Այո՛, Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Առաւօտեան 8։00-ից անհանզանդութեան ակցիաները շարունակուել են նոր թափով․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում մայիսի 17-ի հանրահաւաքի աւարտին կարեւորեց, որ եթէ այսօր ունէինք 60, ապա վաղը պիտի ունենանք 100 խումբ ակցիա իրականացնողներ։
Ով ընդգրկուած չէ խմբերում՝ առաջարկեց վերցնել պատգամաւորների հեռախօսահամարները, որ պայմանաւորուեն, կամ 8։00 գան Ֆրանսիայի հարապարկ՝ միասին շարժուելու տարբեր ուղղութիւններով։
Նա խօսեց նաեւ ՀԱՊԿ նախկին գլխաւոր քարտուղար, գեներալ-գնդապետ Եուրի Խաչատուրովի որդի Իգոր Խաչատուրովին այսօրուայ խաղաղ ակցիաներից բերման ենթարկելու եւ ձերբակալուելու մասին։
«Նիկոլն ամէն ինչ անում է թուրքերին դուր գալու համար․ ժամանակին գործ յարուցեց Եուրի Խաչատորովի վրայ, աշխատանքից ազատեց լաւագոյն կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, այսօր էլ Իգոր Խաչատուրովի հանդէպ է ուզում գործ յարուցել․ մի նպատակով՝ թուրքին դուր գալու։ Ուրեմն եկէ՛ք խոստանանք ապօրինի ձերբակալուածներին՝ այս պայքարը կանգ չի՛ առնելու»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։
Այս օրերին իշխանութիւնը ու իր յատուկ յանձնարարութիւններով սպասարկուները կրկին ուզում են մոլորեցնել ժողովրդին՝ ասելով, որ Ադրբեջանի 5 առաջարկներին իրենք պատասխանել են 6 առաջարկներով՝ ասաց նա։ Նրանք մոլորեցնում են ժողովրդին, այնինչ այդ առաջարկների մէջ ընդամէնը խօսում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքների ու անվտանգութեան մասին։
«Փորձում են կրկին ժողովրդի թիկունքում գնալ նոր գործարքների, ու, փորձելով համոզել, որ չէ՛, ժողովուրդ ջան, մեզ սխալ էք հասկացել՝ պահում ենք Արցախի ու Հայաստանի շահերը․ սո՛ւտ են ասում, մենք մի խնդիր ենք դրել, որ յստակ յայտարարեն՝ «չենք պատկերացնում որեւէ լուծում, որով Արցախը կը լինի Ադրբեջանի կազմում», այս ձեւակերպումից մի բառ աւել կամ պակասը նիկոլութիւն է, հետեւաբար, փորձ չանէք ժողովրդին մոլորեցնել։ Այո՛, Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.