Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի յայտարարութիւնը
Ատրպէյճանի զինուած ուժերը, հերթական անգամ կոպտօրէն խախտելով 2020 թ. Նոյեմբերի 9-ին ընդունուած Եռակողմ յայտարարութեամբ Լեռնային Ղարաբաղում հաստատուած հրադադարի ռեժիմը, ս.թ. Յունիսի 27-ի լոյս 28-ի գիշերուայ ժամը 1.30-ից սկսած տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետութեան տարածքի ուղղութեամբ, որի հետեւանքով զոհուել է մեր 4 հայրենակից:
Ատրպէյճանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում, հրետանային միջոցների եւ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Արցախի Հանրապետութեան քաղաքացիների այս հերթական սպանութիւնը վկայում է, որ այդ հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, անտեսելով միջազգային հեղինակաւոր կառոյցների կոչերն ու որոշումները, խաղաղութեան եւ երկխօսութեան կեղծ օրակարգերով սքողուած, ցեղասպանական գործողութիւններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը:
Ուշագրաւ եւ յատկանշական է, որ Ատրպէյճանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացուող խախտումների այս նոր միջադէպը, նախորդ դէպքերին համանման, նոյնպէս արձանագրուել է այն ժամանակ. երբ ներկայումս ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդութեամբ Ուաշինկթոնում տեղի են ունենում Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցութիւնները՝ հայ-Ատրպէյճանական հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, եւս մէկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղութեան պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցութիւնները նոյնպէս իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տեւական խաղաղութեան ու կայունութեան հաստատման մթնոլորտի ձեւաւորման նմանակում՝ իբր թէ միջազգային ջանքերի համատեքստում:
Խորապէս անհանգստացած առկայ վտանգաւոր իրողութեամբ՝ Արցախի Հանրապետութեան ժողովրդի անունից դիմում ենք.
– ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի յայտարարութիւններից, յորդորներից եւ խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնաւորապէս, պատժամիջոցներ կիրառել Ատրպէյճանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիւ նկրտումները: Համոզուած ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը աւելի է ոգեւորում Ատրպէյճանին՝ նրան դարձնելով սանձարձակ եւ անվերահսկելի:
– Ռուսաստանի Դաշնութեանը՝ խաղաղապահ առաքելութեան շրջանակում առաւել կոշտ միջոցներով կասեցնել Ատրպէյճանի հակամարդկային, ցեղասպան գործողութիւնները:
– Ուաշինկթոնեան բանակցութիւններում Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեանը՝ անյապաղ դադարեցնել մեկնարկած բանակցութիւնները՝ մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցութիւնների շարունակումը կը նշանակի Ատրպէյճանական կողմի ագրեսիւ պահուածքի խրախուսում եւ միջազգային մակարդակով արտօնութիւն:
Մեր խոնարհումը բերելով յանուն հայրենիքի իրենց կեանքը նուիրաբերած մեր չորս նահատակների յիշատակին՝ պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը:
Comments are closed.