Ադրբեջանը շարունակում է սադրել ռուս խաղաղապահներին. գրանցուել են ծեծկռտուքի դէպքեր

Ադրբեջանական տելեգրամ ալիքները գրում են, որ Քարագլխի հատուածում ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանութիւն է տեղի ունեցել:

Մեր տեղեկութիւններով՝ վերջին շրջանում սա առաջին դէպքը չէ, ընդ որում, եղել է դէպք, որ վիճաբանութիւնն անգամ ծեծկռտուքի է վերածուել:

Առհասարակ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ փորձում է սադրել ռուս խաղաղապահներին, որոնք այսօր, ըստ էութեան, հանդիսանում են Արցախի անվտանգութեան երաշխաւորը:

Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանն Ասկերան քաղաք այցի ժամանակ ևս անդրադարձել է Ադրբեջանի գործողութիւններին՝ նշելով, որ մարտի 24-ին Ադրբեջանը խախտել է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրոյթները, չի թաքցնում իր ծաւալապաշտական նկրտումները, և, որ Ադրբեջանը խախտելով  պայմանը՝ առաջին հերթին կասկածի տակ է դրել ռուսական խաղաղապահ առաքելութիւնը:

Ի դէպ, ապրիլի 9-ին ադրբեջանական լրատուամիջոցները գրեցին, թէ իբր ռուս խաղաղապահները գնում են իրավիճակի սրման՝ ադրբեջանական հսկողութեան տակ գտնուող Փառուխ գիւղում տեղադրելով ռուսական դրօշը:

«Ներկա դրութեամբ, ռուս խաղաղապահները փորձում են Փառուխում տեսադիտարկման սարքեր կամ խցիկներ տեղադրել, ինչը հարցեր է առաջացնում: Չմոռանանք, որ ռուս խաղաղապահները գտնւում են Ադրբեջանի տարածքում, ընդ որում, առանց մանդատ և «թռչնի իրաւունքով»»,- գրել էր ադրբեջանական լրատուամիջոցներից մէկը:

Նոյն օրը՝ ապրիլի 9-ին, Արցախի նախագահը յայտնեց, թէ ապրիլի 8-ից ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատուածում են։

Իրականում ռուս խաղաղապահներն այդտեղ են ադրբեջանական սադրանքի առաջին օրերից: Այսինքն, սա նորութիւն չէ, միևնոյն ժամանակ, Քարագլխի ամենաբարձր կէտը թէպետ հայկական վերահսկողութեան տակ է, սակայն որոշ կարևոր բարձունքներ շարունակում են մնալ Ադրբեջանի զինուած ուժերի վերահսկողութեան տակ: Ասել է թէ՝ իրավիճակը մնում է նոյնը, ադրբեջանական, այսպէս ասած, դիրքերի թուլացում այս հատուածում չկայ:

Ի դէպ, Փառուխ գիւղը ՌԴ ՊՆ քարտէզում յայտնուել էր դեռ մարտի 9-ին:

Իսկ թէ ինչո՞ւ է ՀՀ քաղաքական՝ իշխանական և ընդդիմադիր էլիտան, լռում ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցող վէճերի մասին, հասկանալի չէ:

Ի դէպ, ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպմանն ընդգծել է ադրբեջանական զինուած ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտութիւնը, ինչին, ըստ էութեան, Ադրբեջանը չի գնալու: Եւ սա ևս մոռացուելու է, այնպէս, ինչպէս անցած տարի մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման մասին: Այնպէս, ինչպէս պատերազմից յետոյ յանձնեցինք ռազմավարական նշանակութիւն ունեցող մօտ 2500 մետր բարձրութիւն ունեցող Դիզափայտի բարձունքը, որը թոյլ էր տալիս տեսողական վերահսկողութեան տակ պահել Ջրականը, Հադրութի, Շուշիի շրջանները:

Հին Թաղեր համայնքի ղեկավարն «Ազատութեան» հետ զրոյցում ասել էր.

«Դիզափայտից օդով մինչև Արաքսը՝ Իրանի սահմանը, որ միանգամից վերցնես, սկի 25-30 կմ էլ չկայ: Դա ռուսի ձեռքը լինի, ռուսին ա ձեռ տալի, թուրքի ձեռքն էլ լինի, թուրքին ա ձեռ տալի: Ամբողջ տարածքը երևում ա»:

Այս կարևորագոյն բարձունքների կորուստը և ռազմական նշանակութիւնը առանձին քննարկման նիւթ է: Մի բան պարզ է՝ ցանկացած նման քայլ նաև աշխարհաքաղաքական մրցակցութեան համատեքստում է:

 

168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.