգստութեամբ ասում է Յակոբը,- երբ մեզ մօտ վիրաւոր էին բերում, երբեմն գիտէինք, որ նա ադրբեջանցի է, երբեմն՝ ոչ։

Ես գիտակցաբար էի անցնում գործի՝ իմանալով, որ պատերազմի ժամանակ ադրբեջանցու եմ վիրահատում, բայց դա անում էի այն յոյսով, որ հակառակ կողմում կը լինի մէկը, ով նոյնը կ’անի հայ զինւորի համար»։

Պատերազմի ժամանակ Յակոբը վիրահատել է մի քանի ադրբեջանցիների, մի քանիսին էլ առաջին բուժօգնութիւն է ցուցաբերել։ Ասում է՝ երկար մտածելու ժամանակ չի ունեցել, արել է այն, ինչ չէր կարող չանել։

«Երբ կռիւ է, չես մտածում՝ ում փրկել, ում՝ ոչ, ժամանակ չկայ տարբերելու՝ ով է հայ, ով՝ ոչ։ Անում ես այն, ինչ քեզնից է կախուած, կատարում ես մասնագիտական ​​պարտքդ, իսկ վիրաւորին օգնելու անհրաժեշտութիւնը բառացիօրէն ենթագիտակցական մակարդակում է»։

Նա պատմում է մի իրավիճակի մասին, երբ վիրահատական ​​սեղանին են եղել հայն ու ադրբեջանցին։ Հային չի յաջողուել փրկել, իսկ ադրբեջանցին ողջ է մնացել։

Ականատես է եղել, թե ինչպէս մէկ մարդը կարող է փոխել իրադարձությունների ընթացքը, և ինչպէս մէկ մարդու ներկայութիւնը կարող է շրջադարձային լինել նոյնիսկ ամենադաժան պայմաններում։

«Աշխատում էինք փոքր թիմով։ Այդ ամբողջ ընթացքում պատերազմի բոլոր այն վայրերում, որտեղ մենք եղել ենք, մեզ մօտ 2500 վիրաւոր են բերել, 2500 վիրահատութիւն ենք իրականացրել։ Եւ եթէ նրանցից 500-ը եղել են իմ հիւանդները, նշանակում է՝  եթէ ես չլինէի, ապա մահացածները 500-ով աւելի կը լինէին, մահացածները կամ հաշմանդամութիւն ձեռք բերածները»։

Եթէ ​​2500-ը բաժանենք պատերազմի 44 օրուայ վրայ, ապա կը ստացուի, որ բժիշկ Խաչատրեանն իր փոքրիկ թիմով օրական 57 մարդու կեանք է փրկել՝ անկախ նրանց ազգութիւնից։

Յակոբի խօսքով՝ իր արածի լաւագոյն գնահատականն ամէն օր ստացուող հեռախօսազանգերն են․ զինուորները յիշում են իրենց փրկողին։

Կարելի է ենթադրել, որ նրա շնորհիւ ապրող ադրբեջանցիները ևս սիրով են յիշում բժիշկ Յակոբին։

Jam-News.net

Leave a Comment

You must be logged in to post a comment.