Արթուր Եղիազարեան. «Ազատագրուած Տարածքների Հարցը` Հայկական Պետականութիւնների Անվտանգութեան Հիմնական Երաշխիք»

«Երկիր»-ը հետեւեալ հարցազրոյցը կատարած է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ, պատմաբան, ռազմական փորձագէտ, արցախեան ազատամարտի մասնակից Արթուր Եղիազարեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Եղիազարեան, ինչո՞ւ էք որոշել ՀՅԴ ցուցակով առաջադրուել ԱԺ պատգամաւորութեան թեկնածու: Միեւնոյն ժամանակ վարկանշային թեկնածու էք Մալաթիա-Սեբաստիա եւ Շէնգաւիթ վարչական շրջաններում:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Առաջադրուել եմ մի քանի պատճառներով: Առաջին` մանկուց այդ ընտրատարածքի բնակիչ եմ, ճանաչում եմ իմ ընտրատարածքը: Երկրորդ` խորհրդարանը օրէնսդիր մարմին է, եւ ես ինձ տեսնում եմ այդ աշխատանքում, ունեմ փորձ եւ գիտելիքներ` այդ աշխատանքն արդիւնաւէտ իրականացնելու համար: Երրորդ` ԱԺ-ում պէտք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք ընդամէնը կոճակ սեղմողներ չեն, այլ ունեն յստակ պատկերացում երկրի առջեւ դրուած մարտահրաւէրների մասին ու տիրապետում են ժողովրդին յուզող խնդիրներին: Կարճ ասած` պետութեան անվտանգութիւնը, հզօրութիւնը մեծացնելու եւ արժանապատիւ կեանքի նախադրեալներ ապահովելու ունակ մարդիկ են պէտք խորհրդարանում: Չորրորդ` լինելու եմ օրինակելի պատգամաւոր, որը մշտապէս կապի մէջ է լինելու ընտրողի հետ ու պարբերաբար հաշուետու է լինելու նրան: Հինգերորդ` 2012թ.-ին ներկայիս 3-րդ ընտրատարածքի զգալի մասն ընդգրկող 8-րդ ընտրատարածքում առաջին անգամ առաջադրուել եմ ՀՅԴ-ի կողմից որպէս պատգամաւորի թեկնածու` մեծամասնական ընտրակարգով, եւ առանց նիւթա-ֆինանսա-վարչական լծակների` դուրս եկել սակաւապետութեան ու համակարգի դէմ, որի արդիւնքում ստացել եմ ընտրողների վստահութեան ծանրակշիռ քուէ` ձայների յարաբերակցութեամբ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Ակնկալում եմ, որ այս անգամ կը ստանամ ընտրատարածքի բնակչութեան աջակցութիւնն ու վստահութեան քուէն, քանի որ յաջորդող տարիներին երբեք առիթ չեմ տուել յուսախաբութեան, թէեւ այն ժամանակ չընտրուեցի: Յուսամ` այս անգամ կ՛ունենան իրենց արժանաւոր պատգամաւորն ԱԺ-ում:

Հ.- Ի՞նչ խնդիրներ էք տեսնում, որ Դաշնակցութիւնն ու դուք պէտք է հետապնդէք յառաջիկայ խորհրդարանում:

Պ.- Խնդիրները շատ են: Նշեմ մի քանիսը: Կողմ լինելով ընկերային շուկայական տնտեսութեանը` դէմ ենք տնտեսութիւնից պետութեան օտարացմանը: Պետութիւնը պէտք է լիարժէք ստանձնի իր քաղաքացիների ընկերային-տնտեսական բարեկեցութեան եւ կեանքի որակի առաջանցիկ աճի ապահովման առանցքային դերը: Հայաստանում պէտք չէ լինեն աշխատունակ, բայց աղքատ մարդիկ: Հանրութեան մէջ ազգային ոգու եւ արժէքների սերմանումը հնարաւոր է միայն նրանց կենսամակարդակի բարձրացման պայմաններում: Տնտեսութիւնը պէտք է ենթարկուի պետական անհրաժեշտ կարգաւորման եւ ունենայ պետութեան նպատակային մասնակցութիւն: Այսինքն շուկայի դասական` «անտեսանելի ձեռքի» ուժը պէտք է լիարժէք լրացուի պետութեան «տեսանելի ձեռքի» ուժով: Դաշնակցութիւնը յառաջատուական եկամտահարկի կողմնակից է, որի հիմքում պէտք է դրուի «Շատից` շատ, քչից` քիչ» սկզբունքը: Հայաստանում պէտք չէ լինեն աշխատունակ աղքատ մարդիկ:

