Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցութեան 30-ամեակը նշել է Շուշիում․ Երևանի արձագանքն ու Բաքուի պատասխանը

Շուշիում, որն Ադրբեջանի վերահսկողութեան տակ է անցել Արցախեան երկրորդ պատերազմի հետևանքով, անցկացուել է ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցութեան 30-ամեակի միջոցառումը։ Դրան մասնակցել են նաև ՄԱԿ-ի՝ Բաքւում հաւատարմագրուած ներկայացուցիչները։ Պաշտօնական Երևանը բողոք է յղել Շուշիում այս միջոցառման անցկացման կապակցութեամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն անպատասխան չի թողել Հայաստանի արձագանքը։

Ի՞նչ է տեղի ունեցել

Մարտի 18-ին Ադրբեջանի կառավարութեան պատուիրակութիւնն՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի գլխաւորութեամբ և ՄԱԿ՝ Բաքւում հաւատարմագրուած ներկայացուցիչների մասնակցութեամբ Շուշի է մեկնել։

30-ամեակի միջոցառման մասնակիցները Ֆիզուլիի օդանաւակաեանից են մեկնել Լեռնային Ղարաբաղում գտնուող Շուշի քաղաք, որն Ադրբեջանի վերահսկողութեան տակ է անցել 2022 թ-ի աշնանը տեղի ունեցած 44-օրեայ պատերազմի հետևանքով։

Ֆիզուլիի օդանաւակաեանը երեք օդանաւակաեաններից մէկն է, որոնք Ադրբեջանը պլանաւորում է կառուցել իր վերահսկողութեան տակ անցած տարածքներում։ Սկսուել է նաև Զանգելանի շրջանի օդանաւակաեանի շինարարութիւնը, ևս մէկը կառուցուելու է Լաչինում։

«Մենք մեկնում ենք Ֆիզուլիի օդանաւակաեան «Խանքենդի» օդանաւով, որպէսզի ՄԱԿ-ի՝ Ադրբեջանում հաւատարմագրուած ներկայացուցիչների հետ միասին Շուշա [Ադրբեջանում այսպէս են անուանում քաղաքը] այցելենք։ Կազմակերպութեանն Ադրբեջանի անդամակցութեան 30-ամեակը նշուելու է այստեղ ՄԱԿ ինստիտուտների հետ համատեղ։ ՄԱԿ դրօշը ծածանուելու է ազատագրուած քաղաքում», — Թուիթըրում գրել է Հիքմեթ Հաջիևը։

Հայաստանի ԱԳՆ բողոքը

Հայաստանի ԱԳՆ-ն բողոքի նամակ է յղել Շուշիում անցկացուած միջոցառմանը ՄԱԿ ներգրաուման առնչութեամբ։ Այն յանձնուել է մարտի 19-ին Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտօնակատար Լիլա Պիտերս Եահիային։

Հայաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը նրան յայտնել են, որ «ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը խստօրէն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենեակի ներգրաւումը ս․թ․ մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպուած միջոցառմանը»։

ԱԳՆ կայքում զետեղուած հաղորդագրութիւնում նշւում է նաև, որ «արտաքին գործերի նախարարութիւնը պահանջել է Միաւորուած Ազգերի Կազմակերպութիւնից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համատեքստում ՄԱԿ-ի չէզոք դիրքորոշումը»։

Արցախի արձագանքը

Աւելի վաղ Ադրբեջանի կողմից այս միջոցառման անցկացումը դատապարտել են նաև Արցախի իշխանութիւնները։

ԱԳՆ-ն յայտարարութեամբ է հանդէս եկել, որում նշուել է, որ պաշտօնական Բաքուն, «իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականութիւնը՝ ուղղուած Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդիւնքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրաւել և օգտագործել նաև միջազգային հանրութեանն ու տարբեր կառոյցների»։

«ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցութիւնը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացութեան գլխաւոր թիրախներից մէկը հանդիսացող բնակավայրում կազմակերպուող միջոցառմանը հակասում է միջազգային այս հեղինակաւոր կազմակերպութեան գործունէութեան հիմնադրոյթներին, գաղափարախօսութեանն ու առաքելութեանը և, անկասկած, օգտագործուելու է Ադրբեջանի կողմից իր մարդատեաց և ագրեսիւ քաղաքականութեան լեգիտիմացման նպատակով։ Սա նաև լուրջ հարուած է ՄԱԿ-ի հեղինակութեանը, ինչը բացասական ազդեցութիւն կ’ունենայ կազմակերպութեան աշխատանքների արդիւնաւէտութեան վրայ», — ասուած է յայտարարութիւնում։

Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը

«Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում որևէ միջոցառման կազմակերպումն ու դրան միջազգային ներկայացուցիչների մասնակցութիւնը Հայաստանի իրաւասութեան մէջ գտնուող հարց չէ», — նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութեան ղեկավար Լէյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով հայկական կողմի բողոքը։

«Այլ պետութեան գործերին Հայաստանի միջամտութիւնն անհիմն է և անթոյլատրելի։

Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կողմից դեռևս առկայ տարածքային պահանջները ցոյց են տալիս, որ երկիրը հարկ եղած եզրակացութիւնները չի արել 44-օրեայ պատերազմից։ Հայաստանի ԱԳՆ այս դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում Ադրբեջանի և միջազգային հանրութեան առաջատար անդամերի համատեղ խաղաղարար ջանքերին դիմադրելու փորձ։

Ի գիտութիւն Հայաստանի ԱԳՆ-ի՝ Շուշան Ադրբեջանի հնագոյն տարածքն է։ Այդ քաղաքն՝ ադրբեջանական մշակոյթի բնօրրանը, միւս տարածքների հետ մեկտեղ ազատագրուել է 2020 թ-ին, և մեր տարածքային ամբողջականութիւնը վերականգնուել է։ ՄԱԿ-ը երբէք չէզոք դիրքորոշում չի զբաղեցրել հայ-ադրբեջանական հակամարտութեան հարցում, ընդհակառակը, այն սատարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնն իր բանաձևերով, որոնք ընդունել են Գլխաւոր ասամբլեան և Անվտանգութեան խորհուրդը։ Այս առնչութեամբ պարզ չէ, թէ ինչ «չէզոք կարգավիճակի» կոչ է անում Հայաստանի ԱԳՆ-ն։

Վերջում ուզում եմ կրկնել․ որքան շուտ Հայաստանն ընդունի տարածաշրջանում հետկոնֆլիկտային փուլի իրողութիւնները, այնքան դա օգտակար կը լինի այդ երկրի համար», — ընդգծել է Աբդուլաևան։

Արցախի բնակիչների արձագանքը

Շուշին առանձնայատուկ նշանակութիւն ունի հայերի համար, այստեղ է գտնւում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Եւ Ստեփանակերտի բնակիչ Գէորգ Սարգսեանը ձնից պատրաստել է դրա մանրակերտը՝ որպէս ՄԱԿ ներկայացուցիչների Շուշի այցելութեան դէմ բողոք։ Այժմ սոցցանցերի հայկական տիրոյթում ակտիւօրէն տարածւում է այդ ձնէ տաճարի տեսանիւթը։

jam-news.net

Leave a Comment

You must be logged in to post a comment.