«Անվտանգութիւնն ապահովելու համար հարկաւոր են դաշնակցական գաղափարներով անհատներ». Արտաշէս Մխիթարեան

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններուն ՀՀ Զինեալ Ուժերու պահեստազօրի գնդապետ, ազատամարտիկ Արտաշէս Մխիթարեան ՀՅԴ վարկանշային ցուցակով առաջադրուած է պատգամաւորութեան թեկնածու 11-րդ ընտրատարածքին, որ կ“ընդգրկէ Շիրակի մարզը։

Yerkir.am-ի հետ զրոյցին ընթացքին ՀՅԴ Հայաստանի ազատամարտիկներու յանձնախումբի պատասխանատուն նշեց, որ իր որոշումը պայմանաւորուած է երկրի անվտանգութեան առնչուող մտահոգութիւններով:

Հ.Զինուորականները պէ՞տք է զբաղուեն քաղաքականութեամբ, շատերն այս հարցում այլ կարծիքի են՝ ելնելով որոշ օրինակներից:

Պ.-Որպէս դաշնակցական` քաղաքականութիւնից երբեք հեռու չեմ եղել, միշտ հետաքրքրուել եմ: Ի հարկէ, Սահմանադրութեան համաձայն` քանի որ զինուորականը չի կարող քաղաքականութեամբ զբաղուել, ես աշխոյժ քաղաքականութեամբ չեմ զբաղուել: Նախքան զինուորական դառնալը` եղել եմ Լենինականի քաղաքային եւ Շիրակի շրջանային խորհրդի պատգամաւոր: Այնպէս որ` քաղաքականութեամբ զբաղուելն ինձ համար նորութիւն չէ, պարզապէս 25 տարի քաղաքական աշխոյժ գործունէութիւնս յետաձգուել է: Հիմա որոշել եմ զբաղուել դրանով, քանի որ պետութեան անվտանգութեան, բանակի, Արցախի հարցերով ասելիք ունեմ, որը օգտակար կը լինի: Կարծում եմ՝ հայկական բանակում 25 տարուայ ծառայութեան փորձով, գիտելիքներով օգտակար կը լինեմ ԱԺ-ում:

Հ.– Ո՞րն է լինելու օրէնսդրական այն փոփոխութիւնը, որն ԱԺ-ում լինելու պարագայում առաջարկելու էք` որպէս զինուորական:

Պ.- Զինապարտութեան եւ զինուորական ծառայութեան վերաբերեալ օրէնքներում փոփոխութիւններ եղան` մտցուած է պահեստազօրի ծառայութիւնը: Հաշուի առնելով այն փաստը, որ պահեստազօրում հաշուառուած մեծաթիւ մարդիկ կցագրումից դուրս են մնում, որովհետեւ սահմանուած է յստակ թուաքանակ, ճիշդ կը լինի, որ աշխարհազօրայինների վերաբերեալ եւս որեւէ որոշում կայացուի, եւ նրանցից կազմաւորուեն առանձին ստորաբաժանումներ` սահմանային տարիքը լրացածներից, որոնց հանել են հաշուառումից, բայց նրանց առողջական վիճակը եւ պատրաստուածութիւնը թոյլ են տալիս պատերազմական իրավիճակում օգտակար լինել: Որպէսզի թշնամուն պարտադրենք խաղաղութիւն, պէտք է պատրաստ լինենք հակահարուածի: Պէտք է ձեւաւորենք համաժողովրդական բանակ: Ի հարկէ, հիմնական հարուածը ժամկէտայիններն են իրենց վրայ վերցնում, բայց նրանց ուժերն անսպառ չեն, աշխարհազօրայինների կարիք կը զգացուի երկարատեւ պատերազմում: Եթէ ես ընտրուեմ պատգամաւոր, սա կը լինի իմ առաջնահերթութիւնը:

Հ.– Ինչո՞ւ պէտք է ընտրողն իր ձայնը տայ Դաշնակցութեանը:

Պ.- Վտանգը միշտ մեր գլխին կախուած է, եւ այդ դէպքում, ինչպէս ասում են, «պահապան շներ» են հարկաւոր, որ վտանգի դէմն առնեն: Մեր ժողովուրդը պէտք է գիտակցի, որ այդ «պահապան շները» դաշնակցականներն են: Այ հենց սրա համար պէտք է ընտրեն, որպէսզի վտանգի ժամանակ իրենց կողքին կանգնեն, իրենցից առաջ կանգնեն, որպէսզի վտանգն իրենց չհասնի: Բոլոր ժամանակներում այդ վտանգի դէպքում Դաշնակցութիւնն է կանգնած եղել եւ կը շարունակի կանգնել: Արցախի, երկրի անվտանգութիւնն ապահովելու համար հարկաւոր են դաշնակցական գաղափարներով անհատներ:

Հ.– Անվտանգութեան խնդիրը, անշուշտ, կարեւոր է, բայց ժողովրդին այսօր հետաքրքրում է նաեւ սոցիալական հարցերի լուծումը, որից եւս կախուած է երկրի անվտանգութիւնը: Եթէ մարդիկ շարունակեն արտագաղթել…

Պ.- Ես` որպէս զինուորական, լաւ գիտեմ զինծառայողների, ազատամարտիկների, զոհուած զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակը: Ինձ համար` որպէս պահեստազօրի գնդապետի, կարեւոր են զինծառայողների սոցիալական ապահովութեան, թոշակների բարձրացման հարցերը, բնակարանային խնդիրը: Ասում են՝ 122 հոգու բնակարան են տուել, բայց դրանք նոր չեն կառուցուել, պարզապէս նոր են որոշել մասնաւորեցնել աւելի վաղ տրուած բնակարանները: Ինչ վերաբերում է հարիւրաւորներին, որ հերթի են կանգնած, քանի՞ հոգու են տուել բնակարան: Կամ` վերջին անգամ ե՞րբ է բարձրացուել զինծառայողի թոշակը:

