Ատրպէյճանը պահանջում է Հայաստանի գիւղերից մէկի կէսը

(«Ժամ նիուզ») – Ատրպէյճանի ներկայացուցիչները պահանջում են իրենց փոխանցել 12 տներ, որոնք գտնւում են Հայաստանի Սիւնիքի մարզի Շուռնուխ գիւղում։ Այս մասին յայտարարել է գիւղապետ Յակոբ Արշակեանը։

Ատրպէյճանական կողմը կարծում է, որ այդ տարածքը պէտք է իրեն տրուի, քանի որ գտնւում է Գորիս-Կապան ճանապարհի աջ՝ արևելեան կողմում։

Ըստ եռակողմ համաձայնագրի, որը ստորագրուել է Արցախում 44-օրեայ պատերազմից յետոյ, Ատրպէյճանին է յանձնուել Զանգելանի շրջանը։ Այն սահմանակից է Հայաստանի Սիւնիքի մարզին, և այժմ այստեղ իրականացւում է սահմանագծում՝ ըստ խորհրդային ժամանակների վարչական սահմանների։

Արդիւնքում՝ Սիւնիքի մարզի Գորիս և Կապան քաղաքների միջև ճանապարհի որոշ հատուածներ հատում են Ատրպէյճանական տարածքը։ Վերջերս այստեղ յաճախ են միջադէպեր տեղի ունենում այն պատճառով, որ սահմանն անցնում է Հայաստանի պետական տարածքների և մասնավոր տների միջով։

Շրջանում իրավիճակը ծայրահեղ լարուած է, սիւնեցիները կարծում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ինքնակամ Ատրպէյճանին է յանձել Արցախի հողերը, իսկ այժմ տալիս է Հայաստանի հողերը։ Դեկտեմբերի 21-ին նրանք նոյնիսկ փակել էին ճանապարհներն ու վարչապետին թոյլ չէին տուել մտնել մարզի տարածք։

Ի՞նչ է կատարւում Շուռնուխում

Դեկտեմբերի 24-ի կէսօրին գիւղապետը հաղորդել է, որ ատրպէյճանցիները Շուռնուխում են, նրանք բանակցութիւններ են անցկացրել Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան ներկայացուցչի և ռուս սահմանապահների հետ։

Յակոբ Արշակեանն ինքը բանակցութիւններին չի մասնակցել և չգիտի, թէ ինչ են պայմանաւորուել կողմերը։ Բայց նա ենթադրում է, որ այժմ բանակցութիւններն արդէն այլ մակարդակում են տարւում՝ դիւանագիտական։

Գիւղապետի խօսքով՝ եթէ սահմանազատումն իրականացուի GPS-ով, ապա գիւղը երկու մասի կը բաժանուի։

Ի՞նչ է ասում վարչապետը

Կառավարութեան նիստին վարչապետ Նիկոլ Փաշինեանը խօսել է Սիւնիքում սահմանների որոշման գործընթացի մասին։ Նա զգուշացրել է, որ Շուռնուխ և Որոտան գիւղերում սահմանային հարցեր կան, որոնք կարող են «որոշակի ցաւոտ իրավիճակների բերել»․

«Սակայն ուզում եմ հաւաստիացնել, որ բոլոր պագաներում, երբ մեր քաղաքացիների շահերի տեսանկիւնից որոշակի հարցեր կը յառաջանան, կառավարութիւնը փոխհատուցման տարբերակներ կ՚առաջարկի, որը կը լինի լիարժէք»։

Փորձագիտական կարծիք

Վերլուծաբան Կարէն Բեքարեանը կարծում է, որ Նիկոլ Փաշինեանն առանց աւելորդ խօսքերի կատարում է ինչ-որ գաղտնի խոստումներ, որոնք տուել է ատրպէյճանական կողմին։ Ըստ փորձագէտի՝ այլ բացատրութիւն չկայ այն բանին, որ այժմ Հայաստանի սահմանների հետ նոյն բանն է տեղի ունենում, ինչ Լեռնային Ղարաբաղի տարածքների, այսինքն՝ դրանք ինքնակամ յանձնւում են Ատրպէյճանին․

«Միակ տրամաբանութիւնն այն է, որ նա [Փաշինեանը] Ալիևի նկատմամբ իր վրայ վերցրած լրացուցիչ պարտաւորութիւններ ունի, որոնք այժմ, առանց ժողովրդին որևէ փաստաթուղթ ներկայացնելու, լուռ կատարւում են»։

Ըստ Կարէն Բեքարեանի՝ այժմ իրականացուող սահմանագծման տրամաբանութիւնը չի համապատասխանում նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ատրպէյճանի առաջնորդների կողմից ստորագրած եռակողմ յայտարարութեանը։ Փորձագէտն այն «խայտառակ փաստաթուղթ» է համարում, սակայն ընդգծում է, որ եռակողմ յայտարարութիւնը չի պարունակում հիմքեր այն բանի համար, ինչ այժմ կատարւում է Սիւնիքում։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.