«Արել ենք այնքան, ինչքան հնարաւորութիւն ու քուէ տուել է մեր ժողովուրդը». Սպարտակ Սեյրանեան

«Քաղաքական ուժը միայն խորհրդարանով չէ, որ անելիք ունի Հայաստանում». 24TV-ի եթերով յայտնած է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ համամասնական ցուցակին 5-րդ տեղը զբաղեցնող պատգամաւորութեան թեկնածու Սպարտակ Սեյրանեան` պատասխանելով «ՀՅԴ-ին անհանգստացնո՞ւմ է` անցնելու է խորհրդարան, թէ` ոչ» հարցումին:

Ան շեշտած է, որ եթէ քաղաքական ուժը ընելիք ունի քաղաքական դաշտին մէջ, բայց խորհրդարանին մէջ չէ, չի նշանակեր, որ ան ընելիք չունի: «Այդ նոյն տրամաբանութեամբ` այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք դեռ այսօր խորհրդարանում չէին, չգիտեմ` վաղը կը լինեն, թէ` ոչ, դեռեւս չի նշանակում, որ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ պիտի դադարեն քաղաքականութեամբ զբաղուել», ըսած է Սեյրանյան:

Այն դիտարկման, որ որեւիցէ նախաձեռնութիւն ընելու նպատակ չկայ, դաշնակցական թեկնածուն պատասխանած է. «Այ սա է խնդիրը: Եթէ միակ մոտիվացիան խորհրդարանում տեղեր ունենալն է, ապա տուեալ քաղաքական ուժը դեռեւս չի հասկացել` ինչ է քաղաքականութիւնը»:

Հաղորդավարին դիտարկման, որ այդ իրավիճակը քաղաքական համակարգի արդիւնքն է, որուն համար պատասխանատուութիւն կը կրէ նաեւ Դաշնակցութիւնը` մի քանի անգամ յայտնուելով խորհրդարանին մէջ, Սեյրանյան պատասխանած է. «Եթէ ժողովրդի ճնշող մեծամասնութիւնը 90-ական թուականներին իր քուէն տուեց ՀՀՇ-ին, յետոյ` մի քանի տարի անց, այդ մարդկանց անիծելով ճանապարհեց, Դաշնակցութեան մեղաւորութիւնը ո՞րն էր: Յաջորդը` եթէ ժողովուրդը, իր ամէն ինչով հանդերձ, իր քուէն տուեց Ռոպերթ Քոչարեանին կամ Սերժ Սարգսեանին, Դաշնակցութեան մեղաւորութիւնը ո՞րն է: Ամենատարօրինակը գիտէ՞ք, թէ որն է: Որ մարդիկ, որոնք բոլոր ընտրութիւնների ժամանակ ոչ թէ գաղափար են ընտրել, այլ լոզունգներ, մարդիկ, որոնք բոլոր ընտրութիւնների ժամանակ տուրք են տուել զանազան ճնշումների, յորդորների, ինչո՞ւ չէ` նաեւ մուրապայի պանքաներով կամ գումարի դիմաց են ընտրութիւն կատարել, այդ մարդիկ այսօր, չգիտես` ինչու, մեղադրում են ինձ: Եղբա՛յր, ես վերջին 30 տարուայ ընթացքում ո՛չ Լեւոն Տէր-Պետրոսեան եմ ընտրել, ո՛չ էլ Սերժ Սարգսեան եմ ընտրել: Ինձ ինչո՞ւ էք մեղադրում: Ես` որպէս քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպէս, ձեր ասած, դերակատարութիւն ունեցող ուժի ներկայացուցիչ, յարգում եմ իմ ժողովրդի կատարած ընտրութիւնը: Ժողովուրդն իր քուէով ձեւաւորում է իշխանութիւն, ես այդ իշխանութեան հետ Հայաստանի ու հայութեան շահերից բխող խնդիրների լուծման առումով համագործակցելու եզրեր ունեմ: Ես չեմ կարող ասել` ժողովո՛ւրդ, քանի որ դու ինձ հինգ տոկոս ես տուել կամ տասը տոկոս ես տուել, ես քեզանից նեղանում եմ, կը գնամ տուն ու ոչ մի գործ չեմ անի: Չէ, ինձ հինգ տոկոսով են վստահել, ես, միեւնոյնն է, իմ աշխատանքն անելու եմ»:

Մեկնաբանի այն միջամտութեան, թէ, այնուամենայնիւ, դրական տեղաշարժի առումով ոչ մէկ արդիւնք չէ գրանցուած, Սպարտակ Սեյրանյան պատասխանած է. «Մենք արել ենք այնքան, ինչքան հնարաւորութիւն ու քուէ է տուել մեր ժողովուրդը: Եթէ իմ ժողովուրդը ինձ տուել է ԱԺ-ում 5 կամ 7 հոգանոց խմբակցութիւն ունենալու հնարաւորութիւն, կը ներէք, որ 7 հոգով չեմ կարողացել ազդել 131 հոգու որոշման վրայ: Ինչքան կարողացել եմ, այդքանով ազդել եմ, թող մէկ ուրիշը 7 հոգով կարողանար ազդել այնքան, որքան Դաշնակցութիւնն է կարողացել ազդել»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.