Արցախի վտանգուած մշակութային եւ հոգեւոր ժառանգութիւն. Երից Մանկանց վանք

Մարտակերտի շրջանի ճարտարապետական զարդերից մէկն էլ Երից Մանկանց վանքն է։ Յուշարձանախումբն ամբողջովին ձուլուած է անկրկնելի բնութեանը, ներկայանալով որպէս մի անքակտելի մաս: Այդ համաձուլուածքը մի առանձնակի վեհութիւն է տալիս ու շոյում այցելուների աչքը:

Վանքը գտնւում է Արցախի Մարտակերտի շրջանի Տօնաշէն գիւղից 10 քլմ հարաւ-արեւմուտք, Մռաւ լեռնաշղթայի հարաւային անտառածածկ լանջին: Հիմնադրուել է 17-րդ դարի վերջին քառորդում` որպէս Գանձասարին հակաթոռ կաթողիկոսութեան կեդրոն: Երից Մանկանց վանքը 1691-ին կառուցել է Սիմէոն Ա. Խոտորաշէնցի հակաթոռ կաթողիկոսը (1675-1704 թթ): Ճարտարապետն է Սարգիսը, որի մասին արձանագրութիւնը գտնւում է ներսում, բեմի հիւսիսակողմ պատին՝ ‹‹Շինաւղ եւ վարպետ եկեղեցոյս ուստա Սարգիսն յիշեցեք ի Քրիստոս››: Ճարտարապետը ձգտել է քառամոյթ գմբէթաւոր բազիլիկի յօրինուածքով եկեղեցին արտաքուստ նմանեցնել Գանձասարի վանքի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցուն:

Երից Մանկանց վանքը ըստ աւանդութեան նուիրուած է Դանիէլ մարգարէին եւ նրա ընկերներին: Ըստ Աստուածաշնչի, «Երեք մանուկները» Դանիէլ մարգարէի երեք ընկերներն են՝ Անանիան, Ազարիան եւ Միսայէլը: Նրանք հրաժարուել են երկրպագել Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքայի կանգնեցրած ոսկէ կուռքին, այդ պատճառով էլ արքան հրամայել է նրանց նետել կրակը, սակայն Միքայէլ հրեշտակապետը յայտնուել եւ փրկել է յիշեալ բարեպաշտներին: Այդ մասին է վկայում հետեւեալ արձանագրութիւնը. «Մեր աշխատանքը աւարտի հասցրինք՝ աստուածասէրների ու ողորմածների միջոցով ու օգնութեամբ. սուրբ Դանիէլ մարգարէի եւ երեք սուրբ Մանուկների պատուական նշխարքները, որոնք դրուած են այստեղ, մեծամեծ հրաշագործութիւններ են կատարում: Այստեղ այն կառուցուեց մեր փրկութեան, մեր բազում մեղքերի թողութեան, մեր հոգեւոր ու մարմնաւոր ծնողների, ինչպէս նաեւ բոլոր աշխատողների համար. մեզ եւ վանքի միաբաններին յիշեցէ՛ք ձեր սուրբ աղօթքների մէջ»: Ղ. Ալիշանի «Արցախ» աշխատութիւնում Երից Մանկանցը նշւում է նաեւ Դանիէլի վանք անունով, որը աշխարհացոյց քարտէսում գրուած է՝ «Քիբերդի Վելի վանք»:

Վանական համալիրը բաղկացած է մէկ եկեղեցուց, սեղանատնից, միաբանների սենեակներից, պաշտպանական կառոյցներից ու գերեզմանոցից: Կեդրոնական դիրք է գրաւում եռանաւ գմբէթաւոր բազիլիկ յօրինուածքով եկեղեցին, որը կառուցուած է սրբատաշ եւ կոպտատաշ դեղնասպիտակաւուն կրաքարով: Տաճարի գմբէթը բարձրանում է չորս հոյակապ, քառակուսի, խաչաձեւ սիւների եւ դրանք միմեանց օղակող կամարների վրայ: Կամարներն էլ ունեն շեշտուած սլաքաձեւութիւն: Եկեղեցին հետաքրքիր է ներքուստ, ընդարձակ դահլիճը, որի վեհութիւնն ու կատարեալ անդորրութիւնը աւելի է ընդգծւում դէպի վեր սլացող սիւների շքեղութեամբ, աղեղնաձեւ խաչուող կամարների թեքութեամբ, թմբուկի խոշոր լուսամուտներից ներս թափանցող արեւի ճառագայթների խորհրդաւորութեամբ, բեմաճակատի ընդարձակ երկաթագիր վիմագրով, տասնեակ մեծ ու փոքր խաչքարերի, պատուհանների առկայութեամբ: Դրան բարաւորի քարը ամբողջութեամբ քանդակ – հիւսուածք է վիմագրուած:

