Ադրբեջանի խորհրդարանը վաւերացրել է Թուրքիայի հետ դաշնակցային յարաբերութիւնների մասին «Շուշիի հռչակագիրը»

Ադրբեջանի Միլի մեջլիսը երեքշաբթի կայացած լիագումար նիստում հաւանութիւն է տուել Թուրքիայի հետ դաշնակցային յարաբերութիւնների մասին, այսպէս կոչուած, «Շուշիի հռչակագրին»։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Յիշեցնենք, որ օկուպացուած Շուշիում կնքուած թուրք-ադրբեջանական հռչակագիրը ստորագրուել է 2021 թուականի յունիսի 15-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Ադրբեջանը եւ Թուրքիան, համաձայն հռչակագրի, պայմանաւորուել են ՄԱԿ-ի կանոնադրութեան հիման վրայ փոխադարձ ռազմական օգնութիւն ցուցաբերել կողմերից մէկի անկախութեանը, ինքնիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութեանը սպառնացող վտանգների եւ սպառնալիքների դէպքում։

Հռչակագրի համաձայն՝ եթէ նման ռիսկեր առաջանան, Բաքուն եւ Անկարան համատեղ խորհրդակցութիւններ կանցկացնեն, հանդէս կը գան այդ ռիսկերն ու սպառնալիքները վերացնելու նախաձեռնութիւններով եւ փոխադարձ օգնութիւն կը ցուցաբերեն։ Միաժամանակ, անյապաղ քննարկումների ու համատեղ գործողութիւնների միջոցով կորոշուի օգնութեան ծաւալն ու ձեւը, երկու երկրների զինուած ուժերը կ’իրականացնեն անհրաժեշտ համակարգումը։

Բացի դրանից՝ հռչակագրում կայ կէտ, ըստ որի՝ Բաքուն եւ Անկարան կը շարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինուած ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու ուղղութեամբ։

Հռչակագրի մէկ այլ հակահայկական կէտով նշւում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան «աջակցում են առանձին երկրների արխիւների բացմանը եւ պատմաբանների կողմից Օսմանեան կայսրութիւնում 1915 թուականի իրադարձութիւնների հետաքննութեանը»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.