Արտաքին քաղաքականութիւնը՝ անվտանգութեան գործօն

Հայաստանի Հանրապետութիւնում իշխող ապիկար վարչախումբը շարունակում է կազմաքանդել հայկական պետականութեան անվտանգային համակարգը:

Անվտանգային համակարգը լայն հասկացողութիւն է, որն իր մէջ պարունակում է ոչ միայն Պաշտպանութեան նախարարութիւնը, Զինուած ուժերը և անվտանգութեան ծառայութիւնները, այլ նաև արտաքին գործերի նախարարութիւնն ու դիւանագիտական աշխատանքները: Հանրաճանաչ ասոյթ է. «Երբ ձախողւում են դիւանագէտները՝ հնչում է թնդանօթների ձայնը»:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի վերջին 30 տարուայ դիւանագիտական գործունէութեան գլխաւոր թիրախը, կարևորագոյն առանցքը Արցախի հիմնահարցի կարգաւորումն էր:

Հայաստանում իշխանական լծակներն ամէն գնով իրենց ձեռքում պահող վարչախումբը իր արտաքին ապաշնորհ քաղաքականութեան հետևանքով Արցախը համարում է իր ուսերին բարձած բեռ, որից՝ օր առաջ ազատուելը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականութեան ուղղութիւններից մէկը:

Այդ դաւաճանական կեցուածքի արդիւնքները աղետալի են եղել Արցախի համար, իսկ Արցախի Հանրապետութիւնը, եթէ հանդուրժի նման բարձիթողի վիճակ, գահավիժումը օրեցօր աւելի թափ կը ստանայ: Այս ծանր օրերին հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դրօշակակիր դառնալու առաքելութիւնը մէկ անգամ ևս վերապահուած է Արցախի Հանրապետութեանը:

Այդ ասպարէզում Արցախի արտաքին քաղաքականութիւնը պէտք է ամրապնդի Արցախի հայկական պետականութեան առարկայական ներկայութիւնը թէ՛ հայ իրականութեան մէջ, թէ՛ տարածաշրջանում և թէ՛ միջազգային բեմահարթակում:

44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծուած իրավիճակում Արցախի արտաքին քաղաքականութեան առանցքային ուղղութիւնը շարունակում է մնալ Արցախի միջազգային ճանաչումը: Այդ գործում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը անվերապահօրէն Արցախի կողքին է: Հայ Դատի յանձնախմբերի գործունէութեան շնորհիւ վերջին ականատես եղանք հայանպաստ դիւանագիտական յաջողութիւնների  թէ՛ Ամերիկայում և թէ՛ Եւրոպայում:

Որպէս օրակարգային թիրախ՝ միջազգային բեմահարթակում Արցախի հայկական պետութիւնը պէտք է ներկայացուի որպէս տարածաշրջանային հաւասարակշռութեան պահպանման և յարատև խաղաղութեան պահպանման շարժիչ գործօն: Իսկ հայկական իրականութեան մէջ՝ Արցախը պէտք է վերականգնի իր ազգային գաղափարախօսական ազդեցութիւնը համահայկական արժեհամակարգում:

Ազգային գաղափարախօսութիւնը մեր օրերում միս ու արիւն է դարձել Արցախով: Իսկ ազգային գաղափարախօսութիւնը հայ ժողովրդի յարատևման և զարգացման երաշխիքն է:

 «Ապառաժ»-ի խմբագրական

31 յուլիսի, 2021թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.