Արցախի ինքնորոշման իրաւունքն այընտրանք չունի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի ելոյթը Լեհաստանում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում.

Սիրելի գործընկերներ,

Այսօր ողջ աշխարհի ուշադրութեան կենտրոնում Ուկրաինայում խաղաղութեան հաստատումն է, կեանքի և մարդկային իրաւունքների վերականգնումն ու պաշտպանութիւնը։

Սակայն, մարդու իրաւունքները, ագրեսիան ու պատերազմը նոյն դէմքն ու հետևանքներն ունեն՝ անկախ ազգութիւնից, դաւանանքից եւ աշխարհագրութիւնից։

Եւրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկւում է յարձակման, տեղահանման և էթնիկ զտումների, սակայն միջազգային կառոյցների և հենց մեր կազմակերպութեան կողմից շարունակւում է կրկնակի ստանդարտների քաղաքականութիւնը։

2020թ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած 44 օրեայ լայնամասշտաբ պատերազմից յետոյ կնքուած եռակողմ յայտարարութիւնից յետոյ էլ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ վարքագիծն ու ցեղասպանական նկրտումները։

Հակառակ պայմանագրի նախատեսումներին, Ադրբեջանը ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին, միայն այսպէս կոչուած խաղաղ ժամանկահատուածում քաղաքացիական բնակչութեան շրջանում զոհերի թիւն անցնում է 180-ը։

Շարունակւում է Ադրբեջանի պաշտօնական դէմքերի ռազմատենչ և ահաբեկչականն հռետորաբանութիւնը, բռնագրաւուած տարածքներում մշակութային վանտալիզմը։ Այս սեպտեմբերին խախտելով բոլոր միջազգային նորմերը Ադրբեջանի զինուած ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, բռնագրաւելով ՀՀ ինքնիշխան տարածքից 180 քառ քմ.։ Յարձակման ուղեկցուել է սարսափելի յանցագործութիւններով, մարդու իրաւունքների համատարած խախտութիւններով և բռնութիւնն, որոնք փաստուած են եւ արձանագրուած։

Մենք գնահատում ենք այն երկրների վերաբերմունքը, որոնք դատապարտել են Ադրբեջանական յարձակումը, սակայն Հայաստանի բռնագրաւումը շարունակւում է։

Կարծում եմ, եթէ Եվրոպական ընտանիքը, միջազգային հանրութիւնը ներառեալ ԵԱՀԿ-ն իրապէս շահագրգռուած է մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեամբ և կայունութեամբ, ապա իբրեւ պատերազմական յանցագործի, Ադրբեջանը պէտք է պատասխանատուութեան ենթարկուի յարձակման, քիմիական զէնքի գործածութեան և Թուրքիայի աջակցութեամբ ներգրաւուած ահաբեկիչների համար։

Ցաւօք, չեմ ուզում հաւատալ, որ յարձակապաշտ Ադրբեջանի հետ Եւրոպական Միութեան կազային գործարքը, որն ըստ մի շարք աղբիւրների բաւարարում է եւրոպական էներգետիկ կարիքների երեք տոկոսը միայն, աւելի թանկ է, քան իրական ժողովրդավարութիւնը, մարդու իրաւունքները եւ իրական եւրոպական այն արժէքները, որոնց հաւատալով շատերս անդամակցել ենք այս կառոյցին։ Յստակ է, որ տարաշրջանում փոխուել է ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը։ Այս համատեքստում ԵՄ-Ադրբեջան կազային համաձայնագիրը միայն ուժեղացնում է Ադրբեջանին։

Եթէ միջազգային հանրութիւնը, իրապէս շահագրգիռ է մեր տարաշաշրջանում երկարատև և կայուն խաղաղութեամբ, ապա Ադրբեջանին պատասխանատուութեան պէտք է ենթարկել իբրև պատերազմական յանցագործի՝ միջազգային օրէնքների, ռազմական յանցագործութիւնների, այդ թւում՝ քիմիական զէնքի գործածութեան, մշակութային վանտալիզմի համար։

Սիրելի գործընկերներ,

Հակառակ Ալիևի ռազմատենչ յայտարարութիւնների, Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը հանգուցալուծուած չէ։ Ադրբեջանի հակահայ` արմենոֆոբիկ պահաուածքն ու ցեղասպանական նկրտումներն աւելի են հիմնաւորում, որ Արցախի ինքնորոշման իրաւունքն այլընտրանք չունի և հակամարտութիւնը ագրեսիայով և պատերազմով լուծելի չէ։

Վարշաւա, 25 նոյեմբեր, 2022թ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.