Արծվիկ Մինասեանի ելոյթը «Հայաքուէ» նախաձեռնութեան ներկայացրած նախագծի վերաբերեալ խորհրդարանական լսումների ժամանակ
Արցախի հարցում իշխող ուժը չի կատարել իր նախընտրական խոստումը. կա՛մ պէտք է առաջադրեն այլ միջոց, կա՛մ հեռանան. Մինասեան
Առաջին անգամ ՀՀ-ում 2015-ի սահմանադրական փոփոխութիւններով քաղաքացիներին տրուած իրաւունքը՝ առնուազն 50 հազար քաղաքացիների կողմից օրէնսդրական նախաձեռնութիւն իրականացնելու փորձը յաջողուել է: Այս մասին այսօր՝ Նոյեմբերի 24-ին «Հայաքուէ» նախաձեռնութեան ներկայացրած նախագծի վերաբերեալ խորհրդարանական լսումների ժամանակ յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը՝ յաւելելով, որ յաջողուել է հաւաքել 58 հազար ստորագրութիւն:
Յիշեցնենք, որ «Հայաքուէ»ն քաղաքացիական-օրէնսդրական նախաձեռնութիւն է, որն առաջարկում է քրէականացնել Հայաստանի Հանրապետութեան անունից Արցախն այլ պետութեան մաս ճանաչող ցանկացած գործողութիւն: Նախագծում կայ եւս մէկ կէտ՝ Հայոց ցեղասպանութեան նշանակութիւնը նսեմացնող գործողութիւնների քրէականացում
«Հենց սկզբից մեր թշնամիները սկսեցին պարբերաբար փորձ անել նսեմացնելու նախաձեռնութիւնը: Փորձ արեցին արժեզրկելու մեր այս երկու պետականութեան համար կարեւորագոյն հարցերի նշանակութիւնը, եւ փորձելով սպառնալիքներ տեղալ: Սրանից օգտուեցին մեր ազգային մտածողութեամբ մարդկանց թշնամի համարուող հակառակորդները, որոնք պայմանական են կրում հայկական ազգանուն եւ սկսեցին իրենք էլ նսեմացման փորձերը», ասաց նա:
Արծուիկ Մինասեանը հարց հնչեցրեց՝ արդեօք այն ուժերը, որոնք յայտնուել են ԱԺ-ում, իրենց տուած նախընտրական խոստումները պահպանում են, թէ ոչ. «Քաղաքացիների լեգիտիմ իրաւունքն է պահանջել այդ խոստումների իրականացումը, կամ արձանագրել, որ այն ուժերը, որոնք հետեւողական չեն իրենց նախընտրական խոստումներին, նրանք զուրկ են լեգիտիմութիւնից»:
Արծուիկ Մինասեանը ընթերցեց խորհրդարանական երեք ուժերի նախընտրական ծրագրերից հատուածներ, որոնք վերաբերում են Արցախի հարցին եւ Ցեղասպանութեան ճանաչման խնդրին:
Մասնաւորապէս, ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշւում է, որ մօտակայ տարիներին իրենց գլխաւոր խնդիրը պէտք է լինի Արցախի ժողովրդի անվտանգ ապահովումն ու ԼՂ խնդրի խաղաղ ու համապարփակ կարգաւորումը՝ հիմնուած Արցախի ժողովրդի իքնքնորոշման վրայ, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտութիւնից: «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ատրպէյճանի ենթակայութեան ներքոյ», «Ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի լիարժէք իրացման եւ Արցախի կարգավիճակի յստակեցման տեսքով՝ առաջոնորդուելով «անջատում յանուն փրկութեան» սկզբունքով», նշուած է ՔՊ-ի ծրագրում:
Արծուիկ Մինասեանը շարունակեց. «Եթէ իշխող մեծամասնութիւնը դէմ է արտայայտուելու այս նախաձեռնութեանը, ի՞նչ գնահատականի պէտք է արժանանայ ժողովրդի կողմից: Եթէ նրանք այս նախաձեռնութեան նկատմամբ արտայայտում են բացասական դիրքորոշում, ուրեմն լեգիտիմ չեն, գործում են յանցագործութիւն հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք սահմանադրական առումով նաեւ զրկուել են այդ ժողովրդին ներկայացնելու իրաւունքից: Կամ պէտք է առաջարկեն այլ միջոց իրենց խոստումներն իրականացնելու ուղղութեամբ, կամ պարզապէս պէտք է հեռանան՝ հրաժարական եւ հեռացում:
Նա տեղեկացրեց, որ այս նախագիծը պէտք է քննարկուի ԱԺ պետաիրաւական յանձնաժողովում, դա լինելու է Դեկտեմբերի 4-ին, եւ եթէ յանձնաժողովը չտայ դրական եզրակացութիւն, յաջորդ օրը ԱԺ լիագումար նիստում այն պէտք է քուէարկուի, որպէսզի մտնի օրակարգ:
Comments are closed.