Արցախ… Ես մի՛շտ այնտեղ եմ եղել. Անժելա Ֆրանգեան
Արցախի ձգողական ուժը յաճախ իր մօտ կանչած է վաւերագրող, ֆիլմարտադրող Անժելա Ֆրանգեանը… ան այնտեղ էր 2020-ին՝ ապրելով 44-օրեայ պատերազմը, հոն էր նաեւ 2023-ի շրջափակման ամիսներուն ընթացքին, որմէ ետք անցաւ բռնագաղթի դժոխային ողջ ճանապարհը…
Գորիսէն Երեւան հասնիլը տեւած է օրեր, այդ ընթացքին, ան փորձած է ապաստան գտնել ու անհրաժեշտ կարիքները ապահովել իրեն հարազատ դարձած բռնագաղթուած գիւղացիներուն… Առ այսօր Անժելան հոգիով դեռ «այնտեղ» է… ու «անոնց» հետ…
2020-ին Անժելան առանց յատուկ ծրագրի, որոշած է մի քանի օրով Արցախ երթալ, երբ անմիջապէս սկսած է պատերազմը։ Այդ պայմաններուն մէջ՝ չունենալով յատուկ ընելիք մը՝ սկսած է նկարել… Պատերազմէն ետք, երբ Անժելան վերադարձած է Երեւան ու վերանայած իր նկարած նիւթերը, հասկցած է, որ դարձեալ պէտք է երթայ, որովհետեւ իր նկարածը պատերազմն էր, իսկ արցախցիները կը պայքարէին՝ ապրելով կեանքը…
Այն հարցին, թէ ե՞րբ էր ձեր վերջին մեկնումը Արցախ, Անժելան պատասխանեց. «Իրականում ես միշտ այնտեղ եմ եղել…»։ Ան վերջին անգամ Արցախ մեկնած է, երբ զինք միշտ ձգող ճանապարհը կիսաբաց էր, ապա սկսած էր կատարեալ շրջափակումը եւ Անժելան քիչ մը Ստեփանակերտ մնալէն ետք, ժամանակին մեծ մասը անցուցած է «Կարմիր Շուկայ» գիւղին մէջ… «Միշտ վատ եմ զգում, որ ասեմ, Արցախ գնացել եմ կինօ նկարելու համար, որովհետեւ այնպէս չէ, որ այդ նպատակով եմ գնացել, այնտեղ իմ ամենամօտ ընկերներն են եղել․ օրինակ մի անգամ գնացել էի թթի թափ տալը նկարելու, թթի տնական օղի ստանալու այդ ճանապարհը, դրա հետ մէկտեղ, տեսնում էի թէ իրենք ոնց են ապրում… յետոյ եղաւ պլոքատան։ Արցախցիները փորձում էին խաղաղ ապրել, արարել, իրենց աւանդոյթները շարունակում էին, ինչպէս թթի արաղ պատրաստելը եւ այլն։
Մի քիչ էլ տարօրինակ է խաղաղ ասել, այդ դէպքում, երբ գնում էինք գիւղեր, որտեղ անգամ հեռադիտակ էլ պէտք չէր, որ թշնամու կէտերը տեսնէինք, բայց նոյնիսկ թշնամի դիպուկահարի նշանի տակ, իրենք իրենց թութը թափ էին տալիս, իրենց օղին քաշում էին, այդպէս իրենք իրենց կեանքը հանգիստ ապրում էին»։
