«Արժանապատուութեան երթ»՝ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով

 

 

դեկտեմբերի 11-ին ՀՀ քաղաքացիները «արժանապատուութեան երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։ Նրանք Կասեան փողոցից ավտոերթով շարժւում են դէպի Ֆրանսայի հրապարակ։ Երթի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դաւաճան, հեռացիր»։

Քաղաքացիները Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի յարակից հատուածում: Ակցիայից յետոյ քաղաքացիները ավտոերթ են իրականացնում դէպի Ֆրանսիայի հրապարակ:

Ոստիկանները բռնի ուժ են կիրառում Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Երթի ժամանակ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան լրատուական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրէն Գեղամ Մանուկեանին։

Ոստիկանները մի քանի անգամ փորձեցին նաև բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանին, սակայն չյաջողուեց:

Իշխան Սաղաթելեանը Ֆրանսայի հրապարակում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանութեան գործողութիւնները ապօրինի է համարում:

Աւելի ուշ ոստիկանները բերման ենթարկեցին Իշխան Սաղաթելեանին՝ ոտքերից, ձեռքերից բռնած նրան տանելով մեքենայ:

Մայրաքաղաքի կեդրոնում շարունակում են ընդվզումները, շէնքերի բնակարաններից մարդիկ իրենց աջակցութիւնն են յայտնում ցուցարարներին, գոչելով՝ «Նիկոլ, դաւաճան», «Քայլ արա, մերժի՛ր գժին»․․․

«Բոլոր քաղաքացիները պէտք է շատ լաւ հասկանան, որ սա ուղղակի պայքար չէ որևէ իշխանութեան համար, սա պայքար է յանուն մեր հայրենիքի փրկութեան: Ժողովո՛ւրդ, դուրս եկէք փողոց, հասկացէ՛ք, որ իրավիճակն արդէն այլ է, իրավիճակը օրհասական է, ծախւում է մեր երկիրը, վտանգուած են ՀՀ սահմանները և հայ ժողովրդի գոյութիւնը»,- «Արժանապատուութեան երթի» ժամանակ Ֆրանսայի հրապարակում լրագրողների հետ զրոյցում նշեց ԱԱԾ նախկին տնօրէն, «Հայրենիք» կուսակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը:

Անդրադառնալով ոստիկանների գործողութիւններին՝ նա նկատեց. «Այս անհասկանալի, բիրտ ուժի կիրառմամբ չեն կարող մեզ լռեցնել, չենք թոյլ տալու այս դաւաճան ծրագիրը հասնի իր աւարտին»։

ԱԱԾ նախկին տնօրէնը ասաց. «Ես համոզուած եմ, որ մեր ոստիկաններից շատերը, 95 և աւել տոկոսը հայրենասէր մարդիկ են, ծառայում են իրենց հայրենիքին, ծառայում են իրենց պետութեանը: Կարող է՝ այս պահին մոլորուած են, բայց ես համոզուած եմ, որ մեր ոստիկանները շատ կարճ ժամանակ յետոյ սթափուելու են և հասկանալու են, որ չպէտք է ծառայեն դաւաճաններին:

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.