Աւագ խորանի կեդրոնում պահպանուել է վեմ քարը, հիւսիսային պատի մէջ՝ մկրտարանը: Վանքը սալայատակուած է, որի արեւելեան կէսը պահպանուել է ամբողջութեամբ: Եկեղեցու որմերին ագուցուած առաւել հին թուակիր խաչքարերի առկայութիւնը վկայում է, տեղում եղած գերեզմանոցի, գուցէեւ եկեղեցու, կամ մատուռի գոյութեան մասին:

Կաթողիկոսական ապարանքը տեղադրուած է ձորալանջին, եւ նրա տանիքը վանքի բակի շարունակութիւնն է կազմում: Բաղկացած է գլանաձեւ աշտարակից եւ դրան կից երկու թաղածածակ դահլիճներից: Հիւսիսային կողմում վանքի ուղղանկիւն, թաղածածկ սեղանատունն է` խոհանոցով եւ նախասրահով: Վանքի շուրջը տարածւում է 17 եւ 18-րդ դարերի տապանաքարերով գերեզմանոցը:

Համալիրը եղել է պարսպապատ, որից տեղ – տեղ միայն հետքերն են մնացել: Դրանց մի մասը ծածկուած է փլուածքներով ու հողի շերտով:
Վանքի տարածքում գտնուող բոլոր շինութիւնների ներկայ վիճակը թոյլ է տալիս եզրակացնելու, որ ժամանակին նրանք կրել են տարբեր ինտենսիւութեան երկրաշարժերի ազդեցութիւնը:

Երից Մանկանց վանքի հիմնադրումից ի վեր սկսուել է դրա եւ Գանձասարի կաթողիկոսութեան հակամարտութիւնը, որը ստիպել է Ամենայն հայոց կաթողիկոսներին հանդէս գալ հաշտարար միջնորդութեամբ: 1705 թ-ին այստեղ կաթողիկոս է կարգւում Ներսէսը, որի օրօք նոր հակամարտութեան սկիզբ է դրւում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալեանի հետ: Սակայն ազատագրական պայքարի մարտիկ Եսային ճիշդ ըմբռնելով ստեղծուած իրավիճակի լրջութիւնը, սկսուած ազգային – ազատագրական պայքարը, հաշտւում է Ներսէսի հետ:

Երից Մանկանց վանքը որպէս վանք-ամրոց մեծ դեր է խաղացել 18-րդ դարի սկզբին Արցախում ծաւալուած ազատագրական պայքարում:
1819 թ-ին, հակաթոռ կաթողիկոս Սիմէոն Բ-ի (Սիմէոն Փոքր) մահով, Երից Մանկանց վանքի կաթողիկոսութիւնը վերացել է:

Մի շարք, տեղում ստեղծուած ձեռագրեր փաստում են զարգացած միջնադարում գրչօճախ դարձած եկեղեցու գոյութիւնը:

1854 թուականին վանքն արդէն չունէր ոչ մի կալուածք, համարեա ամայի էր եւ խնամւում էր «մուղդուսիների» եկեղեցու աշխարհական սպասաւորների կողմից:

1930 թուականին վանքը վնասուել էր երկրաշարժից:

Նախքան 1992 թուականի, ատրպէյճանական հրոսակների կողմից վանքի գրաւումը, պահպանւում էին վանքի փայտակերտ հին դուռը եւ վեղարի ծայրին՝ խնձորակի վրայ ամրացուած խաչը:

Մինչեւ 2023 թուականի ատրպէյճանական ագրեսիան ու Արցախի էթնիկ զտումը վանքը գտնւում էր վերանորոգման փուլում: Հոգեւոր կառոյցն այժմ բռնագրաւուած ու վտանգուած է։

Ա.Հ.

Comments are closed.