Արցախի արտգործնախարար Դաւիթ Բաբայեանի այցը Պրիւքսէլ

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի և Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան համատեղ նախաձեռնութեամբ և ջանքերով փետրուարի 7-10 տեղի ունեցավ Ա․Հ․ արտգործնախարար Դավիթ Բաբայեանի աշխատանքային այցը Պրիւքսէլ։

Այցի ընթացքում վերակազմուեց Եւրոպական Խորհրդարանում (ԵԽ) Արցախի հետ բարեկամութեան խումբը՝ գլխաւոր քաղաքական խմբակցութիւններից պատգամաւորների լայն շրջանակի մասնակցութեամբ։ Եւրապատգամաւորներին հանգամանօրէն ներկայացուեց 2020 թ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից յետոյ Արցախում ստեղծուած իրավիճակն ու մարտահրաւէրները, Ադրբեջանի յարձակապաշտ քաղաքանութիւնը, որի հիմքում տասնամեակներով Ադրբեջանում պետական հովանաւորչութեամբ քարոզուող և խորապէս արմատացած հայատեացութիւնն է։

Ա․Հ․ Արտգործնախարարը հանդիպումներ ունեցաւ Պելճիքայի Դաշնային Խորհրդարանում Հայաստանի և Վրաստանի բարեկամութեան խմբի անդամ-սենատորների, Պելճիքայում Արցախի հետ ֆրանսախօս բարեկամութեան շրջանակի, ինչպէս նաև Ֆլամանդական Խորհրդարանում Արցախի հետ բարեկամութեան խմբի անդամների հետ։ Նախարարը նաև դասախօսութիւն կարդաց Արցախեան հիմնախնդրի, ինչպէս նաև ստեղծուած իրավիճակի վերաբերեալ՝ Գերմանիայի առաջատար իրաւաբանական համալսարանի մի քանի տասնեակ ուսանողների համար, ովքեր այցով գտնւում էին Պրիւքսէլում։ Այցն ամփոփուեց Պելճիքայի Հայ համայնքի ներկայացուցչական մարմինների անդամների հետ հանդիպումով։

Բոլոր հանդիպումների առանցքային թեմաների շարքում էին Ադրբեջանի կողմից բռնազավթուած շրջաններում հայկական մշակութային ժառանգութեան վերացմանը և պատմութիւնը կեղծելուն միտուած ադրբեջանական քաղաքականութիւնը, ինչպէս նաև դրա դէմ պայքարելու անհրաժեշտութիւնը։

Անդրադառնալով այցին՝ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը շեշտեց. «Ինչպէս և անցեալում, այժմ էլ մեր ողջ ներուժով աշխատում ենք Եւրոպական քաղաքական շրջանակներում լսելի դարձնել Արցախի մեր հայրենակիցների ձայնը և իրազեկել Ադրբեջանի կործանարար քաղաքականութեան վերաբերեալ։ Կարևորում ենք Արցախի արտգործնախարարի այցը Պրիւքսէլ նաև այն պատճառով, որ սա յետպատերազմեան փուլում նրա առաջին այցն էր ԵՄ մայրաքաղաք:»

«Թէկուզ ծանր եւ վիրաւոր, բայց Արցախն այսօր շարունակում է ապրել։ Բոլորիս պարտքն է նուիրումով տէր կանգնել մեր ժողովրդի արդար իրաւունքներին և պաշտպանել ինչպես Արցախի Հանրապետութեան, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութեան պետական շահը», ամփոփեց Գասպար Կարապետեանը։

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.