Առաջին Հանրապետութեան փայլուն ձեռքբերումներ

– 1918-ի մայիսի 28-ի անկախացումից հազիւ մէկ տարի անց Հայաստանը արդէն կազմակերպուած պետութիւն էր: Կային տասը գաւառներ՝ համապատասխան վարչութիւններով եւ դատական իշխանութիւններով:

– Յաջորդ տարի երկիրը բաժանւում է չորս նահանգների՝ Արարատեան, Շիրակի, Վանանդի եւ Սիւնեաց. իւրաքանչիւրը իր հերթին բաժանուելով գաւառների:

– Կազմւում է «Հայացման կոմիտէ» եւ 1919-ի մայիսի 15-ին հայացւում են բոլոր հիմնարկութիւնները:

– Նոյն տարուայ դեկտ. 26-ին հայերէնը հռչակւում է պետական լեզու:

– Մարտի 15-ին բացւում է պետական դատարանը եւ սկսւում են դատավարութիւնները:

– 18 յունուարի 1920-ին Հայաստանն իրողական ճանաչում է ստանում հաշտութեան խորհրդաժողովի կողմից, որով եւ սկսւում են նրա դիւանագիտական փոխյարաբերութիւնները:

– Կազմակերպւում է դեսպանական պաշտօնութիւնը եւ նշանակւում են դեսպաններ:

– 1920-ին Օհանջանեանի կառավարութիւնը վաւերացնում է Հայաստանի Հանրապետութեան զինանշանը եւ պետական դրօշը:

– Յուլիսի 5-ին հրատարակւում է քաղաքացիական օրէնքը:

– Հիմնւում է պետական ռադիոկայանը, որի ձայնացրումը տարածւում է մինչեւ Բասրա, Տաշկենդ, Հաշտարխան:

– Մինչեւ օգոստոս 1920-ը հրատարակւում են երկու միլիարդ ռուբլու հայկական արժեթղթեր եւ ապա հայկական թղթադրամ:

– Դրամական հոսման առաջն առնելու համար՝ պետութիւնը ստեղծում է Ոսկու հիմնադրամը եւ փոխառութեան դրութիւնը, որը կատարւում է բաժանորդագրութեան հիմունքով:

– Պետական բիւջէն հաւասարակշռելու համար՝ լուրջ աշխատանք է տարւում՝ կազմակերպելու առեւտրական եւ արդիւնաբերական կեանքը:

– Մշակւում է տուրքերի օրինագիծ եւ սահմանւում է առաջտուական տուրքի դրութիւն:

– Շատ կարճ ժամանակամիջոցում հաստատւում են արհեստանոցներ, գործարաններ, աշխատանոցներ, հիւսուածքեղէնի եւ կաշուեղէնի գործարաններ, կահագործարաններ եւ այլն:

– Համագործակցական ընկերութիւնների դրութիւնը բարելաւելու համար՝ ստեղծւում է «Կօօպերացիաների միութիւն»՝ բաղկացած 350 համագործակցական ընկերութիւններից՝ 95000 անդամներով:

– Մեծ զարկ տրուեց երկրագործութեանը եւ գիւղատնտեսութեանը: Այս ուղղութեամբ կազմուեց նաեւ յատուկ կոմիտէ, որի պարտականութիւնն էր ապահովել սերմացու հունտեր:

– Մեծ աշխատանք տարուեց հողային եւ հանքային հետազօտութիւնների մարզում եւ մասնաւոր ուշադրութեան առարկայ դարձաւ պեղելու աղահանքերն ու ածխահանքեր, ինչպէս նաեւ ունենալու ջրային ուժի եւ որոգման աղբիւրներ, որոնց հետ մշակուեց էլեկտրոկայանների հաստատման ծրագիրը:

– Լուրջ ուշադրութեան առարկայ դարձաւ առողջապահական հարցը: 1919-ից մինչեւ 1920-ը հիւանդանոցների քանակը բարձրացաւ 9-ից մինչեւ 30-ի: Հաստատուեցին բուժկայաններ ու դեղատներ, որտեղ չքաւորներին անվճար դեղ էր տրւում, իսկ աշխատաւորներին՝ 50 առ հարիւր զեղչ:

– Կրթա-մշակութային մարզում նոյնպէս աշխատանք էր տարւում: 1919-ին Հայաստանում արդէն գործում էին 431 տարրական դպրոցներ՝ 1096 ուսուցիչներով եւ 38015 աշակերտներով եւ 20 միջնակարգ դպրոցներ՝ 288 ուսուցիչներով եւ 5162 աշակերտներով: 1920 թուականի յունուարի 31-ին հիմնուեց պետական համալսարանը:

. Մշակութային գետնի վրայ մեծ ճիգ էր գործադրւում յուշարձանների պահպանման եւ արուեստի հովանաւորման տեսակէտից: Հիմնուեցին ազգագրական-մարդաբանական թանգարան, գրադարան, թատերական դպրոց եւ երաժշտական դպրոցներ:

Այս հպանցիկ ակնարկն էլ բաւական է ապացուցելու, թէ ինչպիսի մեղուաջան ու տենդագին աշխատանք էր տարւում աւերից եւ աւարից յառնած նորահաստատ հանրապետութեան մէջ: Այս բոլորը ենթահողն են ներկայ Հայաստանի զարգացման, հիմնական ատաղձը Մայիս 28-ով ձեռքբերած պետականութեան:

Leave a Comment

You must be logged in to post a comment.