«Արցախի հայաթափումը ոչ միայն Ատրպէյճանի ծրագրերի մէջ էր ներառուած, այլեւ գերտէրութիւնների». Արցախի թեմի առաջնորդ

Անկախ այն հանգամանքից, թէ ՀՀ պետական իշխանութիւններն ինչ որոշումներ կը կայացնեն Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ նրա սահմանադրական իրաւունքի վերաբերեալ, Արցախի թեմը կրօնական կառոյց է, եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր գործառոյթներն ունի։

168TV-ի «Ռեվիւ» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանը՝ անդրադառնալով ՀՀ-ում Արցախի հոգեւոր թեմը պահպանելուն, թեմի խնդիրներին եւ անելիքներին։

Թեմն այս պահին կտրուած է իր բնօրրան Արցախից, ինչը, Սրբազանի խօսքով՝ նշանակում է, որ այն չի կարողանում լիարժէք գործել, քանի որ թեմն առաջին հերթին հաստատւում է մի տարածքի վրայ, որը նշանակում է վարչական տարածք եւ վերահսկողութիւն այդ վարչական տարածքում գոյութիւն ունեցող վանքերի, եկեղեցիների, մշակութային կոթողների, նաեւ հաւատաւոր իր զաւակների, հաւատաւոր հօտի, ծխերի նկատմամբ։

«Այս ամէնը չկայ, եւ թեմն առանց հաւատացեալների, քահանաների, առանց համապատասխան եկեղեցիների, անշուշտ, լիարժէք չի կարող գործել։ Բայց այն ամէնը, ինչ հոգեւոր ու բարոյական է, նկարագիր ունի հետագայ ծրագրերի համար, անշուշտ, դրա համար թեմը պէտք է մնայ եւ շարունակի գործել։

Անշուշտ, դժուար երեւոյթ է Հայաստանում պահպանել Արցախի բարբառը, սովորութիւնները, որովհետեւ ե՛ւ բարբառը, սովորութիւնները, ե՛ւ կենցաղը, խոհանոցը հիմնուած են լինում քո երկրի, ապրուստի վրայ։ Այսօր համայնքները չկարողացան տեղաւորուել միասնական առումով։ Կարծում եմ՝ շատ դժուար պէտք է լինի այդ ընթացքը նորից վերականգնել, վերարտադրել։ Բայց մշակութաբանները, լեզուաբանները եւ մշակութային գործիչները, մտաւորականները ջանք ու եռանդ չպէտք է խնայեն նման աշխատանքները կատարելու համար։ Պէտք է կարողանան պահպանել այդ արժէքը, դա Արցախի ինքնութիւնն է», յաւելեց Արցախի թեմի առաջնորդը։

Մեր զրուցակիցը խօսեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակի գործառոյթներից: Սրբազանը փոխանցեց, որ գրասենեակը բացուել է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութեամբ՝ պատերազմից յետոյ։ Այսօր գրասենեակը լիարժէք աշխատում է եւ իրականացնում է իր գործառոյթները։

«Գրասենեակը կարեւոր առաջադրանքներ է կատարում, մասնաւորապէս, սփիւռքում եւ այն համապատասխան կառոյցների հետ, որոնք միտուած են կրթական, մշակութային արժէքների պահպանմանը, դրանք միջազգային կառոյցներն են, որոնց առնչութեամբ գրասենեակը լիարժէք, կոնկրետ աշխատանքներ է կատարում, որպէսզի մեր յուշարձանների նկատմամբ վայրագութիւնները, ոչնչացումը, փակելը կանխեն, պղծումից ազատեն։ Իսկ այդ ամէնը կանխելու համար, այս ամէնի մասին պէտք է լիարժէք ներկայացուի համապատասխան կառոյցներին, որ նրանք էլ տեղեակ լինեն, թէ ինչ է կատարւում Արցախում։ Հիմա մենք Արցախում չենք, եւ այդ կառոյցների ուշադրութիւնից կտրուած են ատրպէյճանական վայրագութիւնները։ Տարբեր ճանապարհներով պէտք է տեսնենք, թէ ինչ է Արցախում կատարւում, հետագայում կարողանանք անգամ ուխտագնացութիւններ կազմակերպել դէպի սրբավայրեր, մեր աչքով տեսնենք, թէ ինչ է կատարւում, նաեւ աղօթք բարձրացնենք», շեշտեց Գերաշնորհ Տէր Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանը։

Այսօր Սրբազանը լիարժէք տեղեկութիւն չունի Արցախի խոշոր հոգեւոր կեդրոնների ներկայիս ճակատագրի ու վիճակի վերաբերեալ, Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, սակայն որքանով տեղեակ է՝ խաղաղապահները Դադիվանքից դուրս են եկել, թէ ինչ է այսօր տեղի ունենում այնտեղ՝ տեղեակ չէ։ Մէկ բան յստակ է, որ այն, ինչը տեսանելի է ատրպէյճանցիների համար՝ խաչը եւ քրիստոնէական այլ նշանները, նրանք միանգամից հանում են ու ոչնչացնում, ցոյց տալով, որ հայկական քրիստոնէական շեշտադրումն Արցախում պէտք է նուազի։

