«Արցախի ինքնորոշման գաղափարը  առաջնային է, և չպէտք է լինի մի փաստաթուղթ, որտեղ  կնշուի, որ  Արցախն Ադրբեջանի մաս է կազմելու»․ Սէյրան Օհանեան

«Հայաստանի դեմոկրատական կուսակցութեան» նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Արցախեան հարցին վերաբերող հանրային քննարկում։ Քննարկմանը ներկայ էին հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թւում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը, Մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը, արցախցիներ։ 

Սէյրան Օհանեանն իր իր ելոյթում նշեց՝ անվտանգային միջավայրի ուղղութեամբ իրականացուող աշխատանքների վերաբերեալ թէև խօսւում է, սակայն ծրագային գործունէութիւն չի իրականացւում։

«Հայաստանի Հանրապետութեան  նորանկախ երեսուն տարիների ամբողջ պատմութիւնը դժուար է պատկերացնել առանց Արցախի Հանրապետութեան, առանց Ղարաբաղեան շարժման ու այն գործողութիւնների, որոնց արդիւնքում մենք յաղթանակ ենք տարել։ Այսօր մենք հասել ենք այն կէտին, որ Արցախը, յայտնուելով անկլավային իրավիճակում, անորոշութեան մէջ է յայտնուել։ ՀՀ-ն ԱՀ-ի հետ անվտանգութեան ու տնտեսութեան համահայկական միասնականութեան առումով մէկ գործօն է, տարածաշրջանում աւելի հզօր գործօն է, քան ՀՀ-ն՝ առանց Արցախի  կամ այս պարտութիւնից յետոյ՝ Արցախի այսպիսի անկլավային իրավիճակում։ Հիմա միակ յոյսը ՌԴ խաղաղապահների ուժերի վրայ է ես նկատի ունեմ Արցախում, իսկ ՀՀ սահմաններում տխրահռչակ իրավիճակում ենք յայտնուել», – ընդգծեց Սէյրան Օհանեանը։

Վերջինս շեշտեց՝ խորհրդարանական երկրում խորհրդարանական վերահսկողութեան գործիքակազմի օգտագործումը անհրաժեշտութիւն է, և խորհրդարանի վերահսկողութեան տակ պիտի գտնուեն ոչ միայն կառավարութիւնը, այլև այն բոլոր  մարմինները, որոնք ձևաւորւում են խորհրդարանի միջոցով։

«ՀՀ-ում, ընդհակառակը, գործադիր իշխանութիւնն է ուղղորդում խորհրդարանի գործունեութիւնը, և կարծես թէ, գործադիր իշխանութեան կցորդ է Ազգաային ժողովը։ Մենք մի քանի անգամ գործադիրի ներկայացուցիչներին խորհրդարան քննարկման  ենք հրաւիրել՝ Արցախի,  Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում իրավիճակի պարզաբանման համար, նաև  այն խօսակցութիւնների հետ կապուած, որոնք  վերաբերում են սահմանազատումներին ու սահմանագծումներին, որպէսզի գան ու խորհրդարանում իրավիճակը ներկայացնեն։ Երկար ժամանակ չէին գալիս։ Մէկ ամիս ու 13 օր անց՝ մեր պնդումներից յետոյ, որոշում ընդունուեց, որ հրատապ քննարկում իրականացուի ու հրաւիրուեն համապատասխան մարմինների ներկայացուցիչներ։ Եթէ մի պետութեան մէջ այդպիսի  սահմանային իրավիճակի վերաբերեալ որոշումը, մտահոգութիւնները հանրութեան դատին ներկայացնելու գործընթացն իրականացւում է մէկ ամիս և 13 օրուայ ընթացքում, դա վկայում է այն մասին, որ այն պնդումները, թէ  44-օրեայ պատերազմում մենք պարտութիւն կրել ենք միայն ու միայն պետական կառավարման լուրջ բացթողումների ընթացքում, միանշանակ են դառնում», — ընդգծեց Սէյրան Օհանեանը։

Նա նշեց՝ Արցախի ամբողջ բանակցային գործընթացի վերաբերեալ մանիպուլեացիաներ են ընթանում՝ յատկապէս Արցախի՝ բանակցային գործընթացից դուրս մղուելու ժամկէտների  և սահմանագծման, սահմանազատման հարցերի հետ կապուած։

«Մենք յայտարարութիւն  էինք կազմել ու դրա կիզակէտում թուրք-ադրբեջանական այս գործողութիւնների դատապարտումն էր, երկրորդ՝ այնտեղ  նշուած էր, որ Արցախի ինքնորոշման գաղափարը  առաջնային է, և չպէտք է լինի մի փաստաթուղթ, որտեղ  կը նշուի, որ  Արցախն Ադրբեջանի մաս կը կազմի, երրորդ՝  որևէ ղեկավար, յատկապէս գործադիրի որևէ   ներկայացուցիչ իրաւունք չունի այս ժամանակահատուածում  միջազգային նշանակութիւն ունեցող որևէ փաստաթուղթ ստորագրել, որը չի անցնի համապատասխան ընթացակարգերով։ Նոյեմբերի 9-ին ստորագրած յայտարարութիւնը մեզ այս մտավախութիւնն ունենալու առիթն է տալիս», — նշեց Սէյրան Օհանեանը։

