ԱԽ քարտուղարը սխալւում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավւների տարածքները «գրեթէ հաւասար» չեն

ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը, մայիսի 5-ին անդրադառնալով ընդդիմութեան կողմից բարձրաձայնուած անկլաւների հնարաւոր փոխանակման թեմային, նշել էր․ «Ընդդիմութիւնն ընդհանրապէս շարունակական, կարելի է ասել, անհիմն յայտարարութիւններ է անում, որն իրականութեան հետ մեծ աղերս չունի։ Մինչեւ այս պահն անկլաւների հարց չի բարձրացուել, քանի որ երկու կողմից էլ անկլաւ կայ։ Գիտէք որ եւ՛ Ադրբեջանի տարածքում անկլաւ կայ՝ Արծուաշէնը, եւ՛ Հայաստանի տարածքում կան անկլաւներ, եւ նրանց տարածքները գրեթէ հաւասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռեւս չի քննարկուել։ Մեր յոյսն այն է, որ հնարաւոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլաւը թողնւում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլաւները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։

Գրիգորեանի այս խօսքերի վերաբերեալ 4 կէտ ենք առանձնացրել, որոնք, մեր կարծիքով, արժանի են ուշադրութեան։

Առաջին․ Ընդհանրապէս, փորձը ցոյց է տուել, որ ՀՀ հանրային ու քաղաքական գործիչներից շատերն այս կամ այն միջազգային տերմինը, թերեւս, չիմացութեան պատճառով օգտագործում են սխալ տեղում կամ ձեւով։ Օրինակ՝ նոյն Գրիգորեանը 2020 թ․ դեկտեմբերին Հանրային հեռուստաընկերութեան եթերում յայտարարում էր, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիայ է կատարւում։ Նման բան իրականում մինչ օրս տեղի չի ունեցել․ Հայաստանն ու Ադրբեջանը ո՛չ դելիմիտացիայ են սկսել (ընդհանուր սահմանի որոշում քարտէզի վրայ, որն առաջին փուլն է), ո՛չ էլ, առաւել եւս, դեմարկացիայ (ընդհանուր սահմանի անցկացում իրական պայմաններում՝ «հողի վրայ», որը երկրորդ փուլն է)։

Երկիրը որբի գլուխ չէ, որ վրան վարսավիրութիւն սովորես

Այս անգամ անկլաւների մասին Գրիգորեանն ասում է․ «Հնարաւոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլաւը թողնւում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլաւները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։ Իրականում այս միտքը սխալ է այնքանով, որ Արծուաշէնը, որը ԱԽ քարտուղարը անուանում է «Հայաստանի անկլաւ», իրականում Հայաստանի էքսկլաւն է։ Նոյնը վերաբերում է նախկին ադրբեջանական էքսկալւներին, որոնք ՀՀ պաշտօնեան անուանում է «Ադրբեջանի անկլաւներ»։

Անկլաւը օտար պետութեան սահմանների մէջ գտնուող եւ այդ պետութեանը չպատկանող տարածք է։ Անկլաւը կարող է լինել առանձին պետութիւն (օրինակ՝ Իտալիայի սահմաններով շրջափակուած Սան Մարինոն) կամ մեկ այլ պետութեանը պատկանող տարածք (նոյն Արծուաշէնը, որը շրջափակուած է Ադրբեջանի սահմաններով, բայց անկախ չէ, այլ պատկանում է ՀՀ-ին)։ Եթէ անկլաւը ելք ունի դէպի ծով, ապա կոչւում է կիսաանկլաւ։ Օրինակ՝ Մոնաքօն կիսաանկլաւ է, որովհետեւ շրջափակուած է Ֆրանսիայի սահմաններով, սակայն ելք ունի դէպի Միջերկրական ծով։