«Պլոքատայի ժամանակ մի քիչ տարբեր էր, սկիզբը մի քիչ Ստեփանակերտում էի, որտեղ հերթերն աւելի մեծ էին, ծանր վիճակներ էին։ Ես նեղւում էի, որովհետեւ օրուայ վերջը հասկանում էի, որ ամբողջ օրս հերթերի մէջ կորաւ, չնայած միշտ ինձ լաւ են նայել, որպէս հիւրի։ Գիւղում ուրիշ էր, ոնց որ մի ընտանիք լինէինք… Հերթերում, եթէ զոհուածի կին կար, պէտք է առաջինը թողէին, եթէ երեխէք կային, որ կողքի գիւղից են եկել, իրենց պէտք է առաջինը հաց տային, որ իրենք շուտ տեղ հասնէին, էդ իրար համար մտահոգուելը մի բան էր, որը երեւի ոչ մի տեղ չէիք գտնի… Մի անգամ մէկը գիւղից իմացել էր, որ սուրճ չունեմ, ինչ որ ձեւերով փորձել էին մի չորս գդալ սուրճ հասցնէին մեզ, ու էդ էնքան մե՜ծ ու թանկ բան էր թւում, միշտ հարցնում էին ինչ ունեմ ուտելու», կը պատմէ մեր զրուցակիցը։
Անժելան Արցախի մէջ ժամանակի մեծ մասը «Կարմիր Շուկայ» գիւղին մէջ անցընելով՝ շփուած ու ապրումակցած է նաեւ յարակից գիւղերու բնակիչներուն հետ, որոնք մինչեւ վերջ փորձած են ապրիլ, ու ամիսներ գոյատեւել մայրերու պատրաստած պահածոներուն շնորհիւ…
– Անժելա՛, ձեր շրջապատին մէջ կայի՞ն մարդիկ, որոնք շրջափակման դժուարութիւնները ապրելով, որոշած էին, երբ ճանապարհը բացուի լքել Արցախը։
– Սկզբում կարող է ես էլ մտածէի, որ եթէ ճանապարհը բացեն, գոնէ մարդկանց կէսը կը հեռանայ, բայց օրինակ, երկու օր հրետակոծութիւնից յետոյ, երբ հաղորդակցման կապ չունէինք, մեզ հրետակոծութեան տակ էլ տարին ուրիշ գիւղ, երբ տեղ հասանք, պարզուեց, որ էն մի գիւղն էլ արդէն թուրքերը փակել են ու մենք շրջափակման մէջ ենք, ոչ մի տեղեկութիւն չունէինք, ոչ կապ կար, ոչ էլ լոյս, բայց մենք վերադառնում էինք գիւղ, այսինքն՝ մենք արդէն լուրեր ունէինք, որ հենց մեր մօտի կալերում թուրքերը մտել մորթել են։ Կողքի կպած գիւղերից մարդիկ ոտով են դուրս եկել՝ թշնամին արդէն մէջն էր… Բոլոր հաւանականութիւնները կային, որ մեր գիւղում էլ իջել են ատրպէյճանցիները, բայց անընդհատ յետ էինք վերադառնում, ու վերջին անգամ, որ յետ ենք վերադարձել, խօսակցութիւն կար, որ թուրքերը գալիս են, մարդիկ ասում էին, գոնէ մի քիչ երկար մնանք գիւղում, գոնէ բերքը հաւաքենք, յետոյ պաքուով յետ կը գանք։ Մենք մեր ուղեղով իբր աւելի ապահով գիւղեր էինք գնացել, հինգ օր չենք կարողացել Ստեփանակերտ հասնել, նախ՝ որովհետեւ մեր դիմացը փակ էր, մեր դիմացի գիւղերը ատրպէյճանցիները արդէն վերցրել էին, միւս կողմով պիտի գնայինք Ստեփանակերտ, բայց մինչեւ շրջուեցինք, որ ուրիշ գիւղով դուրս գանք արդէն էն մէկն էլ են վերցրած եղել, մենք փաստացի հինգ օր շրջափակման մէջ ենք եղել՝ առանց իմանալու թէ ինչ պիտի անենք։ Մեր գիւղը, որ մեծ էր, գիւղացիները մի քանի գիւղերի մէջ ցրուեցին, ու էդ գիւղերում նաեւ պլոքատան էր արդէն, որտեղ ուտելիք չկար, մարդիկ մտածում էին, գոնէ մենք տանը