Մեր բանակի կազմաւորման ակունքներում կանգնած Սէյրան Օհանեանը յիշեցրեց՝ մեր այսօրուայ կառավարութեան ղեկավարն ասում է «Ես եմ հրաման տուել ետ քաշուել յատկապէս Կովսականի, Ջրականի այն հատուածներից, որոնք ետ են քաշուել մինչև ՀՀ սահմաններ», մինչդեռ,  Օհանեանի պնդմամբ, պետութեան տարածքային ամբողջականութեան, սահմանների անձեռնմխելիութեան մասին մտածող և, ընդհանրապէս, սահմանների ճշտման գործընթացը՝ դելիմիտացիան ու դեմարկացիան հասկացող  կամ  նոյնիսկ չհասկացողը այսպէս չէր վարուի, քանի որ  պետութիւնն ունի  բոլոր գործիքակազմերը՝ Կառավարութիւն, Անվտանգութեան խորհուրդ, ԱԺ,  ՊՆ, ԳՇ․․․ և համապատասխան մարմինների հետ ընդունուած որոշումների ընթացքում գոնէ ռազմավարական կարևոր կէտերը  ու հետագայում շահարկման մաս դարձող ճանապարհները, բարձունքները պիտի լինէին մեր առաջին գծի թիկունքում, որպէսզի մենք հետագայում կարողանայինք այդ ամէնը հիմք ընդունելով՝ սահմանագծում անել։

Սէյրան Օհանեանի համոզմամբ՝ այն շահարկումը՝ եթէ մենք դա չանէինք, պատերազմը կը շարունակուեր, ամէնևին արդարացուած չէ, քանի որ պատերազմն այսօր էլ շարունակւում է , անընդհատ շարունակուելու է այս իրավիճակում։

«Ի՞նչ է նշանակում սա, մենք չպիտի՞ մենք մեր հայրենիքը պաշտպանենք։ Իսկ այն ընթացքում ադրբեջանցիները GPS-ով եկան, իրենց սահմանագծումն ու սահմանազատումն իրականացրին, և դեռ աւելին՝  մխրճուեցին մեր տարածքներում, որոնք հետագայում մեր վրայ ազդելու, շահարկման հիմք են լինելու», — նշեց Սէյրան Օհանեանը՝ ընդգծելով՝ այսօր չափազանց կարևոր խնդիր է նաեւ Արցախում հայաթափումը կանգնեցնելը։

Նա ընդգծեց՝ «Հայաստանի դեմոկրատական կուսակցութեան» նախաձեռնութեամբ ընթացող քննակումը և առհասարակ, նմանօրինակ  քննարկումները շատ կարևոր ու անհրաժեշտ են։ Սէյրան Օհանեանը նշեց՝ քննարկումից յետոյ ինչ որոշում ընդունուի, կարող է ուղարկուել ԱԺ ու քննարկման դրուել։ Պէտք է նշել՝ քննարկումից յետոյ յայտարարութեան տեքստ է մշակուելու, որից յետոյ հասարակական-քաղաքական կազմակերպութիւններն ու ուժերը կարող  են ստորագրագրել տուեալ յայտարարութեան ներքոյ՝ յայտարարութիւնում զետեղուած առաջարկութիւններին ու պնդումներին համաձայն լինելու դէպքում։

Քննարմանը ներկայ ՀՀ մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը նշեց՝ ադրբեջանցիների խնդիրը միայն մեր տարածքները զաւթելը չէ, նրանց խնդիրը նաև ցեղասպանական գործողութիւնների իրականացումն է։

«Իսկ երբ խօսում են պայմանաւորուած պատերազմի ու պլանաւորուած պարտութեան մասին, պէտք է ասել՝ 2018 թուականից ստեղծուել են   բոլոր պայմանները, որպէսզի թուրք-ադրբեջանական ագրեսիան տեղի ունենայ։  Ես չեմ կարող պնդել՝  նստել են, պայմանաւորուել են, բայց  փաստ է՝ արդիւնքներից դատելով՝ կարելի է ասել՝ ամէն ինչ արուեց, որ պատերազմը սկսուէր, դրա համար էլ դա իրոք պայմանաւորուած էր, այդ տերմինն ընդունելի է», — նշեց Լարիսա Ալավերդեանը։

Քննարմանը ներկայ էր նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Գէորգ Ղազելեանը։

 Նա իր ելոյթում  ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետութիւնը աշխարհաքաղաքական այս վերադասաւորումների բարդագոյն ժամանակահատուածում կրկին կանգնած է թուրքացման սպառնալիքը չէզոքացնելու հրամայականի առջեւ։

«Իշխանութիւնները մինչև օրս նոյնիսկ չեն վերահաստատում դեռևս 1990-ական թուականներից յայտարարուած, Հայաստանի նախորդ բոլոր իշխանութիւնների կողմից կասկածի տակ չդրուած և  մինչև այսօր ՀՀ ԱԳՆ պաշտօնական կայքում զետեղուած դիրքորոշումը՝ ըստ որի

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հիմք պէտք է հանդիսանայ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացման ճանաչումը, 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը Հայաստանի հետ պէտք է ունենայ հայկական կողմի իրաւազօրութեան տակ գտնուող անխափան ցամաքային կապ,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութիւնը պէտք է միջազգայնօրէն երաշխաւորուած լինի:

Գէորգ Ղազելեանը շեշտեց՝ Հայաստանը պէտք է  համապատասխան միջոցներ  գործադրի՝ ապահովելու համար մեր ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնը։

«Արցախեան հիմնախնդիրը լուծուած չէ։ Դիմադրութեան պլատֆորմը պէտք է ձեւաւորել Հայաստանի թուրքացման եւ Արցախի հայաթափման սպառնալիքների գնահատման եւ դրանց յաղթահարման մարտավարական յստակ սկզբունքների հիման վրայ։ Մեզնից է կախուած՝ կը կարողանա՞նք արդեօք վճռական պայքարով, վերացնելով ներքին ու արտաքին խոչընդոտները վերատիրանալ Արցախին ու մեր արժանապատուութեանը, թէ ոչ»,- եզրափակեց Գէորգ Ղազելեանը։

ՅԱՍՄԻԿ ԲԱԼէԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.