Ապրիլեան պատերազմի հերոս Մանուէլը կամաւոր մեկնել է ռազմաճակատ․ այժմ վիրաւոր է, բայց անկոտորում ու բարձր մարտական ոգով

2016 թուականի Ապրիլեան պատերազմի մասնակից Մանուէլ Մանուկեանը թշնամու նախայարձակ ռազմական գործողութիւնների մասին լսելուց յետոյ շտապել է  ռազմի դաշտ՝ հայրենիքը պաշտպանելու։ 2016 թուականին՝ Ապրիլեան պատերազմի ժամանակ, Մանուէլ Մանուկեանը  ժամկէտային զինծառայող էր․ այն ժամանակ հերոսաբար կռուել էր թշնամու դէմ  ու յաղթանակ կերտել իր հերոս ընկերների հետ միասին։

Յիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինուժը՝ Թուրքիայի գործուն աջակցութեամբ, ահաբեկիչներին ռազմական գործողութիւններում ներգրաւելով  լայնածաւալ յարձակում է սկսել Արցախում՝ թիրախաւորելով նաև խաղաղ բնակչութեանը։ Պատերազմն ընթանում է մինչ այժմ։

Մանուէլը ռազմաճակատ է մեկնել սեպտեմբերի 27-ից՝ կամաւոր, իր մեքենայով, 6 ընկերների հետ միասին։ Մեզ հետ զրոյցում  Մանուէլը ցաւով փ ու կսկիծով նշեց՝ իր 6 ընկերներից մէկն արդէն զոհուել է։ Սեպտեմբերի 30-ին  Մանուէլը վիրաւորուել է․ վնասուել  են հերոսի երկու ձեռքը և աջ ոտքը։ Նրան տեղափոխել են Երևան, այժմ շարունակում է հիւանդանոցային պայմաններում բուժում ստանալ։ Կոտրուածքներն ու վնասուածքները, սակայն, Մանուէլի մարտական ոգին չեն ճնշել։  Արիութիւնն ու հայրենասիրութիւնը յորդում են նրա աչքերից։

«Միանշանակ, մենք գիտակցել ենք՝ ուր ենք գնում  և ինչու։ Ամէն մարդ իր երեխայի, ծնողների, հայրենիքի պաշտպանութեան համար է գնում առաջնագիծ։ Մենք գնացել  ենք մեր հայրենիքի առաջ մեր պարտքը կատարելու։ Մենք պարտաւոր ենք պաշտպանել մեր հայրենիքը», —  «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Մանուէլը։

Այս օրերին նա իր հիւանդասենեակում բազմաթիւ հիւրեր  է ընդունում։ Դեռ ապրիլեան պատերազմի  օրերից Մանուէլին շատերն են ճանաչում, նրանով հպարտանում։ Այս օրերին էլ շատերը գնում են հերոսին տեսակցութեան, ուզում են իրենց աչքով տեսնել, որ նա իրեն լաւ է զգում և շուտով կ՛ապաքինուի։

«Մեծ մասամբ տեսակցութեան են գալիս անծանօթ քաղաքացիները, այսինքն՝ ոչ միայն իմ ազգականները։ Հիւանդասենեակում ընդունում եմ իմ հայրենակիցներին՝ մեծից փոքր, որոնց թէև չեմ ճանաչում, բայց զգում եմ իրենց սէրը, հոգևոր աջակցութիւնը», — նշեց Մանուէլը։

Նա նշեց՝  խոր ցաւ է ապրում, որ թշնամին մինչ օրս տարբեր ծանր զինատեսակներից հարուածներ  է հասցնում մայրաքաղաք Ստեփանակերտին, ասաց՝ դրան համապատասխան հակահարուածն անպայման պէտք  է տալ՝ ամրապնդելով ու կայունացնելով մեր հերոս տղաների սխրանքները։

Խօսելով պատերազմի հնարաւոր աւարտի  մասին՝ Մանուէլը նշեց․ «Որքան աշխարհում  այս պատերազմի մասին լուրերը տարածուեն, այնքան մեծ պետութիւնները, տարածաշրջանի գերտիրութիւնները, յատկապէս՝  Ռուսաստանը  միջամտելու են, որպէսզի այս պատերազմն աւարտուի, բայց մեզ  հետաքրքրում է ոչ միայն պատերազմի աւարտը, այլև դրա արդիւնքը, այսինքն՝ յաղթական աւարտը, քանի որ այսքան հերոս տղաներ արիւն են թափել, զոհվել են հայրենիքը փրկելու ու թշնամուն կանգնեցնելու համար, և դա է պատճառը, որ մենք այսօր ակնկալում ենք, որ պատերազմը կը վերջանայ հայ ժողովրդի յաղթանակով»։

