Ամէն տեղ կարմիր գծեր են, մի տեղ ուշադրութիւնդ թուլանայ` ճակատագրական կը լինի․ Դաւիթ Բաբայեան

Արցախի արտգործնախարարը մեկնաբանում է Ադրբեջանի վերջին սադրանքները ռուս–ուկրաինական հակամարտութեան համատեքստում։

Ադրբեջանի պահուածքի պատճառը մէկն է՝ թշնամութիւն, ատելութիւն Արցախի, հայութեան և Ռուսաստանի դէմ։ Սա է պատճառը, որ սադրանքների է դիմում, խախտում է մարդկային հասարակ նորմերն ու միջազգային իրաւունքը։ Արցախի արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը Sputnik Արմենիայի եթերում այսպէս մեկնաբանեց Ադրբեջանի վերջին սադրանքներն ու դրանց հաւանական կապը Ուկրաինայի իրադարձութիւնների հետ։

Հարցին` այն, որ Ռուսաստանի ուշադրութիւնը շեղւում է դէպի Ուկրաինա, չի՞ նպաստում Ադրբեջանի սադրանքներին, Բաբայեանն ասաց՝ Ռուսաստանն ընդհակառակը` սահմաններին տիրող իրավիճակին է՛լ աւելի մեծ ուշադրութիւն է դարձնում այսպիսի ճգնաժամային պահերին։

Խօսելով այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև Ուկրաինայի իրադարձութիւնների պատճառով առաջացած լարուածութեան մասին` Արցախի արտգործնախարարն ասաց, որ տարբեր համանախագահող երկրների միջև պարբերաբար լինում է լարուած իրավիճակ, բայց այնպէս է ստացուել, որ Արցախեան հակամարտութիւնը միակ գօտին է, որտեղ նրանք, անկախ բոլոր տարաձայնութիւններից, միշտ համագործակցել են։

«Դրա համար յոյս ունենք՝ իրենց հակասութիւններն այս անգամ նոյնպէս էական ազդեցութիւն չեն թողնի այս ձևաչափի վրայ»,- եզրափակեց Բաբայեանը։

Յիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտեան հատուածում տեղակայուած հայկական մարտական դիրքերի ուղղութեամբ։

Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է նաև ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գիւղի ուղղութեամբ։ Այդտեղ տեղակայուած դիրքերից թշնամին կրակել է` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։

Leave a Comment

You must be logged in to post a comment.