Արցախի կառավարութիւնը պէտք է պահուի Հայաստանում՝ ապագայի համար
Արցախի կառավարութիւնը պէտք է պահուի Հայաստանում՝ ապագայի համար, կարծում եմ՝ յանձնուելը սխալ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը։
«Ապագայի համար դա պէտք է, որովհետեւ կարծում եմ՝ յանձնվելը սխալ է։ Ի վերջոյ ես կարծում եմ՝ միջազգային ատեանների, տարբեր գործընկերների հետ պէտք է տարուեն աշխատանքներ, որովհետեւ երկիրը բռնազաւթուել է, ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողութիւններ են կատարուել, եւ պէտք է լինի մի մարմինը, որը կարողանայ այդ ամէնը ներկայացնել իրաւական հարթության մէջ եւ փորձել արցախահայութեան իրաւունքները պաշտպանել։ Դուք տեսնում էք ռազմաքաղաքական զարգացումները տարածաշրջանում ու յարակից շրջաններում, ամէն ինչ բաւականին ակտիւ է ընթանում ու ամէն պահի կարող է նոր իրավիճակ ստեղծուել, մեզ համար կարող է շահեկան իրավիճակ ստեղծուել, եւ պէտք է այդ ամէնին ինչ-որ կերպ պատրաստ լինել։ Դա նաեւ թոյլ կը տայ արցախահայության հետ կապուած, մասնաւորապէս, սոցիալական հարցերը լուծել, Հայաստանում ինտեգրուելու, արցախահայութեան հաւաքականութիւնը պահելու համար», ընդգծեց Վահրամ Բալայեանը։
Անդրադառնալով Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանի կողմից Արցախի Հանրապետութեան գոյութեան դադարեցման մասին հրամանագիրը չեղարկելու մասին յայտարարութիւններին՝ Բալայեանն ասաց, որ հրամանագիրը իրաւական տեսանկիւնից ուժ չունի․ «Այդպիսի հրամանագիր լինել չի կարող։ Այն չունի իրաւական հենք։ Ի հարկէ հնարաւոր է Սահմանադրական դատարան դիմել՝ հրամանագրի սահմանադրականութեան հարցով։ Այդ հարցի շուրջ քննարկումները պէտք է երկար ու կշռադատուած լինեն»։
Անդրադառնալով այն դիտարկմանը Արցախի ընդդիմութիւնն է ընտրել Շահրամանեանին նախագահի պաշտօնում, եւ դրանով է պայմանաւորուած որ մինչեւ հիմա հրամանագիրը առոչինչ ճանաչելուն ուղղուած քայլեր չեն ձեռնարկում, պատգամաւորն արձագանգեց․
«Երբ Սամուէլ Շահրամանեանը նախագահ է ընտրուել, նա նաեւ նախընտրական մի փոքր ծրագիր էր ներկայացրել, որի հիմքում Արցախի անվտանգութիւնն ու ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնն էր։ Ձայն տուողներն ի՞նչ տրամաբանութեամբ կարող էին տրամադրուած լինել, որ այսպիսի բան լինէր, այսինքն՝ նպատակն այն է եղել, որ հնարաւորինս եղածը օգտագործել, շարունակել պահպանել Արցախի Հանրապետութիւնը։ Հրամանագիրը իմ քննարկման հարցը չէ, կարծում եմ՝ դա պէտք է ստորագրողները ներկայացնեն, թէ ինչ պայմաններում է դա եղել, չնայած որոշակի ենթադրութիւններ կարելի է անել, չնայած, որ ակնյայտ էր ատրպէյճանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի վրայ ճնշումները։ Այդ ամէնին դիմակայելը բարդ էր, եւ աշխարհն էլ լուռ էր, երկիրն էլ 9 ամիս շրջափակման մէջ էր, ծանր կացութեան մէջ էր բոլոր առումներով, Ստեփանակերտից որտեղ նայում էիր ատրպէյճանական դրօշ էր, պատճառները շատ են»։
Վահրամ Բալայեանի խօսքով՝ ՀՅԴ-ի համար սպասելի չէր նման բովանդակութեամբ հրամանագիրը․ «Եթէ սպասելի լինէր ԱՀ ԱԺ նախագահը դաշնակցական էր, եւ Ատրպէյճանն անընդհատ պահանջում էր Արցախի պետական մարմինների լուծարում, այսինքն՝ եթէ նման տրամադրութիւններ լինէր, ապա ԱԺ-ն նման որոշում կը կայացնէր, ինքը կ’ինքնալուծարուէր, հենց օրինակ՝ ԱԺ նախագահը ասում էր՝ նման բան լինել չէր կարող, դա մերժւում էր»։
Comments are closed.