«Ներդրում ու աշխատա՞նք, թէ՞ շրջակայ միջավայրի պաշտպանութիւն» երկընտրանքի փոխարէն` Դաշնակցութիւնն առաջ է քաշում` «Ե՛ւ ներդրում ու աշխատանք, ե՛ւ շրջակայ միջավայրի պաշտպանութիւն» սկզբունքը:

Համարում ենք, որ ռազմական արդիւնաբերութեան բարձր արհեստա-ճարտարագիտական մի շարք ճիւղեր կարող են դառնալ տնտեսական զարգացման կարեւոր մղիչ, որի հիման վրայ էլ` ռազմական ծախսերը տնտեսական ներդրումներով փոխարինելու իրական ու արդիւնաւէտ հնարաւորութիւն:

Հայաստանի ընկերային-տնտեսական զարգացման գործում, մշակութային կեանքում հայկական սփիւռքի աշխուժ դերակատարումը քաջալերելու ենք եւ ապահովելու ենք ներդրումների համար իրական պայմաններ, որով էլ վերջ ենք տալու հայրենիք-սփիւռք անպտուղ յայտարարութիւնների յարաբերութիւններին ու ստեղծելու ենք երկկողմանի ներդաշնակ յարաբերութիւններ:

Արտաքին քաղաքականութեան մէջ Հայաստանը պէտք է բացառի «կամ, կամ»-ի քաղաքականութիւնը եւ շարունակի «եւ, եւ»-ի քաղաքականութիւնը: Այս առումով ,ՀՀ-ն պէտք է ՌԴ-ում, ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում ասի միեւնոյն բանը` անկախ նրանից, թէ այդ ուժային կենտրոններն ամբողջութեամբ կիսո՞ւմ են մեր մօտեցումները, թէ՞ ոչ, եւ մեր ասելիքը, բխելով Հայաստանի կենսական շահերից, էապէս պէտք չէ ուղղուի նրանցից ոեւէ մէկի էական շահերին: Արտաքին քաղաքականութեան հարցում ներկայիս իշխանութիւնը դրսում ստեղծել է անվստահութեան մթնոլորտ: Այս առումով, քիչ է միայն յայտարարել, թէ ՀՀ-ն շարունակում է որդեգրուած նախկին քաղաքականութիւնը, անհրաժեշտ է, որ այն բովանդակութեամբ լինի նոյնը:

Մինչեւ Ազրպէյճանը չճանաչի Արցախի Հանրապետութեան անկախութիւնը, բանակցութեամբ կարգաւորելի փոխզիջումային որեւէ այլ խնդրի մասին չենք խօսելու: Իսկ փոխզիջում ասելով` պարտադիր չէ հասկանալ տարածքային զիջումները: Դա կարող է լինել, օրինակ, ըստ իս, ջրօգտագործումն ու հաղորդակցութեան միջոցները: ՀՀ-ի եւ Արցախի միջեւ պէտք է շուտափոյթ կնքել ռազմաքաղաքական համագործակցութեան պայմանագիր: Բանակցային գործընթացում, կարեւորելով Արցախի մասնակցութիւնը, ՀՀ-ն պէտք չէ զիջի իր բանակցային դիրքերը եւ փորձի հրաժարուել իր պատասխանատուութիւնից: Ազատագրուած տարածքների հարցը պէտք է դիտարկել որպէս հայկական պետականութիւնների ռազմական անվտանգութեան հիմնական երաշխիք: Եւ որքան որ վտանգաւոր է խաղաղութեան ժամանակ խօսել պատերազմից, առաւել վտանգաւոր է պատերազմի ժամանակ խօսել զիջողական խաղաղութիւնից: Անհրաժեշտ է, ձգտելով խաղաղութեան, միշտ պատրաստ լինել պատերազմի: Հետեւաբար պէտք է ոչ թէ փամփուշտներից զարդեր սարքել, այլ հակառակը` զարդերից` փամփուշտներ:

