Այս մարդիկ իրենց յայտարարութիւններով վտանգի տակ են դնում Արցախի հետագայ կարգավիճակի հարցը

«Որ ասում են, թէ մշտապէս բանակցել են եօթ շրջանները տալու մասին և դա անխուսափելի էր, ակնյայտ սուտ է և կեղծիք», – «Ազատութեան» եթերում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փախնախագահ Իշխան Սաղաթելեանը:

«Այդ մասին բազմաթիւ անգամ, բազմաթիւ փաստերով խօսուել է: Երեք նախագահների օրոք երբեք տարածքները յանձնելու մասին բանակցութիւն չի եղել, եղել են լայն բանակցութիւններ, որտեղ տարածքներ զիջելու մասին, այո, խօսք եղել է, բայց, ինչի՞ դիմաց, երբեք Արցախի կարգավիճակի հարցը երկրորդական չի եղել», – ասաց Սաղաթելեանը՝ յաւելելով, – «էս մարդիկ իրենց անկարողութիւնը, իրենց ձախողումը արդարացնելու համար հէնց հիմա, այս օրերին իրենց յայտարարութիւններով վտանգի տակ են դնում նաև հետագայ բանակցութիւնների ընթացքը, Արցախի հետագայ կարգավիճակի հարցը»:

Արձագանքելով իշխանութիւններից հնչող հարցին՝ եթէ «դուք լինէիք, ի՞նչ կանէիք, որ պատերազմը չլինէր», Սաղաթելեանը նշեց. «Կանէինք հակառակը, ինչ իրենք արեցին»:

«Մենք ասել ենք՝ իրենց գործունէութեան ընթացքում տեղի ունեցաւ պատերազմ, պատերազմի ընթացքում դրսևորեցին անգործունէութիւն, անկարողութիւն, ձախողեցին բոլոր ուղղութիւններով մեր աշխատանքները և երկիրը բերեցին հասցրեցին կապիտուլյացիայի: Մի եթերը բաւարար չի ասելու համար՝ ինչ կ’անէինք. բանակը չէինք թուլացնի, իրականում բանակը կը զինէինք, այլ ոչ թէ ելակով, ներքնաշորերով ու կեղծ «ՍՈւ-30»-ներով կը խաբէինք հասարակութեանը, բանակցութիւնները չէինք տանի փակուղի և յանգեցնէինք պատերազմի», – ընդգծեց նա:

Սաղաթելեանն ասաց՝ իշխանութիւնը վերցրել է մի թեզ, որ այս ամէնն անխուսափելի էր՝ ընդգծելով. «Նիկոլ Փաշինեանի այդ ելոյթները ինքնախոստովանական ելոյթներ են»:

«Այն թեզը, որ իրենք որդեգրել են՝ այլ ճանապարհ չկար, այլ տարբերակ չկար, այս ամէն ինչը որոշուած էր ու այսպէս էլ պէտք է լինէր, ուրեմն ինքը պէտք է շատ յստակ յայտարարի, որ 2018 թուականին իշխանութիւնը ստանձնելուց առաջ ինքը գիտակցաբար, հասկանալով, որ այլևս այլ տարբերակ չկայ, եկաւ իշխանութեան և ամէն ինչ արեց, որ Արցախը տայ: Ի՞նչ է նշանակում այլ տարբերակ չկար, այլ տարբերակ կար, սա ամենաաղէտալի և ողբերգական տարբերակն էր, որ տեղի ունեցաւ իր գլխաւորութեամբ, իր թիմի և իրենց մասնակցութեամբ», – յայտարարեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով նրան, որ «Հայաստան» խմբակցութիւնը կասեցնում է միջազգային կազմակերպութիւններին մասնակցութիւնը, Սաղաթելեանը ասաց. – «Խորհրդարանի մեր մի շարք պատգամաւոր, այդ թւում նաև «Պատիւ ունեմ»-ից կեղծ, յստակ քաղաքական մեղադրանքներով իրենք արգելափակուած են և չեն կարողանում երկրից դուրս գալ: Մենք ներգրաւուած ենք մի շարք միջազգային պատուիրակութիւններում որտեղ չենք կարողանում մասնակցութիւն ունենալ: Մեր ֆրակցիայի բազմաթիւ անդամներ ներգրաւուած են մի շարք միջազգային մի շարք պատուիրակութիւններում, երբ որ ցանկանում են մասնակցել այդ միջոցառումներին, թոյլ չեն տալիս մասնակցենք, ստացւում է, որ մեր խմբակցութիւնից շատ յաճախ իրենք են որոշում, թէ ով պէտք է ինչ-որ պատուիրակութիւնում ներկայ լինի կամ չլինի»:

 

Նարինէ Ղալեչեան

 

Ասուլիսն ամբողջութեամբ՝ տեսանիւթում

Leave a Comment

You must be logged in to post a comment.