էս ունենք, էն ունենք, ալիւր կայ, գնանք վերցնենք, բերենք, որ մարդիկ սոված չմնան։ Յետոյ սկսում էինք հաշուարկել վառելանիւթը. ամէն մէկն ասում էր մի լիթր ունի իրա տանը, որտեղ կայ, հաշուարկում էինք հաւաքում էինք, որ կարենայինք յետոյ Ստեփանակերտ հասնել, կամ մի ուրիշ գիւղ գնանք, որտեղ գոնէ մի կէտում կապ կայ, որ իմանանք մեզ ինչ է սպասւում: Բոլորիս պայուսակները պատրաստ էին, որ յետ գնանք ու գիւղում մի քիչ էլ ապրենք, իսկ այնտեղ փոստում ատրպէյճանցին էր կանգնած։ Սա է իմ պատասխանը, այն հարցին, որ պլոքատան կարո՞ղ էր պատճառ լինէր, որ մարդիկ թողէին գային… Ինձ թւում է թշնամին մեզնից լաւ է մեզ ճանաչել ու գիտէր, որ շրջափակման պատճառով դուրս չենք գայ, դրա համար կազմակերպեց նման դաժան միջոցներ, որոշ գիւղերում ցեղասպանութիւն, որոշ գիւղերում կոպիտ տարհանումը…
Անժելայի համար դաժան ճանապարհի սկիզբը քիչ մը նման էր պատերազմի, բայց ոեւէ մէկը, որ նախորդ պատերազմներուն ժամանակ Արցախ եղած է, գրեթէ բոլորը պիտի վկայեն, որ ոչ մէկ օր նման բան չեն զգացած։ Ըստ Անժելայի ամենամեծ դաժանութիւնը սկսած է, երբ հաղորդակցման որեւէ կապ չեն ունեցած, եւ իւրաքանչիւր գիւղ, որ հատած են, նոր հասկցած են, որ այդ գիւղն ալ չկայ… եւ այդպէս հինգ օր շարունակ… Երկրորդ դաժանութիւնը, երբ որ իրենք շրջափակման մէջ էին` մեր դիրքերը արդէն չկային եւ մեր զինուորները այնտեղ չէին, երբ որ իրենց կողքի տղամարդոց ոեւէ մէկուն ձեռքին զէնք չկար ու չէր կրնար ըլլալ, որովհետեւ զինուած ըլլալը կրնար աւելի մեծ վտանգ պատճառել քան՝ անզէն ըլլալը…
«Երբ որ սկսեցինք մտածել, որ իրենց ոստիկանութիւնը կարող է ամէն րոպէ ներս մտնի, ու մենք ոչ մի բան չենք կարող անել, ինձ թւում է այդ գերու հոգեբանութիւնը ամենադաժան պահն էր, երբ դու որեւէ գործողութիւն չես կարող անել ու դու գերի ես, որեւէ բան չկայ, որ քեզ կ’օգնի։ Ինձ այստեղից (Երեւանէն Ն.Մ.) մէկ մէկ զանգում ասում էին միջազգային քո գործընկերներին ասենք, ես այնտեղից գոռում էի, աղաչում էի, ոչ մէկին ոչ մի բան մի ասէք, որովհետեւ այդքանը հասկանում էի եւ ապացուցուեց, որ Ատրպէյճանը թքած ունի ՄԱԿ–ի վրայ, այսինքն՝ մենք այդ ամէնը տեսել էինք։ Ես այնտեղից գոռում էի, որ բացի այն մեր շուրջի չորս տղամարդիկ, որոնք իրենց վերջին կաթիլ վառելանիւթը բերին մեզ գիւղից հանելու համար, ես ուրիշ մէկին չեմ վստահում»։