Պատերազմից ուղիղ 10 օր առաջ՝ Սեպտեմբերի 9-ին, Սրբազանը կոչ էր տարածել, հայ ազգին յորդորել էր գործել միասնաբար եւ իմաստնութեամբ՝ մէջբերելով Ներսէս Շնորհալու համերաշխութեան բանաձեւը՝ «Միութիւն կարեւոր հարցերում, ազատութիւն երկրորդական հարցերում եւ Սէր ամէն ինչում», այսօր մեր հաղորդաշարի եթերում Սրբազանն ասաց, որ ծրագրեր կային, որոնց դիմակայելը վեր էր արցախահայութեան ուժերից։

«Արցախի հայաթափումը ոչ միայն Ատրպէյճանի ծրագրերի մէջ էր ներառուած, այլ կարծում եմ՝ այստեղ գերտէրութիւններն էին իրենց ծրագրերն իրականացնում։ Ցաւօք, մենք չկարողացանք հասկանալ ու ընկալել, որ այդ լուրջ ծրագրերի մէջ է Արցախը։ Արցախը միայնակ չէր կարող դիմակայել։ Արցախցիները եւ Պաշտպանութեան բանակի մեր զինուորները, նաեւ կամաւորականներն ամէն ինչ արեցին, քաջաբար մարտնչեցին, սակայն ուժերի անհաւասարակշիռ պայմաններում էր, որ մենք զիջեցինք Արցախը։ Հնարաւոր չեղաւ մէկ օրից աւելի պատերազմել, որովհետեւ մեր պաշարները, ոչ միայն զինամթերքի առումով, նուազ էին, այլ նաեւ Ատրպէյճանը նախապէս ծրագրաւորել ու Արցախը վերցրել էր շրջափակման մէջ, այդ պատճառով Արցախը միայնակ էր մնացել։ Փորձեցին Արցախում ցեղասպանութիւն իրականացնել եւ երեխաներին, կանանց, բնակչութեանը փրկելու համար կայացուեց այդ յայտնի որոշումը։ Իմ խօսքը ժողովրդին էր վերաբերում, Արցախում մնալու, Արցախը պահպանելու ու նրա նշանակութեանը, բայց նորից եմ կրկնում՝ շատ գերհզօր ճնշումներ կային, որի առաջ մենք չկարողացանք դիմակայել։ Ըստ իս, լուրջ փոփոխութիւնների պարագայում պէտք է հնարաւոր լինի, որպէսզի մենք կրկին վերադառնանք Արցախ», ընդգծեց մեր զրուցակիցը։

Սրբազանը համամիտ չէ այն մարդկանց հետ, որոնց կարծիքով՝ Արցախի թեման փակուած է։ Նրա բնորոշմամբ՝ միշտ չէ, որ մի թեմայի շուրջ շատ խօսելը տալիս է դրական արդիւնք, կան թեմաներ, որոնց մասին կարող ես չխօսել, բայց գործել։

«Կարծում եմ՝ Արցախը չընկաւ, Արցախը մնում է, եւ Արցախի թեման փակուած չէ։

Այսօր, ինչպէս հոգեւորականութիւնը, այնպէս էլ իւրաքանչիւր քաղաքացի ունի առաքելութիւն։ Մենք ասում ենք, չէ՞, որ այն մարդը, որն իր առաքելութեան մէջ չէ, ուրեմն՝ սատանայի տիրոյթում է։ Կը նշանակի, որ ամէն մէկս մեր առաքելութիւնն ունենք՝ ե՛ւ եկեղեցին, ե՛ւ իշխանավորները, ե՛ւ հասարակ ժողովուրդը, ամէն մէկն իր անելիքն ունի։ Եթէ մենք մեր անելիքների ծիրից ներս ենք, հնարաւոր կը լինի ապահովել միասնականութիւնը եւ դա կատարել սիրով։ Կարեւոր աշխատանքի դէպքում է, որ սէրը մեր մէջ աւելի է հզօրանում, որովհետեւ դա կարեւոր նպատակներին է ուղղուած», ասաց Գերաշնորհ Տէր Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանը։

Նրա դիտարկմամբ, միշտ չէ, որ հայ ազգի գլխին դրւում է յաղթանակի պսակը, լինում են պահեր, երբ ստորացման եւ նուաստացման փշէ պսակներ են դրւում։ Սակայն պէտք է կարողանալ դուրս գալ այդ իրավիճակից, յաջողելու դէպքում կը նշանակի, որ հայ ազգն իր մէջ կարող է ունենալ նպատակ։

«Մեր անկեալ վիճակից պէտք է ոտքի կանգնենք՝ փշէ պսակը հանելու եւ յաղթական պսակին արժանանալու համար, որը կը բերի Արցախի ազատագրում եւ յաղթական վերադարձ։ Արցախն այսպէս թողնելն առնուազն անընդունելի ու ակնկալելի պէտք է լինի հետագա սերունդների համար, մենք պէտք է այդ ծրագիրը կեանքի կոչենք», յաւելեց Սրբազանը։

Գերաշնորհ Տէր Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանը խօսեց նաեւ Ատրպէյճանի կողմից գերեվարուած եւ Պաքուի բանտերում գտնուող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ հարիւրաւոր քաղաքացիների մասին եւ ասաց.

«Ամէն ինչ պիտի արուի, որպէսզի մեր խորհրդանիշները վերադառնան՝ Արցախի նախագահները, մեր նուիրեալ զինուորականները, ԱԺ նախագահը, նաեւ մեր հայորդիները»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանիւթում.

 

Comments are closed.