Եթէ անկլաւն անկախ չէ եւ պատկանում է մէկ այլ պետութեան, ապա համարւում է վերջինիս էքսկլաւը։ Արծուաշէնը ՀՀ-ի էքսկլաւն է։ Ռուսաստանի էքսկլաւ է Կալինինգրադի մարզը, աւելի ճիշտ՝ այն կիսաէքսկլաւ է, որովհետեւ ելք ունի դէպի Բալթիկ ծով։ Կալինինգրադի մարզը, ինչպէս յայտնի է, ցամաքից շրջափակուած է Լեհաստանի եւ Լիտուայի սահմաններով, սակայն վերջիններիս համար այն անկլաւ չէ, քանի որ անկլաւ ասելով՝ հասկանում ենք բացառապէս մէկ պետութեան սահմաններով շրջափակուած տարածք։ Նմանապէս Նախիջեւանն Ադրբեջանի էքսկլաւն է, սակայն անկլաւ չէ որեւէ մեկի համար, քանի որ սահմանակցում է ոչ թէ 1, այլ 3 պետութեան՝ Հայաստանին, Իրանին, Թուրքիային։

Այսպիսով՝ ՀՀ-ի մաս կազմող Արծուաշէնն անկլաւ է Ադրբեջանի համար, բայց ոչ Հայաստանի։ Մեզ համար այն էքսկլաւ է։ Նմանապէս Վերին Ոսկեպարը, Բարխուդարլու-Սոֆուլուն եւ Տիգրանաշէնը, ըստ խորհրդային վարչատարածքային բաժանման, համարուել են Ադրբեջանի էքսկլաւներ։

Արցախեան առաջին պատերազմի տարիներին Արծուաշէնն անցել է Ադրբեջանի վերահսկողութեան տակ, իսկ վերջինիս վերոնշեալ 3 էքսկլաւներն անցել են ՀՀ-ին։

Երկրորդ․ Արմէն Գրիգորեանն ասում է, թէ հայկական ու ադրբեջանական էքսկալւների տարածքները գրեթէ հաւասար են։ «Գրեթէ» բառն այստեղ չի փրկում իրավիճակը, քանի որ Արծուաշէնի տարածքը, ինչպէս ցոյց է տալիս «Google»-ի քարտեզի միջոցով արուած չափումը (սա պաշտօնական եւ ստոյգ տուեալ չէ, բայց, ամէն դէպքում, կողմնորոշող թիւ է), 38,1 քառ․ կմ է, իսկ ադրբեջանական էքսկլաւների ընդհանուր մակերեսը 44,2 քառ․ կմ է՝ Արծուաշէնի տարածքից 6,1 քառ․ կմ-ով կամ 16 %-ով աւելի մեծ։ Նման պարագայում տրամաբանական չէ, նոյնիսկ սխալ է երկու թիւերը «գրեթէ հաւասար» համարելը։

Կարեւոր է նաեւ նշել, որ խորհրդային տարիներին Ադրբեջանի 3 էքսկլաւներն արհեստականօրէն ձեւաւորուել են Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող ճանապարհների վրայ կամ հարեւանութեամբ։ Այսպէս՝ Տիգրանաշէնը (Քյարքի), որն, ըստ քարտէզի, ընդգրկում է 8,4 քառ․ կամ տարածք, գտնւում է միջպետական Մ-2 (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրայ։ Ճիշտ է Մ-2-ի Երասխ-Տիգրանաշէն հատուածին այլընտրանք է հանրապետական Հ-10 ճանապարհը (Ոսկէտափ-Վեդի-Լանջառ), բայց դրանից Տիգրանաշէնի նշանակութիւնն ամենեւին չի նուազում։

  1. Տիգրանաշէն
  2. Մ-2 ճանապարհը
  3. Հ-10 ճանապարհը

Իր հերթին Բարխուդարլու-Սոֆուլու անկլաւը (տարածքը՝ 10,2 քառ․ կմ, այստեղ են եղել նախկին Բարխուդարլու եւ Սոֆուլու գիւղերը) ձեւաւորուել է միջպետական Մ-4 (Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման) մայրուղու վրայ, որը հասկանալի պատճառներով այսօր դէպի Ադրբեջան միջպետական երթեւեկին չի ծառայում, սակայն նախկին անկլաւի տարածքով Մ-4 մայրուղին դուրս է գալիս դէպի Հ-37 ճանապարհ (Այգեհովիտ-Վազաշէն-Պառավաքար-Այգեպար)։ Վերջինս Տաւուշի մարզկենտրոն Իջեւանին է կապում ոչ միայն համայնքների խոշորացման արդիւնքում դրան միացուած Այգեհովիտ ու Վազաշէն գիւղերը, այլեւ ամբողջ Բերդի տարածաշրջանը (նախկին Շամշադինի շրջանը), որը հիմա մէկ խոշորացուած համայնք է Բերդ անունով։ Ճիշտ է, Իջեւանը Բերդին միացնում է նաեւ Հ-36 ճանապարհը (Իջեւան-Նաւուր-Բերդ-Այգեպար), բայց սահմանապահ Կայան գիւղի մօտ Մ-4-ից ճիւղաւորուող եւ ապա միւս սահմանային բնակավայրերն իրար կապող Հ-37-ի ռազմավարական նշանակութիւնը միանգամայն այլ է։