Անժելան հարիւրաւոր գիւղացիներու հետ շտապօգնութեան եւ բեռնատար մեքենաներով դուրս ելած է գիւղէն․ այնտեղ վառելանիւթ ունեցող չորս բեռնատար եղած է, իւրաքանչիւրին մէջ մօտ հարիւր հոգի լեցուած ու ճամբայ ելած են։ Ամբողջ ճանապարհին կանայք իրենց երեխաները գրկած, դռները փակ, անբաւարար օդ ու սնունդ, իրավիճակ, որ յաջորդած էր իննամսեայ շրջափակման ու լարուածութեան, այդ իսկ պատճառով շատեր գիտակցութիւնը կորսնցուցած են…
Անժելան կը վկայէ, որ Մարտունիի ամբողջ շրջանը տասը օր շարունակ նոյն վիճակը ապրած է, մինչեւ հասած են Ստեփանակերտ։ Երբ Անժելայենց խումբը մայրաքաղաք հասած է, վառելանիւթ չէ ունեցած՝ ճամբան շարունակելու, ուստի երկու–երեք օր մնացած են Ստեփանակերտ՝ մինչեւ վառելիք ճարեն ու հասնին Գորիս։ Սպասման օրերուն ալ ականատեսը եղած են պէնզալցակայանի պայթումի ահաւոր տեսարանին…
«Գալ-հասնելը ամենաերկարն է եղել։ Դա այնքան հոգեբանական է, որ ես մինչեւ հիմա չգիտեմ օրինակ քատրով ես ո՞նց եմ ցոյց տալու այդ զգացողութիւնը, որ այդ ամբողջ ճանապարհին քեզ թւում է, որ դու անտէր ես, ամէն վայրկեան դու չգիտես քեզ ինչ կարող են անել, քեզ ինչ է սպասւում, չգիտեմ, ո՞նց ասեմ. տղամարդ ու կին, նոյն շարքին իրար դէմ դիմաց, ու երեք քայլ այն կողմ վախենում էինք գնալ, որովհետեւ ձորերում ազերին էր։ Ու երբ եկանք հասանք մեր սահմանապահներին, այդ տարբերութիւնը հսկայական էր…»:
«Մեր մեքենան ճանապարհի կէսին փճացել էր, մի քիչ հրել ենք, որ մեր սահմանում փճանայ։ Ատրպէյճանցիները ջուր ու թխուածք էին տուել մեզ, ու իրենց լրագրողին մտցրել մեքենան, որ նկարի։ Ամբողջ ինը ամիս սոված, ամբողջ տասը օր սոված, առանց վառելիքի, ոչ մի բան չեն տուել, այնտեղ տալիս ու նկարում էին: Ի հարկէ երբ սահմանը անցանք, այդ բոլորը թափած էր գետնին, ոչ մէկը չէր կերել, նոյնիսկ երեխէքը, բայց իրենք այդ վերջին կէտում մէկ երկու մեքենայի տալիս էին, որ նկարեն»։
«Հասանք Գորիս, որոշ մարդիկ գնացել էին, որ գրանցուեն ու տեսնեն՝ ուր պիտի տեղաւորուեն, մի մասն էլ սպասում էինք, որ տեսնենք կ’անցնեն, թէ՝ չէ. ատրպէյճանական ցանկերում շատ մարդիկ կային, որ չգիտես ինչի համար կարող էին ձերբակալել։ Մենք սպասում էինք, որ մեր բոլոր ծանօթները, որ դուրս էին եկել գիւղից գան հասնեն, ու այդտեղից սկսեց, թէ ով որտեղ պիտի տեղաւորուի հարցը…»:
Անժելան ալ կը վկայէ, որ արցախցիներու մեծ մասը կը խուսափի սահմանամերձ շրջաններուն մէջ բնակելէ, սակայն, այստեղ բնաւ վախի գործօնը չէ, այլ՝ մարդիկ կ’ուզեն գոնէ մէկ տարի չլսել պատերազմի մասին։ Այստեղ յիշեցի Բերձորի գիւղապետ Անդրանիկ Չաւուշեանի խօսքը. «Վերջին շրջանին Ստեփանակերտ ապրելէն ետք, նոր առիթ ունեցայ երեխաներուս հետ շփուելու…»։