Հ.– Խաղաղութեան ժամանակ մեզ ինչո՞ւ չի յաջողւում համախմբուել, փոխարէնը պատերազմի ժամանակ կուսակցական պատկանելութիւնը յետին բլան է մղւում:

Պ.- Պատերազմում թշնամին մէկն է: Գիտակցում ենք, որ դարերով պարտուել ենք պառակտուածութեան պատճառով, որ դաս պիտի քաղենք: Բայց հենց խաղաղւում է, սկսում ենք իրար միս ուտել: Խաղաղութեան ժամանակ սոցիալիստը չի կարող լիպերալի հետ համախմբուել մի գաղափարի շուրջ: Եթէ ես ասում եմ՝ սոցիալական արդարութիւն, եկամտի ճիշդ բաշխում, իսկ նրանք՝ ազատ շուկայ, ով ինչ կարող է, թող թալանի, ինչպէ՞ս կարող է ընկերվարն ազատականի հետ համերաշխ ապրել: Ըստ իս՝ ներքին գզվռտոցն ազդեցութեան, պիզնես շահի համար է, որը չի փոխուելու, քանի դեռ իշխանութեան գլխին կանգնած են ազատականները: Դրա համար ընկեր Հրանդը, Ռուստամեանը միշտ ասել են՝ Դաշնակցութեան նպատակն ամբողջական իշխանութիւնը վերցնելն է, որ կարողանանք ընկերվարական հասարակարգ ձեւաւորել, որ սոցիալական արդարութիւնը լիակատար լինի, եկամուտների բաշխումը՝ ճիշդ:

Հ.– Այսօր Դուք նման հնարաւորութիւն տեսնո՞ւմ էք:

Պ.- Ժողովուրդը շատ էր յուսահատուած, եւ մի փոքր յոյս տուեցին, ու այդ ոգեւորութեան ներքոյ իշխանութեան եկան այսօրուայ իշխանաւորները: Ես չեմ ուզում, որ յուսահատութիւն լինի. եթէ եւս մէկ անգամ ժողովուրդը յուսահատուեց, եթէ նոր իշխանութիւնը ձախողուեց, երիտասարդներին երկրում չի լինի պահել, եւ անվտանգութեան հետ կապուած լուրջ խնդիր կ’ունենանք: Դրա համար, որպէսզի ժողովուրդը խաբուած չզգայ իրեն, կ’ուզեմ, որ այս իշխանութիւնները յաջողեն: Միայն սրա համար, որովհետեւ շատ է խաբուել մեր ժողովուրդը:

Հ.– Կորցնելուց խօսեցինք, պատերազմն ի՞նչ տուեց, ի՞նչ վերցրեց:

Պ.- Պատերազմը տուեց ընկերութիւն, եւ կորցրեցի ընկերներ: Պատերազմն ինձ նաեւ հպարտութիւն տուեց:

Կենսագրութիւն

– 1990-95 թթ. ընտրուած է Լենինականի քաղաքային եւ Շիրակի շրջանային խորհուրդի պատգամաւոր:

– 1990-94 թթ. մասնակցած է Արցախեան ազատամարտի պաշտպանական եւ ազատագրական մարտական գործողութիւններուն

– 1990-92 թթ. ՀՅԴ կամաւորական ջոկատներու կազմին մէջ՝ ջոկատի ազատամարտիկ, Կիւմրիի ՀՅԴ ջոկատի փոխհրամանատար, հրամանատար

– 1992-94 թթ. ՊԲ Շուշիի (ՀՅԴ) առանձին հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի շտապի պետ:

– 1994 թ. Մայիսի 12-ի հրադադարէն ետք մինչեւ 2017 թ. Յունուար ծառայած է ՀՀ զինուած ուժերուն եւ զբաղեցուցած է տարբեր հրամանատարական պաշտօններ

– 1994-96 թթ. ՊԲ 77 առանձին մոթոհրաձգային գումարտակի (38043 զօրամաս) շտապի պետ

– 1996-97 թթ. մասնակցած է ՌԴ ԶՈՒ բարձրագոյն հրամանատարական «Վիստրել» դասընթացներուն (մոթոհրաձգային, հրասայլային գունդի հրամանատար)

– 1997-98 թթ. ՊԲ 6 պաշտպանական շրջանի շտապի պետ, ՊԲ 5 ՊՇ հրամանատարի տեղակալ

– 1998-99 թթ. 5 ԲԿ 7 ամրացուած շրջանի շտապի պետ

– 1999-2001 թթ. ՊԲ 7 պաշտպանական շրջանի շտապի պետ, 2001-03 թթ. ՊԲ 6 պաշտպանական շրջանի շտապի պետ

– 2003-08 թթ. դիւիզիայի օբերաթիւ բաժնի պետ-շտապի պետի տեղակալ

– 2008-17 թթ. ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչութեան բաժնի պետ, վարչութեան պետի տեղակալ:

ՀՀ զինուած ուժերու կազմին մէջ 2017 թ. կազմաւորուած պահեստային կամաւորական 377 առանձին հրաձգային գումարտակի շտապի պետն էր, որուն կիրառումը նախատեսուած էր միայն աշխոյժ մարտական գործողութիւններու վերսկսման պարագային:

Պարգեւատրուած է ՀՀ «Արիութեան», «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով, ԱՀ «Արիութեան» եւ «Շուշիի ազատագրման», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանեան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ» մետալներով եւ այլն:

Զրոյցը վարեց՝ Մարիամ Պետրոսեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.