Ապրում եմ այն հաւատով, որ մի օր վերադառնալու եմ Արցախ եւ բացելու եմ իմ տան դուռը․ Յունան Թադեւոսեան

Մարտակերտի շրջանի Կոճողոտ գիւղում ծնուած, այնուհետեւ Ստեփանակերտ տեղափոխուած, մասնագիտութեամբ լրագրող Յունան Թադեւոսեանը երկար տարիներ աշխատել է Արցախի Հանրային հեռուստաընկերութիւնում, 2020 թուականին՝ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան մամուլի ծառայութիւնում է աշխատել, 2023-ին՝ Ներքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակն է եղել։ Նա երբեք չէր կարող մտածել, որ մի օր պատերազմ, գաղթ ու հայրենիք կորցրած մարդկանց պատմութիւններ վաւերագրող լրագրող կարող է դառնալ։

Հիմա նա աշխատում է Երեւանում գործող վվվ.մեդիաՀուբ.ամ լրատուական կայքում եւ վաւերագրում մարդկանց կեանքի պատմութիւններ, փաստեր, դրուագներ Արցախի, ացախցիների, պատերազմի, կորստի ու մեր յոյսերի մասին․․․

«Լրագրողը պէտք է միշտ պատրաստ լինի ամենատարբեր իրավիճակներին ու սցենարներին։ Երբ սկսուեց 2020 թուականի պատերազմը, ես Արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան լրատուութեան բաժնի աշխատակից էի։ Պատերազմի ողջ ընթացքում միակ լրագրողն էի Արցախից, որ ներկայացնում էի իրավիճակը։ Արցախի մասին բոլորը խօսում էին, բայց Արցախի ձայնը չկար, եւ ես միակ խօսափողն էի։ Այդ ժամանակ Արտակարգ իրավիճակների ծառայութեան էջը, որը բաւական շատ հետրորդներ ունի, զետեղում էր ոչ միայն արտակարգ իրավիճակների մասին պատմող հրապարակումներ, այլեւ քաղաքի, մարդկանց վիճակը ներկայացնող նիւթեր։ Հենց այդ ժամանակ ինձ հետաքրքրեցին մարդկանց կեանքի պատմութիւնները, բայց ես այդ ժամանակ աշխատանքի բերումով զբաղուած էի, ժամանակ չունէի, չէի կարող վաւերագրել պատմութիւններ։ Ես դա սկսեցի անել 2023-ին, երբ տեղահանուեցինք, եկանք Հայաստան։ Այստեղից փորձում եմ իմ աշխատանքով աշխարհին իրական լոյսի տակ ներկայացնել այն, ինչ կատարուել է»,- «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում պատմում է Յունան Թադեւոսեանը։

Արցախում կատարուածը ցեղասպանութիւն էր, էթնիկ զտում, որ իրականացրեց Ատրպէյճանը։ Յունան Թադեւոսեանի ներկայացրած մարդկային պատմութիւններն էլ են վկայում՝ դա պարզապէս պատերազմ չէր, դա ցեղասպանութիւն էր․․․ Վաւերագրական աշխատանք կատարելիս ամենացաւոտ պատմութիւնները, որոնց առնչւում է, երեխաների հետ կապուած իրադարձութիւններն են, որոնք կա՛մ վիրաւորուել են, կա՛մ զոհուել թշնամու հրթիռակոծութիւնների ժամանակ։ Սառնաղբիւրում երեք երեխայ է զոհուել՝ ութ, տասը, տասնհինգ տարեկան երեխաներ։ Ճանկաթաղում եւ այլ բնակավայրերում եւս վիրաւորում ստացած երեխաներ են եղել։ Յունանն Թադեւոսեանն այդ երեխաների մայրերի հետ հարցազրոյց անցկացնելիս վերապրում է սարսափելի օրերը, ասես լսում է պատերազմի ձայնը։ Լրագրողն ասում է՝ պատերազմը շատերի համար աւարտուել է Արցախի յանձնումով, տեղահանութեամբ, բայց պատերազմի ձայնը երբեք չի լռելու այն մայրերի հոգում, որոնք զաւակ են կորցրել դիրքերում կամ քաղաքացիական բնակավայրերում։

Պատերազմի օրերին նա տեսել է վիրաւոր երեխաներին, որոնք ոչ միայն վախեցած էին, այլեւ աշխարհի անարդարութիւնների պատճառով աշխարհից, գուցէ նաեւ կեանքից հիասթափուած։ Յունան Թադեւոսեանն իրաւացիօրէն յիշեցնում է՝ մենք Արցախեան ոչ մի պատերազմում ատրպէյճանցի երեխաների ու խաղաղ բնակիչների դէմ զէնքեր չենք կիրառել, ինչպէս ատրպէյճանցիներն են կիրառել մեր նկատմամբ։