Առանց լոյսի ու հաղորդակցութեան կապի, թշնամիի քիթին տակ ապրող արցախցիի համար վախ չկար։
– Անժելա՛, ձեր կարծիքով Արցախ վերադարձ պիտի ըլլա՞յ։
– Այս հարցը շատ բարդ է։ Հիմա ուզում եմ, որ գոնէ մնան, եթէ մենք ամուր մնանք, եթէ մենք ուժեղանանք, բոլոր, բոլոր իմաստներով՝ կամքով, ամէն ինչով, ստեղծենք, ուժեղանանք այնքան, որ կարենանք քննարկել վերադարձի հարցը։ Բայց չեմ ուզում վերադարձի մասին սուտ կենացներ խմենք, ոչ ուզում եմ շատ արագ յուշանուէրներու վերածենք Արցախը, ոչ ուզում եմ նկարներ սարքենք ու ծախենք։ Ուզում եմ, որ դաս քաղենք եղածից։ Անկախ դրանից, որ սրա մէջ մի ահռելի անմարդկային անարդարութիւն կար, մի ահռելի մեզ բանի տեղ չդնել կար։ Ուզում եմ ոչ թէ պատմական բաներով, այլ իրական հասունանանք։ Ինը ամիս շրջափակման մէջ մնալը ի զուր չանցնի, ինձ թւում է, անձնական մակարդակով ամէն մէկս մի բան քաղել ենք դրանից, ահռելի ողբերգութիւնից՝ ուրիշ արժէքներ կրող ենք դարձել, որը մեզ մի քիչ ուրիշ է դարձրել… հաստատ հիմա իրը չենք կարեւորելու, հաստատ մենք հասկացանք, որ մի վայրկեանում հնարաւոր է թողել ու դուրս գալ, հասկացել ենք, որ լրիւ ուրիշ արժէքներ կան կեանքում։ Ես հասկացել եմ, որ չորս դգալ սուրճը կարող է աշխարհի ամենաթանկ բանը լինի, ու աշխարհի ամենաթանկ տունը ոչ մի արժէք չունենայ։ Հասկացել եմ, որ ինչ ձեւ որ բարեւել եմ գիւղացիներին, նոյն հոգատարութեամբ իրենք ինձ հանել են գիւղից։ Իրենք կարեւորեցին մարդը, քան իրենց տան ունեցուածքը, ու յետոյ ոչ մի սպասում չեն ունեցել։ Սրանք անփոխարինելի մարդկային դասեր են, ես չեմ ասում Հայաստանի համար, Ղարաբաղի համար, այլ՝ մարդկութեան։
Գիտէ՞ք ինչն է մեր մէջ ինձ նեղացնում, որ մենք սիստեմա չենք դառնում, ուզում եմ այդ ամէն ինչը անձնայինից դուրս դերակատարութիւն ունենայ։ Թէ պատերազմի ժամանակ, թէ՝ հիմա։ Օրինակ՝ ինձ գրեթէ ոեւէ մարդ կամ կառոյց չի հարցրել ունե՞ս ինչ որ քատրեր, ըստ իս, Գորիսից սկսած պէտք է լինէր մի կէտ, որ հենց այդ վայրկեանին բոլորի պատմածը փաստագրուէր։ Թող մարդիկ մի քիչ նեղուէին, մեր հոգեբանական վիճակը այնքան վատ էր, թող մի քիչ էլ այդ ճիշդ գործի համար նեղուէին։ Մենք այնքան ուրախ էինք, որ հայրենի զինուոր էինք տեսել, հայրենի սահմանապահ էինք տեսել, ոչինչ հինգ րոպէ էլ թող նեղուէինք, այս գործը չպիտի թողել անհատների վրայ։
– Ի՞նչ պէտք է ընենք հիմա:
– Հիմա ես կարծում եմ տան ու գործի հարց պիտի լուծուի։ Որպէս Սպիտակի բոլոր տեսակի օգնութիւններ տեսած մարդ՝ (Անժելան Սպիտակէն գիւմրեցի է եւ ապրած է երկրաշարժի արհաւիրքը Ն.Մ.) ես կարծում եմ, որ մի հինգ ամսից այդ առաջնային զուտ դրամական հարցերը պէտք է կանգնեցնել, առաջին հինգ ամիսը պէտք է օգնել, որովհետեւ մարդիկ ոչ մի բան չեն վերցրել, նամանաւանդ գիւղերից, բայց հինգ ամիս յետոյ, պէտք է իրենց դէպի կեանք մղել, ու դա՝ գործն է, ուսումն է, զարգանալն է, ու տունն է, տուն պիտի ունենան այս մարդիկ…
– Ձեր նկարած քատրերը փրկեցի՞ք:
Երբ գիւղում նստած մտածում էի գուցէ սա ջարդեմ, կամ քամերաս քանդեմ տարբեր տեղեր դնեմ, իրենք ասում էին «հօ չե՞ս թափում», ես սենց վախեցած, ասում եմ երեւի մի մասը թափենք էլի, ո՞նց ենք տանելու, ասում են «չէ, չէ տուէք մեր իրերի մէջ ենք պահելու, մեր գիւղից մնացած միակ յիշողութիւնն է»։ Տեխնիկաս ամբողջութեամբ ու քամերաս թափեցի, բայց նկարուածից ոչ մի բան չենք թափել։ Նոյնիսկ Ստեփանակերտում մի հատ կրիչ ունէի տանը մոռացած, զանգել եմ ընկերներիս, որ գնան ջարդեն, իրենք էլ չէին ջարդել, բոլորը հանել են, ու մեծ պատասխանատուութեամբ հասցրել են ինձ…
– Ո՞վ է արցախցին:
– Նախ ասեմ, որ ես իրենց կողմից ստացել եմ համաձայնութիւն, որ ես էլ եմ Կարմիր Շուկայից, էդ իմ գիւղն է… Արցախցին «դանգլա», ինչպէս իրենք են ասում, այսինքն՝ յամառ, երբեմն ռոմանթիզմի հասնող յամառութիւն, անխելքութեան հասնող յամառութիւն, իրենք էլ ինձ են ասում, «մի դանգլա էլ դու ես», այսինքն ռէալիսթիքի մէջ չտեղաւորուող է իրենց՝ յամառութիւնը, ռոմանթիզմը, նուիրուածութիւնը։ Այդ իմ ասած անխելքութեան, ռոմանթիզմի հասնող յամառութիւնը հողին կառչելն է, որովհետեւ երբ 2020-ից յետոյ, յետ ենք գնացել ու տեսել ենք որտեղ է տեղակայուած ատրպէյճանցիների սահմանները, մենակ անխելքութեան հասնող, յամառ մարդը այնտեղ կը լինէր, սա է ռոմանթիք հայրենասիրութիւնը…
Արցախցիները շատ պարզ են, նամանաւանդ գիւղացիք, այսինքն իրենք տաշուած չեն, ու դրա համար, օրինակ՝ ինքը քո հետ կարող է սովորական խօսել, ու քեզ թուայ, թէ գոռում են, իրենք էդ աւելորդ տաշուածութիւնը չունեն, ուղիղ են…
Մէկ էլ իրավիճակից ելնելով, երբեմն չափից շատ քէֆճի են, որովհետեւ գիտէին, որ կարող է վաղը չգայ… այսօր պիտի քէֆ անեն…
Այսօր Անժելան ու արցախահայերը ժամանակաւորապէս Արցախի հողի վրայ չեն, սակայն էութեամբ անոնք միշտ «այնտեղ են» եւ պիտի մնան մինչեւ վերադարձ…
ՆԱՅԻՐԻ ՄԿՐՏԻՉԵԱՆ
Comments are closed.