  1. Բարխուդարլու-Սոֆուլու
  2. Մ-4 ճանապարհը
  3. Հ-37 ճանապարհը
  4. Հ-36 ճանապարհը
  5. Մ-16 ճանապարհը

Բարխուդարլու-Սոֆուլու անկլաւը գտնւում է նաեւ Իջեւան-Ղազախ այլեւս չգործուող երկաթուղու վրայ, որը կարեւոր դեր ուներ խորհրդային տարիներին։ Բացի դրանից՝ անկլաւի հարեւանութեամբ Մ-4 մայրուղուց սկսւում է Մ-16 միջպետական ճանապարհը (Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերեան-Մ-6), որը Նոյեմբերեանի Յաղթանակ գիւղի մօտ միանում է Վանաձորից դէպի Վրաստան գնացող Մ-6 մայրուղուն (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման)։

Ոսկեպար գիւղի մօտ՝ Մ-16 մայրուղու հարեւանութեամբ, խորհրդային տարիներին ձեւաւորուել է Վերին Ոսկեպար անկլաւը, որը երեքից ամենամեծն է՝ 25,6 քառ․ կմ։

  1. Վերին Ոսկեպար
  2. Ոսկեպար
  3. Մ-16 ճանապարհը
  4. Մ-6 ճանապարհը

Երրորդ․ Չնայած թէ՛ Հայաստանում կային ադրբեջանաբնակ գիւղեր, թէ՛ Ադրբեջանում հայաբնակներ, ինչպէս տեսնում ենք, անկլաւները ձեւաւորուել էին անհամարժէք սկզբունքներով։ Ադրբեջանական միաւորները սեպի պէս խրուած էին Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող ճանապարհների վրայ, ինչը չենք կարող ասել Արծուաշէնի մասին, որը Ադրբեջանի համար ոչ մի տեղ էլ չէր տանում, «փակուղի» էր, բայց խնդիրն այն է, որ Արծուաշէնը նախկինում անկլաւ չի եղել, այլ Հայաստանի անբաժան տարածքի մի մասը։

Շեշտենք՝ բոլոր անկլաւներն էլ եղել են հայկական հողեր։ Այսինքն՝ դրանց ձեւաւորումից Հայաստանը տարածքային առումով միայն տուժել է։

 

1928 թ․ այս քարտէզն ապացուցում է, որ Արծուաշէնը (այն ժամանակ՝ Բաշգիւղ, ներկայում՝ Բաշքենդ) եղել է ոչ թե անկլաւ, այլ Խորհրդային Հայաստանի Դիլիջանի գաւառի մի մասը (1937-ին գիւղը մտցուել է Հայաստանի Կրասնոսելսկի (Ճամբարակ) շրջանի մէջ)։ 19-րդ դարում հիմնադրուած Արծուաշէնը մինչեւ 1992-ի օգոստոս, երբ անցաւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ, ունեցել է հայկական բնակչութիւն։ Սակայն հայկական հետքը Արծուաշէնում սկսուել է ոչ թէ ներկայ բնակավայրի հիմնադրումից՝ 19-րդ դարից, այլ շատ աւելի վաղ, ինչի մասին խօսում են 9-10-րդ դարերի հայկական պատմամշակութային յուշարձանները։