Մանուէլը թէև վիրաւորուել է ու այլևս ռազմի դաշտում չէ, բայց հոգով  իր  քաջ մարտընկերների հետ է և հիացմունքով է խօսում նրանց սխրանքների մասին։

«Մեր տղաները մարտնչում էին անբացատրելի ձևով՝ ամէն վայրկեան սխրանքներ գործելով։  Թէժ մարտերում ինձանից տարիքով անհամեմատ փոքր տղաները հերոսաբար կռւում էին, և երբ ես այնտեղ էի, նրանցից մէկն արդէն երեք տանկ էր խոցել, իսկ  երբ իմացանք՝ չորրորդ տանկն է գալիս, դարձեալ առանց խուճապի մատնուելու, քաջաբար իրենց առաջադրանքը կատարելու ելան։  Մեր տղաներից ոչ մէկը խուճապի մատնուած չէր։ Նրանց էներգիան ու միտքը կենտրոնացած էր հայրենիքը պաշտպանելու, թշնամուն ետ մղելու վրայ։  Մեր զինուորների մարտունակութիւնը շատ բարձր է։ Մարտական դիրքերում նրանք  աստուածային ուժ ու էներգիա են ստանում։ Ցաւալին այն է, որ ընկերներ ու հարազատներ ենք կորցրել։ Այդ ցաւն ու վիշտը խեղդում է մեզ, շատ ենք տանջւում։ Մեր տղաների կեանքն ամենակարևորն է, և բազմաթիւ  կեանքեր են զոհաբերուել այդ հողի համար․ բոլորը սա պիտի գիտակցեն։ Ողջ ազգով, սփիւռքով պիտի պահենք մեր հողը», — նշեց Մանուէլը։

Նա կոչ արեց այս օրերին ներքին տարաձայնութիւնները  մի կողմ թողնել ու միաւորուել։ Ի դէպ, Մանուէլը ոչ միայն քաջ զինուոր է, այլև օրինակելի ուսանող, և հարցազրոյցի ընթացքում միջազգային յարաբերութիւններին պարբերաբար անդրադառնալը և  որոշակի վերլուծութիւններ  անելը պատահական չէր։  Այժմ նա սովորում է ՀՀ Գիտութիւնների  ազգային ակադեմիայի Կառավարում ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսում և Երևանի պետական համալսարանի Միջազգային յարաբերութիւններ  ֆակուլտետում՝ մագիստրատուրայի 1-ին կուրսում։

«Մէկ  ազգ, մէկ  պետութիւն  գաղափարով պիտի միաբանուենք։ Հիմա էական չէ՝ ով ում չի սիրում։ Հիմա առաջնագծում հայ զինուորը, հայ մարդն է  կռւում՝ անկախ իր ով լինելուց։ Կ՚ ուզենամ, որ ազգի բոլոր խաւերը՝ վերևից մինչև ներքև, սա հասկանան ու գիտակցեն, իրար սիրեն, թև ու թիկունք լինեն։ Ես անընդունելի եմ համարում բոլոր այն յայտարարութիւններն  ու խօսքերը,  որոնք վերաբերում են ներքին հարցերին ու տարաձայնութիւններին։ Բոլորս պիտի միասնականօրէն պայքարենք արտաքին թշնամու դէմ․ ով  որևէ պետութեան հետ ինչ-որ կապ ունի, ով ինչ-որ հնարաւորութիւն ունի, պիտի ծառայեցնի  և օգտագործի առաջնագծում զոհուած մեր անմեղ տղաների գործած սխրանքը ապահովագրելու ու ամրապնդելու համար։ Այն դիրքում, որտեղ զոհուել են մեր հերոս տղաները, այդ դիրքը նորից չպէտք է յայտնուի  թուրքի ձեռքերում։ Մեր տղաներն այդ դիրքերում արիւն են թափել, զոհուել են յանուն հայրենիքի․ հիմա մեր ուժերն ու ջանքները պէտք  է կենտրոնացնենք յանուն մեր հայրենիքի ու ժողովրդի», —  եզրափակեց Մանուէլը։

Յասմիկ  Բալէեան 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.