«Այնքան անմեղ աչքեր էին այդ երեխաների աչքերը։ Միշտ ասում եմ՝ այդ երեխաներն աշխարհին ի՞նչ են արել, որ այդ վիճակում էին․․․ Ամէն անգամ այդ երեխաներին տեսնելիս ինձ էի յիշում։ Երեքից չորս տարեկան էի, երբ Արցախեան առաջին պատերազմն սկսուեց, երբ մեր գիւղից տեղահանուեցինք, գնացինք Ասկերանի շրջանի գիւղերից մէկում ապաստանեցինք, իսկ Շուշին ազատագրելուց յետոյ տեղափոխուեցինք Ստեփանակերտ։ Դժուարութիւններ, փորձութիւններ, հրետակոծութիւններ փոքր հասակում շատ եմ տեսել։ Պատերազմի օրերին այդ երեխաներին նայելիս ես տեսնում էի իմ մանկութիւնը, որն այդքան էլ հեշտ չի եղել, բայց ինձ համար դրանք յաղթանակի տարիներ են եղել»,- ասում է Յունան Թադեւոսեանը։

Ամէն անգամ մարդկանց պատմութիւնները վաւերագրելիս յիշում է 2023 թուականի Սեպտեմբերի 19-ը, 20-ը եւ 21-ը, երբ թշնամին արդէն Ստեփանակերտի արուարձաններում էր ու կրակում էր քաղաքի վրայ։ Ամէն անգամ յիշում է վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթիւնը, գաղթը․․․ Յիշում է, թէ ինչպէս էին ծաղկուն ու սիրուն Արցախը դարձրել դժոխք․․․ Հարցազրոյցների ընթացքում լրագրողն էլ, հարցազրոյցի միւս մասնակիցներն էլ յուզւում են, երբեմն ընդհատում զրոյցը, յետոյ նորից շարունակում։

«Այնքան ծանր ժամանակներ են եղել, դա երեւի բառերով նկարագրելու չէ։ Դա պէտք է զգաս, մանաւանդ, երբ քեզ հետ երեխաներ կան ու պատասխանատուութիւն կայ։ Պատկերացրէ՛ք, թէ ինչի միջով են անցել երիտասարդ մայրերը, յղի կանայք։ Քանի՜-քանի՜ երեխաներ այդպէս էլ չծնուեցին, քանի՜սը ծնուելիս մահացան․․․ պատմելու չէ»,- յիշում է Յունան Թադեւոսեանը։

Հարցազրոյցի վերջում Յունան Թադեւոսեանին խնդրեցինք պատմել իր յոյսերի, երազանքների մասին։

«Ես այսօր ապրում եմ այն հաւատով, որ մի օր վերադառնալու եմ Արցախ։ Եթէ կորցնեմ հաւատս, կարող է կաթուածից մեռնեմ։ Ապրում եմ այն հաւատով, որ մի օր վերադառնալու եմ Արցախ եւ բացելու եմ իմ տան դուռը։ Ես ու ինձ նման շատ արցախցիներ այսօր ապրում են այդ հաւատով ու յոյսով։

Չգիտեմ՝ ուժով կը լինի, տիեզերական արդարութեամբ, թէ մի հրաշք կը կատարուի, բայց ես ապրում եմ նրա համար, որ ճանապարհն ինձ նորից տուն տանի։ Երազանքներ շատ ունեմ․ առաջին բանը, որ պիտի անեմ, իմ հօր գերեզմանն այցելելն է։ Հայրս մահացաւ Արցախի շրջափակման ժամանակ եւ նրա գերեզմանը դեռ շատ թարմ էր, երբ սկսուեց պատերազմը, մենք տեղահանուեցինք․․․ Չէք պատկերացնի այն մարդկանց վիճակը, որոնք այսօր չեն կարողանում այցելել իրենց զաւակների շիրիմներին։ Յատկապէս 2023 թուականի Սեպտեմբերի 19-22-ը յուղարկաւորուած մարդկանց շիրիմները չխնկարկուեցին, ծաղիկներ չխորնարհուեցին․․․ Այդ ժամանակ դեռ կանխորոշուած չէր արցախցիների գաղթը։ Ես էլ առաջին բանը որ կ’անեմ այս է․ իմ հօր շիրմին, մեր հերոսների յուշահամալիր կ’այցելեմ, բոլորի առաջ ծաղիկներ կը խոնարհեմ ու կը խնկարկեմ։ Շատ ծանր է այս մասին խօսելը, բայց ես ապրում եմ այն հաւատով, որ անպայման մի օր պիտի վերադառնամ»,- եզրափակում է Յունան Թադեւոսեանը։

Յասմիկ Բալեյեան

 

Comments are closed.