Առաջիկայ ամիսներին նոր թափ հաղորդել Արցախի շահերի պաշտպանութեանը. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենեակ

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախաձեռնութեամբ օգոստոսի 7-ին գումարուել է ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների առցանց խորհրդակցութիւն։ Խորհրդակցութեանը մասնակցել են Հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամները, Հայ Դատի տարածաշրջանային գրասենեակների, աւելի քան 30 երկրներում գործող Հայ Դատի յանձնախմբերի պատասխանատուները եւ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչներ։

Խորհրդակցական ժողովի հիմնական օրակարգը վերաբերել է Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների կողմից Արցախի շահերի պաշտպանութեանը։ Հաշուի առնելով 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծուած նոր իրավիճակը եւ անցած ամիսների զարգացումները՝ կատարուել են քաղաքական առաջնահերթութիւնների յստակեցումներ ու մարտավարական ճշգրտումներ, որոնք միտուած են շուրջ մէկ տասնեակի հասնող ուղղութիւններում, իրազեկման (լոբբիստական) գործիքակազմի համալիր կիրառութեամբ առաջ մղել Արցախի ժողովրդի իրաւունքներն ու օրինական շահերը։

Որոշում է կայացուել առաջիկայ ամիսների ընթացքում նոր թափ հաղորդել Արցախի շահերի պաշտպանութեանը՝ այդ թւում Արցախի Հանրապետութեան ժողովրդի ինքնորոշման իրաւունքի եւ անկախութեան ճանաչմանը, միջազգային յարաբերութիւնների շեշտակի ընդլայնմանը։ Նպատակադրուած աշխատանք է կատարուելու նաեւ Արցախում հասունացած մարդասիրական (հումանիտար) ճգնաժամի յաղթահարման, բռնազաւթուած տարածքներում գտնուող մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, ռազմագերինների եւ քաղաքացիական պատանդների վերադարձի, նրանց իրաւունքների պաշտպանութեան, ինչպէս նաեւ ադրբեջանաթուրքական տեղեկատուական սադրանքների չէզոքացման ուղղութիւններով։

Ներկայումս, առաւել քան երբեւէ, Արցախի մեր հայրենակիցներն առարկայօրէն պէտք է զգան համայն հայութեան զօրակցութիւնը՝ ստեղծուած ծանրագոյն իրավիճակի յաղթահարման եւ առաւել քան 30 տարի առաջ սկսուած ազգային ազատագրական պայքարը յաղթական աւարտին հասցնելու համար։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

08.08․2021 թ

Leave a Comment

You must be logged in to post a comment.