Ազգային հայեցակարգի շրջանակում կարեւորելու ենք` հայ աւանդական ընտանիքին սպառնացող նոր մարտահրաւէրներին դիմակայելը եւ սահմանադրութեամբ նրա իրաւունքի պաշտպանութեան այժմէականութիւնը, Հայաստան-սփիւռք յարաբերութիւնները եւ համազգային ներկայացուցչական մարմինի ձեւաւորման հեռանկարը, Հայ առաքելական եկեղեցուն` որպէս համազգային կառոյցի զօրակցելը` հաշուի առնելով նրա դէմ աղանդաւորական յարձակումների նոր իրողութիւնները: Մեծացնելու ենք հայոց լեզուի պաշտպանութիւնը, կարեւորելու ենք միասնական ուղղագրութեան կայացումը` որպէս ազգային-մշակութային միասնութեան անփոխարինելի հենք, պաշտպանելու ենք ազգային կառոյցները` հաշուի առնելով գաղափարական եւ կրթամշակութային հաստատութիւններին նետուած մարտահրաւէրները, տէր ենք լինելու «Ազգ-բանակ» հայեցակարգին` որպէս մեր պետականութեան անվտանգութեան երաշխիք: Մի խօսքով` «ԶԱՐԳԱՆԱԼ` ՉԶԻՋԵԼՈՎ» սկզբունքը:

Մեր ծրագրերն աւելի շատ են, բայց այս հարցազրոյցի շրջանակում փորձեմ այսքանով սահմանափակուել, մնացածին հանրութիւնը հնարաւորութիւն կ՛ունենայ ծանօթանալու քարոզարշաւի շրջանակում` ՀՅԴ նախընտրական փլաթֆորմի ու քարոզչական նիւթերի միջոցով: Միայն մի յատկանշական փաստ նշեմ` չենք տուել անիրականանալի ու ամբոխահաճոյ խոստումներ, զերծ ենք մնում ասել այն, ինչն ուզում են լսել, ինչպէս ոմանք են անում: Ասում ենք այն, ինչն իրագործելի է, հիմնաւորուած է տքնաջան աշխատանքի ու մասնագիտական լուրջ փորձագիտութեան վրայ: Ու ինչ ասում ենք, ամէնն ուղղուած է Հայաստանի ու հայի շահերին` ունենալ հզօր, զարգացած ազգային պետութիւն, համերաշխ հանրութիւն եւ արժանապատիւ աշխատանքով ու վարձատրութեամբ հայ ու Հայաստանի քաղաքացի:

Հ.- Արդեօ՞ք անհրաժեշտութիւն է, որ ՀՅԴ-ն ներկայացուած լինի յառաջիկայ խորհրդարանում:

Պ.- Կ՛ասէի աւելին` ՀՅԴ-ն պարտադիր պէտք է ներկայացուած լինի խորհրդարանում: Մենք մեր արժէքներից ու սկզբունքներից չընկրկող ուժ ենք: Լուրջ մարտահրաւէրներ են երկրի առջեւ ծառացած ու սպասւում, դիտորդի դերում յայտնուելու իրաւունք չունենք: Դա հաստատ ոչ մէկի օգտին չէ, բացառութեամբ` խառնակիչների ու կազմալուծողների:

Հ.- Ինչպէ՞ս էք պատկերացնում Դաշնակցութեան փոխյարաբերութիւնները այլ քաղաքական ուժերի հետ եւ մասնաւորապէս` խորհրդարանական գործունէութեան ընթացքում:

Պ.- Որեւէ կաշկանդում չենք ունեցել ու չունենք այլ քաղաքական ուժերի հետ յարաբերուելիս, կարողանում ենք, ըստ իրավիճակի, վարել մագոգային դիւանագիտութիւն: Վկայ` անցեալի ու ոչ վաղ ժամանակների գործընթացները: Մշտապէս հանդէս ենք եկել փոխզիջումներով խնդիրների լուծման օգտին: Կողմնակից լինելով համերաշխ հանրութեանը` բազմակարծութեան պայմաններում, կարեւորում ենք առողջ յարաբերութիւններն ու երկխօսութիւնը քաղաքական ուժերի միջեւ: Դա է ճիշդ ուղին:

Հ.- Այսօր ՀՅԴ-ի հասցէին տարբեր կողմերից հնչում են քննադատութիւններ, ինչպէ՞ս էք վերաբերւում դրանց, ինչպէ՞ս էք գնահատում այս երեւոյթը:

Պ.- ՀՅԴ-ի հասցէին հնչող առողջ, առանց վիրաւորական բառապաշարի, ստի, անիրազեկուածութեան պատճառով հնչող քննադատութեանը վերաբերւում եմ բնական: Եթէ քննադատում են, ուրեմն քեզնից սպասելիք ունեն: Աւելի վատ է, երբ քեզնից չեն խօսում: Առողջ քննադատութիւնը նպաստում է, որ քեզ տեսնես կողքի աչքով: Ու դա մեզ համար օգտակար է:

Բայց, ցաւօք, կայ նաեւ անառողջ քննադատութիւն, որն իբր թէ քննադատութիւն է, բայց իրականում` միտումնաւոր ապատեղեկատուութիւն, ձեռնածութիւն: Այս երեւոյթը տարբեր ծագումնաբանութիւն ունի. դրսի օտար ուժերի, այդ թւում` Ազրպէյճանի ու Թուրքիայի շահերը սպասարկող ապազգային տարրերի կողմից, տեղեկատուական ու հոգեբանական պատերազմի մեթոտներով ազգային արժէքային համակարգ կրող ուժի վարկաբեկում, որի արդիւնքում` հանրութեան մոլորեցում, թունաւորում ու քո դէմ տրամադրում, քաղաքական խանդ, խորհրդային ու ՀՀՇ-ական տիրապետութեան տարիներից եկող հակադաշնակցականութիւն, ինչպէս նաեւ ինքնահաստատման փորձ` որոշ անհատների ու կառոյցների համար:

Հ.- ՀՅԴ-ն մեր երկրի ամենամեծ կենսագրութիւն ունեցող եւ ամենակազմակերպուած կուսակցութիւններից է, եթէ ոչ` ամենափորձառուն ու կազմակերպուածը: Որքանո՞վ են այդ գործօններն օգնում կուսակցութեան գործունէութեանը եւ որքանո՞վ են դերակատար հէնց խորհրդարանական գործունէութեան ժամանակ:

Պ.- ՀՅԴ-ն առաջին հերթին պետականաստեղծ կուսակցութիւն է ու համազգային իրական կառոյց`  համահայկական օրակարգերով, յստակ կազմակերպուած կառոյցով ու փորձառու կենսագրութեամբ: Դաշնակցական լինել` նշանակում է կրել այդ ողջ պատասխանատու ծանրութիւնը անցածի համար եւ յստակ տեսնել այն ուղիները, որոնք քայլ առ քայլ մեզ կը տանեն ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի կերտման:

Հ.- Որպէս Մալաթիա-Սեբաստիա ու Շէնգաւիթ վարչական շրջաններում ՀՅԴ-ի կողմից առաջադրուած պատգամաւորի թեկնածու` ընտրողի համար ինչպիսի՞ պատգամաւոր կը լինէք:

Պ.- Վստահաբար կը լինեմ օրինակելի պատգամաւոր, այնպիսին, որ ինձ ընտրողը երբեք չամաչի իր ընտրութեան համար: Կը լինեմ հաշուետու, պարբերաբար հանդիպելով ընտրատարածքի ազգաբնակչութեան հետ` կը լսեմ նրանց կողմից բարձրացուած հարցադրումները` ԱԺ տանելու համար: Սա ինձ համար հեշտ լուծելի է, քանի որ ապրում եմ մարդկանց մէջ` պարզ աշխատաւորի կեանքով, մեկուսացած չեմ մարդկանցից ու չեմ լինի: Կը զեկուցեմ ու կը պարզաբանեմ ԱԺ-ում իմ գործունէութեան իւրաքանչիւր քայլ: Այդ գործունէութեան ողջ շրջանում երբեք չեմ անի մի քայլ, որ ամաչեմ մարդկանց աչքերին նայելուց, ինչպէս եղել է իմ անցած ողջ կենսագրութեան ընթացքում: Ես նրանցից մէկն եմ ու մնալու եմ: Հաւատարիմ հողին ու հային:

Leave a Comment

You must be logged in to post a comment.