Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի խմբակցութիւնների յայտարարութիւնը

Օգոստոսի 1-ից Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի տարբեր հատւածներում Ադրբեջանի զինուած ստորաբաժանումները դիմել են սադրիչ ռազմական գործողութիւնների, որի հետեւանքով ունենք զոհեր եւ վիրաւորներ:

ԱՀ Աժ խմբակցութիւնները Ադրբեջանի հերթական ոտնձգութիւնները համարում են 2020 թւականի նոյեմբերին ձեռք բերուած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում, որը նպատակ է հետապնդում շարունակել հայատյացութեան քաղաքականութիւնը եւ խուճապային տրամադրութիւններ ստեղծել Արցախում: Ադրբեջանը Հայաստանին եւ Ռուսաստանին պարբերաբար մեղադրում է նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանաւորուածութիւնները չկատարելու մէջ, այն պարագայում, երբ այդ յայտարարութեան գրեթէ որեւէ կէտ չի կատարուել հէնց Ադրբեջանի կողմից:

Այս վարքագիծը մեզ համար նորութիւն չէ։ Ադրբեջանը մշտապէս վարել է էթնիկ զտումների, բռնատեղահանութեան քաղաքականութիւն, հետեւողականօրէն խախտելով Արցախի Հանրապետութեան քաղաքացիների կենսական շահերն ու իրաւունքները։ Վերջին օրերի իրադարձութիւնները՝ զոհերի եւ վիրաւորների առկայութիւնը մէկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցութիւնը Արցախի համար բացառուած է։ Խաղաղութիւնը բարձրագոյն արժէք է, սակայն խաղաղութիւն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրաւունքների ու արժանապատուութեան շարունակական ոտնահարմամբ։

2020 թւականի 44-օրեայ պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք միջազգային հանրութեան լռութեանը եւ այդ ժամանակահատուածում Արցախի ժողովրդի դէմ կիրառւած բոլոր յանցագործութիւնները չարժանացան համարժէք դատապարտման, որի պատճառով Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ագրեսիւ գործողութիւնների մասշտաբները։

– Կոչ ենք անում տարբեր երկրների խորհրդարաններին եւ միջազգային բոլոր կազմակերպութիւններին խստօրէն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողութիւնները եւ գործնական քայլեր ձեռնարկել կանխելու համար նոր ոճրագործութիւնները․

– յորդորում ենք ռուս խաղաղապահներին իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողութիւնները՝ ապահովելու շփման գծում կայունութեան հաստատումը։

Գլուխ խոնարհելով Արցախեան ազատագրական պայքարի բոլոր զոհերի առջեւ՝ մեկ անգամ եւս հաստատում ենք մեր ժողովրդի ազատ եւ անկախ պետութիւն ունենալու իրաւունքը՝ որպէս անվտանգ ու ապահով ապրելու միակ գրաւական։

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»

«Միասնական հայրենիք»

«Արդարութիւն»

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն»

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.