Քարտէզում երեւում է նաեւ, որ ներկայիս Տաւուշի մարզի տարածքում Խորհրդային Ադրբեջանը 1928-ին չունէր էքսկլաւներ, դրանք ձեւաւորուել են յետոյ։ Դրանցից Վերին Ոսկեպարը, որն Ադրբեջանի ամենամեծ էքսկլաւն էր ՀՀ սահմաններից ներս, իր ադրբեջանական անունը՝ Յուխարը Ասկիպարա, ստացել էր հայկական տարբերակի աղաւաղումից։ Ստացուել էր այնպէս, որ Նոյեմբերեանի նախկին շրջանի Ոսկեպար հայկական գիւղի արեւմուտքում այս անկլաւն էր՝ ադրբեջանական բնակչութեամբ, իսկ արեւելքում՝ Ադրբեջանի տարածքում՝ Ներքին Ոսկեպար (Աշաղը Ասկիպարա) գիւղը, որը եւս ադրբեջանաբնակ էր, իսկ այժմ աւերակ է եւ չէզոք գօտու մի մաս հակամարտ զօրքերի միջեւ։ Մինչեւ 19-րդ դարը Վերին Ոսկեպարում հայեր են ապրել, իսկ յետոյ այստեղ ադրբեջանցիներ են հաստատուել (այն ժամանակ ադրբեջանցի հասկացութիւն գոյութիւն չունէր․ այդ մարդիկ յայտնի էին որպէս կովկասցի թուրքեր կամ թաթարներ)։ Վերին Ոսկեպարում եւս պահպանուել են միջնադարեան հայկական յուշարձաններ։

Հայկական տարածք է եղել նաեւ ներկայիս Տիգրանաշէնը, որը յայտնի է Քյարքի անունով եւս։ Իրականում սա բնակավայրի հայկական Քարքէ անուան ադրբեջանական աղաւաղուած տարբերակն է, ինչը տեսանք նաեւ Վերին ու Ներքին Ոսկեպարների պարագայում։

Քարքէի հայկական լինելուն նախորդ տարուայ յունիսին անդրադարձ կատարեց ՀՀ մարդու իրաւունքների այն ժամանակուայ պաշտպան Արման Թաթոյեանը։ 1926 թ․ Խորհրդային Հայաստանի քարտէզի ներկայացմամբ՝ պաշտպանն ապացուցել էր, որ ոչ միայն Քարքէն, այլեւ դրա հարեւան Գենուտը (անուանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից), որը գտնւում էր Նախիջեւանի սահմանին աւելի մօտ, եղել են Հայաստանի տարածքում։

Թուրքական Ջաֆարլու ցեղի բնակեցման հետեւանքով Գենուտը կիսուել էր երկու մասի՝ Ջաֆարլու եւ Գյունութ (Գենուտի աղաւաղուած ձեւն է) անուններով։ Օտարահունչ անուանափոխութեան ենթարկուած Քյարքին, Գյունութն ու Ջաֆարլուն, այդուհանդերձ, 1926-ին Հայաստանի կազմում էին։ Նոյնը յուշում է նաեւ 1928-ի քարտէզը։ Այսինքն՝ այս գիւղերը դրանից յետոյ են զիջուել Ադրբեջանին, իսկ աւելի կոնկրետ՝ դրա կազմ մտցուած Նախիջեւանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեանը։

Չորրորդ․ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանն իր խօսքում ասել է․ «Մեր յոյսն այն է, որ հնարաւոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլաւը թողնւում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլաւները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։

Իսկ Հայաստանի որոշ տարածքներ իբր ադրբեջանական լինելու թշնամական թեզերին անդրադառնալիս Գրիգորեանը նկատել է, որ նման յայտարարութիւնները չեն նպաստում խաղաղութեան օրակարգի ձեւաւորմանն ու հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ «յոյս ունենք, որ նման յայտարարութիւններ հնարաւորինս քիչ կը լինեն»,- նշել է նա։

 

Քանի որ Արմէն Գրիգորեանի ասածները հասնում են նաեւ դիմացի կողմին, տարօրինակ է ՀՀ բարձրաստիճան պաշտօնեայի կողմից ոչ թէ ՀՀ պաշտօնական դիրքորոշման, ինչ-որ հարցի շուրջ համոզմունքի կամ գոնէ կարծիքի մասին խօսելը, այլ յոյսի։ Նման կրաւորական վարքագիծը միայն աւելեալ ոգեւորում է պատերազմում յաջողութեան հասած ագրեսորին, որը դրանից յետոյ էլ շարունակում է հայատյաց, ծաւալապաշտական, ռազմաշունչ հռետորաբանութիւնն ու վարքագիծը։

 

hetq.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.